Էմմա Միքայելյանի բոլոր հրապարակումները

emma miqayelyan-2

Սա էլ իմ արձակուրդը

«Նորից գարնանային արձակուրդներն են, հանգստանալու շաբաթն է մոտենում, վերջապես ընտանիքով միասին կլինենք»,- մտածում էի ես և քայլում դեպի տուն:

Մեկ շաբաթ տանն ենք, 17-ի հոդվածները պիտի ուղարկեմ: Հավաքեցի սենյակս ու գնացի համակարգչի մոտ, մինչ համակարգիչը կմիանար, և ես կբացեի Word ծրագիրը, լսվեց մայրիկի ձայնը.

-Է՛մ, հլը արի՛:

-Ասա, մա՛մ:

-Մի հատ գնա ու հյուրասենյակը փոշեկուլով մաքրի, հետո սենյակներով կանցնես: Արագ-արագ կանես, չքնես կանգնած տեղդ:

Հազիվ ազատ ժամանակ ունեի, հիմա էս էլ կորցրի: Անցավ 1-2 ժամ, վերջացրի ու գնացի մայրիկի մոտ.

-Մա՛մ, այսօրվա համար վերջ, հա՞:

-Հետ արի՛, ի՞նչ վերջ, բա փոշինե՞րը:

-Թող մնա վաղը, հա՞, մա՛մ, գործ եմ անում համակարգչով:

-Կարո՞ղ ա էս գործ չի, արագացրո՛ւ։

Մի կերպ ինձ համոզելով՝ հավաքեցի տան փոշին:

-Մա՛մ, հիմա կարո՞ղ եմ լուռ հեռանալ:

-Իհարկե ո՛չ, սիրելիս, այսօր հյուրեր ենք ունենալու, վազիր խանութ ու արագ հետ արի:

Մի հոգնած հայացք նետեցի առավոտից խոհանոցում ճաշ պատրաստող մայրիկիս.

-Լավ, էս էլ կանեմ:

Հյուրերը եկան, և ազատ ժամանակը մեկ շաբաթվա համար դարձավ երազանք: Իսկ համակարգիչն արդեն անջատել էին, կամ էլ սպասելուց հոգնել էր:

emma miqayelyan-2

Ամեն մարդ իրա դարդին

-Ո՞ւր ա Էմման, երեխե՛ք,- դասարանում բարձրաձայն գոռաց Ալիսը։

-Ստեղ եմ, ի՞նչ ա եղել,- արդեն ձանձրացած ասացի ես։

-Է՛մ, իմանաս՝ ինչ եմ իմացել…

-Ի՞նչ ես իմացել,- անտարբեր ասացի ես։

-Ուրեմն լսի, իմացա՞ր, որ Սյունեն ու Ռոբը ընկերություն են անում, բա տեսա՞ր՝ ինչ ծաղիկներ էր բերել դպրոց Ռոբը, որ Սյունեին նվիրեր ծննդյան կապակցությամբ։

Գլուխս ցավից պայթում էր, համարյա չէի լսում, ականջիս մեկ-մեկ բառեր էին հասնում՝ընկերություն, ծաղիկ, նվեր։ Ի՞նչ էր խոսում՝ չէի հասկանում, այսինքն՝ չէի լսում, որ հասկանայի։ Մտքերով հասել էի 7-րդ երկինք։ Մտքերս կիսատ թողնում ու մտածում եմ՝ ինչպես կանցնի մեր բաց դասը։ Հետո լսում էի տարօրինակ ձայներ. ստամոքսս հարցնում էր.

-Տեսնես՝ մամադ ի՞նչ ա եփել։

-Է՛մ, դու լսո՞ւմ ես։

-Հա, հա,- վստահ պատասխանում եմ ես, բայց գաղափար չունեմ, թե ինչ էր պատմում։

-Ուրեմն տատիկս, երբ Ռուսաստանից եկավ, գիտե՞ս՝ ինձ ինչ էր բերել…

Մտածում եմ՝ ընդհատեմ, բայց կնեղանա, է, լավ, թող խոսի՝ հանգստանա, թեթևանա, ես էլ մտածեմ՝ որ գնամ տուն, ինչ պիտի պատրաստած լինի մաման։ Երանի «ժարիտ» լինի… Մի կտոր թխվածք լինի շոկոլադով, չեմ հրաժարվի, ա՜խ, էս ոնց ա բղավում ստամոքսս։ Մտածմունքներս ընդհատվեցին, հնչեց զանգի ձայնը.

-Է՛մ, դե վաղը կբերես, հա՞, չմոռանաս,- ասաց Ալիսն ու վազեց դասարանից դուրս։

Թե ինչ պիտի բերեի՝ չգիտեի…

emma miqayelyan-2

Մի դրվագ իմ կյանքից

-Բա՛րև, երեխե՛ք,- մտավ դասարան ու բարձրաձայն գոռաց դասարանի հումորիստն ու դերասանը:

Դասարանում ես էի և ընկերուհիս:

-Բա՛րև, Արմե՛ն,- չոր ու կոպիտ պատասխանեցի ես:

-Էմմա՛ ջան, ինչ եմ քեզ արել, որ մուննաթ ես գալիս,- Արմենը բարկացավ:

-Էս իմ խոսելու ձևն ա, չես ուզում լսել՝ մի բարևի, հազար անգամ եմ ասել՝ ես մուննաթ չեմ գալիս, մի նեղացեք, ես սենց եմ խոսում բոլորի հետ,- ասացի ես զայրացած:

Արմենը լարվածությունը կոտրեց իր դերասանական տաղանդով։ Սկսեց նմանակել ուսուցիչներին, դե, ես հո հետ չէի՞ մնալու, ես էլ սկսեցի կատակել: Դասարան մտավ դասղեկը, բոլորս զգաստացանք:

-Արմե՛ն, քեզ հետ խոսելու բան ունեմ, արի էստեղ,- ասաց դասղեկս:

Արմենը վախեցած մոտեցավ ուսուցչի սեղանին՝ արդեն գույնը գցած: Զրուցեցին, վերջացրին, ոնց կլինի՝ չիմանանք, թե ինչ էին խոսում երկուսով:

-Արմե՛ն, ի՞նչ էր ասում, ջղայնացա՞վ, հո չե՞ն հեռացնում դպրոցից,- շնչակտուր հարցաքննում եմ Արմենին:

-Վա՜յ, Էմմա՛, քեզ ինչ, առավոտից դու ես կոպտում, հիմա էլ ես մուռս կհանեմ,- ասաց Արմենն ու գնաց դուրս:

Առաջին ժամին գրավոր ենք գրում:

-Էմմա՛, Էմմա՛, Է՛մ…

-Ասա՛, Արմե՛ն,- շշուկով, բայց էլի կոպիտ ասացի ես:

-Մի հատ մեր 5-ն ու 6-ը ասա:

-Ինչի դու ասեցի՞ր ինձ՝ ինչ էիք խոսում դասղեկի հետ,- ասացի ես՝ համարյա գոռալով:

-Լավ, կասեմ, դու մենակ օգնի՝ գրավորս գրեմ, «2» եմ ստանալու:

-Լա՜վ, էլ պետք չի ասել, թելադրում եմ՝ գրի…

emma miqayelyan-2

Հը՞ն, թատրոն գնացի՞ք…

Պարի խմբով գնում էինք Գավառ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ թեկնածուին դիմավորելու:

-Երեխե՛ք, հլը հրապարակը նայեք, ի՜նչ սիրուն մարզկենտրոն ա,- հիացած բարձրաձայնեցի ես:

-Մեր Հրազդանը կերազի հասնի սրանց, հլը ծաղիկները ի՜նչ սիրուն են, ուզում եմ՝ մերն էլ սենց լինի,- երազելով ասաց կողքիս աղջիկը:

-Մեր հրապարակում ո՞ւր ա տեղ, ավելի շատ ընտրական շտաբ կա, քան ծաղկանոց,- ասաց տղաներից մեկը:

-Երեխե՛ք, աչքիս գամ Գավառում ապրեմ, ոնց որ աչքս մնաց ծաղիկների վրա,- ասաց վարդի անունով աղջիկը:

-Երեխե՛ք, ցուցանակներին նայեք, ուր էր մեզ սենց բախտ՝ մենք էլ ունենայինք սրանցից,-ասաց աղջիկներից մեկը:

Տղաներից երկրորդն ավելացրեց.

-Մենք մեր փողոցների անունները չգիտենք, որ մի հյուր ենք ունենում տան ճանապարհը խանութներով ու գազալցակայաններով ենք բացատրում, գոնե կսովորենք։

Համերգն ավարտվեց․ հույս ու երազանք Գավառում թողած՝ վերադարձանք Հրազդան:

Ապրիլ ամիսն է՝ համերգով գնում ենք Գյումրի: Մայրս 88-ից առաջ եղել էր Գյումրիում ու հիմա, երբ կրկին այստեղ է, ասում է, որ Գյումրին շատ է փոխվել, գեղեցկացել, բայց ցավի հետքերը դեռ կան:

Ավտոբուսի պատուհաններից «կախվել ենք», բերաններս բաց է մնացել, ի՜նչ գեղեցկություն:

-Մա՛մ, նայի ի՜նչ սիրուն ծաղիկներ են, ինչ խնամքով են էտում ծառերը,- նախանձելով հիանում եմ ես:

Մայրս նախատում է.

-Մի քիչ տեսած քեզ պահի:

-Ախր, նայի, խոտերը սարքով են կտրում:

-Էմմա՛, մենք էլ ունենք, հիշացրու՝ ցույց տամ,- մայրս ծիծաղում է:

-Մա՛մ, մենք ունենք, բայց մեր քաղաքապետարանը չունի, մեր հրապարակի խոտերը ոչ թե սարքով են հավասարեցնում, այլ կովերը՝ իրենց ատամներով: Որտե՞ղ կա մեր մարզկենտրոնից, մերը միակն է և անկրկնելին, մնացածը դժբախտ են՝ իրենց հրապարակում կով չեն տեսել, դե թող իրանք էլ մեզ նախանձեն,- ասացի ես:

Մտնում ենք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն՝ մի գեղեցկություն, մի մշակույթ, մի արվեստ ու մի պարային համար: Շուտ դուրս եկանք, համերգը չէր ավարտվել: Նկարներ էինք անում, ինչ պատահի նկարում էինք՝ ծառ-ծաղիկ, նույնիսկ՝ այգեպանին, նրանից էլ չունենք մեր քաղաքում: Թատրոնի դիմաց Մհեր Մկրտչյանի արձանն է կանգնած, նայում եմ ու նախանձում, ինչի մենք էլ չունենք:

Մի օրում այնքան էր շատացել Գյումրու հանդեպ նախանձս, որ նույնիսկ ինձ էի նախանձում, որ տեսել եմ Գյումրին:

Վերադառնալիս ցուցանակներին ենք նայում, նույնիսկ դրանցից էլ էր մշակույթ կաթում, իսկ մեր քաղաքում՝ «Կազինո Senator 2 կմ Ծաղկաձորում»:

Գյումրուց դուրս էինք գալիս, ցուցանակի վրա Մհեր Մկրտչյանի նկարն է, որ հարցնում էր.

-Հը՞ն, թատրոն գնացի՞ք…

Երեխաներով շրջվեցինք, մի անգամ էլ նայեցինք Գյումրուն ու ասացինք.

-Այո՛, գնացինք:

emma miqayelyan-2

«Ռուբիկ-կուբիկ»

Երբ նոր էի սկսել «ռուբիկ-կուբիկ» հավաքել, ինձ նայելիս ասում էին.

-Է՛մ, կորցրինք քեզ:

-Էս երեխեն աննորմա՞լ ա:

Երբ տեսնում էին, որ ուրիշներին եմ սովորեցնում, ասում էին.

-Քո ներվերը հանա՞ծ ա:

Ի պատասխան միշտ հնչում էր.

-Այո, հանած են:

Ու սկսում էի նյարդայնացնել:

Սկսեցի հավաքածուս մեծացնել, արտերկրից պատվերներ էի անում: Այս ամենը տեսնելով՝ ընկերներս մոտենում էին ու խնդրում.

-Է՛մ, որ խնդրեմ՝ ինձ էլ կսովորեցնե՞ս:

-Ուզում ես դու էլ խելացի գժերի շարքին դասվե՞ս,- մի քիչ նեղացած ասում էի ես:

-Լավ, կներես, ընդունում եմ սխալս:

-Ընդունում եմ սխալդ, բայց չեմ ներում:

Հաջորդ օրը գալիս էին «կուբիկը» ձեռքներին.

-Է՛մ, կսովորեցնե՞ս:

-Իհարկե, սիրելի՛ս, արի, կողքիս նստի:

Երեք ժամ անց առաջին շարքը վերջացնում էինք ու տուն էինք գնում: Ճանապարհին ասում էին.

-Մնացածն էլ վաղը կսովորեցնես, էսօրվա համար հերիք էր, գլուխս ցավեց:

«Կուբիկս» ձեռքիս՝ տուն եմ գնում: Մտա բակ, շունս աչքերը չռել, ինձ էր նայում, սկսեց հաչել. կուբիկս նրան էլ էր դուր եկել: Սկսեցինք միասին խաղալ, վազվզել: Շունս բարձրացավ հետևի ոտքերի վրա, թաթով հարվածեց և շնորհավորեց նոր «կուբիկս»՝ այն կոտրելով: Զայրացած ու լացակումած բղավեցի շանս վրա. խեղճը վախից չորացել էր:

emma miqayelyan-2

Երեք հազար աշխատատե՞ղ

Երկուշաբթի 17:55 է: Հայրիկս աշխատանքից վերադարձավ տուն« Նա Հրազդանջէկ-ում է աշխատում: Սովորության համաձայն, երեխաներով վազեցինք և գրկեցինք հայրիկին, բայց արձագանքն այսօր տարբերվող էր: Նստած ենք ճաշասենյակում ու լուռ ճաշում ենք, սովորականից տարօրինակ է: Ես չդիմացա և հարցրի.

-Պա՛պ, ի՞նչ ա եղել:

-Վերջացնենք՝ կպատմեմ,- մտահոգ ասաց հայրս:

Վերջացրինք…

-Է՛մ, կոֆե դի՛ր:

-Հեսա դնեմ, պա՛պ,-ասացի ես ու վազեցի խոհանոց, արագ սուրճ դրեցի, որ խոսակցություններից հետ չմնամ: Սուրճը տարա հյուրասենյակ: Լավ էի հասցրել, դեռ չէին սկսել զրույցը: Հյուրասենյակում նստած էին հայրս, մայրս, եղբայրս:

Հայրս  ասաց.

-Ժամկետ են տվել:

Բոլորս զարմացանք:

-Ի՞նչ ժամկետ,- հարցրեց մայրս:

-Էլ չեն ֆինանսավորելու, ջէկ-ը փակում են,- մի քիչ տխուր ասաց հայրս: Ջէկ-ը հայրիկիս 17 տարվա աշխատանքն է, նվիրումը:

-Ինչի՞ համար են փակում, պա՛պ,- հարցրեց եղբայրս:

-Ասում են՝ հոսանքի կուտակումը շատ ա, արևային մարտկոցներն էլ դրել են, էլ ջէկ-ը ինչների՞ն ա,- բարկացած խոսում էր հայրս,-հենա՝ տղերքի կեսը արդեն գործ են ման գալիս, մի հինգ հոգի որոշել են ընտանիքով գնալ Ռուսաստան:

-Ինչ ահավոր ա, քանի ընտանիք էր ջէկ-ի հույսին, քանի ընտանիք ջէկ-ի հոսանքով է ապրում՝ լույսն ու մութը տարբերում: Հետո ասում են, որ Հայաստանում 3 հազար աշխատատեղ են բացել, աղքատության թիվը նվազել է, այնինչ  չեն մտածում, որ մարդիկ արտագաղթում են հենց 3 հազար աշխատատեղի համար,- ասացի ես ու հարցրի.

-Պա՛պ, ժամկետը մինչև ե՞րբ ա:

-2019թ. հունվարին… Ի՞նչ պիտի անենք, ո՞նց:

Հայրս նեղսրտել էր: Դրեց բաժակը, վերցրեց վերարկուն ու դուրս եկավ տանից:

emma miqayelyan kotayk

Մեր հետքերը

Հետաքրքիր է, չէ՞, մարդիկ քայլելիս ի՞նչ են մտածում, ի՞նչ են երազում: Օրինակ՝ ես քայլում եմ որոշում կայացնելու համար, մի քիչ էլ երազում եմ:

Մեկ, երկու, երեք քայլ ես դնում, շրջվում ու տեսնում ես հետքեր: Դա քո անցած ճանապարհն է, որ դրանք չեն վերանա մինչև ձյուն չգա կամ մինչև նորը չգա: Ինչքան հետաքրքիր փաստեր է  հավաքում ձմեռը, այդպես չէ՞: Միգուցե հետքերդ սրտիդ խորքում փայփայած նպատակի իրականանալու առաջին քայլերն են: Երկրորդ դեպքում էլ՝ շրջվելիս (եթե տոնական ես տրամադրված) հիշում ես մանկությունդ՝ ոտքերով խաչեր եմ դնում, գնում եմ, գնում… Գնում եմ տուն՝ դպրոցից: Ճանապարհին երևում է ողջ քաղաքի պատկերը ներսից: Մինչ տուն հասնելն անցնում եմ ամբողջ Հրազդանի Միկրոշրջանով: Ընկերուհիներիս հետ խանութներ մտնելով՝ նվերներ ընտրելով: Մի մասն ընտրում է նվերներ, մյուս մասը՝ հագուստ. «Հագուստի գիժ եմ, մամային էլի ծախսի տակ եմ գցելու», բայց բոլորս միասին մի նախասիրություն ունենք՝ նվերների մեջ «մոլորված» փոքրիկներին նայել: Ամենալավն այն է, որ նրանցից շատերը դեռ հավատում են Ձմեռ պապիկին: Անմեղ  ու զարմացած հայացքով նայում են չորս կողմը, ամբողջ խանութը Ձմեռ պապիկների տուն է դարձել: Ո՞ր մեկն է իրեն նվեր բերելու, ո՞ւմ է տալու նամակը, կամ մուլտֆիլմերից՝ «նրանք Սանտայի Էլֆերն են»: Մանկական ճիչն արհամարհող մի տղա  ասում է.

-Մա՛մ, մի բան խնդրեմ:

-Ասա, բալե՛ս, ի՞նչ ես ուզում:

-Սրանից ինձ կառնե՞ս:

-Արի՛ գնանք տուն, Ձմեռ պապիկին նամակ  գրենք, թող սրանից բերի քեզ:

-Հա, մա՛մ, բա նրանցից ո՞վ է իսկականը:

-Նրանք Ձմեռ պապիկը չեն, այլ նրա օգնականները, իրենց կտանք նամակը:

Հեռացան: Հաջորդ օրը կրկին հանդիպեցի իմ ծանոթ անծանոթներին, այս անգամ մայրիկը միայնակ էր: Գնել էր այն մեքենան, որ տղան էր ուզել: Լավ է, չէ՞, երբ ծնողները չեն ուզում, որ դեռ տասը տարին չլրացած երեխան դադարի հավատալ Ձմեռ պապիկին: Ես  կարծում եմ, որ եթե Պապիկը չլիներ, մենք չէինք խոսի ու պատմի հեքիաթներ նրա մասին:

Ձմեռ պապիկը միայն նվերներ չի բերում, այլ նաև կատարում է երազանքներ: Երազանքները Հյուսիսափայլի նման փայլուն ու գեղեցիկ չեն, և դրանք չեն նվիրում: Եթե հավատում ես, արդեն կատարվելու ճանապարհին են:

Ես Ձմեռ պապիկից նվերներ չեմ ուզում: Ես մի խնդրանք ունեմ, եթե մեր երկնքում աղավնիներ թևածեն, թող լինեն միայն խաղաղություն ավետող, և այդ խաղաղությունը թող սկսվի մեզնից և մեզանով հասնի աշխարհի չորս կողմերը:

Խաղաղություն և արդարություն քեզ, իմ պայքարող հայրենիք՝ Հայաստան: Եվ թող որ մանուկները ապրեն հավատալով, որ նվիրական երազանքները մի օր իրականանում են, և հրաշքները դրա ապացույցն են:

emma miqayelyan kotayk

Մրսելու պատճառը՝ դասերը

Առավոտյան սառը օդը շնչելով՝ արթնանում ենք ու «սրթսրթալով» գնում դպրոց: Մտնում ենք դասարան ու բարևը կորցրած՝ սկսում ենք.

-Երեխե՛ք, էս ի՜նչ ցուրտ ա:

-Երեխե՛ք, մեռա՜:

-Արդեն ձմեռ ա, «մառոզները սկսվեցին»:

Ու էսպես սպասում ենք զանգին: Զանգը դեռ չի հնչել, ուսուցչուհին մտնում է ներս.

-Վա՜յ, երեխե՛ք ջան, էս ինչ ցուրտ է, բայց ձեզ տեսա, տաքացա, շատ լուսավոր դասարան ունենք:

-Մենք ենք դասարանը լուսավորողները, ոչ թե ձմռան «սառը» արևը կամ անսարք մարտկոցները:

Ու մի պահ մտածում ենք՝ ինչո՞ւ ենք մրսում՝ ցո՞ւրտ է, թե՞ դաս չենք սովորել: Շատերիս համար՝ երկուսը մեկում, կամ էլ երկրորդը: Փորձում ենք դասը շեղել, խոսել ավելի արդի թեմաներից: Օրինակ՝ ի՞նչ եք մտածում կառավարության տարկետման վերաբերյալ որոշման մասին: Բայց ապարդյուն, չի ստացվում:

-Ո՛չ, երեխանե՛ր, մեր Վարուժանը կնեղանա, որ մենք շեղվենք,- ասաց ուսուցչուհին ու անցանք դասին:

Երրորդ-չորրորդ ժամին արդեն ազատվում ենք ձմռան տաք վերարկուներից և մեզ «տալիս ենք արևին»:

Շշուկներ… ԳԹԿ-ն դպրոցում է: Նորից սկսում ենք մրսել:

-Հաստատ ա, երեխե՛ք:

-Ո՞նց ենք գրելու:

-Լավ, մի մտածեք, կօգնենք էլի իրար:

Ուրախության ու տխրության ճիչեր: Մեկ ուրախանում ենք, որ դաս չենք անելու, մեկ տխրում՝ «Ախր, դաս էի սովորել», կամ էլ երրորդ տարբերակը՝ «Մեկ ա՝ տասը րոպեում գրելու եմ, դուրս գամ, դուք մտածեք»:

Օրը սկսվում և ավարտվում է նույն ձևով՝ մրսելով գալիս ենք, մրսելով գնում: Միակ ուրախալի փաստը վերջին ժամին զանգի ձայնն է:

Տանն ենք…

 

emma miqayelyan kotayk

Փոքրերի աշխարհից դեպի մեծերի աշխարհ

Դասղեկս ասում է, որ աշխարհը մենք ենք ստեղծում, որ երազանքը և նպատակը պիտի խաչմերուկ լինեն:

Երբ ես գնում էի առաջին դասարան, ինձ ասում էին, որ պետք է լավ սովորեմ, դառնամ ծնողներիս պարծանքը: Իսկ դասվարս ասում էր, որ ոչինչ հեշտ չէ, կյանքում ամեն ինչ պիտի փորձենք գոնե մեկ անգամ: Փորձերն ինձ հասցրին ավագ դպրոց: Սկսվեց պարապմունքների եռանդուն շրջանը: Դրա հետ մեկտեղ՝ շշուկներ կրկնուսույցների և աշակերտների միջև. «Իմ աշակերտները պիտի ինձ մոտ պարապեն», «Ես քեզ խորհուրդ եմ տալիս՝ ամենալավ մասնագետը Հրազդանում»:

Այս խոսքերից հետո փուլ եկան բոլոր խաչմերուկները, որոնք կառուցվել էին երազանքներով ու նպատակներով:

Երեխաները մեծահասակների նկատմամբ պիտի ներողամիտ լինեն: Ըստ իս՝ ներողամտությունը բնավորության գիծ է: Համբերատարության, զիջողամտության և բարեսրտության ոսկե միջինը: Մեր մոլորակն ահագին է: Ինչպես ասում է աշխարհագրությանս ուսուցչուհին՝ ամենաբարդ ռեբուսը Երկիրն է: Իսկ երկրի կայացման հիմքը՝ այս խոսքերը լսողները:

Մի՞թե աշակերտները կցանկանան աշխարհի բարդ ռեբուսները լուծելու համար պարապել Հրազդանում: Կամ եթե պարապեն, նրանք կգնահատվե՞ն որպես բարեսրտության «ոսկե շղթա» կրող և իրական պարծանք: Իսկ չպարապողներին կարելի է ուղղակի հաշվի չառնել: Հուսամ՝ ուսուցիչների հիշաչարությունը մենք դեռ կզգանք (չպարապողներով):

«Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես քո մոլորակը»: Կարգի բեր քո մոլորակը, որ հետո օգնես մնացածին ու թույլ չտաս նրանց դառնալ ապագայի պլանների համար ներկայում տուժողներ: