Նարե Բարսեղյանի բոլոր հրապարակումները

nare barsexyan

Թափթփված մտքեր

Թափթփված մտքեր, շփոթված հայացք,

Կիսամութ ժպիտ, խավարոտ նայվածք։

Հետո պատուհան, վրան` կաթիլներ,

Հետո ձյուն եկավ, դարձան փաթիլներ։

 

Աշունը անցավ, ձմեռն էլ իր հետ,

Փաթիլը տարավ ու կորավ անհետ։

Փաթիլը դու էիր, իսկ կաթիլը՝ ես,

Չքացար դու, չքացա և ես։

 

Փոթորկի մեջ մեկ կաթիլ, մեկ ձյուն,

Մութ աշխարհի մեջ իրար չէին գտնում։

Հետո չքացան անգույն օդի մեջ,

Ոչ ոք չտեսավ նրանց լույսի մեջ։

 

nare barsexyan

Իմ զարկված հայրենիք, զըրկված հայրենիք․․․

Պատերազմ…
Կյանքիս 16 տարիների ընթացքում հասցրել եմ 3 պատերազմ տեսնել, անմեղ երեխաների լացի ձայները լսել, ու լացում էին նրանք ոչ թե վախից, այլ հայրենիքը կամ ծնողներին, ընկերներին ու հարազատներին ամեն վայրկյան կորցնելու գիտակցումից։ Հուսահատ, բայց նաև առյուծասիրտ հայ մայրերի ժպիտը տեսել արցունքոտ աչքերի միջից։

Մեր երեխաները ժամանակից շուտ հասկացան, թե ինչ է հայրենիք, տուն ու տեղ կորցնելը, պատասխանատվությունը ընտանիքի հանդեպ, ինչ է թշնամու աչքերի մեջ նայելը, այն թշնամու, որը րոպեներ առաջ դաժան արնախումի պես ոճիրներ էր գործել հենց իր աչքի առաջ։

2020 թվականն էր, սեպտեմբերի 27-ի առավոտը։ Քնած էի ու հանկարծ մորս ձայնն եմ լսում, սովորական չէր հնչում ձայնը, սարսափահար ու շատ անհանգիստ։  Մի կերպ արթնանալով հարցրի՝ ի՞նչ է եղել, ու թե ինչ ասաց նա, հոգիս տակնուվրա արեց.
֊Նա՛ր, Արցախում կռիվ է։
Սկզբում մտածում էի՝ ինչպես միշտ, սահմանային ընդհարումներ են, բայց ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ չկարողացանք և ոչ մի հարազատի հետ կապի դուրս գալ։ Հասկացա, որ երկիրս այդպես էլ խաղաղություն չի գտել, բայց բոլորս անխտիր հավատում էինք, որ խաղաղություն կլինի և միայն մեր հաղթանակով։ Շատ լավ հիշում եմ, մեր Կոտայքի մարզ արցախահայ մեր հայրենակիցներն էին տեղափոխվել, նայում էի նրանց ու մի տեսակ մեղքի զգացում էր առաջանում ինձ մոտ, չգիտեմ՝ ինչու, բայց ես ինձ մեղավոր էի զգում։ Ամառն իբրև դպրոցականների ճամբարներ հանդիսացող շինություններում էին տեղավորվել,  ընկերներով այցելում էինք հայրենակիցներիս հետ ծանոթանալու, խոսելու, իրենց ցավը կիսելու, ու նորից համոզվում էի, որ հայի տեսակը շա՜տ ուժեղ ու համառ է։ Երեխաները հարցնում էին. «Իսկ ձեր մոտ թուրքերը կրակու՞մ են»։ Պատասխանում էի՝ չէ, ասում էի, որ մեզ մոտ շատ ապահով է, ու ամեն կերպ փորձում էի իրենց կողքին լինել։

Ծանր ժամանակներ էինք ապրում, կորուստներ, հոգեբանական խիստ սթրեսներ, նեղված ու բարկացած ծնողներ, ովքեր իրենց որդիներին էին հետ պահանջում հայոց արնաթաթախ հողից։  44 օր։ 44 դժոխային  ու անքուն գիշերներ, անթիվ կորուստներ, անհետ կորածներ…

Նոյեմբերի 9-ի առավոտյան, հեռուստացույցով հայտարարեցին, որ կռիվը դադարել է, և ո’չ տղերքը կային, ո’չ էլ բարձունքն էր մերը։ Շուշին հանձնել էին, մեր սպիտակ վանքը` Սուրբ Ղազանչեցոցը այլևս սպիտակ չէր, մռայլվել էր թշնամու մուղամի ձայներից, մռայլվել ու նեղացել էր մեզնից, իրեն մենակ թողնելու համար։
Եվ այս անդառնալի կորստի հետ մեկտեղ, ընդլայնվում էին Եղբայրական գերեզմանատան ու Եռաբլուրի տարածքները, օրեցօր անհաշվելի էին դառնում Արցախի  ու Հայաստանի ծածանվող դրոշները գերեզմանաքարերի կողքին։
Կորցրինք Հադրութը, Քարվաճառը, Շուշին, Ջրականը, Ասկերանի և Մարտունու շրջանի որոշ գյուղեր։

Մինչ Շուշիի հանձնումը, շուշեցի մի զույգ կար, նրանք ամուսնացանք հենց կռվի ժամանակ, ավերված Ղազանչեցոցի խորանի  առաջ, Աստծո օրհնությամբ երդվեցին մեկը մյուսին տեր և հնազանդ լինել։ Եվ գիտե՞ք թե ինչով էր անսահման տարբերվում այս անսահման հայկական հարսանիքը, ասեմ` հարսը հագել էր ազգային տարազ, կրում էր հայկական արծաթագործ գոտի, որը իր մեջ շատ իմաստներ ունի, իսկ փեսան ռազմիկի, կռվողի ու երբեք չպարտվողի հագուստով էր, նա զինվորական համազգեստով էր։ Եվ այո’, լիարժեք էր ամեն ինչ. սերը, հույսը, հավատն առ Աստված, հայրենիքը ու… Տագնապի ու կրակոցի ձայները։ Եվ նրանք բախտավոր էին, որ ամուսնացան հենց Շուշիում, որովհետև սիրո քաղաքը ոչ թե Փարիզն է, այլ հենց Շուշին…

Սակայն չկոտրվելով, որոշ ժամանակ անց, մեր հայրենակիցները վերադարձան իրենց հայրենիք, նորից տուն շինեցին, նորից փորձեցին ծաղկեցնել իրենց հայրենիքը, նորից զավակներ լույս աշխարհ բերեցին, հայոց աշխարհին ապագա պահապաններ նվիրեցին։ Կարծում էինք, որ վերջ, այլևս չի լինի կռիվ, չի լինի տագնապ, վախ, սարսափ ու լաց… Սխալվում էինք, շա՜տ էինք սխալվում։
2 տարի անց մեր ոխերիմ ու դաժան թշնամին հարձակում գործեց Ջերմուկի վրա, կրկին զոհեր, զոհեր ու զոհեր…
Աղոթքներով, խաղաղություն մրմնջալով, ամեն օրվա բառապաշարի անպակաս «խաղաղ ու անկորուստ գիշեր» նախադասությունը կրկնելով հավատում էինք, որ մի օր կարթնանանք,  ու բոլորիս կասեն, որ այս ամենը երազ էր, որ չենք կորցրել ոչինչ ու ոչ ոքի, որ խաղաղ ու երջանիկ արարելով ու ստեղծելով պատմության անգնահատելի արժեքներ՝ ապրում ենք մեր հայրենիքում, և մերն է Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Ջավախքը ու Արցախը ամբողջությամբ։

Երազում էինք, ձգտում էինք դեպի այդ անսահման ըղձալի խաղաղությունը, բայց 2023 թվականի սեպտեմբեր ամիսը մեզ կրկին  հուսախաբ արեց, մեզ խաբեց ու նորից ստիպեց զգալ ցավ, կորսուտներ ունենալ ու կրկին կոտրվել։
Մինչ սեպտեմբերի 19- ը, Ադրբեջանը ապօրինի կերպով փակել էր Լաչինի միջանցքը, 9 ամիս շրջափակման մեջ պահելով ազգիս մեծ ու մանկան, բառիս բուն իմաստով սովահար անելով։ Ուրիշ ո՞ր երկրի ժողովուրդը կդիմանար այս ամենին․ ոչ մեկը։ Իսկ իմ ազգը դիմացավ, դիմադրեց, չէին բողոքում, կարևորը հայրենիքում էին ու թշնամու առաջ չէին խոնարհվում: Ամեն ինչի ելքը գտնում էին, ու այո՛, էսպիսին է իմ ազգը. չկոտրվող, չհանձնվող ու ամեն իրավիճակում ելք գտնող։

Սեպտեմբերի 19-ին սակայն մեկօրյա նենգ պատերազմից հետո  կորցրինք ամենաթանկը` Արցախը, մեր երկրի միջնաբերդը։ Եվ ինչպես կասեր Մոնթեն. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»… Բռնի ուժով տեղահանված մեր հայրենակիցները կրկին տեղափոխվեցին Հայաստան։ Մեր մոտ` ամառը մանուկների ուրախ ծիծաղից թնդացող ճամբարները կրկին դարձան ողբ ու մահ տեսած բռնի տեղահանված արցախցիների ապաստարաններ: Բոլորի հայացքները խավարել են, ժպիտները սառել, քարացել, երեխաները այլևս խաղաղ ու փայլուն աչքերով չեն նայում դեպի մեր՝ մի սրտի չափ հայրենիքին, կարծես վախենում են մի օր սա էլ կորցնել։ Երեխաների մեծ մասը հիմա հաճախում է մեր դպրոց: Մեր դասարանում էլ կան աշակերտներ, և նրանցից մեկի հետ շատ ենք մտերմացել։ Տեսակցության էինք գնացել առաջին անգամ, ու այնքան ջերմ ընդունեցին մեզ։ Նրա հոր հետ զրույց ունեցա, հարցրեց, թե որտեղից եմ, ես էլ հպարտորեն ասացի, որ արմատներս Արցախից են: Սկսեցինք պատմել դեսից-դենից, ու միակ բանը, որի համար նրանք ափսոսում են` տղերքն են։

Հայրը ասում է․
- Թե պիտի էսքան կորուստ տայինք, էլ հինչի՞ հետիյն էդքան տղորցը կտորալ, էդքան խոխա սպանալ։ Տղերքը ափսոս էին, ուրանք պիտի ապրեին։
Լուռ լսում եմ արցունքներս կոկորդում խեղդելով, փորձում եմ իրենց ուժ տալ, զգում եմ, թե ինչքան սառած է իրենց հոգին։
Մեր՝ արդեն իսկ լավ ընկերուհու քույրերի ու փոքր եղբայրների հետ ծանոթացանք, հորեղբոր աղջիկը ամենամեծն էր, խոսում էինք, երբ սեղանին շոկոլադներ դրեց, դրանք նման էին բլոկադայի ժամանակ պատրաստված կոնֆետներին։ Մի պահ լռեց, հետո արցունքներին ազատություն չտալով ասաց.
-Դրան էլ էի համաձայն, չէի դժգոհում, մենակ թե իմ հողում լինեի, իմ սարերը տեսնեի, իմ մռայլ երկինքը տեսնեի, էնտեղ լինեի…
Իսկ երեխաները… Երեխաները, ովքեր մինչ Հայաստան գալը ծնողներին խնդրում էին տուն գնալ, նրանցից մեկի խոսակցությունը մոր հետ շատերի սրտերն էր կոտրել։ Արցունքոտ աչքերով մորը ասում էր.
-Մա՜մ, հե՜ մամ, ինձ տոն տար։
-Լուսե՛ , բալա՛ս, ախր ես քեզ շտեղ տանիմ, մունք էլ տոն չոնինք, ցավդ տանիմ…

Աշխարհ, անարդար ու անտարբեր աշխարհ, մի՞թե մի գրամ խղճի զգացում չունես  այդ սառույցի կտոր հոգումդ, մի՞թե այդքան խուլ ու համր ես, մի՞թե  աչքերիդ լույսը այնպես է մարել, որ ոչինչ չես տեսնում, ազգս արժանի՞ էր այսքան տառապանքի, այդքան կորստի։
Ճիշտ էր ասում Թումանյանը՝ երկիրս ջարդարար ոհմակները դարձրին սև ու սուգի մի հովիտ։ Կոմիտասը թե տեսներ, կրկին կխելագարվեր, արդեն որերորդ անգամ կխելագարվեր։
Արթնացրեք Թումանյանին, կանչեք նրա վրդովված հոգին, և թող նա հոգեհանգիստ կարդա ազգիս անմեղ զոհերի հոգիների համար։ Կանչեք նրան, թող այրի հայոց աշխարհի ջահերը, թող գա ու խաղաղեցնի իր խոսքերով անհանգիստ ու անմեղ զոհերին…

Պատերազմը աշխարհի ամենավատ, դաժան, անսիրտ արհավիրքն է, ամենադաժանը, անխիղճը։ Եվ ես ատում եմ պատերազմը, ես ատում եմ բոլոր նրանց, ում պատճառով քույրերս ու եղբայրներս անմեղ զոհեր դարձան։ Պատերազմը ստիպում է հաշվել այն, ինչը խաղաղ իրավիճակներում երբեք չէիր հաշվի։ Օրինակ`թե վերջին անգամ այսինչ հարազատիդ հետ ե՞րբ ես խոսել, չես էլ հիշի պատերազմի ժամանակ, թե վերջին անգամ ե՞րբ ես հանգիստ քուն մտել։ Պատերազմը կստիպի քեզ հասկանալ, թե կյանքը ինչ է, ինչքան հեշտ կարելի է զրկվել դրանից, կիսատ թողնել անուրջներդ, միայնակ թողնել սիրածդ աղջկան, կնոջդ, երեխայիդ, ծնողներիդ ու ընկերներիդ։ Եվ, ի սեր Աստծո, հավերժ լռեցրեք տագնապի, լացի, կրակոցների ձայները, ես աղաչում եմ ձեզ, վերացրեք պատերազմ հասկացությունը այս աշխարհի երեսից…