Անուշ Աբրահամյանի բոլոր հրապարակումները

anush

«Ամեն օր մի բուռ արև նվիրեք միմյանց»

Հարցազրույց հորս` Հայկ Աբրահամյանի հետ:

-Հայրիկ, որտե՞ղ ես ծնվել:

-Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում, ջուլհակի ընտանիքում, հայրս նաև հողացործ էր: Ընտանիքում չորրորդ երեխան էի, սպասված երեխա էի, չնայած մայրս աղջիկ էր ուզում: Աղջկա անունը պետք է Հայկուհի դնեին, բայց որ տղա ծնվեցի, դրեցին Հայկ:

-Քո մանկությունից որևէ հետաքրքիր դեպք կարո՞ղ ես հիշել:

-Աղջիկս, թեև երբեմն կիսակուշտ էինք պառկում քնելու, հատկապես ձմռանը` կիսասառած վառարանի կողքին, միևնույնն է, կյանքը ջերմ էր:

Տատիկիս եմ հիշում, շատ անվախ կին էր, ու աչքի էր ընկնում աշխատասիրությամբ: Մի անգամ, հինգ կամ վեց տարեկանում, ինձ իր հետ տարավ հողամաս, որ ինքը կարտոֆիլը ջրի, իսկ ես մնամ իր կողքին: Հանկարծ նկատեցի, որ տատս վերցրեց բահն ու վազեց: Վեր թռա տեղիցս, որ տեսնեմ, թե ինչ է պատահել: Գայլ էր, փախչում էր, իսկ տատիկս հետևից բահով վազում էր: Տասը րոպե հետո վերադարձավ և բողոքեց, որ գայլին չի կարողացել բռնել:

-Ինչպիսի՞ն էիր դու դպրոցական տարիքում:

-Աշխույժ երեխա էի, լավ էի սովորում, հատկապես` ֆիզիկան: Նկարում էի, երբեմն փոքրիկ զարդեր քանդակում: Մի անաստված ուսուցիչ ունեինք, հենց մտնում էր դասարան, իր խռպոտ ձայնով գոռում էր` չշնչել: Մի օր իր հերթական «չշնչել»-ը գոռալուց հետո մոտեցավ ընկերոջս, ասաց.

-Այ տղա, շնչո՞ւմ ես:

Այս խեղճն էլ վախից, թե` չէ:

-Շան լակոտ, դու հիմի չե՞ս շնչում:

Այդ խիստ ու տարօրինակ ուսուցիչը ինձ շատ էր սիրում, դե, ես էլ երբեմն օգտվում էի դրանից:

-Իսկ որտե՞ղ ես ծառայել: 

-Ծառայել եմ հեռավոր Խաբարովսկում: Աշխարհի այդ ծայրում հազվադեպ էի նամակ ստանում ծնողներիցս:

-Իսկ որևէ արհեստի տիրապետո՞ւմ էիր մինչև բանակ գնալը: 

-Այո, հորեղբայրս սովորեցրել էր ինձ ուռկան գործել, սակայն մյուս եղբայրս` Արմենը, ավելի լավ էր գործում և արագ, նա հիանալի ձկնորս է:

-Քո ծառայությունը դեռ չէր ավարտվել, երբ մահացավ քո հայրը: Դրա մասին ե՞րբ իմացար:

-Ավարտեցի ծառայությունս ու ուղևորվեցի Հայաստան: Սիրտս կարոտ էր հողին, բացի այդ ուզում էի գրկել ծնողներիս ու եղբայրներիս, ովքեր միշտ ինձ հասած նամակների տակ նկարում էին: Ինձ դիմավորեցին հորեղբայրս ու քեռիս: Հայրս չկար: Հարցրի, չպատասխանեցին: Գյուղ հասնելուն պես ասացին, որ հայրս կաթվածից մահացել է, և ես հասկացա, որ առանց հորս դժվար կլինի բարակ ճյուղերով հաղթել քամուն:

-Պապ, իսկ ինչպե՞ս գոյատևեցիք «քաղցի» տարիներին:

-Դժվար էր: Ձմռանը անտառապահից թաքուն փայտ էինք բերում անտառից, ժամերով կանգնում էինք հացի հերթի ու «հո» անելով սպասում, թե այդ հազարավոր մարդկանցից հետո երբ կհասնի մեր հերթը: Իսկ հիմա արդեն տեսնում ես, ծառը արմատներ է ձգել:

-Հայրիկ, ի՞նչ կմաղթես մեզ` նոր սերնդին:

-Միշտ հավատացեք, որ ձմռանը կհաջորդի գարունը, գիշերվան` ցերեկը: Ամեն օր մի բուռ արև նվիրեք միմյանց, որ ոչ մեկը չմնա ստվերում: Եվ վերջապես, որքան կարող եք` ամուր գրկեք ձեր ծնողներին:

-Հայրիկ, դու արտասվում ես:

Պատասխան չկա:

anush

Այդ աղջիկը ես եմ

-Գը՜մփ,- նրա գցած պայթուցիկը պայթեց հենց հորեղբոր ոտքերի մոտ: Շագանակագույն աչքերով այդ չարաճճի տղան մի քանի օր չերևաց հոր աչքին. տնից շուտ էր դուրս գալիս ու վերադառնում, երբ հոր` աշխատանքից վերադառնալուց առաջ և փակվում սենյակում: Հաճախ էր երեք եղբայրների հետ գնում ձկնորսության. դա նրա սիրած զբաղմունքն էր: Լավ էր սովորում, դպրոցում իր չարաճճիությունների պատճառով միշտ ուրիշներին էին պատժում, բայց նա շատ բարի էր: Մեծացավ` հաղթահարելով ամեն դժվարություն, իսկ հետո բոլորին ծաղրող այդ երիտասարդը սիրահարվեց քոլեջ հաճախող մի աղջկա: Շատ չանցած` նրանք ամուսնացան, և ծնվեց մի աղջիկ: Այդ աղջիկը ես էի:

Հայրս համալսարանում չի սովորել, քանի որ երիտասարդ տարիքում կորցրել է հորը և դարձել տան ղեկավարը, բայց դա նրան չի խանգարում կիսով չափ լինել բժիշկ, ճարտարապետ, նկարիչ: Մայրս չափազանց խելացի կին է, միշտ կարողանում է հասկանալ ինձ ու բոլորին:

Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն գյուղում, երկհարկանի մի տան մեջ՝ հորեղբորս ընտանիքի և տատիկիս հետ: Իմ սենյակը երկրորդ հարկում է, այդ սենյակին կից մի կիսախարխուլ պատշգամբ կա, հաճախ գիշերները ես քնում եմ այնտեղ, աստղերի տակ: Մի անգամ որոշեցի ցատկել պատշգամբից ու գնալ հեռու, բայց մտածեցի, որ դեռ ժամանակը չէ:

Ես պարզ մարդ եմ, չնայած, որ մի քանի անգամ քնել եմ պատշգամբում, չեմ սիրում քունը, այդ անիմաստ ինքնամոռացումը, իսկ երազներ ես առանց քնելու էլ տեսնում եմ, դրա համար քնել պետք չէ:

Ես սիրում եմ գիշերը, սիրում եմ այգաբացը, հաճախ վաղ եմ արթնանում ու բարձրանում կտուր, որ առաջինը ես տեսնեմ այն, իսկ մայրամուտին գրում եմ փոքրիկ թղթերի վրա, դրանք ամրացնում փուչիկներին և բաց թողնում:

Մի քանի տարի առաջ ես որոշեցի եղբայրներիս համար մի «անակնկալ» պատրաստել: Տան հետնամասում գտնվող հացատան դռան վրա ամրացրեցի մի կոշիկ, որը նկուղից էի գտել: Ես կարտոֆիլի մարգերի մեջ պառկած հետևում էի, երբ անսպասելիորեն եկավ հայրիկն ու… Կոշիկն ընկավ նրա գլխին: Հետո բոլորն իմացան, որ դա իմ ձեռքի գործն է, ես ամոթից մի քանի օր հորս աչքին չերևացի (պատմությունը կրկնվեց, հիմա ես հայրիկիս աչքին չէի ուզում երևալ):

Ասացի, որ մենք ապրում ենք տատիկիս հետ: Տատիկս բարի կին է, բայց երբ բարկանում է, պետք է շուտ փախչել: Մի անգամ, երբ փոքր էի, պատահմամբ հրդեհեցի ծնողներիս մահճակալը: Վառեցի լուցկին, մտածում էի, որ կկարողանամ հանգցնել, բայց` ոչ: Տատիկս ծխի հոտ առավ, նա վառարանի կողքին էր նստած, նայեց շորերին:

-Երեխե՛ք, էս ի՞նչ հոտ ա:

Ես արագ դուրս թռա ննջասենյակից:

-Կրա՜կ,- գոռալով վազում էի ես, կարծես կրակ էի ստեղծել և հիանում էի դրանով…

Իմ մանկությունը հիասքանչ է անցել: Գիշերները բոլորից գաղտնի բարձրանում էի մեր ընկուզենու վրա: Մի անգամ էլ բարձրացա ամենաբարձր ճյուղին ու մինչև իջնելս արդեն քսան անգամ «Հայր մերն» էի ասել ու Աստծուց մեղքերիս համար թողություն խնդրել… Երազում եմ դառնալ ծաղրածու, չնայած համալսարաններում երևի նման բաժին չկա, բայց կարծում եմ, որ դա ամենաբարդ մասնագիտությունն է: Վախենում եմ օձերից և սեփական հոգուցս, այն այնքան տարօրինակ է: Վերջերս ընկերուհուս նամակ ուղարկեցի, պարզվեց միայն ծրարն եմ ուղարկել, իսկ նամակն այդպես էլ չգտա:

Իմ շունը սատկեց: Բայց ախր, ես շուն չունեմ… Բայց որ ունենամ` կսատկի: Չգիտեմ ինչպիսին եմ ես, երևի միօրինակ կամ յուրօրինակ, դա ինձ քիչ է հետաքրքրում, իսկ հիմա ես միայն մտածում եմ թռչելու մասին: