Ժենյա Արզումանյանի բոլոր հրապարակումները

Խուստուփը

Համացանցում կարող ենք հաճախ հանդիպել բազմաբովանդակ հոդվածների, որոնք պատմում են Խուստուփ լեռան մասին։ Այնտեղ գրված կլինի. «Կանաչազարդ Սյունիքի մարզում է գտնվում արքայական Խուստուփը, Կապան քաղաքից շուրջ 10կմ հարավ-արևմուտք։ 3201 մետր բարձրությունից իր վեհ ժպիտն է սփռում զմրուխտազարդ Կապան քաղաքի վրա»։

Այդ հոդվածներում իրենց ուրույն տեղը կգտնեն նաև Խուստուփի մասին երկրաբանական նկարագրերը, տեղագրական փաստերը, կլիմայական պայմանները և բոլոր այն մանրամասները, որոնք կպատմեն և, ինչու ոչ, նաև կբացահայտեն   լեռը՝ աշխարհագրական տեսանկյունից։

Իսկ ինչպիսի՞նն է վեհաշուք Խուստուփը փոքրիկ Շվեյցարիայից՝ Կապանի սրտից երևում։ Այն հրաշք է։ Տարվա յուրաքանչյուր եղանակին բացահայտում է իրեն յուրովի։ Ձմեռը ծածկվում է ճերմակ ձյան շերտով, իսկ ահա գարնանը նոր շունչ ու թափ է հաղորդում իրեն, այս ժամանակ է, որ ձյան հալոցքից առաջացած գետերն ու բազմարահետ առվակները միաձուլվում են միմյանց, դառնում են հորդառատ մի գետ՝ Վաչագանը։  Այն ավելի վեհ տեսք է հաղորդում ինչպես Խուստուփ լեռանը, այնպես և զարդարում է չնաշխարհիկ Սյունյաց աշխարհը։ Ամռանն այնքան պարզորոշ է լինում, որ անգամ ալպյան մարգագետիններն են հեռվից, շատ հեռվից աչքի ընկնում, իսկ ահա աշնանը մառախլապատ է, բայց հիասքանչ է դառնում։

Այնքան նրբագեղ և միևնույն ժամանակ,         այնքան փառահեղ է Խուստուփ լեռը, այնքան գեղատեսիլ և այնչափ պանծալի, և ըստ իս, այս ամենը հայի ոգու ամբողջությունն է, խոնարհ ու վայելուչ հայուհիներից, հպարտ ու աներկյուղ քաջորդիներից և իհարկե, մեր քաջազուն Նժդեհի սրտից սերված, ով ոչ միայն իր կյանքը նվիրեց հայրենիքին, այլ նաև մահից հետո հավերժ մնաց իր իսկ արյամբ և ոգով պահված հողում, թաղվելով Խոստուփ լեռան լանջին։

Խուստուփը, իր հավերժական արծիվը և անկոտրում հայ ժողովուրդը` մեկ միասնության մեջ…

Լուսանկարները ՝ Սոնա Մելիք-Քարամյանի

Jenya Arzumanyan

Զանգեզուր

Հայաստանի ողնաշարը համարվում է պատմական Սյունիքը, որը հարուստ է հրաշք բնությամբ, ազնիվ մարդկանցով, պատմամշակութային հիասքանչ վայրերով ու վանքերով։

Սյունիքը եղել է Մեծ Հայքի 15 նահանգներից, որն ունեցել է 12 գավառ։ Այն միջնադարում ունեցել է ավելի մեծ տարածք, քան ունի ներկայումս և, չնայած փոքր տարածքին, մշտապես համարվել է խտաբնակ տարածաշրջան։

Սյունիքս եզակի է իր առավելություններով և թերություններով, և հենց այս առավելություններն ու թերություններն են, որ շունչ են հաղորդում նրան։

Բնօրրանս առավել է ժողովրդի միասնականությամբ, զարմանահրաշ բնությամբ, գրավչությամբ, հավատացեք, մեկ անգամ Սյունիք եկողը հավերժական կապեր է հաստատում այստեղ, ինքս բազմիցս եմ համոզվել։ Այստեղ է գտնվում վեհապանծ Խուստուփ լեռը, որը ոգեշնչում և սատարում է սյունեցիներին։ Ողջին՝ պատմական Սյունիքի նշանավոր գետը, Վաչագան գետը, Աստղաձորը…

Զանգեզուրը նշանավոր է նաև քրիստոնեությունը խորհրդանշող վանքերով, որոնցից է Տաթևի վանքը, որը դեռևս 9-րդ դարում է կառուցվել։ Վահանավանքը, որը համարվում է 10-րդ դարի կառույց, ևս քրիստոնեության խորհրդանիշ է Սյունիքում։

Եթե կան առավելություններ, կան նաև թերություններ։ Գլխավոր թերությունը կարելի է համարել մարզում առկա պոչամբարը, որն աշխարհում համարվում է ամենամեծն իր տեսակով, սա ազդում է ինչպես օդի, որը շնչում ենք ամենքս այստեղ բնակվելով, այնպես և բնության և գյուղական տարածաշրջանների զարգացման վրա, գետերի հոսքի և հատկապես գետում առկա ձկնատեսակների պահպանման գործում։ Մեծ վնաս են կրում նաև վարելահողերը, որոնք տուժում են հիմնականում այն հանգամանքից ելնելով, որ պոչամբարի, ոչ պիտանի նյութերը օր օրի ընդլայնում են արդեն իսկ զբաղեցրած տարածքը։

Զանգեզուրն առանձնահատուկ է նաև իր հերոսական մարտերով, վեհ լեռներով, անկոտրում ոգով, այն հարուստ է իր հերոսածին մայրերով և քաջ հայորդիներով։ Յուրաքանչյուր սյունեցու մեջ Նժդեհի արյունն է խոսում, Դավիթ Բեկի շունչն է թևածում, մերօրյա հերոսների անավարտ կյանքն է շարունակվում։

Այսօր էլ Սյունիքս, ուր ապրել են պապերս, պապերիս պապերը, ուր այժմ ապրում եմ ես, կռվախնձոր է դարձել դավադիր թշնամու և ազգիս միջև։ Սակայն, Սյունիքն իր գոյությունը պահպանել, պահպանում և պահպանելու է ամեն կերպ, միայն ոչ թշնամու կազմի մեջ, իսկ սրա միակ գրավականը սյունեցիների միասնականության մեջ է։

Սյունիքի, և առհասարակ Հայաստանի ապագան մենք ենք, և մենք պարտավոր ենք շենացնել, զարգացնել մեր մարզը, մեր համայնքը և պարտավոր ենք երկու ոտքով ամուր կանգնել մեր հողի վրա, որպեսզի ոչ ոք դիտմամբ, թե պատահմամբ, հայացք անգամ չնետի դեպի այն։

Համոզված եմ, վաղվա հզոր ապագայի հանդեպ հավատ կա յուրաքանչյուրիս մեջ և հատկապես սյունեցիների։ Ես ինքս եմ հավատում, չէ որ իմ սիրտը լեռներում է՝ Սյունյաց լեռներում…