- Ու՞ր էիր, բալես՛:
-Տղերքով ֆուտբոլ էինք խաղում, մամ՛ . ես, Դավոն, Էրոն, Գևորգը…
Թեև շատերի համար տարօրինակ հնչի, բայց իմ մանկության ընկերները միայն տղաներ էին: Սակայն դա ինձնից անկախ էր, որովհետև մեր թաղում իմ հասակակիցները բոլորը տղաներ էին: Ամբողջ օրը եղբորս ու նրա ընկերների հետ ֆուտբոլ էի խաղում: Բայց դա եղբորս` Դավիթին, դուր չէր գալիս: Բարկանում էր, բայց ես նրան չէի լսում, հաճախ կռվում էինք, թաղի մեջտեղում կանգնում ու իրար քարերով հարվածում.
-Տու՛ն գնա, քե՛զ ասում եմ…,- բայց ո՞վ էր նրան լսողը…
Այդ տարիները, բակային խաղերը իրենց արդյունքն ունեցան. ես տասներկու տարեկանում դարձա մեր մարզի ֆուտբոլային առաջնության լավագույն ֆուտբոլիստուհի:
Սակայն ինչն ունի լավ կողմ, ունի նաև վատ կողմ: Վատ կողմն էլ տղաներից ընդօրինակած չարաճճիություններն է: Այս առիթով պատմեմ մի դեպք:
Մի ժամանակ ես, եղբայրս` Սարգիսը, ու մեր ընկեր Գևորգը շշեր էինք հանձնում խանութին ու փոխարենը պաղպաղակ ու լիմոնադ վերցնում: Պարզվում է` այդ շշերը Գևորգը իրենց տնից գողանում էր: Երբ Գևորգենց շշերը վերջացան, ես ու Սարգիսը սկսեցինք մեր տնից գողանալ, դե, մենք էլ շա~տ շշեր ունեինք. պարկերով դասավորած էին մեր արհեստանոցի առաջ:
Պապիկս մի սովորություն ունի. երբ պարապ է մնում, սկսում է ինչ-որ բան հաշվել: Դե, այդ ժամանակ էլ շշերն էր հաշվում: Ու նկատեց, որ շշերն անասելի արագությամբ պակասում են: Տանը մտածում էին, թե ո՞վ է գողացել: Ես ու եղբայրս էլ խելոք երեխաներ էինք, ուղղակի ընկել էինք Գևորգի խելքին: Խոստովանեցինք, որ մենք ենք տարել: Ընդամենը մի քանի շիշ էր մնացել, մերոնք տվեցին մեզ ու ասացին, որ տանենք, հանձնենք ու բոլորիս համար պաղպաղակ գնենք:
Դա մեզ համար մեծ դաս եղավ:
Ողջույն: Ես Աստղիկն եմ: Ինչպես պապիկիս մոր, այնպես էլ Ամայիս մոր անունը Աստղիկ է եղել: Պապիկս ասում է, որ իր մոր անունն է, իսկ տատիկս` իր մոր: Երկու Աստղիկն էլ և ֆիզիկապես, և հոգեպես շատ ուժեղ են եղել: Երևի ես նրանց եմ քաշել, բայց մի տարբերությամբ. ես հոգեպես այդքան էլ ուժեղ չեմ: 1937 թվականին մեր ընտանիքը երկակի գլխատվեց. Աբրահամ և Գրիգոր պապիկներս աքսորվեցին, և առ այսօր նրանցից ոչ մի տեղեկություն չունենք: Աբրահամը Ամայիս հայրն է: Նա աքսորվել է ղաչաղներին օգնելու, ուտելիք տրամադրելու համար: Եղել է գերբնական ուժի տեր մարդ: Գրիգորը` պապիկիս հայրը, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի ժամանակ մի թուրք փորձել է սպանել նրա հրամանատարին: Այդ տեսնելով Գրիգորը սպանել է թուրքին և փրկել հրամանատարի կյանքը: Պարզվել է, որ մահափորձ կատարողը կին է եղել: Որպես խրախուսանք պապիկս ստացել է իր հրամանատարի թուրը, որը հիմա կախված է Երեմ պապիկի սենյակի պատից:
Մեր գետը` Պաղջուրը, գյուղի հպարտությունն է, զարդը: Այն հոսում է երկու ժայռերի արանքով: Երբ վերևից նայում ես, ասես ադամանդակուռ արծաթյա գոտի լինի: Առաջ գնում էինք գետ` լողալու, բայց մարդիկ այնքան շատ էին, որ տեղ էլ չէր լինում: Իսկ հիմա … Այն հսկա գետը դարձել է առու: