Լիլիթ Դուրյանի բոլոր հրապարակումները

Lilit Duryan

Մենք նման ենք իրար

Մենք նման ենք իրար։ Մենք սիրում ենք, ժպտում, լացում, ուրախանում, բարկանում, մենք ապրում ենք նույն կյանքը և փորձում ենք գույներ հաղորդել մեր կյանքին։ Ես մի վրձնահարվածով ներկում եմ կյանքս վառ գույներով, դու գույների կանչն անգամ չես լսում, դու փորձում ես համեմատվել, իսկ ես լռել չեմ սիրում, ես սիրում եմ գրքերի բույրը, իսկ քեզ երիցուկինն է գրավում։

Ոչ, մենք տարբեր ենք, մենք ապրում ենք նույն կյանքը, բայց այն այնքա՜ն տարբեր է։ Մենք ապրում ենք մեր սեփական աշխարհում, մենք ստեղծել ենք մերը, որտեղ ոչինչ մեր կամքին հակառակ չէ, այնտեղ մեր երազներն են, մեր հոգին է։

Երեկ, երբ սովորականի պես դասարանում նստած գրքերի էջերն էի թերթում, ակամա հայտնվեցի իմ գունեղ աշխարհում։ Ես զբոսնում էի, և փնտրում էի մեկին, ում կարող եմ ցույց տալ իմ աշխարհը, բայց ոչ ոքի չգտա։

Ես նկատել եմ, որ տարբեր եմ նրանցից, ես չեմ կարող բացել իմ աշխարհի դռները, չեմ կարող ցույց տալ ներսի հրաշալիքները։ Ես սիրում եմ արդարության, սիրում եմ գրքեր և կարող եմ ժամերով խորասուզվել նրանց մեջ, սիրում եմ փոփոխություններ, սիրում եմ գտնել տարօրինակ հարցեր և տալ դրանց հետաքրքիր պատասխաններ: Սիրում եմ արվեստ, գույներ, սիրում եմ բնությունը, գյուղս, ես սիրում եմ ինձ։

Ես փնտրում եմ ինձ նման մեկին, մենք կխոսենք գրքերի մասին, կուսումնասիրենք աշխարհը։ Ես կլինեմ այն ջրի կաթիլը, որից օվկիանոս է գոյանում, ես կփոխեմ քեզ և աշխարհը, և դու կտեսնես այն իմ պատուհանից։

lilitduryan

Իմ եղանակը

Ոմանք ուրախ, ոմանք էլ տխուր դիմավորում են աշունը: Ես ուրախներից եմ։

Սա տարվա իմ եղանակն է, երբ զգում ես աշնան դյութիչ բույրը, երբ սառը քամին անուշ քսվում է դեմքիդ, երբ տերևները գեղեցիկ շարժումներով ցած են իջնում, երբ զարդարվում են մեր հրաշք անտառները։

Բայց նաև, սառն է աշունը, անտարբեր պահվածքով ներթափանցում է մեր հոգու խորքերը, պոկում մեր զգացմունքները, տանում մեր հույզերը։

Խորհրդավոր է աշունը, ինչքան մարդ է նրա մեջ թաքցրել իր փոքրիկ գաղտնիքը, մի փոքրիկ հույզը…  Ինչքան բան կա թաքնված նրա մեջ:

Ես դեռ ինչքան բան ունեմ պատմելու քեզ, ինչքան բան կա, որ սրտումս պահել եմ միայն քեզ համար: Ես կնստեմ ու կխոսեմ, իսկ դու, ինչպես միշտ, լուռ կլսես ինձ, ինձ չես մեղադրի, չես ձանձրացնի քո խորհուրդներով: Հետո ես կլռեմ, կգա քո խոսելու ժամանակը, ես կլսեմ քեզ, անսահման կարոտած իմ սիրտը մոտդ բաց կանեմ, ու կվայելեմ քեզ ևս մի երեք ամիս, իմ թաց աշուն…