Ելենա Զաքարյանի բոլոր հրապարակումները
Գարունը Մալիշկայում
Պելեն, ֆուտբոլը և իմ երազանքը
Երեկ երեկոյան հոգնած և ձանձրացած որոշեցի մի ֆիլմ դիտել։
-Երդվում եմ, քո մեջ ամեն ինչ կփոխվի, երբ դիտես այդ ֆիլմը,- ոգևորված պատմում էր ընկերուհիս։
-Ամեն տեսարան, ամեն խոսք, ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ ու խորիմաստ է այդ ֆիլմում,- շարունակում էր նա։
Ֆիլմի անունն էր ՝ «Պելե․ լեգենդի ծնունդը»։ Անունն արդեն իսկ ասում է ամեն ինչ։ Այո, ֆիլմը պատմում է ֆուտբոլի լեգենդի կյանքի ու դժվարությունների մասին։ Այդ ֆիլմը նայելը իրական երջանկություն էր և հաճույք: Ֆիլմի ամեն տեսարան կարծես մի բան էր փոխում հոգումս։ Այդ ֆիլմն ուղղակի Պելեի մասին չէր։ Այն Պելեի կյանքի, դժվարությունների ու հաղթանակների միջոցով պատմում էր երազանքների ու նպատակների մասին։ Այդ ֆիլմը իրոք ինչ-որ բան փոխեց իմ մեջ։
Առավոտյան նորից հանդիպեցի ընկերուհուս․
-Հը՞ն, նայեցի՞ր ֆիլմը,- միանգամից հարցրեց նա։
-Հա՜, շատ լավն էր,- ասացի ես։
-Միայն այդքա՞նը․ դեռ ոչ ոք այդպես չէր ասել այդ ֆիլմը դիտելուց հետո։
-Դե իրականում սովորեցի ամենակարևոր բանը՝ այն, որ եթե դու ունես երազանքներ, պետք է ամեն գնով հասնես դրանց։
Պելեն ամեն ինչ արեց, որպեսզի հասնի իր երազանքին։ Նա գիտեր, որ շատ դժվար է լինելու, բայց չվախեցավ դժվարություններից։ Նրան բոլորը ծաղրում էին ու ասում «Դու ոչնչի չես հասնի», բայց նա ուրիշներին չէր լսում։ Նա քայլում էր, ընկնում, բայց նորից վեր կենում ու քայլում ավելի հմուտ։
Եվ ի վերջո, երազանքները իրականանում են, եթե միայն պայքարենք դրանց հասնելու համար։
Մի թաղի պատմություն
Մեր մանկության ամենահիշարժան պահերը և հիշողությունները մեր բակն են և թաղի պատմությունները: Մեր բակը շատ մեծ է, այն միավորում է տարբեր մարդկանց և տարբեր ընտանիքներ: Մեր բակը մի այնպիսի ջերմ միջավայր է, որտեղ մարդիկ աշխատանքից հոգնած նստում են և խոսում ամենատարբեր թեմաներից: Հիշողությունները շատ-շատ են մեր թաղից ու թաղի բնակիչներից: Ինչքան մտքով փոքրանում եմ, այնքան պատմություններն ավելանում են:
Մեր թաղում մեծամասնություն են կազմում երեխաները, իսկ ավելի կոնկրետ՝ աղջիկ երեխաները: Մենք 6 աղջիկ ենք՝ 6 ընկերուհիներ, ունենք շատ-շատ պատմություններ միասին: Հետաքրիրն այն է, որ առաջ մեզ փողոցից չէին կարողանում տուն բերել. մենք բարձր աղմուկ էինք հանում, խաղում էինք «գոռոզա», «փաղկվոց», «7 քար», իսկ եթե որևէ խաղ մեզ դուր չէր գալիս, մենք նորն էինք հորինում ու երևի մեզ փողոցից կտրելն անհնար էր, իսկ հիմա մեզ համոզում են, որ դուրս գանք փողոց: Ու հենց այդ պատճառով հետաքրքիր պատմություններն էլ չեն ավելանում։
Էստեղ ամենահետաքրքիրն այն է, որ մենք բոլորս նույն դպրոցից ենք, նույն դասարանից: Այսինքն՝ մեր հետաքրքիր պատմությունները շարունակվում են դպրոցում, քանի որ այնտեղ մենք ոչ թե 6-ն ենք, այլ 26-ը: Մեզ համար մի յուրահատուկ ավանդույթ էր դարձել դասից փախչելը: Դա իրոք վատ բան է, բայց ոչ մեզ համար։
Ամենահետաքրքիրն այն է, որ թե՛ թաղում, թե՛ դպրոցում անպակաս էին մեզնից կռիվները, բայց դրանք երկար չէին տևում՝ առնվազն 30-35 րոպե: Հետո մենք արդեն հաշտվում էինք:
Մենք բոլորս շատ մեծ սիրով ենք սպասում սեպտեմբերի մեկին, դե երևի միայն սեպտեմբերի մեկին, որովհետև դրանից հետո արդեն պետք է դաս սովորել:
Ես երկար, շատ երկար կարող եմ խոսել մեր թաղից և դպրոցից: Ինձ համար այդ օրերը, որ ես անցկացնում եմ դպրոցում և մեր թաղում՝ ընկերներիս հետ, յուրահատուկ են և անմոռանալի:
Մի առավոտ Մալիշկայում
Նորից մի գեղեցիկ առավոտ: Ու նորից աչքերս բացեցի արևի ճառագայթներից, որ լուսավորել էին սենյակիս պատերը: Քար լռությո՞ւն: Ոչ, ոչ, ես երևի դեռ երազում էի, որովհետև ոչ մի առավոտ Մալիշկայում չէր սկսվում քար լռությամբ, այլ սկսվում էր բարձր աղմուկով: Փողոցում մարդկանց, կենդանիների ու թռչունների ձայները խառնվել էին իրար՝ ստեղծելով գյուղական մի երգ:
Մեր գուղը և հատկապես՝ մեր փողոցը նմանվում է հեքիաթի գարնանը, երբ բոլոր ծառերը հագնվում են գույնզգույն ծաղիկներով, իսկ գետինը շաղախվում է թերթիկներով: Քամու ժամանակ ծաղիկների թերթիկները պարում են օդում:
Գարուններից մեկի ժամանակ էր, երբ արթնացա ոչ թե արևի ճառագայթներից, այլ փողոցի բարձր աղմուկից: Այդ աղմուկը ամենօրյա ու սովորական աղմուկը չէր, հենց այդ պատճառով ես վազեցի փողոց:
-Ուստա՛ Համո, ի՞նչ ա եղել, ի՞նչի ես ձենդ գլուխդ գցել առավոտ շուտ:
-Էհ՜, ինչ պետք ա լինի է, կովս ա կորել:
-Ահ, մենք էլ ասինք՝ ինչ ա եղել: Կորել ա, կգտնենք, ինչ ես դարդ անում:
Հենց այդպես գյուղի բոլոր լավ մարդիկ հավաքվեցին և բարձրացան սարերը: Ամբողջ օրը մարդիկ քայլեցին սարերով, բայց կովին չգտան: Մեր սարերը այնքան գեղեցիկ են և հաճելի, որ միայն մի ցանկություն կա՝ նստել բարձր սարի և նայել հեռուն:
Երեկոյան, երբ արևի վերջին շողը ընկել էր փողոցների վրա, նրանք վերադաձան, բոլորը տխուր էին. կովին չէին գտել:
-Լավ, ուստա՛ Համո, մի տխրի, եղածը մի կով է, հլը մի նայի՝ գոմումդ քանի կով կա:
-Հեշտ եք է ասում, էդ կովին երեխեքիս չափ էի սիրում…
Եվ այդպես բոլորը տխուր և հուսահատ գնացին քնելու:
Նորից առավոտ, նորից աչքերս բացեցի փողոցի աղմուկից, բայց մի րոպե, դա երեկ էր, նորից այդպիսի տարօրինակ աղմուկ էր, և նորից վազեցի դուրս: Ա՜խ այդ կովը, նա վերադարձել էր: Բոլորի ուրախությանը չափ չկար, հատկապես՝ ուստա Համոյի։
Այդպիսին է կյանքը գյուղում՝ հաճելի և մտահոգ: