Հայրս ու իր մասին բոլոր հիշողություններն ինձնից անբաժան են: Հիշում եմ, երբ փոքր էի, հայրս, ինձ ու եղբորս մանկապարտեզից վերցնելով, տարավ մեր քաղաքի ամենամեծ խանութը և մեզ համար գնեց մեր սրտի ուզած խաղալիքները: Իսկապես շատ էի ուրախացել… Չգիտեմ, հորս հետ կապված ամեն մի հուշ ինձ տանում է իմ մանկություն: Չափից շատ եմ հարգել հորս՝ վախենալու չափ: Հիշում եմ, որ մեր խանութի դիմացով վախով էի քայլում ու երկար նայում իր ուղղությամբ, որ բարևեի: Մի անգամ կողքի խանութի աշխատակցուհին ինձ կանչեց և հարցրեց, թե ինչու ուրիշ երեխաների պես հորս չեմ գրկում, իսկ ես ամոթից գետինը մտա, որովհետև հորս անունը լսելիս ես կարծես վախենում էի: Հիմա եմ խոստովանում, որ նրանից վախեցել եմ, և մեր հարաբերությունները չեն եղել այնպիսին, ինչպիսին բոլոր հայրերի ու դուստրերի միջև են:
Ինձ համար մեր հարաբերությունները նման են արհեստական սառույցի կույտի, որը մի վայրկյանում ջարդվեց… Այդ օրը գնացել էինք հիվանդանոց՝ հորս տեսնելու: Վիրահատությունից հետո առաջին անգամն էր, որ հայրս մեզ տեսնելու էր: Չեմ կարող նկարագրել այն զգացումը, որ ունեցա այդ պահին: Հայրս ինձ ամուր գրկեց և համբուրեց: Կարծես այդ մի քանի րոպեում նա լրացրեց այն բացը, որն առաջացել էր մինչ այդ: Կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկն էր՝ չնայած հայրս այդ վիճակում էր:
Ես սկսեցի հորս ավելի շատ սիրել և սիրում եմ այժմ: Ճիշտ է, անունս Արփինե է, բայց նա միակն էր, ով ինձ «չամիչ» էր ասում… Ես նրա չամիչն էի…
Հպարտանում եմ նրանով, որովհետև նա շատ լավ հայր էր…
Ես մեծանում եմ մի միջավայրում, որտեղ սպանությունները անպակաս են։ Կապանում հաճախ կարող եք քնից արթնանալ կրակոցի ձայնից, իսկ առավոտյան տեսնել արյան հետքեր։ Ցավալին այն է, որ մարդիկ արդեն դրանից ո՛չ վախենում են, ո՛չ զարմանում։ Ասում են, որ շուն է, էլի։ Այդ շները առանց մահանալու էլ արդեն դժբախտ են. տեր չունեն, կեր հայթայթել չեն կարողանում։ Բակի երեխաների մի մասը վախենում է նրանցից, մյուս մասն էլ կապվում է շների հետ ու նրանց անուն դնում։ Ցավով եմ հիշում մեր բակի Սևուկին, Շարիկին, Թեքսիին։ Նրանք ձգտում էին բարեկամանալ մարդկանց հետ։ Մի քանի օր առաջ ընկերս ասաց, որ հինգից ավել շներ սպանված ընկած են աղբանոցում։ Գնացի բակ, տեսա մենակ Սևուկին։ Տխուր գնացի տուն, որտեղ մայրս խոսում էր հարևանուհու հետ, որին առաջին անգամ էի տեսնում մեր տանը։ Նա մայրիկիս ասում էր.