Հարցազրույց European Youth Press-ի ծրագրերի ղեկավար Մարտին Մաշկայի հետ:
Պարոն Մարտինի մասին դուք հավանաբար կարդացել եք Զալցբուրգի օրագրում, բայց նոր բաներ կան, որ հենց այս նյութով կիմանաք:
-Բարև Ձեզ, Մարտին: Կպատմեք՝ որտեղի՞ց եք ծագումով:
-Ես ավստրիացի եմ, բայց այժմ ապրում եմ Չեխիայում: Ընդհանուր առմամբ, շատ եմ ճամփորդում աշխատանքի բերումով:
-Իսկ ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում European Youth Press-ում:
- Տարբեր կազմակերպությունների հետ եմ աշխատում, որպեսզի կազմակերպությունը հովանավորումներ ստանա նոր ծրագրերի համար:
-Ինչպե՞ս ընտրեցիք այս աշխատանքը, ինչո՞ւ:
-Ես, անկեղծ ասած, սիրում եմ միջմշակութային շփումներ ու միջավայր, ու հենց եվրոպական երիտասարդական մամուլում դու նման միջավայրում ես գրեթե միշտ: Հրաշալի է, երբ ծրագրեր ես գրում տարբեր երկրների մարդկանց համար ու իրար շուրջ հավաքում:
-Ուրիշ էլ ի՞նչ ծրագրեր եք պլանավորում իրականացնել մոտ ապագայում:
-Երկու շաբաթից Մոնտենեգրոյում մի ծրագիր ունենք` «Հասարակական կազմակերպությունների ղեկավարումն ու ծրագրերը», հոկտեմբերին Եվրոպական երիտասարդական մեդիայի օրերն են, և մոտ հարյուր մասնակից է լինելու քսանութ երկրներից, իսկ նոյեմբերին կրկին Բեռլինում մեդիա գրագիտության դասեր կլինեն: Այսքանը հիմա, թերևս, հիշեցի:
-Այլ նպատակներ, ձգտումներ ունե՞ք ապագայի հետ կապված:
-Կուզենայի մի նոր ծրագիր, որ ամեն տարի պարբերաբար լիներ ու էլի իրար շուրջ համախմբեր տարբեր ազգի մասնակիցների: