Երևի պետք է ահագին համարձակ լինես օտար մարդկանց առաջ քո ձախողումների մասին խոսելու համար։ Շատերիս նույնիսկ չի հաջողվում հայելու առաջ կանգնել և ընդունել, որ սեփական անհաջողության մեջ ոչ ոք բացի մեզանից իրականում մեղավոր չէ։ Բայց «FuckUp Nights Armenia»-ին հերթական անգամ հաջողվում է գտնել հերոսների, ովքեր ոչ միայն ընդունում են իրենց ձախողումները, այլ նաև սովորում են դրանցից և համարձակվում են կիսել իրենց ոչ այդքան հաջողակ փորձը ուրիշների հետ։
Ինչը կարող է հաջողակ տարի սկսելու համար ավելի լավ նախադրյալ լինել, եթե ոչ նախորդ տարիների անհաջողությունների ու դրանց պատճառների վերանայումը։ Ասում են, ավելի ճիշտ՝ Սամվել Մաչանյանն ասում է, որ խելացի մարդիկ ուրիշների սխալներից են սովորում, իսկ աննորմալները՝ սեփականից։
Մի խոսքով` դեկտեմբերի 24-ին ARLOOPA-ի հյուրընկալ հարկի տակ հավաքվել էին հաջողակ և անհաջողակ, խելացի ու մի քիչ էլ աննորմալ մարդիկ՝ լսելու երեք համարձակ խոսնակների ձախողումների մասին պատմությունները։
Առաջին խոսնակը՝ Վահրամ Պապյանը (Chief Strategy Officer Titomic-ում), ով Հայաստան էր ժամանել Ավստրալիայից, պատմեց իր ուսանողական տարիների ձախողումներից, որոնք սովորեցրել են իրեն, որ ցանկացած բան, որտեղ քո անունը շոշափվում է, պետք է քո հսկողության տակ լինի։ Բոլոր երեք խոսնակների համար էլ հաջողությունների և ձախողումների մասին պատմություններով կիսվելը հավասարաչափ կարևոր է, բայց ինչպես նշեց Սևանա Չաքերյանը («Collectif Medz Bazar»-ի համահիմնադիր, երաժիշտ, ուսուցիչ, ձեռնարկատեր)․
-FuckUp Story-ներից ավելի շատ ես սովորում։ Հաջողության պատմությունները ոգեշնչում են, բայց օրինակ՝ ես ինքս իմ ձախողումներից շատ բան եմ սովորել։ Կարևոր է հասկանալ, որ սխալվելը վնաս չունի․․․
Երրորդ խոսնակի՝ Սամվել Մաչանյանի (համահիմնադիր, chief Wine Enthusiast Alluria Wines-ում), պատմությունը տարբերվող էր նրանով, որ սեփական սխալից սովորելու համար նրան պետք եղավ նույն սխալը երկու անգամ գործել։ Երկու տարի շարունակ գինու բավականին մեծ քանակ գրեթե քացախ դարձնելուց հետո՝ հիմա նա ավելի հետևողական աշխատանքի է պատրաստվում։
Իսկ ինձ համար օրը վերջացավ Alluria Wines-ի գինիով և հույսով, որ նոր տարին հաջողակ է լինելու։
Սխալվելը վնաս չէ, բայց դե, գիտեք՝ մեզանից ոչ ոք այդ գործը առանձնապես չի սիրում․․․