Ամեն հաջողության պատմություն փոքր և մեծ ձախողումներից հավաքված puzzle է․․․
«FuckUp Nights» համաշխարհային շարժումը ստեղծում է հարթակներ, որտեղ հաջողության հասած մարդիկ պատրաստ են խոսել իրենց պրոֆեսիոնալ ձախողումների մասին։ Այսպիսով հոկտեմբերի 7-ին «Mirzoyan Library»-ում հավաքվեցին բոլոր նրանք, ովքեր արդեն հոգնել էին հաջողությունների մասին անթերի պատմություններից, որոնցից հետո սկսում ես մտածել, որ դու ուղղակի անհաջողակ ես։
Հայաստանում պրոֆեսիոնալ ձախողումներից խոսում են արդեն 9-րդ անգամ, բայց այս անգամ WCIT 2019 (World Congress on Information Technology)-ի շրջանակներում:
4 համարձակ խոսնակներ կանգնեցին մեր առջև և սկսեցին կիսվել «կադրի հետևում» մնացած անհաջողություններով։ Նրանցից առաջինը Արմեն Մկրտչյանն էր՝ iOS developer Տորոնտոյի Joist Inc ընկերությունում, ով կիսվեց ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև անձնական ձախողումներով։ Արմենի ձեռքից խոսափողը հաջորդաբար անցավ Թաթուլ Աջամյանին (Wakie հավելվածի հիմնադիր), Հենրի Արսլանյանին (Crypto Leader, FinTech ասոցիացիայի ներկայացուցիչը Հոնկոնգում) և Ջեյմի Մետցլին (technology futurist…):
Խոսնակների փորձը ցույց տվեց, որ ամենալավ պլանավորած և մտածված գաղափարներն էլ կարող են ձախողվել։ Օրինակ՝ ինչպես Թաթուլ Աջամյանը՝ կարող ես պրեզենտացիայիդ ժամանակ կանգնել, ասել ըստ քեզ շատ թույն միտք և չստանալ ոչ մի արձագանք դահլիճից, իսկ մի ուրիշ անգամ էլ մեկ ուրիշ լսարանի համար հանպատրաստից կսկսես խոսել, և ամեն ինչ ուղղակի անթերի կստացվի։
Կապ չունի` ի՞նչ ոլորտում ես աշխատում և ի՞նչ բիզնես գաղափարներ ունես, միշտ ամեն ինչում ձախողելու ռիսկ կա։ Բայց սեփական Fail story ունենալուց վախենալը անիմաստ է, այսպես թե այնպես ունենալու ես։ Միայն պետք է կարողանաս սովորել՝ ապագայում նույն սխալները թույլ չտալու համար։
«FuckUp Nights» -ը մեծ մասամբ հենց սրա մասին է, այստեղ դու չես սովորում, թե ինչպես գտնել հաջողությանդ «բանալին», այլ հասկանում ես, որ իրականում ոչ մի բանալի էլ չկա․․․
Իսկ դու՝ 17․am-ի ընթերցող, ո՞ր պատմություններն ես ավելի սիրում: