IMPACT-ը պատանեկան ակումբ է, որը ՀՀ-ում հիմնադրվել է 2014 թվականին «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից: Առաջին անգամ ՀՀ-ում IMPACT ակումբներ ստեղծվել են Երևանում և Թալինում: IMPACT ակումբին մասնակցում են 12-18 տարեկան ակտիվ պատանիներ:
IMPACT-ը անգլերեն հապավում է, որ նշանակում է` Impowerment Motivation Participation Action Community Teanager (Youth)` երիտասարդների մասնակցությունը համայնքին ուղղված ծրագրերին: Այն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ դասընթացների շարք:
Շաբաթը մեկ անգամ IMPACT ակումբը կազմակերպում է սեմինար-դասընթացներ, որին ակտիվորեն մասնակցում են համայնքի պատանիները: Ամեն IMPACT ակումբ ունի իր առաջնորդը (Group Leader):
Շիրակի մարզում առաջին IMPACT ակումբը ստեղծվել է 2016 թվականին Գյումրիում և Ամասիայում: Այժմ կա 6 IMPACT ակումբ՝ Գյումրիում երկու ակումբ և Ամասիա, Գոգհովիտ, Հայկավան և Կամո համայնքներում:
IMPACT ակումբի պատանիներին ավելի մոտիվացնելու և զարգացնելու նպատակով Վորլդ Վիժն Հայաստանի Գյումրիի և Ամասիայի Տարածքային Ծրագրերը սեպտեմբերի 7-9-ը Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում կազմակերպեցին եռօրյա ճամբար՝ համայնքային ծրագրերի գործում երիտասարդների գիտելիքների ավելացման և հմտությունների զարգացման նպատակով:
Ճամբարի առաջին օրը պատանիների համար կազմակերպվեց քննարկում-ներկայացում, որտեղ դասընթացավար Արտաշես Տոռոսյանի հետ միասին պատանիները կատարեցին համայնքային վերլուծություն և քննարկեցին, թե ինչ ծրագրերով է հնարավոր զարգացնել համայնքը:
Դրանից հետո երիտասարդները կատարեցին խմբային աշխատանքներ, քննարկեցին իրենց կողմից կատարված ծրագրերը համայնքի զարգացման համար և վերջում ներկայացրեցին իրենց ընկերներին:
Քննարկում-ներկայացումից հետո մասնակիցներին տրվեց ազատ ժամանակ, որպեսզի պատրաստվեին «Տաղանդների երեկոյին», որի ժամանակ համայնքի պատանիները պետք է մեզ զարմացնեին իրենց գիտելիքներով, կարողություններով և հմտություններով:
Տաղանդների երեկոյին հաջորդեց երեխաների կողմից սիրված երեկոյան դիսկոտեկը: ԼՃամբարի երկրորդ օրը սկսվեց մարմնամարզությամբ և նախաճաշով, որից հետո տրվեց առաջադրանք՝ կազմել համայնքային ծրագրեր, որոշել ծրագրերի թիրախները, նպատակը, ուժեղ և թույլ կողմերը: Քննարկել, թե ծրագրերն ինչքանով են իրատեսական, նորարար, օգտակար համայնքի զարգացման գործում, ինչքանով են նպաստում երիտասարդների մրցունակության բարձրացմանը:
Քննարկումից հետո երիտասարդներին տրվեց ազատ ժամանակ, որը նրանք անցկացրեցին լողավազանում: Դրանից հետո IMPACT ակումբի բոլոր երեխաները՝ անկախ համայնքից, բաժանվեցին երեք խմբերի՝ մասնակցելու մասնագիտական դասընթացների: Դասընթացները վերաբերում էին համայնքային ծրագրերին և ունեին երեք ուղղվածություն՝ բյուջե (ֆինանսներ), ծրագրի կառավարում և գովազդ:
Դասընթացների ժամանակ պատանիները ներկայացրեցին իրենց կողմից կազմված ծրագրերը, որից հետո դասընթացավարների հետ քննարկեցին դրանք, ինչպես նաև ձեռք բերեցին գիտելիքներ նշված ուղղություններից:
Մասնագիտական դասընթացներից հետո Ամասիա համայնքի ՍՔԱՅ ակումբի երիտասարդները երեխաների համար կազմակերպեցին թիմակառույց խաղեր՝ զվարճալի և հետաքրքիր:
Երկրորդ օրը ճամբար էր այցելել նաև դասախոս, ռադիոհաղորդավար Հայկ Մամիջանյանը, ով երեխաներին ներկայացրեց հռետորական արվեստը, սովորեցրեց հանրային խոսքի վարպետությունը և ժեստերի լեզուն: Այնուհետև դասախոսությամբ հանդես եկավ Այլասկայից ժամանած սոցիոլոգ- փիլիսոփա Ալեքս Ռիարկը, ով երեխաներին ներկայացրեց էկոհամակարգերի հիմնական խնդիրները, ՀՀ-ի կլիմայական խնդիրները և այլն:
Օրվա վերջում երեխաների համար դարձյալ կազմակերպվեցին խաղեր և երեկոյան դիսկոտեկ:
Ճամբարի երրորդ օրը ակումբի երիտասարդներին տրվեց առաջադրանք. նախորդ օրվա կազմած համայնքային ծրագրերը հստակեցնել և վերջնականացնել՝ ներկայացնելով խնդիրները, նպատակը, բյուջեն և շահառուներին։ Առաջադրանքները ստանալուց հետո երիտասարդներն անցան աշխատանքի, կազմեցին պրեզենտացիաներ իրենց համայնքային ծրագրերի վերաբերյալ, որը հետո ներկայացրեցին իրենց ակումբակիցներին։
Կազմվել էր հինգ համայնքային ծրագիր, որոնք առավել մանրամասն մշակվելուց հետո, կիրականացվի «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից։
Ծրագրերի ներկայացումից և քննարկումից հետո IMPACT ակումբի առաջնորդներին «Վորլդ Վիժն Հայաստանի» Շիրակի մարզի երիտասարդական ծրագրերի համակարգող Նարեկ Թութխալյանի կողմից տրվեց շնորհակալագրեր՝ զվարճալի և հետաքրքիր կարգախոսներով։ Երիտասարդներին տրվեցին նաև մասնակցության հավաստագրեր։
Իսկ ամենավերջում IMPACT ակումբի բոլոր մասնակիցներն ու առաջնորդները հրաժեշտ տվեցին միմյանց և ճանապարհվեցին դեպի տուն։