mariam tonoyan

Քննությունների կենտրոնացումը անհանգստացնում է աշակերտներին

Յուրաքանչյուր երկրի զարգացվածության հիմքում կա մի մեծ հիմնաքար, որը կոչվում է կրթություն: Երկրի կրթական մակարդակն է թելադրում տվյալ սերնդի մտավոր կարողություններն ու գծում մտահորիզոնի սահմանները, ուստի բոլոր ժամանակներում կրթական բարեփոխումները պետության անբաժանելի մասն են կազմում: Վերջերս Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը անսպասելի հայտարարեց, որ դպրոցների ավարտական քննությունները այսուհետ անցկացվելու են կենտրոնացված ձևով, իսկ դպրոցների տնօրենները և ուսուցիչները պատասխանատվություն են կրելու իրենց աշակերտների արդյունքների համար:

Առաջին հայացքից թվում է, որ սա հրաշալի մեթոդ է աշակերտներին զգաստացնելու, արտագրությունները կանխելու համար, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև նման որոշման հնարավոր ռիսկերը: Օրինակ՝ ուսուցիչների և դպրոցի տնօրենի վրա դրված պատասխանատվությունը՝ աշակերտի գնահատականի հետ կապված, վիճարկելի է տարբեր տեսանկյուններից և լրացուցիչ ուսումնասիրման ենթակա է: Եթե ավարտական քննություններին աշակերտը ստանում է ոչ բավարար գնահատական, այնինչ դասընկերները բարձր միավորներ են հավաքում, դա կարող է պայմանավորված լինել տարբեր կրթական և ոչ կրթական գործոններով, ու չի կարելի պատասխանատվությունը բարդել միայն դասավանդող ուսուցիչների կամ տնօրենի վրա:

Դիտարկենք համադասարանցիների դրական գնահատականների առկայության մասին փաստը, ինչը կարող է նշանակել, որ ուսուցիչը, այնուամենայնիվ, գիտելիք փոխանցել է լսարանին, բայց աշակերտը կարող է այն չսերտել տարբեր պատճառներով. մտավոր թույլ կարողություններ, հոգեբանական ու սոցիալական վիճակ, ուսուցչի կամ առարկայի հանդեպ ունեցած վերաբերմունք, բարդ տերմիններ պարունակող դժվար ընկալելի դասագրքեր և այլն:

-Որոշում ընդունելուց առաջ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել ոլորտը, վերանայել ռիսկերը և գտնել այնպիսի տարբերակ, որը կբխի նաև երեխայի շահերից,-ասում է անգլերենի ուսուցչուհի Անահիտ Զոհրաբյանը։ – Կան նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել. օրինակ՝ բոլորին հայտնի է, որ շատերը 12-րդ դասարանի միասնական քննությունից չկտրվելու համար հաճախում են անհատական պարապմունքների, այժմ նույնը տեղի կունենա ավելի վաղ՝ 8-9-րդ դասարանցիների դեպքում, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները ստիպված են լինելու քննությունները հանձնել դպրոցական դասապլանով նախատեսված անգլերենի շաբաթական 2 դասաժամից քաղած գիտելիքներով:

Ուշադրություն դարձնենք նաև այն փաստին, որ աշակերտների դեռահասության շրջանում քննական սթրեսի հավանականությունը փոքր չէ, և հայտնի է, որ դպրոցական ավատական քննությունների ստանդարտ թեստերի կամ բանավոր քննությունների արդյունքը հիմնովին չի արտացոլում աշակերտների իմացության մակարդակը: Ինչպես մնացած 9-րդ դասարանցիները, նույն դասարանում սովորող Արփին ևս դժգոհում է.

-Հենց լսեցի նախարարի հայտարարությունը, խուճապի մատնվեցի, որովհետև մինչ այս միշտ վախեցել եմ միասնական քննություններից և մտածել եմ, որ այն լիարժեք հանձնելու համար բավականին ժամանակ ու տքնաջան աշխատանք է պահանջվում:

Կրթական այս բարեփոխման հնարավոր դրական արդյունքներից բացի, կլինեն նաև բացասական արդյունքներ։ Ուսուցիչները մի կողմ կդնեն կրթական յուրահատուկ մեթոդները և ջանք չեն խնայի, որպեսզի աշակերտներին «վարժեցնեն»՝ քննական սուբյեկտիվ գնահատական ստանալու համար՝ այդպիսով իրենց ուսերից թոթափելով ավելորդ պատասխանատվությունը: Իսկ այդ գործողությունների արդյունքում դպրոցներում կնկատվեն աշխատանքային մոտիվացիայի անկում և ցածր կրթական մակարդակ:

Մեկ այլ մտահոգիչ թեմա է առաջ գալիս, երբ դիտարկում ենք 9-րդ դասարանի ավարտական քննություններից կտրված և նույն դասարանում մնացած տղաների հետագա կրթության շարունակականությունը: Արդյո՞ք հետագայում կշարունակի աշակերտն իր ուսումը համապատասխան քոլեջում կամ ավագ դպրոցում, որտեղ տարեցտարի աշակերտների թիվը նվազում է, թե՞ ստիպված կլինի թերի կրթությամբ, առանց մասնագիտության, ցածրակարգ և վատ վարձատրվող աշխատանքի միջոցով իր և իր ընտանիքի գոյությունը պահպանել կամ դեռ դպրոցը չավարտած՝ բանակ զորակոչվել:

Հիշենք, որ կրթությունը հասարակության և պետության ապահով ու բարեկեցիկ կյանքի համար բացառիկ նշանակություն ունի, և ևս մեկ անգամ վերանայենք այս ռիսկերն ու փորձենք նվազեցնել դրանք: