Լուսանկարները` Մարիամ Բարսեղյանի

IT-ում դու ազատ ես և չունես սահմաններ

BarCampEVN19-ը նոր ու հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու լավ հնարավորություն  էր, որից ակտիվ օգտվելու արդյունքում շարունակում եմ զրուցել IT ոլորտում աշխատող մարդկանց հետ: Եվ այս անգամ իմ զրուցակիցը  Devlix ընկերության COO-ն` Գոռ Էլչյանն է:

-Ինչո՞ւ որոշեցիք տեխնիկական կրթություն ստանալ և ի՞նչ ճանապարհ եք անցել մինչ Devlix-ի COO-ի պաշտոնը գրավելը:

-Այս ոլորտում լինելս փոքր հասակից էլ պարզ էր։ Հստակ ուղիս գծել էի, որ Պետական  համալսարանում մաթեմատիկայի ֆակուլտետը ավարտելուց հետո Ամերիկյան համալսարանում ծրագրավորում պետք է ուսումնասիրեմ։ Ընթացքում հասկացա, որ ուղղակի կոդ գրելը իմը չէ։ Ես ավելի շատ այդ աշխատանքային պրոցեսի management-ով էի ուզում զբաղվել, ու Ամերիկյանի համալսարանի դասընթացները այստեղ շատ պետք եկան, որովհետև հենց IT ոլորտի management-ի հետ կապված առարկաներ ունեինք։ Հետո, այսպես ասած, առաջին աշխատանքային փորձս BarCamp-ի Mobile App-ի ու Web կայքի ստեղծման պրոցեսի ղեկավարումը եղավ։ Ու հենց այդ պրոյեկտի ղեկավարումն էլ ինձ տվեց այն ամենակարևոր ունակությունները, որոնք պետք էին գծած ուղիս շարունակելու համար։ Առաջին լուրջ աշխատանքային փորձս մոտ 3 տարի առաջ սկսվեց Volo ընկերությունում, որպես՝ Project manager: Հիմնականում ինձ StartUp մակարդակի պրոյեկտներ էին տալիս։ Աշխատանքիս արդյունքում ամենատարբեր ոլորտների IT ծրագրերի հետ եմ առնչվել, ու դա էլ շատ լավ փորձառություն էր, որովհետև լիքը նոր գիտելիքներ ու հմտություններ էի ձեռք բերում։ Volo-ում աշխատելիս գործուղումներ էի ունենում երկրից դուրս ու նոր պոտենցիալ հաճախորդների հետ հանդիպումներին էի մասնակցում։ Գործուղումներից մեկից  վերադառնալիս ինքնաթիռում ծանոթացա ներկայիս Devlix-ի հիմնադիրների հետ և հարցազրույցի առաջարկ ստացա։ Արդյունքում սկսեցինք թիմ հավաքել, ու ստեղծվեց Devlix-ը։

IMG_0394

-Ի՞նչ դրական ու բացասական կողմեր ունի project management-ը։

-Առաջին հերթին պետք է տարբերություն դնել project management-ի և product management-ի միջև։ Ես ինքս սկսել եմ project management-ից, այնուհետև անցել product-ի։ Հիմնական տարբերությունը այն է, որ project management-ի դեպքում դու կազմակերպում ես թիմի՝ մարդկանց աշխատանքը, իսկ product-ի դեպքում կոնկրետ պրոդուկտն ես manage անում։ Product management-ում կարևոր է գլոբալ մտածել, կարողանալ տեսնել պրոդուկտի վերջնական ելքը (տեսքը), փորձելով քայլ առ քայլ հասնել դրան։ Բայց այնուամենայիվ այս երկու դեպքում էլ դու  սովորում ես ճիշտ կազմակերպել ժամանակը և թիմիդ աշխատանքը։ Իսկ կազմակերպչական և հաղորդակցման հմտությունները պետք են գալիս կյանքի ցանկացած բնագավառում։ Բացասական կողմեր դժվարանում եմ ասել, պետք է աշխատես, որ թիմդ քեզ չատի,-ծիծաղում է։

-Մի փոքր պատմեք, թե ինչո՞վ է զբաղվում կազմակերպությունը։

-Դե, Devlix-ը աշխատում է B2B (Business to business) software outsourcing-ի (ծրագրային ապահովում) շուկայում, նավով բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների համար։ Այսինքն, մենք ներքին ERP համակարգեր ենք գրում գերմանական խոշոր բեռնափոխադրող ընկերությունների համար։ Դա հնարավորություն է տալիս ղեկավարել մեծ տանկերների (ծովային կամ գետային բեռնատար նավ) սպասարկման ապահովման գործընթացը, ամբողջ թղթաբանությունը, անձնակազմի աշխատանքը և այլն։ Այդ բոլոր պրոցեսները կազմակերպվում են մեր գրած ծրագրերի միջոցով։ Մի քանի երկարաժամկետ և մեծ պրոյեկտներ ենք իրականացնում, այդ պատճառով մեր թիմը օրեցօր աճում է՝ այժմ մոտ 20 հոգի ենք։ Պրոյեկտները տեխնիկապես բավականին բարդ են, բայց միաժամանակ հետաքրքիր։

IMG_0392

-Ովքե՞ր են ձեր գործընկերները։

-Մենք առաջատար կազմակերպությունների հետ ենք համագործակցում, երկու ամենախոշոր գործընկերները գերմանական են: Մեր հիմնական գործընկերը AVETIQ GmbH-ն է, այն  Գերմանիայում` Համբուրգում է գտնվում, և կապը մնացած գործընկերների հետ իրենք են պահպանում, քանի որ նույն տարածաշրջանում են գտնվում։ Հայկական շուկայում չենք աշխատում, բայց եթե հետաքրքիր համագործակցության առաջարկներ լինեն` կհամագործակցենք։

IMG_0395

-Ի՞նչ ունակություններ պետք է ունենա Devlix-ի աշխատակիցը։ 

-Պետք է բաց լինի սովորելու և նոր փորձությունների առաջ, պետք է պատասխանատու լինի։ Բայց ամենակարևոր ունակություններից մեկը թիմային խաղացող լինելն է, պետք է շփվող լինի, թիմում հեշտ ինտեգրվելու համար։ Մնացած հմտությունները կոնկրետ ոլորտից՝ մասնագիտական գիտելիքների ու հմտությունների հետ են կապված։ Իրականում Հայաստանում կադրերի պատրաստման հետ կապված լուրջ խնդիր կա։ Համալսարաններից սկսած դասավանդման պրոցեսը, ըստ իս, սխալ է կազմակերպվում և ժամանակի հետ ոչ համահունչ։ Այսինքն, տեխնոլոգիաները, աշխատաշուկան զարգանում են, իսկ կրթական հաստատություններում՝ շարունակում են հին մեթոդներով և ծրագրերով դասավանդել։ Իհարկե, ծրագրավորողների համար օրինակ՝ դասընթացներ իրականացնող կազմակերպությունները շատ են, բայց լավ կադրեր եզակիներն են պատրաստում։ Դրա համար պետք է ձգտել և սովորել ինքնուրույն: Բացի այս ամենը, կա նաև company culture հասկացությունը, և իհարկե, Devlix-ի աշխատակիցը պետք է նաև մեր մշակույթին համապատասխանի․․․

-Եվ վերջում, եթե նորից մասնագիտություն ընտրեիք, էլի այս ոլորտո՞ւմ կլինեիք։

-Այո՛։ IT-ում դու ազատ ես և չունես սահմաններ։ Ապագան այս ոլորտում է:

Լուսանկարները` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարները` Մարիամ Բարսեղյանի