Susanna Grigoryan

Տրանսֆորմերներից մինչև համալսարան

Փոքր ժամանակ գիշերով իջնում էինք բակ ու բարձր-բարձր տրանսֆորմերներին էինք կանչում: Իհարկե, մեզնից ոչ-ոք էլ չէր հավատում, որ Օպտիմուս Փրայմն ու Բամբլբին իրար գրկած երկնքից իջնելու են, բայց ուզում էինք հավատալ: Երևի սա իմ կյանքի առաջին ինքնախաբեությունն էր, ընդ որում` խմբակային:

Տրանսֆորմերներից հետո Հոգվարթսից նամակի էինք սպասում, հետո պահարաններն էինք փորփրում`Նարնիան գտնելու հույսով:

Լուսանկարը` Սուսաննա Գրիգորյանի

Լուսանկարը` Սուսաննա Գրիգորյանի

Փոքր ժամանակվանից շատ բան չի փոխվել: Երևի միայն սեփական անկրկնելիության զգացումն է կորել, ու սկսել ենք ավելի իրական, մարդկային բաների սպասել` Նոր տարուն, արձակուրդներին, քննությունների ավարտին, Հոգվարթսի մեծական մասնաշենքի բացմանը: Հիմա հասկանում ենք, որ եթե Օպտիմուս Փրայմը գալու էլ լիներ, դժվար միլիոնավոր երեխաներից հենց մեզ ընտրեր: Կամ ասենք թե ընտրեց, հետո՞: Էլի խոսակցությունը չէր ստացվելու, անհարմար լռություն կլիներ, վերջում էլ հրաժեշտ տալիս չէինք կողմնորոշվի գրկե՞լ,  թե՞ ուղղակի ձեռքով անել:

Երևի հենց այս ու բազմաթիվ այլ պատճառներով է, որ էլ ավտոբոտներին ու դեսեպտիկոններին չենք սպասում: Բայց ամեն անգամ, երբ սկսում եմ ինձ համոզել, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, հիմա ճիշտ ճանապարհին եմ, հենց այնտեղ եմ, ուր պետք է լինեի, ակամայից հիշում եմ, թե ոնց էինք գիշերով Տրանսֆորմերներին սպասում: Չէինք հավատում, որ գալու են, բայց շատ էինք ուզում հավատալ: