Օրը սկսեցինք մեկ ժամ ուշ, քանի որ կիրակի էր: Նախաճաշից հետո սկսեց Մարտինի դասընթացը։ Այն կապված էր լուրերը վերլուծելու և դրանց թաքնված իմաստները գտնելու հետ։ Նաև խոսվեց, թե ինչքան կարևոր է քննադատական մտածելակերպը, քանի որ միշտ չէ, որ հեղինակավոր լրատվական միջոցները միշտ օբյեկտիվ են ներկայացնում իրավիճակներն ու փաստերը։ Բերվեցին բազմաթիվ օրինակներ, երբ օրինակ, նույն լուսանկարը, տարբեր անկյուններից ցույց տալիս, արտահայտում է միանգամայն իրար հակասող մտքեր ու տեսարաններ։
Սեմինարից հետո ազգային խմբերով փորձեցինք վերլուծել մեր մեդիան, լրագրողների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը և մեր հայրենակիցների մեդիա գրագիտության աստիճանը։ Հանդես եկանք կարճ պրեզենտացիաներով, ներկայացրինք հեղափոխության ընթացքում լրագրողների, լրատվական կայքերի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը։ Եղան բազմաթիվ քննարկումներ, և հասկացանք, որ բոլորս էլ ունենք գրեթե նույն խնդիրները։
Նաև ներկայացրինք, որ մենք, բարեբախտաբար, չափից շատ եվրոպամետ, ռուսամետ կամ ամերիակամետ չենք։ Քննարկեցինք նաև brexit-ը, ԵՄ միգրացիոն ճգնաժամերը։ Հետաքրքիր ու լուրջ քննարկումից հետո մեզ սպասում էր ընթրիքը։ Մոռացա նշել, որ դեռ կեսօրից փորձում էի ֆիլմ ներբեռնել (Rope, 1948): Կզարմանաք՝ ի՞նչ կապ ուներ ֆիլմը էս ամենի հետ։ Երբ Մարտինը ներկայացնում էր սիմվոլիկայի դասընթացը, նշեց մի քանի ֆիլմեր, դրանց շարքում հենց Rope-ն էր։ Մեզ շատ հետաքրքրեց, և որոշեցինք երեկոյան դիտել։
Ընթրիքից հետո հանգստի ժամ է, ու ես հենց հիմա գրում եմ այս նյութը։ Դե ինչ, արդեն ժամանակ չմնաց, գնամ ֆիլմը դիտելու, դուք էլ գնացեք կիրակի երեկոն վայելելու։