Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Media moving forward, Ավստրիա, Օր 1

Եթե մտածում ես, որ օդանավը վախենալու ատրակցիոն է՝ կշտապեմ հիասթափեցնել քեզ: Դա ամենևին էլ այդպես չէ: Դա քեզ ասում է ամբողջ կյանքում օդանավերի վթարների մասին ֆիլմեր դիտած և այսօր առաջին անգամ օդանավ նստած մարդը: 6:45 Երևան-Կիև թռչող օդանավը թափ հավաքեց ու բարձրացավ օդ: Այդ օդանավին հաջորդելու էր Կիև-Վիեննա չվերթը: Եվ այդ օդային ճանապարհների վրա,  պատուհանից ճերմակ ամպերին նայելով, ես սպասում էի կյանքիս ամենակարևոր շաբաթներից մեկի մեկնարկին:

Մի խումբ երիտասարդներ այսօր հավաքվելու են Ավստրիայի Գրազ քաղաքում`  պատրաստ իրենց ամբողջ էներգիան տրամադրել մեդիայի զարգացմանը: Այո՛, քաղաքի անունը Գրազ է ու «գրազ գալու»  հետ էլ կապ չունի:

Մեդիան զարգացում է ապրում նորագույն տեխնոլոգիաների միջոցով: Սա այն գաղափարն է, որի համար էլ այս շաբաթը ամենասպասվածներից էր: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել միաժամանակ ապագա ծրագրավորողի ու լրագրողի համար, եթե ոչ այդ երկու մասնագիտությունները միավորող ծրագիրը, հնարավորությունը ՝ ստանալ ոչ միայն կիրառելի գիտելիքներ, այլ նաև շփվել ու ծանոթանալ ամենատարբեր երկրների երիտասարդների հետ, ովքեր կիսում են գաղափարներդ:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երկար ճանապարհից հետո հասանք Վիեննա, որտեղից պետք է գնացքների կայարան գնայինք: Կարճ ասած, հենց այստեղից էլ սկսում են մեր արկածները: Հարյուրավոր ավստրիացիներ, ովքեր հազարավոր անգամներ ցույց էին տալիս մեզ ճանապարհը և հազարավոր անգամներ էլ շեղում ճիշտ ճանապարհից:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դիանայի հետևից քայլելով, ոչինչ չհասկանալով պայուսակս այս ու այն կողմ էի քշում, հիշելով ամենակարևորը, որ չկորչեմ ու ոչինչ չկորցնեմ: Արդյունքում գտանք ինչ-որ պետք էր, ու հասանք`  ուր պետք էր: Դեռ երկար ժամանակ ունեինք Վիեննայում շրջելու համար և իհարկե առիթը բաց չթողեցինք:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Գիտեմ, այնպես չէ, որ ես Եվրոպական շատ քաղաքներ եմ կյանքում տեսել, բայց Վիեննան անկասկած ամենագեղեցիկ ճարտարապետություն ունեցողներից մեկն է: Հնի ու նորի ներդաշնակ միաձուլում, որը ուղղակի գլխապտույտ է առաջացնում: Ու կապ չունի, որ հորդառատ անձրև է գալիս, ու ոտքից գլուխ թաց ես, կապ չունի, որ ցրտից դողում ես: Կապ չունի՝ որովհետև դու դեռ երբեք առիթ չես ունեցել այդ գլխապտույտը զգալու ու հիմա ուղղակի պարտավոր ես դա անել:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Զբոսնելուց հետո վերադարձանք կայարան:

3 ժամ էլ մեզանից գնացքը խլեց, եթե չհաշվենք, որ մի ժամ էլ ուշացավ ինչ-որ գործադուլների պատճառով: Հասանք Գրազ…

Հյուրանոցում  մեզ դիմավորեց բարձրահասակ, ժպտերես Մարտինը, ումից նախորդ շաբաթների ընթացքում անընդհատ նամակներ էի ստանում: Սենյակներում հիմնավոր տեղավորվելուց հետո, մնացած մասնակիցներին հայկական անուշեղեն հյուրասիրեցինք, բացատրելով, որ մեր սուջուխը, վրացիների չուչխելայից տարբերվում է: Հայկական նռան գինին նպաստեց նրան, որ մասնակիցները սկսեն պարել ու երգել: Դե ինչ ասեմ, հիմա քնելու ժամանակն է, մինչ վաղը: Վաղն արդեն մեր օրագրում կկարդաք, թե ինչ ենք սովորում, ինչ կա-չկա մեդիա ոլորտի նոր զարգացումների մեջ: