Փոքրիկ տոթ սենյակում երկու սեղաններից մեկի շուրջ նստած երկու տղամարդ լուռ փազլ են հավաքում, երկուսն էլ՝ թղթե բացիկների համար զարդանախշեր պատրաստում։ Չորս կին ուշադրությամբ եւ առանձնահատուկ հոգատարությամբ հետևում են նրանց, որպեսզի հանկարծ իրենք իրենց չվնասեն։
Կանանցից մեկը՝ «Ադրիա Բար» ասոցիացիայի նախագահ Մարթա Անջելիչը պատմում է, թե ինչպես է կազմակերպությունը զբաղվում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնամքով.
-Հիմա վեց անձ ունենք մեր խնամքի տակ, դե, իրականում չորսն են, որովհետեւ օրենքը պարտադրում է, որ յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձին խնամի գոնե մի աշխատակից, իսկ մենք հիմա միջոցներ չունենք ավելի շատ մարդու վճարելու համար։ Ճիշտ է՝ կան նաև այլ կազմակերպություններ, որոնք զբաղվում ենք հաշմանդամություն ունեցող անձանց խնամքով, բայց նրանց շահառուները անչափահասներ են. հենց դառնում են 16 կամ 18 տարեկան, ամբողջ խնամքը մնում է ընտանիքի անդամների վրա։ Մենք աշխատում ենք հիմնականում մեծահասակների հետ որպես ցերեկային խնամքի կենտրոն, քանի որ չնայած տարիքին, նրանց դեռ անհրաժեշտ է այդ հոգատարությունը։ Նրանց միտքը մանկան մտքի մակարդակի վրա է մնացել, բայց պահանջմունքները նույնն են, ինչ հասուն մարդկանցը։
Առաջ կային հատուկ մանկատներ, որտեղ ծնողները հանձնում էին մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին, ում չէին կարողանում համապատասխան խնամք տալ։ Մեծ դժվարություններից ու երկար պայքարից հետո նման հաստատությունները փակվեցին։ Դրանց փոխարեն հիմա գործում են ցերեկային խնամքի կենտրոններ՝ ինչպիսին և մերն է։ Այս կենտրոնները հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող մարդկանց չկտրվել ընտանիքից, և միևնույն ժամանակ, ստանալ անհրաժեշտ խնամքը։ Մեր կենտրոնում մարդիկ կարող են օգտվել հոգեբույժի, թերապևտի և սոցիալական աշխատողների ծառայություններից։
Որոշ ժամանակ առաջ ֆինանսավորվող ծրագիր ունեինք, որի շնորհիվ կարողանում էինք աշխատել 12 հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Նրանց անգամ ուտելիքով և տրանսպորտով էինք ապահովում։ Հիմա նրանցից ութը սպասողների ցուցակում են՝ թե տարածքային, թե ֆինանսական սահմանափակումների պատճառով։
Բար քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները ոչնչով չեն օգնում, անգամ այս խնդիրներով զբաղվող և օրենսդրությունը կազմող փորձագետները ոչ միշտ են ճիշտ լուծումներ առաջարկում։ Նրանք խնդիրը ճանաչում են միայն տեսականորեն՝ ստատիստիկ թվերի ու վերլուծությունների հիման վրա։ Բացի այդ, գրեթե ամեն կառավարության այս ոլորտի աշխատակից մի հասարակական կազմակերպություն ունի իր անվամբ գրանցված, որը դիմելով տարատեսակ ֆոնդերի, կատարում է հենց այն աշխատանքը, որը իրենք պիտի կատարեին որպես կառավարության աշխատակից։ Մենք նախընտրում ենք աշխատել հենց ծնողների հետ, նրանցից լավ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ խնդիրների կարող են բախվել իրենց երեխաները և ընտանիքները։
Երբ տղաս ծնվեց, իմացանք, որ հաշմանդամություն ունի։ Ամեն ինչ անում էի, որ նրա համար լավագույն խնամքն ապահովեմ։ Ընթացքում իմացա, որ մեր քաղաքում միայն ես չեմ, որ բախվել եմ նման խնդրի, ծանոթացա այլ մայրերի հետ, միասին էինք գտնում լավ մասնագետների, որոնք աշխատում են այս ոլորտում։ Այդպես որոշեցի ստեղծել ասոցիացիան, որպեսզի օգնեմ ինձ նման ծնողների, որոնք նույն իրավիճակում են հայտնվել։
Արդեն մոտենում էր զբոսանքի ժամը։ Տիկին Մարթան, ավարտելով զրույցը, թևանցուկ արեց փազլն ավարտած որդուն։ Նրանք դուրս եկան փոքրիկ ու տոթ սենյակից՝ քայլերն ուղղելով դեպի Սուրբ Հովհաննես Վլադիմիրի տաճարը։