Օֆ-օֆ քեռին և Սերգեյ պապիկը
Անընդհատ փոփոխություններ
Ներկայումս ինձ հուզում է երեխաների ուսման հարցը։ Օրինակ` ինչո՞ւ են միջնակարգ դպրոցի գրքերը վճարովի բաժանում երեխաներին։ Շատ ընտանիքներ կան, որ այդ վճարը չեն կարող տալ։ Հագուստ, դպրոցական պարագաներ գնելու ծախսերին գումարվում է նաև գրքերի գումարը, որը բավականին շատ է։ Միևնույն է, գրքերը վերադարձվում են դպրոցին, ինչո՞ւ դրանք չդարձնել անվճար, կամ գոնե շատ քիչ վճարով։ Երբ երեխան ավարտում է միջնակարգ դպրոցը, նրա առջև հարց է ծառանում՝ որտե՞ղ և ի՞նչ սովորել, որ մի քիչ մատչելի լինի, քանի որ չի ուզում նեղություն տալ ծնողներին և այդ պատճառով կամ չի սովորում համալսարանում, կամ էլ ընտրում է ավելի մատչելի մի բան (քոլեջ, տեխնիկում), որոնց ուսման վարձը այդքան բարձր չէ: Իսկ հետո դժվար է գործ գտնելը, քանի որ ամեն տեղ պահանջում են բարձրագույն կրթության վկայական և աշխատանքային փորձ։ Մեր պետությունում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում կրթության ոլորտում։ Եվ այդ անկայունությունը վատ ազդեցություն է թողնում երեխաների վրա։ Ի՞նչ իմաստ կա դպրոցը 12 տարի դարձնելու, գնահատման համակարգը 10 բալանոցի փոխելու։ Ես չեմ ուզում ասել, որ հայ երեխաները ընդունակ չեն, հակառակը՝ շատ խելացի են։ Տասներկուամյա կրթությունն անիմաստ է, նույնիսկ ուսուցիչներն են դժգոհում։
«Էվրիկա»` իմ դպրոցը
Հարցազրույց Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր Արմեն Ծատուրյանի հետ
ՀՀ կառավարության որոշմամբ 2001 թվականի օգոստոսի 29-ին Վանաձորում բացվեց մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ գիշերօթիկ դպրոցը (4 դասարանով), որը հետագայում (2003թ.) ձեռք բերեց հատուկ դպրոցի կարգավիճակ:
Դպրոցում գործում է 10 դասարան՝ 190 աշակերտով: Դպրոցն իր տեսակի մեջ առաջինն է ու միակը Լոռու մարզում, որտեղ խորացված ուսուցանվում են մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն,
քիմիա առարկաները: Դպրոցի աշակերտները հանրապետական տարբեր օլիմպիադաներում ունեցել են ակնառու և նշանակալից հաջողություններ: Ընդհանուր առմամբ, նրանք ստացել են 420 մրցանակ՝ 51՝ 1-ին, 84` 2-րդ, 123` 3-րդ կարգի դիպլոմ, 162՝ գովասանագիր:
- Ե՞րբ և ու՞մ կողմից հիմնադրվեց դպրոցը:
- Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը, որի ոչ պաշտոնական անվանումն է «Էվրիկա», հիմնադրվել է 2001թ. օգոստոսի 29-ին ՀՀ կառավարության կողմից: Դպրոցը նպատակ ունի անցկացնել խորացված ուսուցում մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից՝ ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն:
- Ինչո՞վ է տարբերվում «Էվրիկան» մնացած դպրոցներից:
- Տարբերվում է նրանով, որ հատուկ դպրոցի կարգավիճակ ունի, և կատարվում է խորացված ուսուցում վերոնշյալ առարկաներից: Դա նշանակում է, որ այդ առարկաների ժամաքանակն ավելի շատ է, և անց են կացվում դասապատրաստումներ, գործում են խմբակներ:
- Հիմնականում ո՞ր առարկաներից եք մասնակցում օլիմպիադաների:
- Մասնակցում ենք մաթեմատիկայի և բնագիտական առարկաների տարբեր օլիմպիադաների՝ միջվարժարանայինից մինչև միջազգային: Արդեն մասնակցել ենք 11 միջազգային օլիմպիադաների՝ Վիետնամում, Կորեայում, Ուզբեկստանում, Ռուսաստանում, Անգլիայում, Ուկրաինայում, Խորվաթիայում, Արգենտինայում և այլ երկրներում:
- Հիմնականում ո՞ր առարկաներից եք ունենում հաջողություններ:
- Բոլոր բնագիտական առարկաներից ունենում ենք հաջողություններ, սակայն գերակշռում է քիմիան, որից հետո՝ մաթեմատիկան:
- Իսկ մոտ ապագայում կա՞ն օլիմպիադաներ, որտեղ Դուք ունեք Ձեր ներկայացուցիչները:
- Առաջիկայում հանրապետական օլիմպիադայի մարզային փուլն
է: Դպրոցում շուտով կսկսվի ներդպրոցական փուլը: Փետրվարին մասնակցելու ենք նաև Մոսկվայի տնտեսագիտական բարձրագույն դպրոցում անցկացվող օլիմպիադայի, որին մասնակցողները հանգստանում են ամառային ճամբարում, իսկ հաղթողները սովորում են այդ դպրոցում:
- Ի՞նչ հիմնախնդիրներ ունի դպրոցը:
- Մեր դպրոցի ամենամեծ հիմնախնդիրը տարածքի հարցն է: Դպրոցը՝ լինելով առաջնակարգ, այդ հաջողություններին հասնում է շատ սուղ աշխատանքային պայմաններում: Դպրոցը չունի քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներ, ֆիզկուլտուրայի մարզադահլիճ: Այսօր շատ կարևոր է ժամանակակից, ընդարձակ և տեխնիկապես հագեցած շենքի կառուցումը:
- Ի՞նչ կցանկանայիք փոխել դպրոցում:
- Կարծում եմ, որ այսպիսի դպրոցների ուսումնական ծրագրերում պետք է ավելի շատ դասաժամեր հատկացնել բնագիտական առարկաներին, ինչպես նաև օտար լեզուներին, քանի որ մեր աշակերտները սովորում են նաև աշխարհի տարբեր երկրներում:
2007թ. դպրոցն ընդգրկվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցող հանրապետության ուսումնական հաստատությունների ցանկում՝ հաշվի առնելով դպրոցական առարկայական օլիմպիադաներում աշակերտների հաջողությունները: