astghik ghazaryan

Ամայիս` տատիս մենախոսությունը

-Ի՞նչ ասեմ… Մղկտալու պանը ի՞նչ ասեմ… Որբ մեծացած րեխա…

Հը՞ն, բալա ջան, պեպիկ ման էկել, խրձների տակին պահել են, վեր բրիգադիր Վասիլը հունձ անիլու վախտը էկել ա, տենա վեչ, վեր հասկն եմ հվաքմ, ի՞նչ ասեմ, չարդ տանեմ…

Հլա տես, էս պամիդորնին. ութն էլ մի թփից եմ քաղել…

Ի՞նչ ասեմ… Ես ծնվել եմ, հորս աքսորել են, բալա ջան, մերս էլ… Հա, իմ մերը րեխա ունենալիս չի լել, հերս վրին կնիկ ա պիրել, մի տղա ա ունեցել, հերս րեխուն վեր ա կալել, տրան տուս արել: Բայց էդ կնգանը լավ օժիտ ա տվել: Էդ օժիտի հմար հերս վեր վեչխար ա ճկիլիս լել, սևերին ա ղրաղ արել:

-Օրդ տհե սև լի,- անծել ա տա… Անեծք էր, կատարվեց…

Տրանից ետը՝ երեսունիրեք թվին, մերս իմ աղբեր Մուրադին ա պիրել, երեսունվեց թե երեսունյոթ թվին էլ ես եմ ծնվել: Մերս էդ որբերին պահել ա:

Հերս հարուստ ա լել, մերս ասմ էր՝ վեր հորս տարան, յոթ տեղնաքյունջ խալչա ունինք՝ իրար վարա տեղաշորի նման ծածկած: Կեղմ մարդիկ ին, վեր հորս փռնիլ ին տվել: Էդ մրդկերանցիցը կյողեր են ղրգել, վեր թլանեն, խալչեքը տանեն: Մեզ մի շուն ունինք, իմ մերն ասմ ա՝ Աղաբեկ աղբերս, հրողբորս աղջիկն ու ինքը, տռանը դեմ լած, հիլ չեն արել՝ պաց անեն, մտնեն մեջը:

-Ռավետը վեր զարթնեցինք,- ասմ ա մերս,- տեհա տուռը հացի կտորտանքը լիքը. շանն են տվել, վեր ուտի, իրանք մոտանան, տուռը կոտրեն, նի մտնեն:

Տհենց իմ մերը պահել ա մեզ: Էն պակաս տարենին իմ մերը, վեր հակայի կնիկ ա լել, հունձ անիլ ին տալիս տղամրդկերանց հետ, ես էլ իմ մոր ետնա պեպիկ հասկն ի հվաքմ: Մենք սովել չենք. հեկտարանոց բաղչա ենք ունացել, էդ բաղչեն վարմ ինք: Իմ աղբորը՝ երեսունիրեք թվի ծնվածին, գութանն ին ղարգմ: Իմ աղբերը քալուց առաջ բաղչի միջին գիծ էր քաշմ, ես էլ րեխա, ինքն էլ րեխա, ասմ էր.

-Կյամ տենամ, Հրանուշ, էսքանը վարել ես:

Մի օր Մուրադն ասեց.

-Հրանուշ, արի քյանք, հասկը կտրենք:

Էրկու րեխով քացինք: Աչքիս պան էր րևըմ, վենց վեր օքմենի կյային:

-Մուրադ,- ասմ եմ,- էնա օքմենի են կյալի…

-Վախիլ մի, իմ քիր, վախիլ մի, օքմի չկա…

Աչքիս էր րևըմ, թե ինչ, իմ բալա, բայց վեր էկանք տուն, Մուրադն ասեց.

-Ա՜յ թուլա, էնքան ասեցիր, վեր ես էլ վխցա…

Տհենց ապրել ենք, չարդ տանեմ, սովել չենք. իմ մերը՝ անմարդ կնիկ, կով ա պահել, ամեն ձևի չարչարվել ա, չարչարվել ա, ապրել ենք…

Դպրոց եմ քացել, վեչ կիրք եմ ունեցել, վեչ տետրակ եմ ունացել, վեչ թանաք… Բա վե՞նց դի ես դպրոց քալ. փոխվել եմ չորրորդ դասարան ու էլ չեմ քացել:

Աստղիկ ջան, մի ծեռդ մեկնի, էդ խյարը քաղի…

Հա, իմ քեռուն մի աղջիկ ուներ: Չաղ էր, կլխին մազ էլ չկար, իմը երկար էր, ծնկներիս էր թակմ: Տա նախանձմ էր. էնքան արեց, մազերս կտրեցին: Կրիշմ կախ արած էր, քամին տալիս էր, ես էլ մղկտմ ի…

Վերգինեն հեր ուներ, բրիգադիր էր, ես անհեր ի, նախանձմ ի, նախանձմ…

Ի՞նչ  պատմեմ, ապրե՞լ եմ… Էլ եմ ասմ, սովել չենք, բայց լավ տուժվել ենք… Ի՞նչ ասեմ, ապրել չեմ, շունչս վրիս ա լել, բայց իմ ուզածի ապրել չեմ, հենց նհե Աստված պահել ա չրչարվիլու, տուժվիլու հմար, մինչև առ էսօր, ինչ ասեմ…

Տասնյոթ տարեկանից իմ մերը մարդի տվեց ըստեղ, մոտիկ էր, տվեց, վեր ինձ ամեն օր տենա: Ըստի էլ լավ օր չեմ տեսել. կլխիս տվել են նստցրել, վետիս տվել են կղնցրել: Իմ մերն էլ ա տուժվել, ասմ են՝ մորը բախտ, աղջկան թախտ:

Կլխի չեմ հայրիկ ասիլն ինչ ա, ինչ պան ա հայրիկը… Վերգինեն հեր ուներ… Իմ հերը լեր, ես ի՜նչ մարդ կտառնի…

Էսօր կիրակի ա, կքնաս խաչը, իմ իրեսն իրա վետի տակը, իմ բալենուն, իմ քուլփաթը պահի: Մտքմըդ կաղոթես, կասես՝ Աստված ջան, էն էրկու բալիս Ղարաբաղմ պահի… Ակոս նվեզ ա, իրա հմար շատ եմ նեղվմ, Դավիթս բլակ ունի, բայց Ակոս նվեզ ա… Քոռանամ ես, Կամոս (տղան) երեկվա րեխեն չի, պռավել ա, էն սարերմ չրչարվմ ա, քոռանամ ես… Վե՞րի մասին մտածեմ… Ի՞նչ ասեմ, բալա ջան, ասա մեղկ լես, ամայ ջան, մեղկ լես:

Զրոյից էսքանը ետ եմ քցել տառը քրտինքով, զրոյից…

Աստված ինձ ստեղծել ա վեչ խնդալու հմար… կտրի իմ օրը…

Աշխարհ ա էլի, մինը ծնվըմ ա ապրիլու հմար, մինը ծնվըմ ա տուժվիլու հմար…

Օգոստոս, 2016 

serine harutyunyan

Բաց մի թող, որ չգնա

Երբևէ պատկերացրե՞լ ես քո կյանքն առանց քեզ համար թանկ մարդու, կամ ուղղակի նրանից հեռու: Դե, հա: Մի քիչ դժվար է: Կամ, մտածե՞լ ես, այ, այդ թանկ մարդիկ ովքեր են: Ինչպե՞ս հայտնվեցին քո կյանքում: Ինչո՞ւ են քեզ համար դարձել թանկ, դարձել կարևոր: Իսկ այդ թանկ մարդկանց մասին մտածելիս մտածե՞լ ես, թե դու իրենց համար ինչքան կարևոր ես, կամ ընդհանրապես, կարևո՞ր ես, թե՞ չէ: Երևի քեզ համար էլ թանկ մարդիկ մի քանի խմբի են բաժանվում, չէ՞: Կան, չէ՞, մարդիկ, ովքեր չգիտես էլ ինչու, քեզ համար շատ թանկ են, ու դու սիրում ես նրանց, որովհետև սիրում ես: Սիրում ես, ու վերջ: Ու երևի կլինեն մարդիկ, առանց ում դու ուղղակի քեզ չես պատկերացնում, քեզ կիսատ ու միայնակ ես զգում: Ու կան մարդիկ, ովքեր միշտ-միշտ քո մտքում են, ովքեր քո սրտում են, քո աղոթքներում: Ովքեր միշտ քո կողքին են անկախ նրանից՝ հեռու են, թե մոտ: Ու երևի մեկին, կամ մի քանիսին էլ բախտը մի քանի անգամ է ժպտացել, երևի… Նրանք այդ բոլոր խմբերում էլ տեղ ունեն, մեկում՝ քիչ, մեկում՝ շատ, մյուսում՝ ավելի շատ: Բայց երևի մարդ ինչ-որ երկար, երբեմն էլ փորձություններով լի ճանապարհ պիտի անցնի, ու հետո դառնա կարևոր մեկը: Մի օր էլ հանկարծ հասկանում ես, որ այդ մարդը քո մի մասնիկն է, հասկանում ես, որ անգամ քո ամենաանկեղծ ժպիտներն են այդ մարդու համար: Ու մի օր երևի կհիշես ամեն ինչ, ամենասկզբից… Ինքդ քեզ վրա կծիծաղես ասածդ առաջին խոսքերի համար, կհասկանաս, թե ինչպես սառն ու անտարբեր խոսքերը դարձան ամենաջերմը, կհիշես՝ ինչպես ծանոթացաք, ինչպես մտերմացաք, ու կհասկանաս, թե ինչպես առանց այդ կարևորի երևի անգամ չկարողանաս էլ ապրել, կամ գուցե ապրես, բայց ապրածդ կյանքը անգույնից էլ ավելի անգույն լինի: Երևի առանց այդ թանկի այն կարմիրը, կապույտը, դեղինն ու մյուս բոլոր վառ գույները կկորչեն կյանքիցդ, կամ ուղղակի կթաքնվեն սևի ու մոխրագույնի հետևում, երբեմն էլ քեզ կնայեն ու կծիծաղեն վրադ:

Հըը՜մմ, երևի շատ փիլիսոփայեցի: Եկեք ուղղակի կարևորենք մեր կարևորին, ամուր-ամուր բռնենք նրան ու բաց չթողնենք, պահենք մեզ մոտ: Ու եկեք սիրենք մեր կարևորին, սիրենք ամբողջ հոգով, սիրենք առանց կասկածների ու վերապահումների: Սիրենք անշահախնդիր, առանց ակնկալիքի: Ու եկեք ասենք մեր կարևորին, որ իրեն շատ ենք սիրում ու հիմարի պես չմտածենք, թե նա դրա մասին գիտի:Դե, հենց հիմա, առանց վայրկյան կորցնելու մոտեցիր, կամ զանգիր, կամ գրիր նրան, ասա, որ շա՜տ-շա՜տ ես սիրում…

Հա, ու եթե բախտդ բերել է, ու դու նրան գրկելու հնարավորություն էլ ունես, գնա, խեղդելու աստիճան ամուր գրկիր ու էլ բաց մի թող, որ չգնա: Հա՜-հա՜, բաց մի թող, թե չէ՝ կգնա: Բաց մի թող, որ չգնա…

 Մարտ, 2017

Կոտրելով կարծրատիպեր. Աղաբաբյան քույրերի պայքարի ուղին

«Մարդկանց համար խորթ էր, որ նման խնդիրներ ունեցողները կարող են բարձրագույն կրթություն ստանալ։ Համալսարանում մեզ թերահավատորեն էին մոտենում, սակայն մենք ապացուցեցինք հակառակը»,- ասում է Սյուզաննա Աղաբաբյանը։

Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյան քույրերը Տավուշի մարզի Կողբ բնակավայրից են։ Երեք տարեկանում երկվորյակ քույրերը ձեռք են բերել ֆիզիկական հաշմանդամություն, հենաշարժողական համակարգի խնդիրներ, սակայն չեն դադարել առաջ շարժվել. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել են համալսարան, ստացել բարձրագույն կրթություն։

Քույրերի առավոտը, ինչպես իրենք են նշում, սկսվում է «մյուս մարդկանց նման». շտապում են աշխատանքի։ Սյուզաննա եւ Ռուզաննա քույրերն աշխատում են «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում։

Այն հարցին՝ բարդ չէ՞ աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, Սյուզաննան պատասխանում է. «Ոչ, ինքս ունենալով հաշմանդամություն, միշտ ցանկացել եմ աշխատել նման խնդիրներ ունեցող երեխաների հետ. լավագույնս կարող եմ հասկանալ նրանց, նրանց հաջողություններն ու դժվարությունները, բարձրաձայնել խնդիրները»։

Քույրերին գրեթե միշտ կարելի է միասին հանդիպել, հաճախ իրենց հոր՝ Գագիկ Աղաբաբյանի ուղեկցությամբ։ Ռուզաննան ասում է, որ մի անգամ առանց ծնողների ուղեկցության որոշել են հարևանին այցելել, և իրենց համարձակության, իրար օգնելու շնորհիվ կարողացել են հաղթահարել թեև կարճ, բայց ոչ այդքան դյուրին ճանապարհը։

Քույրերը նշում են, որ իրենք այդքան ուժեղ չէին լինի, եթե չլիներ իրենց ծնողների աջակցությունը. «Հայրս միշտ ասում էր` չմտածեք, որ ինչ-որ մեկը ձեզանից բարձր է, դուք բոլորի հետ հավասար եք, չփորձեք ձեզ տարբերակել ուրիշներից։ Երբ պարզվել է, որ մենք ունենք մանկական ուղեղային կաթված, բժիշկներն ասել են` այս երեխաները ոչ կարող են խոսել, ոչ շարժվել, ոչ հասկանալ, բայց ծնողներիս աջակցության և հավատքի շնորհիվ մենք շատ ավելի կայացած ենք, քան ուրիշները»,-հավելում է Սյուզաննան։

Խոսելով հասարակության մեջ իրենց դերը գտնելու, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց դժվարությունների մասին, Սյուզաննան ասում է, որ ցանկացել են կրթություն ստանալ, ստացել են, ցանկացել են աշխատել, հիմա աշխատում են, բայց պայքարել միշտ է պետք։ «Կարծում եմ` մենք բացառություն չենք, և ցանկացած մարդու մոտ էլ պայքարի շրջանը միշտ էլ կա. կապ չունի՝  հաշմանդամություն ունի, թե՝ ոչ, մարդ պետք է իր կյանքի ուղին ինքը իրենով, իր դժվարությունները հաղթահարելով առաջ գնա»։

Զուգահեռաբար նշում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հանդիպող խոչընդոտների մասին, որոնցից մեկն էլ շրջապատող անմատչելիությունն է. թեքահարթակների, ճանապարհներին բազրիքների, բռնակների բացակայությունը, որոնք նախատեսված կլինեին ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև երեխաների և տարեցների համար։ «Մանկության տարիներին դեպքեր են եղել, որ աստիճանները բռնակ չունենալու պատճառով նստած ենք բարձրացել։ Բարձրանալու ժամանակ մեզ ոչ թե տառապանքն էր համակում, այլ ուրախանում էինք, որ առանձնահատուկ ձև ունենք բարձրանալու»,- հավելում է քույրերից Ռուզաննան։

Աշխատանքին զուգահեռ քույրերը նաև ազատ ժամերին ստեղծագործում են, իսկ վերջին տարիներին հոր հետ հիմնադրել են ընտանեկան բիզնես. զբաղվում են գինու արտադրությամբ։ Քույրերից յուրաքանչյուրը բիզնեսում իր դերն ունի։ Սյուզաննան զբաղվում է թղթաբանական հարցերով, Ռուզաննան` ընկերության մարքեթինգի և սոցիալական էջերի վարման աշխատանքներով։

Հ.Գ. Զրույցի վերջում քույրերին խնդրում եմ իրենց խորհուրդը հղել դժվարություններ և խնդիրներ ունեցող անձանց։

Սյուզաննա Աղաբաբյան.

«Կյանքում երբեք չընկճվել, յուրաքանչյուր իրավիճակում, անկախ կարողություններից, հնարավորություններից առաջ գնալ, երբեք չբողոքել, անցյալը չհիշել, անցյալի վրա չհիմնվել։ Եթե անցյալի վրա հիմնվելով ապրենք, կկորցնենք ապրելու մեր տեսլականը, անցյալը վերհիշելու փոխարեն պետք է առաջ գնալ, պայքարել սեփական իրավունքների, նպատակների և երազանքների համար»։

Ռուզաննա Աղաբաբյան.

«Քո կյանքի ճանապարհը դու ես անցնում, և ուրիշի կյանքի փորձը քոնը չէ։ Պետք է անցնես այդ ճանապարհը, որ գտնես կյանքի բանալին և բոլոր հարցերի պատասխանները։ Կարևորը պայքարելն ու քո ուժերին հավատալն է»։

Neli Nersisyan

Երկիր սիրելը կռվողի գործն է

Այսօր կճառեն,
Կերգեն, կպարեն,
Սրտաբուխ կխոսեն,
Բայց սրտում մի տեղ պահած
Սիրո աղբյուր կունենան:

Սահմանին կանգնած
Քո զինվորը հիմա
Սիրուդ մասին է մտածում,
Թե ինչպես կգա տուն,
Որ բուժես
Սիրտն իր վիրավոր…

***
Հայրենիքը սրբություն է,
Որից ոչ բոլորն ունեն:
Իսկ դու այն եզակիներից ես,
Որ ունես հայրենիք,
Հայ հայրենիք,
Իսկ ինձ համար
Անհայրենիք ժողովուրդը նման է անծնող  երեխայի`
Որբ է…

***
Խղճա նրանց,
ովքեր սեփական անունն ասելիս
ամաչում են:
Ու վեհ պահիր քեզ,
Որ անունդ ասելիս հպարտ ես։

Կյանքի օրենքն է այսպիսին

***
Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ`
Տավշո կամքի մասին աննկուն,
Հին լեգենդներ, որ եկել են դարերից,
Հասել են մեզ ու երգ դառել մեր հոգում։

Քանի սուրբ խորան տաճարներդ ի վեր,
Խաչի փոխարեն կեռ լուսին չկա,
Պահանջիր, աշխարհ, հատուցում արդար՝
Անմեղ զոհերիդ ծով արյան դիմաց: