Wake up Europe. Երևան, օր 3

Դե՛ ինչ, արդեն 3-րդ օրն է․․․ Իսկ ի՞նչ է պետք 3-րդ օրվա համար:

Պետք է՝ նախորդ հագեցած օրվա պատճառով քնած մնալ։ Ինչն էլ իհարկե չէր կարող չպատահել իմ նման քնկոտի հետ։ Մի խոսքով, իմ օրը սկսեց Կասկադից, որտեղ պետք է հանդիպեինք «Թավշյա հեղափոխություն» հայկական կոմիքսի հեղինակների՝ «Մայրո» թիմի հետ։ Կոմիքսների գաղափարի առաջացման պատմությունը շատ պարզ է՝ կոմիքսների սիրահար ընկերները մի օր ուղղակի որոշում են սեփականը ստեղծել։ Չնայած նրան, որ կոմիքսի գլխավոր հերոսները քաղաքական գործիչներ են, հեղինակները նշում են, որ կոմիքսի հիմքում դրված պատմությունը ամենևին էլ քաղաքական չէ, այն մարդկանց մասին է, ովքեր իրականացրեցին հեղափոխությունը։ «Մայրո» թիմը խոսեց նաև ապագա պլանների մասին, այնպես որ, կարող ենք վստահ լինել, որ նրանք շարունակելու են ստեղծագործել՝ հրատարակելով նոր և հետաքրքիր պատմություններ կոմիքսների տեսքով։

Հանդիպումին հաջորդեցին երկար քննարկումները, որոնց ընթացքում պատահական 17.am-ի զինվոր թղթակիցներից մեկին՝ Մարատին, հանդիպեցինք։ Նրա զինվորական հագուստը միանգամից գրավեց մեր լրագրող ընկերների ուշադրությունը, և նրանք բաց չթողեցին առիթը լիքը լուսանկարներ անելու։ Կարծում եմ Մարատը առաջին անգամ իրեն պատկերացրեց այն մարդկանց տեղում, որոնց 17-իս թղթակիցներն ենք շրջապատում լուսանկարելու կամ հարցեր տալու համար։

Հաջորդ քայլը թիմային աշխատանքն է։ Եթե կարդացել ես Ջուլիայի օրագիրը, ուրեմն գիտես, որ մենք բաժանված ենք 4 հիմնական թիմի, որոնք աշխատում են 4 տարբեր թեմաների շուրջ։ Ես IT ոլորտի և արտագաղթի վրա այդ ոլորտի ազդեցության մասին մուլտիմեդիա պատմություն ստեղծող թիմում եմ։ Քանի որ  ծրագրի ընթացքում  podcast անել եմ սովորում, հետևաբար սա իմ հիմնական աշխատանքն է թիմում։ Գիտե՛մ, հիմա եթե ասեմ, որ մեր թիմը ամենալավն է, Սուրենը ու Ջուլիան կվիճեն հետս։ Բայց եկեք ուղղակի ընդունենք, որ ինձանից, Վալենտինայից և 4 հիանալի տղաներից բաղկացած խումբը թույն թիմ չլինել չի կարող․․․

Այսպիսով գտանք մեր բոլոր հերոսներին և նույնիսկ հասցրեցինք IT ոլորտում սովորող ուսանողներից մեկի հետ հարցազրույց անցկացնել։ Մեր առաջին հերոսը՝ Արսեն Մազմանյանն էր, ով բացի IT ոլորտում կրթություն ստանալուց, փորձում է սոցիալական ցանցերի միջոցով կիսել իր գիտելիքները ընկերների հետ։ Մենք բոլորս գիտենք ինչպես օգտվել սոցցանցերից, բայց ավելի կարևոր է իմանալ, թե ինչպես ավելի ապահով լինել դրանցում։ Հենց այս հարցի պատասխանն էլ փորձում է տալ Արսենը։ Բայց երևի գլխավոր բանը, որ անում են Արսենի նման ուսանողները, դա՝ իրենց ապագան Հայաստանի հետ կապելն է։

-Շատ փող աշխատելու, ավելի լավ կյանք ունենալու համար՝ դու կարիք չունես այլ երկիր գնալու։ Ժամանակակից աշխարհում դու կարող ես անել ամենը, ինչ ուզում ես, սեփական սենյակից անգամ դուրս չգալով․․․

Այսքանով օրվա աշխատանքը ավարտվեց, իսկ վաղը մենք դեռ շատ անելիք ունենք, այնպես որ սպասեք հաջորդ օրագրին․․․