Շուշան Վահանյան

Ապրել և ապրեցնել

Հարցազրույց ազատամարտիկ, լրագրող, արձակագիր, բանաստեղծ Արիս Գրիգորյանի հետ:

Արիս Գրիգորյանը ծնվել է 1959թ. Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում: 1986-ին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Արիս Գրիգորյանը տպագրել և ընթերցողի դատին է հանձնել ավելի քան 17 գիրք:

-Ի՞նչ դեր ունի բանաստեղծությունը Ձեր կյանքում։

-Գիտե՞ս, հաճախ եմ ինքս ինձ նույն հարցն առաջադրել, բայց, պատկերացրու, դժվարացել եմ գտնել ճիշտ պատասխանը։ Բանաստեղծությունն ինձ համար հա՞ց է, ջո՞ւր, օ՞դ: Գուցե շատերը չհավատան, բայց որ յուրաքանչյուր անցնող ակնթարթն առանց բանաստեղծության չի պատկերանում ինձ, ինչպե՞ս ասեմ, որ հավատաս։ Որովհետև, իրոք, այդպես է։

-Ձեր ստեղծագործություններից ո՞րն եք ամենաշատը սիրում:

-Ընդհանրապես՝ հեղինակներն իրենց գրվածքները չեն սիրում և ընտրություն կատարելիս միշտ ընտրում են թույլ գործերը։ Ես նույնպես բացառություն չեմ։ Հաճախ, բանաստեղծություններս կարդալիս թվում է, թե որոշակիորեն պարզել եմ, գոնե ինձ համար, իմ լավ ու, այսպես ասած, թույլ գործերը, նաև՝ որոնք են ինձ համար ընդունելի ու սիրելի, իսկ որոնք՝ ոչ։ Լինում են նաև պահեր, երբ թվում է, թե ես «մարդամեջ» հանելու գործ չունեմ ընդհանրապես։ Կարծում եմ՝ ստեղծագործող մարդը չպիտի հավանի իր ստեղծածն ու մշտապես որոնումների մեջ լինի։

-Ի՞նչ կարծիք ունեք մերօրյա երիտասարդության մասին, արդյո՞ք մենք պոեզիայի, արձակի հանդեպ սիրով գերազանցում կամ հետ ենք մնում մեր նախորդներից :

-Մերօրյա երիտասարդության մասին իմ կարծիքը հուսադրող է։ Արդյո՞ք նրանք արդարացնում են մեր սպասելիքները։ Արդյո՞ք կարդարացնեն։ Կարևորն այն է, որ սպասելիքներ կան։ Այսօրվա հարցերի հարցը գրականություն-ընթերցող փոխհարաբերություններն ուղիղ համեմատական իրավիճակից մեկ զուգահեռի վրա տեղավորելն է։ Գիրք ընթերցելուն, լինի պոեզիա կամ արձակ, այսօր խանգարում է համացանցը։ Կարելի է ասել՝ համացանցն ընթերցողին կտրել է գրքից (առարկայական իմաստով), այնինչ՝ համացանցը զգալիորեն օգնում է՝ ցանկացած գործ ցանկացած պահի կարող ես գտնել և ընթերցել, ու էլ չես նետում քեզ գրադարաններ և գրքերի կույտերում որոնում քեզ պետք եկած բանաստեղծությունը։ Փույթ չէ, որ գրադարաններից պակասում են այցելուները, կարևոր է՝ չի նոսրանում ընթերցողական բանակը, որն այսօրվա երիտասարդությունն է։ Այո, այսօրվա երիտասարդությունն ավագների արժանի փոխարինողն է։

-Հայ դասականներից ու՞մ գործերն եք սիրում ընթերցել:

-Ասում ենք դասական, ու դրանով ամեն ինչ է ասված։ Ես, իհարկե, հիմնականում նախընտրում եմ պոեզիան ու իմ սեղանին միշտ Շիրազն ու Չարենցն են, Սահյանն ու Սևակը։

-Ո՞րն է այն խորհուրդը, որ կցանկանայիք փոխանցել նոր սերնդին։

-Ապրել ու ապրեցնել, ինչ էլ որ լինի։ Իսկ դրա համար պետք է սիրել կյանքը։ Այն, ինչ մենք ստեղծում ենք՝ ժառանգել ենք մեր պապերից, մեր հետնորդներն էլ թող ժառանգեն մեզնից, ու այդ կապն ավելի կսերտանա, մեր հողին կկապվենք ավելի ամուր կապերով։