«Աքսես» ծրագիրը Հայաստանում

Հուլիսի 13-ից 15-ն անցկացվող «Աքսես» ամառային ավարտական ճամբարի ընթացքում ծրագրի 102 մասնակիցները ներկայացրին անցած ճանապարհը և ավարտական վկայականներ ստացան։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և COAF-ի համագործակցությունը անգլերեն լեզվի դասավանդման շրջանակներում շարունակական բնույթ է կրում. Սա համագործակցության երրորդ փուլն է, որին մասնակցում է Հայաստանի 3 մարզի 100-ից ավելի դպրոցական։

2015-2017թթ. ծրագիրն իրագործվել է Արագածավան (Արագածոտնի մարզ), Հացիկ (Արմավիրի մարզ), Թումանյան, Աքորի եւ Դեբետ (Լոռու մարզ) համայնքներում: Համագործակցության նպատակը Հայաստանի գյուղական համայքներում անգլերենի ուսուցման խրախուսումն է, ինչպես նաեւ ծրագիրը խթան է հանդիսանում, որպեսզի երիտասարդները մասնակցեն համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործին: Անգլերենից համապարփակ գիտելիքներ ստանալուն զուգահեռ՝ «Աքսես» միկրոկրթաթոշակային ծրագրի մասնակիցները հմտություններ են ձեռք բերում 3 այլ հիմնական ուղղություններով՝ ԱՄՆ մշակույթ եւ ժողովրդավարական արժեքներ, անձնային աճ, համայնքային ծառայություն:

Ժաքլին Դիլի (ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն).

-Որքա՞ն ժամանակ է՝ գործում է ծրագիրը։

-Եթե խոսքը գնում է Հայաստանում «Աքսես» ծրագրի մասին, այստեղ մենք սկսել ենք 2011 թվականից, և արդեն յոթերորդ տարին է՝ իրականացնում ենք այն։ Մոտավորապես 450 մասնակից և շրջանավարտ ունենք։ Իսկ ընդհանուր առմամբ, ԱՄՆ պետքարտուղարությունը ծրագիրը սկսել է 2005 թվականին։ Իրականացվել է շուրջ 80 երկրներում, ունենք մոտ 95.000 մասնակիցներ։

-Ովքե՞ր են ընդգրկված ծրագրում:

-Հիմնականում ծրագրին մասնակցում են 14-20 տարեկան երիտասարդներ, բայց Հայաստանում մենք 13-15 տարեկան երեխաների վրա ենք շեշտը դնում։ Բոլորը դպրոցականներ են ու բոլորը մարզերից. Երևանը ներգրավված չէ ծրագրում։ Մենք հիմնականում ընտրում ենք այնպիսի գյուղեր, որտեղ անգլերենի ուսուցումն այդքան էլ լավ մակարդակի վրա չէ, և երեխաները լեզուն սովորելու այլ ավելի հարմար հնարավորություններ չեն ունենում։

Ուզում եմ ևս մեկ փաստ նշել. չնայած «Աքսեսն» իրականացվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության հովանավորությամբ, բայց Հայաստանում մեզ օժանդակող կառույցը COAF-ն է, որի հետ մենք շատ արդյունավետ ենք համագործակցում ու շատ ուրախ ենք, որ նման գործընկեր ունենք Հայաստանում։

-Լսել ենք, որ ունեք շրջանավարտ, ով հիմա աշխատում է ԱՄՆ-ի հայաստանյան դեսպանատանը. ճի՞շտ է։

-Այո, դեսպանատանը ունենք շրջանավարտ, մեր շրջանավարտները նաև մասնակցում են «FLEX» ծրագրին և հաջողություններ են գրանցում։ Մեր շրջանավարտներից շատերն իրենց ձեռք բերած գիտելիքների շնորհիվ ընդունվում են Ամերիկյան համալսարան, ԵՊՀ և շատ այլ համալսարաններ։ «Աքսեսը» հնարավորություն է տալիս երեխաներին անգլերենն օգտագործել իրենց նպատակներին ու երազանքներին հասնելու համար։ Աշակերտները միայն դասերի հաշվին չեն ձեռք բերում այդ հմտություններն ու գիտելիքները, իրենք նույնպես շատ ոգևորված են, մոտիվացված։

-Ի՞նչ արդյունքներ եք ունեցել այս տարիների ընթացքում։

-Երեխաները սկսում են անգլերենի ուսուցումը համարյա զրոյից և երկու տարի հետո արդեն բավականին վստահ կարողանում են խոսել, արտահայտել իրենց մտքերը անգլերենով, և այդ լեզվի իմացությունը հետագայում մեծ հնարավորություններ է տալիս նրանց՝ թե՛ մասնագիտության ընտրության հարցում, թե՛ աշխատանք գտնելու։ Ծրագրի ընթացքում երեխաներն ավելի կրեատիվ են դառնում։ Մեզ համար ոչ միայն դասերը ու կոնկրետ միայն ծրագրի ընթացքն է կարևոր, այլև ապագայում նրանց գիտելիքների կիրառումը։ Անգլերենն այսօր համաշխարհային լեզու է, ու մեր գլխավոր նպատակն է՝ երեխաներին լավ ուսուցանել ու հասանելի դարձնել լեզուն։ Ծրագիրը հնարավորություն է տալիս աշակերտներին ճիշտ քայլերով հասնելու իրենց երազանքին։

COAF-ի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյան.

-Ի՞նչ է իրենից ներկայացնում COAF-ը ու ի՞նչ նպատակ է այն հետապնդում

-Հիմա միգուցե սպասում եք, որ կասեմ՝ COAF-ը հիմնադրամ է կամ կազմակերպություն և այլն, բայց մենք սովորաբար ասում ենք՝ COAF-ը ընտանիք է։ Եթե այսօր մենք հաջող ծրագիր ու միջոցառումներ ենք ունենում, դա ընտանիքի բոլոր անդամների միասնությունից է։ Էստեղ շատերը մեր թիմի անդամներն են։ COAF-ը թիմ է։ Մարդիկ, ովքեր աշխատում են COAF-ում, հավատում են իրենց գործին։ Ես շատ եմ լսում տարբեր կազմակերպություններից, որ այս մեկից են դժգոհում, այն մեկից են դժգոհում։ Մեզ մոտ այլ է։ Այստեղ բոլորը սրտանց են անում իրենց գործը, որովհետև դա մենք անում ենք երեխաների համար։ Այդ առումով COAF-ը հատուկ փիլիսոփայություն ունի՝ երեխաների միջոցով փոխել մեր ու նրանց ապագան՝ ավելի լավը դարձնելով։

-Ինչպե՞ս ստացվեց, որ համագործակցեցիք «Աքսես» ծրագրի հետ։

-«Աքսեսն» իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից։ Առաջին անգամ հայտարարվեց մրցույթ։ Մենք դիմեցինք մրցույթին և 2011 թվականին հաղթեցինք։ Այնուհետև ևս երկու անգամ իրականացվեց ծրագիրը, բայց արդեն առանց մրցույթի, տեսնելով մեր արդյունավետ և որակյալ աշխատանքը, նրանք ընտրեցին հենց COAF-ին։ Հուսով ենք, որ մի քանի օրից լավ լուր կստնանանք, որ արդեն չորրորդ «Աքսես» ծրագիրն է մեկնարկում։

«Աքսես» ծրագրի անգլերենի ուսուցչուհի Լուսինե Գյուլնաշյան.

-Ինչպե՞ս եք ընդգրկվել ծրագրում։

-Անցել եմ հարցազրույցներ՝ դեսպանատան և COAF-ի աշխատակիցների կողմից կազմակերպված։ Ծրագրի մասին իմացել եմ իմ նախկին դասախոսից։

-Ինչո՞վ է օգտակար ծրագիրը թե՛ Ձեր, թե՛ երեխաների համար։

-Ինչպիսի ուսուցիչ էի ես սկզբում և ինչպիսին եմ ես հիմա. ահռելի տարբերություն կա։ Ես շատ բան եմ սովորել, հասկացել, ինքս իմ մեջ փոխել։ Երեխաների համար հարյուրավոր դրական կողմեր ունի ծրագիրը։ Տևում է երկու տարի, ժամանակը բավականացնում է անգամ զրոյից սկսկելու դեպքում շատ լավ արդյունքի հասնել։ Հիմնականում մենք աշխատում ենք խոսակցականի վրա, իհարկե գրավոր հմտություններին ևս ուշադրություն դարձնում ենք, բայց խոսքն ավելի կարևոր է մարդկանց հետ ավելի լավ շփվելու համար:

-Ինչո՞վ է տարբերվում ծրագրի ուսուցումը դպրոցական ուսուցումից:

-Մեթոդները շատ տարբեր են։ Մենք չեն գնահատում երեխաներին, գնահատականներ չկան։ Երեխաները մասնակցում են իրենց անձնական մոտիվացիայի հաշվին, այսինքն, ոչ մի պարտավորեցնող բան չկա։ Բայց դրա հետ մեկտեղ այս երկու տարիների ընթացքում չենք ունեցել երեխաներ, ովքեր կիսատ են թողել ուսումը։ Դպրոցում հաճախ է լինում, երբ երեխաները չեն ուզում հաճախել դասերին, բայց մեզ մոտ բոլորը պարտաճանաչ գալիս են դասերին, երեխաներին անհատական մոտեցում է ցուցաբերվում: Ոչ բոլորն ունեն նույն մտածելակերպը։ Պետք է առանձին-առանձին աշխատել արդյունքի հասնելու համար՝ խաղեր, ինտերակտիվ միջոցներ օգտագործելով։

Ծրագրի ընթացքում մենք կարողանում ենք սովորեցնելով սովորել։

«Աքսես» ծրագրի շրջանավարտ Գրիգոր Սարգսյան

-Ծրագրի մասին իմացել եմ դպրոցից։ Արդեն երկու տարի է՝ շրջանավարտ եմ։ Այս տարի «Աքսես»-ին մասնակցում եմ որպես կամավոր։

-Ծրագիրը գնահատում եմ լիարժեք, այն շատ հնարավորություններ է բացում երեխաների առաջ։ Ծրագրի շրջանակներում եղել եմ Նյու-Յորքում, մասնակցել եմ COAF-ի 11-րդ գալա-միջոցառմանը, որը նաև դրամահավաք էր։

«Աքսես» ծրագրի աշակերտ Ռուբինա Ավետիսյան

-Դպրոցում ամեն ինչ մի գծով դրված, պլանավորած է, չկան խաղեր, հետաքրքիր ընդմիջումներ, նոր մեթոդներ։ Լինում են դեպքեր, երբ ուսուցիչը շեղվում ու իր կյանքից է պատմում, բայց այստեղ նման բաներ չկան։ Էստեղ մենք կարողանում ենք ուրախանալ, հումորներ անել, երբ անգլերեն նոր բառեր ենք սովորում, աջ ու ձախ ասում ենք, առանց նեղանալու իրարից։

Բացի անգլերենից սովորել եմ հանդուրժողականություն, կարողանում եմ կարծիքս ազատ արտահայտել, ազատ խոսել, առանց վախենալու, որ կսխալվեմ։ Դպրոցում էդպես չի. եթե սխալ արեցիր, վերջ։ Սովորել եմ ընկերասեր լինել ու մենակ ինձ չտեսնել։

Ծրագրում շատ էի սիրում սիրուն-սիրուն տեղեր գնալու մասը։

Նոր աշակերտներին ուզում եմ ասել, որ ավելի շատ աշխատասեր լինեն։ Էն փորձը, որ ստանում են ծրագրից, շատ քիչ հավանական է, որ նորից ինչ-որ տեղից կստանան:

Ուզում եմ մասնակցել «ՖԼԵՔՍ» ծրագրին։ Անցյալ տարի դիմեցի, բայց երրորդ փուլից դուրս մնացի։ Կարծում եմ՝ այս տարի արդեն գիտելիքներս շատ են դիմելու ու հաղթելու համար։Էստեղ սովորում ենք ոչ միայն լեզուն, այլև ծանոթանում ենք ԱՄՆ-ի մշակույթին, հաճախ նշում ենք նրանց տոները։

COAF հիմնադրամի կամավոր, Accsses ծրագրի շրջանավարտ, ուսանողուհի Ռոզա Թադևոսյան

-Ես Արտենի գյուղից եմ, 18 տարեկան: Արդեն 6 տարի է, ինչ COAF-ի հետ եմ, իրենց ծրագրերին եմ մասնակցել, և սա իմ 3-րդ Accsses ծրագիրն է, որին արդեն մասնակցում եմ որպես կամավոր, որպես խմբի առաջնորդ:

-Ինչպե՞ս ես ընդգրկվել COAF հիմնադրամի թիմում և մասնակցել Accsses ծրագրին:

-Ես ընդամենը 12 տարեկան էի, երբ մայրիկս ինձ ասաց, որ անգլերեն սովորելու ծրագիր կա ու հարցրեց՝ կուզե՞մ մասնակցել: Ծրագրի կեսն անցել էր, մնացել էր ընդամենը 5 ամիս ավարտին: Ասացի չէ, իրենց անգլերենը շատ կատարյալ է, ո՞նց եմ գնալու: Հետո մայրիկս շատ համոզեց, գնացի, գրանցվեցի, մեծ դժվարությամբ մտա այնտեղ, հասցրի ավարտել ծրագիրը, ու արդեն 2-րդ տարին ինձ ընտրեցին, որպես ուսուցչի օգնական: Ես անգամ մասնագիտական կողմնորոշում ստացել եմ իրենց ծրագրից, ընտրեցի՝ որ համալսարանում եմ սովորելու, ինչ եմ անելու: Դրա արդյունքում մյուս ծրագրերի մեջ ընդգրկվեցի՝ She network, Schools for health in Europe… Ու իմ ուղին գնաց COAF-ի հետ:

Եթե COAF –ը չլիներ ես կամավորների հետ էլ չէի շփվի: 6 տարի է COAF-ի հետ եմ և ուզում եմ կյանքիս մյուս կեսն էլ շարունակվի իրենց հետ:
Ես մինչև COAF-ը չէի մտածի, որ իմ նյարդերը ընդհանրապես կհերիքեն երեխաների հետ՝ իրենց շատ հարցերին, բղավելուն, չլսելուն, մեկ-մեկ անկարգություններին: Ու այն է լավ, որ ծրագիրը դպրոցի դասաժամերից հետո է, ու ստանդարտ բաներ չկան, տնայիններ, ինչ-որ առաջադրանքներ, չգիտեմ: Երեխաները, օրինակ, կինո նայելով են սկսում անգլերեն սովորել, գրքեր են կարդում, հազար ու մի հյուր են ունենում տարբեր ոլորտներից, ու դա իրենց օգնում է կայանալ:

-Ի՞նչն էր քեզ դուր գալիս Accsses ծրագրում:

-Երբ մենք ավարտում էինք առաջին ծրագիրը, մի նախադասություն կար, որ մինչև հիմա դաջվել է իմ ուղեղում՝ English is the key of succses (Անգլերենը հաջողության հասնելու բանալին է): Երեկ լսում էի փիլիսոփա պարոն Սերոբ Խաչատրյանին, ասում էր՝ անգլերենը էսպերանտո է (էսպերանտո – լեզու, որ բոլորը հասկանում են): Ու ինձ համար Accsses-ը էդ էսպերանտոն է, որ յուրաքանչյուր տեղ դու հասկացված ես լինում:Նյութը և Լուսանկարները՝ Անի Հարությունյանի և Լիդա Արմենակյանի