shushan stepanyan portret

Վաղվանից

«Ուֆ, հեսա հուլիսն էլ կպրծնի, ու վերջ։ Էլի դասեր ու էլի ամռան կարոտ։ Ամբողջ տարին սպասում եմ ամռանը, ու էդ տնաշենը էնքան արագ ա պրծնում, գնում, մարդ բան չի հասկանում։ Դասերի ժամանակ ա, որ մի օրը դար ա թվում»: Նստած ինձ համար երգ էի լսում, մեկ էլ նայեմ, տեսնեմ՝ ի՞նչ. ամառն ա վերջանում։ Ա~խր շատ արագ ես անցնում, ամառ։ Դասերի ժամանակ ամառվա այնպիսի պլաններ էի կազմել, որ եթե ինչ-որ մեկը լսեր, կնախանձեր ինձ ու կասեր՝ Շուշան, կլինի՞ քեզ հետ գամ ամառը վայելեմ։

«Հըմ, արդեն մայիսը վերջացավ։ Բան չմնաց, հեսա արդեն գնում եմ տուն ու վերջ։ Ամեն առավոտ՝ ժամը վեցից վազք մի կես ժամ, հետո թեթև նախաճաշ ու բոլոր գրքերը, որ պահել էի, դրանք մի շնչով կարդալ ու վերջացնել։ Ոչ մի ֆեյսբուք, ոչ մի բան։ Օգնում եմ մամային, տան ամբողջ գործը ես եմ անում, որ չասի՝ չեմ օգնում։ Պարապում եմ չինարեն, որ բոլոր բացերս լրացնեմ, անգամ մի նոր լեզու եմ սովորում։ Երբ ցերեկվա շոգն անցնի, իջնում եմ մաքուր օդ շնչելու, գալիս եմ ու սկսում եմ կինոներ նայել, բայց էս անգամ վերջ, ոչ մի ռոմանտիկ կինո, կսրգին կինոներ։ Գյուղ կգնամ, սարեր կբարձրանամ ու կվայելեմ օրվաս ամեն մի պահը։ Ե՞րբ ա, է, գալու ամառը, ուֆ։ Էս դասերի պատճառով ոչ մի սիրելի բան չեմ անում»:

…Ամառ։ Տասներեքն անց կես ու դեռևս արթնանալ չցանկացող ես։ Ամեն օր ժամը վեցին, իմ մեծահոգի զարթուցիչն ինձ խնդրում, աղաչում է, որ արթնանամ, բայց ես խոստանում եմ, որ այսօր չէ, բայց վաղը հաստատ արթնանալու եմ ու վերջ, վաղվանից արդեն ոնց պլանավորել էի։ Ու քանի այդպիսի «վաղ»-եր եկան ու անցան, բայց մինչ այսօր ոչ մի օր շուտ չեմ արթնացել: Ախր, մինչև ուշ գիշեր կինո էի նայում. աղջիկը թողել էր տղային, ու նայում էի այնքան, մինչև հասնում էի այն պահին, որ արդեն հաշտվել են։ Թե չէ՝ ամբողջ գիշեր այնքան էի լացելու, որ ավելի լավ էր մի քսան սերիան մի գիշերում նայեի ու խիղճս հանգիստ քնեի։ Մի շատ սիրուն կազմով գիրք ունեմ՝ դրված անկողնուս կողքին, ամեն անգամ ուզում եմ կարդալ , բայց ոնց որ դուրս չի գալիս, ու ֆեյսբուք եմ մտնում դրա փոխարեն՝ գրքին խոստանալով, որ վաղը հաստատ կկարդամ իրեն։ Մինչև արթնանում ու երգ եմ լսում, տեսնում եմ՝ մաման արդեն աշխատանքից եկել է, ու անելու բան չկա։ «Լավ, դե շուտ կքնեմ էսօր, որ վաղը շուտ արթնանամ ու ես տան գործերն անեմ»:

«Վա~խ, էս ինչ կինո ա, քիչ էլ ա, է ՝ մի երեսուն սերիա, հեսա սկսեմ նայել, որ մինչև վաղը արդեն վերջացրած լինեմ»: Ու նման կերպ ամեն օր ես անում եմ այն, ինչ պլանավորել էի՝ արթնանում եմ շատ շուտ՝ վաղ կեսօրին, նախաճաշում եմ ու սենյակից դուրս չեմ գալիս՝ կինո, երգ, ուտել ու նորից կինո։ Զարմացա մի պահ, թե ոնց ժամանակ գտա ու մի քանի տող գրեցի։ Չէ, դե խիղճս հանգիստ է. կինոյիս աղջիկն ու տղան արդեն միասին են։ Նոր վերջացրի նայելս և ուրախ-ուրախ գրեցի:

Բայց վաղվանից արդեն ոչ մի կինո, ոչ մի ֆեյսբուք…