Anahit Ghazakhetsyan

Կներե՞մ, Հայաստան

Դու էն չես, Հայաստան:

Գրում եմ, ու միանգամից մտքիս են գալիս բոլոր էն ուսուցիչները, ովքեր մեկ-մեկ պաթոսաշատ տողեր են ասում, թե՝ «Հայաստանը մեր հայրենիքն է, մենք պարտավոր ենք էս-էն» կամ հեռուստատեսային էն հաղորդումները՝ «Դարերի միջով անցած, բայց գոյատևած երկիր իմ Նաիրյան, և այլն, և այլն»:

Գիտե՞ս, այ Հայաստան, սիրտս խառնում է էս բոլոր արտահայտություններից: Ոնց որ պատմության քառահատորյակով աշխարհընկալմանս գլխին տան: Անկախությունդ պաթոսով են չափում, դրա համար բոլորը գիտեն, լսել են հայրենիք բառը, բայց գոնե հեռու պատկերացում էլ չունեն՝ ինչ ա դա:

Ամեն տարի սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքիս պատին պարտադիր ինչ-որ գրառում էի անում, որի տողերում կամ տողատակերում անպայման կկարդացվեր՝ կներես, Հայաստանս:

Այ հիմա նստել, մտածում եմ՝ ինչի՞ համար պիտի ինձ ներես:

Երևի նրա, որ քեզ բոլորի պես սոսնձել եմ «երկիրը երկիր չի» արտահայտությո՞ւնը: Գիտե՞ս՝ մենք էդ չուզելով ենք ասում, բայց ասելու մեր տոնը էնքան հստակ է, որ էլ դու` սուս: Բայց հո ինչ-որ բան հասցնո՞ւմ է ասելուն:

Կներես, հա՞ ինձ, Հայաստան, որ իմ քաղաքի քիմգործարանը չի աշխատում ու երեկոյան պարապմունքից հետ գալիս ցրտի պես զգում եմ քաղաքի դատարկվածությունը:

Կներես էլի, որ մենք օրուգիշեր քեզ համար այլընտրանքներ ենք որոնում, որ փորձում ենք չակերտալքել «անկախիդ» կարգավիճակը:

Փորձիր ներել ինձ, որ դեռ գյուղեր ունես՝ աշխարհից կտրված, որ կարգին ավտոճանապարհներ չունես:

Կներես, իմ Հայաստան, որ մի բուռ, բռաչափ երկիր ես, բայց բռունցք չես դառնում:

Կներես, Հայաստան իմ, որ ընդամենը 29, 8 հազար կմ2 ես՝ 1000 քաղաքական կողմնորոշումներով:

Կներես, Հայաստանս, որ օդանավակայաններդ հրաժեշտ տվողներով են լցված:

Կներես, որ անունդ տալիս ժայռի մեջ մի բույն չեմ հիշում, այլ ինչ-որ կառավարական խումբ, ինչ-որ Ազգային Ժողով ու չգիտեմ` էլ ինչ:

…Իսկ դու, դու իրականում առավել ես, քան պաթոսախեղդ հայրենիք բառը: Դու Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մեր տունն ես, դու տատիկիս եփած դոլման ես, Գյումրու հին-հին փողոցները, Սյունիքի ու Արցախի բարբառը, դու Չարենցի թանգարանն ես, Խուստուփի լանջերն ու գագաթը, դու Նժդեհի «Ցեղակրոն»-ն ես, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, քեզնից մի մաս Վիլյամ Սարոյանի բեղերում կա, մի մաս էլ՝ Մաթևոսյանիս ճակատի կնճիռներում, դու իմ մեջ միանշանակ ես, երևի նրանից է, որ դու Ես եմ… Որ դու նաև մենք ենք:

Հ.Գ. Իսկ դու կներես իրականում, որ չունեցածդ երեսովդ եմ տալիս: Ասում եմ, որ ունենաս:
Որ լինես: