Anahit Ghazakhetsyan

վանաձոր (փոքրատառ ու սիրով)

Լուսանկարը՝ Անահիտ Ղազախեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Ղազախեցյանի

Գիտեմ, որ բացի մարդկանցից, որոնց մոտ կարող ես միշտ վերադառնալ, կան վերադարձի կետ քաղաքներ:

Գիտեմ, որ ես Վանաձորից տեղափոխվել եմ հետ չգնալու միտքը գիտակցելով, որ էդ մտքով մինչեւ լինելիք կամ չլինելիք վերադարձս ապրելու եմ, որ ամեն անգամ հետ գալիս հասկանալու եմ՝ էլ ոչ մեկ չկա էստեղ. Դավոն չկա, Հովոն չկա, Հրաչը, Դիանը, որ մենք մեկ-մեկ, մի երկու շաբաթ-կիրակի հետ ենք գալիս ու մի կերպ պոկվում Վանաձորից, որտեղ, մարդկանց թվում է, ոչինչ էլ չկա:

Իսկ ես համարյա 18 եմ: Կյանքիս 17.5 տարիները անցել են Վանաձորում՝ ամեն շենք ու փողոց, թաղամաս ու երթուղայինի համար հիշողություն դարձնելով:

Ես ասում եմ՝ հոգնելը բոլորիս պարտականությունն է, մանավանդ 17 տարեկանում, մանավանդ փոքր քաղաքներից, որտեղ դու բառի լայն ու նեղ իմաստներով գնալով ավելի մենակ ես դառնում, որովհետեւ Դավոն բանակ գնաց, Հովոն երկրից գնաց սովորելու, որովհետեւ դու, Դիանն ու Հրաչը օրուգիշեր պարապում էիք, որ գնաք, որովհետեւ 17-ը գնալու տարիքն է:

Լուսանկարը՝ Անահիտ Ղազախեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Ղազախեցյանի

Ես ընկերներիս հաճախ եմ պատմում իր մասին, ասում եմ՝ տեսնելու բան չկա: Հետո պատմում են, որ դու իրենց սիրած քաղաքն ես, որ 17-ից շա՜տ տարիներ անց պիտի գան ու փորձեն մնալ: Ես չգիտեմ՝ 17-ը ստելու տարիքն էլ

է, թե չէ, բայց ես հաստատ գիտեմ՝ Վանաձորը փախուստի ամենահարմար տեղն է: Որովհետեւ Լիլիթը պատմում էր, որ Վանաձորում չինական կենտրոն է բացելու, Էլենը միշտ հետ է գալիս տատիկ-պապիկի մոտ, ամեն ինչ թողնելով ու հետո մի կերպ հետ դառնալով, որովհետեւ հայրիկս միշտ ասում է, որ աշխարհում դրանից լավ տեղ չկա, ու որ մոլորակը համարյա էդ բռաչափ քաղաքի շուրջ է պտտվում:

Լուսանկարը՝ Անահիտ Ղազախեցյանի

Լուսանկարը՝ Անահիտ Ղազախեցյանի

Ես վերեւ եմ նայում ու հասկանում, որ հետդ մեկ-մեկ երրորդ դեմքով եմ խոսել, որ երեւի Երեւանը մեզնից լիքը բան է խլում ու ուրիշների հանդեպ եղած զգացմունքներն էլ է իրենով անում, բայց քեզնում ես խաղաղ եմ, շտապելու տեղ չունեմ, հանդիպելու մարդ չունեմ: Երեւանը մարդկանցով է Երեւան: Դու ամեն ինչով ես Վանաձոր: Դու փշաքաղվելու, լաց լինելու չափ Վանաձոր ես: Բոլորիս գնացած լինելու, բայց գիտակից-անգիտակից քեզ հետ մնալու չափ:

Վանաձոր:

Մեր կիսատ սերերը, Դավի պատմվածքների, ուրվականների, կիսադատարկ փողոցների, ռոքի, դինջերին լսելու քաղաք։

Վանաձոր։