Թբիլիսյան օրագիր. օր 4

Առավոտյան արթնացա աքաղաղի ձայնից։ Հիմա մտածում եք՝ ի՞նչ աքաղաղ, ի՞նչ բան։ Զարթուցիչիս ձայնն էր, աքաղաղի ձայն էր հանում։ Այստեղ որ ժամին էլ որ քնեմ, պետք է առավոտյան ութն անց կես արթուն լինեմ, որպեսզի նախաճաշեմ։

Հյուրանոցում, քանի որ ճաշարանը փոքր է, որոշակի ժամանակահատված են մեզ տրամադրում, որ նախաճաշենք։

Լավ, խոսեմ չորրորդ օրվա մասին։ Մենք մինչև ժամը երեկոյան վեցը ունեինք ազատ ժամանակ և որոշեցինք գնալ ատրակցիոններ։ Հիանալի եղանակ էր։ Ի դեպ, ասեմ, այգին, որտեղ մենք գնացել էինք, շատ հայեր կային, կասեի՝ մեծամասնությունը հայեր էին։ Նստեցինք մի քանի հետաքրքիր ու մի փոքր էլ վախենալու ատրակցիոններ։ Հիանալի ժամանակ անց կացնելուց հետո գնացինք ճաշելու, որից հետո զբոսնեցինք, և մեզ հատկացրած ազատ ժամանակը սպառվեց։

Կեսօրից հետո դարձյալ փառատոնային միջոցառումներ կային: Իսկ թե ինչ արեցինք այնտեղ, ձեզ կպատմի Անուշը։

Դավիթ Ալեքսանյան 

***

Երեկ տոնական օր էր, նշվում էր Վրաստանի «Պիոներ ֆիլմ» ստուդիայի 60-ամյակը։ Կային շատ հյուրեր, ովքեր պատրաստել էին գեղեցիկ պարային և երաժշտական համարներ։ Ցուցադրվեցին շատ հին պատմութուն ունեցող ֆիլմեր: Ներկա էին նաև հեղինակները, որոնք անձամբ պատմեցին դրանց ստեղծման պատմությունները։

Դե, արդեն ասել ենք, որ ֆիլմերի ցուցադրությունն արդեն ավարտվել էր, և երիտասարդական ժյուրին պետք է որոշում կայացներ։ Քննարկումները անցան շատ բուռն, քանի որ 83 ֆիլմից պետք է ընտրվեր միայն մեկը։ Բոլորն իրենց կարծիքն էին հայտնում, նաև հակադրվում մեկ ուրիշի հետ։ Բայց ի վերջո մենք կարողացանք որոշում կայացնել։ Ժյուրիի անդամ լինելը շատ բարդ գործ է։ Ցավով, պետք է նաև համակերպվես այն որոշման հետ, որը բոլորովին էլ քո որոշումը չէ:

Այնուհետև տոնական ընթրիք, որի ժամանակ այպես ստացվեց այնպես, որ ես նստեցի Ուկրաինայից ժամանած խմբի հետ, որոնց շատ հետաքրքիր էր մեր պատմությունը: Նրանք անընդհատ ասում էին, թե մենք և վրացիները շատ մոտ ենք ապրում, բայց ոչ մի ընդհանուր նմանություն չեն կարողանում գտնել։

Սիրում եմ այն պահը, երբ նրանց հայերեն բառեր եմ սովորեցնում, դե իհարկե, նրանք էլ ինձ իրենց լեզվից են բառեր սովորեցնում։ Իսկ վերջում էլ ի՞նչ տոն՝ առանց պարելու։ Բարձր երաժշտություն, պարեր, լույսեր։

Անուշ Հովհաննիսյան