davit gorgoyan

695

Պատուհանից էն կողմ կիրակի էր, մեր առօրյայի պես հասարակ առավոտ՝ մեկ քամի, մեկ ձյուն, մեկ էլ էքստազի հասցնող արև։ Էսօր առանձնակի բախտավոր ենք լսել հրամանատարի քֆրտոցը` բացառապես տաք եղանակը ներծծելով։

Քամին անցնում էր միջովս, շոյում ոսկորներս, հետո թույլ տալիս արևին լիզել երեսս նույն եռանդով, ինչով շարահրապարակի կիսականգնած շներն էին դրանից ոգևորված սիրով զբաղվում: Բավականին տարօրինակ տեսարան օր ու գիշեր նույն սեռի հետ օրն անցկացնողի համար։ Էստեղ գրքերից Կոելիո են շրջանառում` կենդանական կարիքները թեկուզ տեսականորեն բավարարելու համար ու անունը դնում «պարապ չենք մնում»։ Շատերի կույս միտքը առաջին անգամ է պայքարում նման մարտահրավերի դեմ ու չդիմանալով` վերադառնում նույն բողոքներին։

-Ընգեր, առանց հեռախոս էլ չի լինում, չեմ ձգում։ Ես էլ ասի` գամ ստեղ, մի քիչ ցրվեմ: Հորս արև, գիտե՞ս ինչեր էի անում քաղաքացիական կյանքում․ մաշնեն կար, ժամանակը` լիքը, ընգերներս իմ պես ազատ, էսէմէսներին էլ չէի հասցնում պատասխանեի, էլ ընգերուհի ի՞նչ եմ անում։ Թե չէ` էս ի՞նչ ա։ Շարքով ենք գնում զուգարան, արա։

Բացում եմ գիրքը։ Հենց առաջին էջի վրա, կպչուն թղթիկի վրա նշաններ կան՝ էջերի համարներ են։ Ուրախացա, որ գիրքը ճաշակով կարդացողի ձեռքն է ընկել։ Բացում եմ նշված էջերը ու բնավ չեմ զարմանում. առանձնացված էջերը զուտ բաց տեսարաններ են նկարագրում։

Օդը սառն էր ու հաճելի, բայց միանշանակ վատ էր ազդում նախորդ շաբաթվա եղանակը սրտին մոտ ընդունողների համար։ Աչքերդ փակում ես ու երազում` ոտքերդ ձեր բակի սեղանին դրած, ականջիդ՝ Andrea Boceli լսելով ու խնձորը կծելուց հյութալի մասը ողջ հոգով ստամոքսը քաշելու մասին, թույլ տալիս ճառագայթներին այդպես էլ հատված չդառնալով անցնել միջովդ, հալվել, թուլանալ․․․

Էսպես կարելի է խեղդվելու չափ խտանալ ու չհասկանալ, որ օրդ շարահրապարակի վրա ես անցկացրել։ Հարկավոր է մի խռպոտ հազ, քիթը վեր քաշելով շարքով տարածվող աղմուկ, ու անկախ քեզնից, օրվա երկրորդ «վեր կացն ես» հայհոյում։ Բայց և հասցնում եմ նկատել մոտիկ հորիզոնից կախ ընկած սարի վրա, չնայած խորթ թեքությանը, տները մարտկոցիցս հավասար են շարված։ Անգամ վառարանների ծուխն է համաչափ  թեքվում։

Շուրջս խաղաղություն է շնչում, ներսս՝ թմրածություն։

Կիրակին ներս էր լցվել պատուհանների ճեղքերից։ Շաբաթվա ծանրությունը տղերքը (իբր, ուրիշ էլ ովքե՞ր), շաշկու, գրքի, գրչային խաղերի, ժամերով դիմացի միագույն պատերին նայելով են դատարկում։ Մեկը ոտքերի արանքում համազգեստի ավելորդություններն է զգուշությամբ վերացնում, մյուսը` թռցրած հեռախոսն է ձեռքերում պտտում, մեկ ուրիշը անհանգիստ թպրտում է․ քունը տանում է, քնել չի կարելի։ Ինչ-որ ֆիլմ են ցույց տալիս խոհարարի մասին։ Ըհըն, համբույրի տեսարան… Ընդհանուր թմրություն օդ բարձրացավ։ Գոնե բիբերս լայնանար, կամ ասենք, հիշողության վրայից փառը ճաքեր տար, ու սիրտս անհանգիստ թպրտար։ Լավ է գոնե ֆուտբոլ նայելիս էնտուզիազմը չենք կորցրել։ Լավ է, չենք մեռել։

-Ա՛պ, արևը դուրս էկավ, չհելնե՞նք դուրս։

-Դուրսն ի՞նչ ես անում, ֆոտոսինթե՞զ։

Խոսում են ամեն ինչի մասին․ աղջիկներ, մեքենաներ, նկատառումներ ընդհանուր ծառայության մասին։ Խոսում են խորը փիլիսոփայական երանգով, խորաթափանց հայացքով, մտքում մանր-մանր ծամծմելով, գցել-բռնելով, վերամտածելով, պատրաստ լինելով պատասխան տալ «բարև»-ը «ե», «վ»-ով արտասանելու համար։ Զգո՛ւյշ, խորը չշնչես օդը, կթունավորվես։ Կարճ ասած, մենք ստեղծարարներ ենք։ «Ես»-ը պահակակետիցից դուրս ենք թողել, թաղել թփերի արանքում, նոր միայն ներս մտել՝ նորը ստեղծելու։ Թե կարաս` հետդ ներս մտցրու ու դարակիդ չերևացող արանքում պինդ պահիր։ «Ոսկե արծիվ» չեն տա, բայց հերոսի կոչումով դուրս կգաս։ Դրա համար ենք ազատ ժամերին շախմատով զբաղվում։

Ձգտում ենք կատարյալ հավասարության, միօրինակության. շարքով ուտելու, շարքով ծխելու, շարքով նաև թքելու։ Անգամ ծառերն են շարքով ցցված, ճյուղերի այն երկարությամբ, որ համեմատական է մազերիս երկարությանը։ Ահագին անսովոր երևույթ՝ պատուհանագոգին նստած, ոտքերը ծուռումուռ շպրտած, օրը System of a down-ի երգերի տակ անցկացնողի համար։ «Զինվորական կարգապահություն» պիտակի  տակ լարովի խաղալիք են շինում։ Չես մեղադրի, պիտի ապրե՛ս, որ կուլ չգնաս։

-Տղե՛րք,- ականջիս տակ պայթեց մեկի բամբ ձայնը,- կարո՞ղ ա մեկը դարակիս չարազը վերցրել ա։

-Լավ էլի, այ ախպեր։ Մեր մեռած վիճակն ու քո Նոր տարվա չարազը։

Դրսում դեռ կիրակի է։ Ոչ մի բանից հոգնած շները հենվել են գնդապետի մեքենայի անիվներին, կուրծքը բացել արևի առաջ, որը դանդաղ տեմպերով սկսել է հալեցնել ծխարանի տանիքից հավետ կախ ընկած սառցակտորները։

-Տղե՛ք, հասկացե՛ք, որ էս զենքը վերցնելուց դուք արդեն մարդասպան եք։ Պիտի պատրաստ լինեք սպանելու ու չվախենաք դրանից։ Կամ ընկերոջդ կսպանես, կամ հակառակորդին։ Դրան էլ պատրաստ եղեք։ Հրացանի էս անտեր փողի միջից էլ խաղալիք շարիկներ դուրս չեն գալիս։ Մի ձեռքում զենքն են բռնում, մյուսում` ուրիշի կյանքը։

Գիշերը լավ չեմ քնել։ Անջատված նստած եմ լսարանում։

Կիրակին ավարտվեց։ Արթնացա հրամանատարի «ձեռքերիս մեջ մահացավ»-ի վրա։