Սոնա Մխիթարյանի բոլոր հրապարակումները

sona mkhitaryan

Ներառական կրթություն կամ «Դասարանի առաջ» ֆիլմի վերլուծություն

Ներառումը մեր հասարակության մեջ կարևորագույն խնդիրներից մեկն է։ Յուրաքանչյուրս մեր կյանքում պետք է պատրաստ լինենք հանդիպել որևէ խնդրով անձի և ընդունել նրան իր այդ տեսակով հանդերձ։
Ըստ իս՝ ներառումը ոչ միայն տվյալ անձի համար է, այլ բոլորիս, և ոչ թե որևէ խնդիր ունեցող անձն է մեզանից մեկը, այլ մենք ենք նրանցից մեկը։ Տարբերություն դնելը, օտարացնելը կամ վատագույն դեպքում ծաղրանքի ենթարկելը յուրաքանչյուր հասարակությունում հանդիպող երևույթ է, որը գալիս է այդ հասարակության քաղաքակրթությունից։
Այս թեման կարծում եմ Հայաստանում արդի է, սակայն քաղաքակրթությունը դեռ բավականին չի զարգացել, որպեսզի մարդկանց չպիտակավորեն, իրոք, ընդունեն և վերացնեն կարծրատիպերը։ Այս խնդիրը մեր հասարակության շրջանակներում, կարծում եմ, բավականին խորը արմատներ ունի, և չեզոքացնելու համար մեծ աշխատանք պետք է իրականացվի։
Այսօրվա իրականության մեջ կան ընտանիքներ, որոնցում ծնվում են բնածին կամ ձեռքբերովի արատներով երեխաներ, և երեխան առաջին անհանդուրժողականությանը հանդիպում է հենց ընտանիքում։ Որոշ դեպքերում հայրերը չեն ընդունում երեխաներին, իսկ որոշներում՝ մայրերը, ինչպես և ֆիլմում է ներկայացվում։
Մեզանից յուրաքանչյուրի մեջ ապրում է բարի, հանդուրժող, ըմբռնող և հավատով լի մեր «ես»-ը, որին պարզապես պետք է արթնացնել։
Երբ մարդիկ ծնվում են, չգիտեն՝ ինչ սոցիալական միջավայրում են մեծանալու, ինչ անձնային առանձնահատկություններ են ունենալու, և ո՞րն է լինելու իրենց կյանքի փիլիսոփայությունը։
Յուրաքանչյուրիս կյանքում մի օր հայտնվում է մեկը, ով դառնում է մեր կյանքի ուսուցիչը, հանդես է գալիս որպես մոտիվացիայի աղբյուր և որպես օրինակ։ Այդ մարդը մեզ կարող է հանդիպել երթուղայինի մեջ, կանգառում կանգնած, որևէ միջոցառման ժամանակ, կամ էլ ուսումնական հաստատությունում։ Կարևոր մի փաստ նշեմ՝ այդ մարդը մեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին մենք կանք։ Համամիտ եմ՝ ոչ բոլորի կյանքում կարող է հանդիպել այդ մեկը, սակայն հավատը մեզ կարող է փոխել։ Մեզ կարող են դասընկերները, համալսարանականները, ուսուցիչները, անծանոթ մարդիկ և  անգամ ընտանիքիդ անդամները չհասկանալ, չընդունել այնպիսին, ինչպիսին կանք, կարող են ամաչել քայլել մեզ հետ, բայց հավատալը, որ դու կարող ես, ձեռքդ բռնած քեզ կհասցնի այն կանգառ, որտեղ ի սկզբանե ցանկանում էիր հասնել։
Մեզնից յուրաքանչյուրին կարող են մեր որևէ հատկանիշի, առանձնահատկության համար չընդունել, օտարացնել, լինի դա դրական, թե բացասական։ Որովհետև մարդիկ այդպիսինն են։ Կամ նախանձում են, կամ՝ ծաղրում։ Բայց երբ այդ նույն ուսուցիչը հայտնվում է  իրենց կյանքում, սովորեցնում, որ մարդիկ չեն կարող նույնը լինել, բայց կարող են ընդունել իրար և հավատալ՝ այդ ժամանակ են միայն փոխվում, հոտնկայս ծափահարում մեկի անկեղծության համար, ում ծաղրում էին։
Յուրաքանչյուրս ունենք մեր խնդիրները և, ցավոք, մենք շատ ենք սիրում մեր խնդիրներով խղճահարություն առաջացնել դիմացինի մեջ, գուցեև չգիտակցված։ Այդ խնդիրները կարող են լինել տարբեր բնույթի։ Տեսնես մարդկանց որքա՞ն տոկոսն է ամբողջ օրը մարդկանց հաճոյանում, փորձում գիտելիքներն ի ցույց դնել, որպեսզի կյանքում առաջին անգամ իրեն գնահատված զգա, բայց անհաջողակի պիտակով վերադառնում է տուն, հարվածում տան պատերին, ցավից բղավում, լաց լինում, գոռում, նեղանում աշխարհից, բայց առավոտյան ժպիտը դեմքին, լի հույսով կրկին գնում է գնահատված լինելու փնտրտուքներով։
Մենք՝ մարդիկս, շատ վախկոտ ենք։ Միշտ և ամեն տեղ։ Վախենում ենք սխալ գործելուց, վախենում ենք մեր անվան համար, վախենում ենք մնացածի կարծիքից, վախենում ենք հնարավորություն տալուց, վախենում ենք բողոքներից ու չենք տեսնում այն պոտենցիալը, որը  կա մարդկանց մեջ, կամ էլ չենք ուզում տեսնել։ Ինչու՞։ Որովհետև վախենում ենք։
Մեր կյանքում վախկոտները նույնպես ուսուցիչներ են, որովհետև նրանք մեզ սովորեցնում են չլինել իրենց նման և ամեն գնով հասնել այն կանգառ, որտեղ ի սկզբանե ձգտում էիր։ Պայքարել-ձգտել, պայքարել-ձգտել, պայքարել․․․ Երբ անգամ հայրդ քեզ չի հավատում և ընդունում։
Գալիս է մի օր, երբ քո կյանքում հայտնվում է մեկը, ով ցանկանում է քեզ հավատալ, ով հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու և չկորցնելու հավատը ինքդ քո հանդեպ։ Հետո այդ մեկը դառնում է երկու, հետո երեք և մի ամբողջ հասարակություն սկսում է հավատալ քեզ, և քո կարողություններին, ու ընդունում է քեզ քո իսկ տեսակի մեջ։
Եթե դու ունես պոտենցիալ՝ որևէ սինդրոմ չի կարողանա մարել այն։ Կարծում եմ դու հասել ես քո ձգտած կանգառին։ Իսկ ո՞րն է վերջին կանգառը։
Քեզ հավատում են․․․
«Դասարանի առաջ»  ֆիլմի հերոսը կարող է լինել մեզանից մեկը, ով իրոք, կհավատա իր ուժերին։ Վարդգես Պետրոսյանն ասել է․ «Հեքիաթ ունեցեք, և ձեր հոգու մի մասնիկով հավատացեք այդ հեքիաթին»։ Ֆիլմի հերոսը ամբողջ հոգով էր հավատում և ոչ ապարդյուն։

sona mkhitaryan

Ուղղակի շնորհակալություն

Ես Սոնան եմ, ապրում եմ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում և 12 տարի սովորել եմ տեղի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում։ Սովորելուս միայն վերջին տարիներին անգլերեն դասավանդվեց դպրոցում։ Ես ֆրանսերեն եմ սովորել, իսկ անգլերեն սովորելուս ցանկությունը շատ մեծ էր, սակայն չունեի համապատասխան գրքեր ինքս սովորելու համար։ Հիմա դպրոցն ունի անգլերենի ուսուցչուհի, դպրոցն ունի հրաշք կադրեր մեր ապագայի համար, և ունի նաև անգլերենի ուսուցման համար նախատեսված բազմաթիվ գրքեր, որոնք Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքներին են նվիրել «Մանանա» կենտրոնի Լոս Անջելեսի գործընկները։ Նրանց նախաձեռնությամբ տեղի ամերիկահայ երեխաները հավաքել են բազմաթիվ գրքեր, հավաքել են նաև ծանրոցները Հայաստան ուղարկելու գումարը։ image2

Ես և մեր դպրոցը շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր նախաձեռնել են այս ծրագիրը, քանի որ կարծում եմ՝ նման ուսուցանող գրքերը հատկապես գյուղական դպրոցների գրադարաններին պարզապես անհրաժեշտ են։ Դպրոցի աշակերտների համար դրանք կծառայեն իրենց նպատակին։ Աշակերտներից մեկը նույնիսկ անակնկալի էր եկել գրքերի շատ քանակից։ Հուսով ենք՝ այս բարեգործական նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի, և գրքեր կուղարկվեն նաև այլ շրջաններ։image1

sona mkhitaryan

Խառը մտքեր

Գնահատել։ Սիրուն բայ է, չէ՞։ Մենք ամեն քայլափոխի հանդիպում ենք մարդկանց, ովքեր պաթոսով են արտահայտվում. գնահատիր այն, ինչ ունես ու նման բաներ, ու թվում է, թե նրանցից խելացի մարդ չկա այս աշխարհում։ Ընդունում ենք բոլոր ասածները, բայց ընդունել չի նշանակում` հասկանալ։ Խորհուրդ են տալիս, արտահայտվում են, մեզանից ու բոլորից խելացի են թվում, բայց որքանո՞վ են իրենք հասկանում այդ գնահատելու իմաստը։

Դուք երբևէ ապրե՞լ եք ներառական խնդիրներով տարբեր տարիքի անձանց հետ։ Հա, հենց ապրել։ Մեկ շաբաթ։ Շատ դժվար է քեզ չառանձնացնելը։ Զգում ես վախ, անհանգստություն, լարվածություն, հուզմունք, հաց չես կարողանում ուտել։ Նստելով մի սեղանի շուրջ, նայելով նրանց ու քեզ, մեղադրում ես քեզ ու նեղվում շատ։ Սայլակներով մարդիկ, աուտիզմ, մտավոր զարգացման խնդիր ունեցող մարդիկ, Դաունի համախտանիշ, տեսողության խանգարում, իսկ դո՞ւ։ Շուրջդ կանգնածները նայում են քեզ ու երազում են քայելու, տեսնելու ու մարդկանցից չառանձնացվելու մասին։ Իսկ դո՞ւ, ես ու մնացածը ի՞նչ ենք անում։ Մի փողոց ավել չենք քայլում, նստում ենք երթուղային, գիրք չենք կարդում, մեր ուզած կոշիկը չենք գտնում խանութում, ասում ենք, որ ամեն ինչ շատ վատ է։ Երբ շփվում ես, ձեռքն ես բռնում և պարում, հասկանում ես, որ ոչ թե նրանք են քեզանից մեկը, այլ դու ես նրանցից մեկը։ Երբեմն երեկոյան ժամերին, երբ բոլորս մի սենյակում էինք՝ գրեթե 40 հոգի, նայում էի շուրջս ու ինչ-որ բան խեղդում էր։ Նստում էի, նայում ու ինքնաքննադատությամբ էի զբաղվում։ Նրանք չէին հագնվում մոլերից, չգիտեին՝ ինստագրամի սթորին ինչ է, բայց գիտե՞ք՝ ոնց էին ուրախանում, երբ միասին պարում էինք, կամ ինչ որ հարցեր էինք տալիս, որ պատասխանեն։
Մեկ շաբաթում հասկացա, իմի բերեցի ու գնահատեցի այս կյանքում ամենակարևորը՝ թե ինչ արժեք ունի մարդկային կյանքը։
Գնահատել։ Սիրուն բայ է, չէ՞։

Ակնալիճ գյուղի ամառը

Ակնալիճ գյուղի երեխաների ամառը ահա այսպիսինն է: Երեխաները չունեն խաղահրապարակ, և խաղերը կազմակերպվում են փոշոտ, ջարդված ապակիներով, և քարերով լի տարածքում: Երեխաների հետ զրուցեցի: Իրենց համար դա սովորական է, բայց նշեցին. «Դե, մենք քաղաքում չենք ապրում, դրա համար չունենք տենց բաներ»:

Կարևորը խաղալ սիրում են ու խաղում են:

 

sona mkhitaryan

Չբողոքելու նուրբ արվեստը

Բարև: Ուշ-ուշ եմ գրում, կներես դրա համար: Դե, համալսարան, քննություններ, պարապմունքներ, նյարդային նոպաներ: Չես կարող չնյարդայնանալ, երբ տեսնում ես ուսանողների հոծ զանգված, որը միշտ, ամեն ինչից ու ամեն տեղ բողոքում է: Բողոքում են դասախոսներից, ու գիտե՞ք` ինչի համար` թե բա, իրենցից դուրս հարցեր են դրել, ոնց կարելի ա, էսքանը ոնց պիտի հասցնենք, իբր գիտելիք են տվել, հիմա էլ պահանջում են: Իսկ հարգելի ուսանող, դու ե՞րբ եկար էդ դասախոսի դասին հետաքրքրությամբ լի հայացքով դասախոսություն լսեցիր, որ հանգել ես այն եզրակացությանը, թե էդ մարդը գիտելիք չի տալիս: Դուք նման ուսանողներին միայն պիտի հետևեք, թե ինչպես են պաթոսով խոսում` հազիվ էլի, մանկավարժականում սենց էլ պիտի լիներ, նորմալ ա:

Ես անկեղծ չեմ հասկանում` ինչո՞ւ է մարդկանց մեջ նման կարծրատիպ ձևավորվել Մանկավարժական համալսարանի վերաբերյալ: Չէ, դուք ուղղակի սովոր եք բողոքել, արդարանալ, միացնել ու չանջատել ձեր պաշտպանական մեխանիզմները ու մենակ արագ-արագ արդարանալ: Մտածում եք` ԵՊՀ-ում խնդիր չկա, տնտեսագիտականում չկա, ափսոս, ձեզ պիտի հիասթափեցնեմ: Ձեր այդ ասած «գիտելիք չտվող» դասախոսները ամենուր էլ կան, էդ մանր խնդիրներից, որոնք գտնում եք ու կախվում եք դրանցից, ավելի բարդերը կան:

Ես իմ համալսարանի և՛ բացասական կողմերը գիտեմ, և՛ դրական: Եթե ուսանողը ցանկություն ունենա գիտելիք ստանալու, իրեն ոչ դեկանատը կկոտրի, ոչ դասախոսը, ոչ լսարանի շոգ լինելը (այ, էսպիսի մանր խնդիրներից են կախվում):

Ես անկեղծ կարող եմ ասել, որ ԿՀՍ (կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի) ֆակուլտետի շատ դասախոսներ հենց առաջին կուրսից շատ մեծ ազդեցություն են թողել իմ դիրքորոշումների, արժեհամակարգի, աշխարհայացքի, մենթալիտետի, նույնիսկ` բնավորության ձևավորման վրա: Անգամ ձեր ասած «վատ» դասախոսը ինձ շատ բան է սովորեցրել, օրինակ` ինչպես ճիշտ կոնտակտ հաստատել բարդ բնավորության տեր անձի (այդ դասախոսի) հետ: Ես շնորհակալ եմ իմ դասախոսներից յուրաքանչյուրից, ինձ թե՛ լավ, թե՛ վատ դասեր տալու և գիտելիքը փորձ ձեռք բերելու տեսքով մատուցելու համար:

Բաշ-Ապարանի հերոսամարտի տոնը

Այսօր` մայիսի 28-ին Բաշ-Ապարանի հերոսամարտի օրն է, որը Ապարանում յուրաքանչյուր տարի նշվում է մեծ շուքով:

Ապարան քաղաքի մշակույթի կենտրոնի սաների, պատանի զինվորականների մասնակցությամբ տոնը ամբողջացվում է: Քաղաքապետարանի աջակցությամբ քաղաքը զարդարվում է, ամբողջ քաղաքի բնակիչների համար Ապարանի հուշահամալիրի պատկերով տորթ է պատրաստվում, համերգ է կազմակերպվում, ցուցահանդեսներ` մշակույթի սաների ձեռքի աշխատանքները և բազմաթիվ այլ միջոցառումներ:

 

sona mkhitaryan

Կիրառական հոգեբանություն

Ներկայացնում եմ 10 փաստ մեր հոգեկանի, մտավոր կառուցվածքի, վարքային դրսևորումների մասին.

  1. Մեր ենթագիտակցական մակարդակում է պահվում մեր ապրած տարիների յուրաքանչյուր վայրկյանի մասին հիշողությունը (օրինակ` 4 տարեկանում ընկել եմ մեր բակում և վնասել ձախ ծունկս), և եթե մեր ենթագիտակցության և գիտակցության սահմանները խառնվեն իրար` մարդը կարող է հասնել խելագարության: Ենթագիտակցականում պահվող հիշողությունները կարող ենք հիշել հիպնոսի միջոցով:
  2. Մարդու աչքերի բիբերը լայնանում են, երբ նա ստում է կամ էլ տեսնում է իր սիրած էակին:
  3. Երբ փորձում եք պարզել` արդյոք դիմացինը ճի՞շտ է խոսում, խնդրեք նրան՝ իր ասած նախադասությունը վերջից և թարս փորձել կրկնել: Ստելու դեպքում ստողը չի կարողանում թարս կրկնել նախադասությունը:
  4. Չկա որևէ մարդ (բացառությունները շատ քիչ են), ով կարող է իր օրը հստակ պատմել՝ թե օրվա ընթացքում ինչ է արել, երբ (կոնկրետ որ ժամին), որտեղ և այլն: Իսկ այն մարդը, ով հստակ արագ-արագ պատմում է իր օրը, վստահ եղեք, որ ստում է:
  5. Տղամարդը միշտ պետք է կանգնի կնոջ ձախ կողմում, և պետք է երբեք չբռնի կնոջ պայուսակը:
  6. Եթե ձեզ ասում են, որ «ես ընդամենը ուզում էի օգնել», ապա այդ մարդը բամբասանքների սիրահար է:
  7. Դուք երբեք չեք ունենա երկրորդ հնարավորություն առաջին տպավորություն թողնելու համար:
  8. Մարդիկ սիրահարվում են այնպիսի մարդկանց, որոնց մեջ տեսնում են այնպիսի հատկանիշներ, որոնք կցանկանային իրենք էլ ունենալ:
  9. Եթե գիշերները Ձեզ տանջում են մղձավանջները, ուրեմն դուք մրսում եք քնած ժամանակ: Գիտական փաստ է՝ որքան ցուրտ է ննջասենյակը, այնքան վատ երազներ տեսնելու հավանականությունն ավելի մեծ է:
  10. Մարդու մասին կարծիքը ձևավորվում է հանդիպման առաջին 4 րոպեների ընթացքում` առաջին 10 վայրկյանների ընթացքում այն ձևավորվում է, մնացած ժամանակահատվածում` ստուգվում:

Հոգեբանության իմացությունը դժվարացնում է կյանքը, իսկ դրա կիրառումը հեշտացնում է այն:

sona mkhitaryan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Սոնա Մխիթարյան

Առաջնահերթ նշեմ ամենամեծ ձեռքբերումս, որին հասել եմ 17-ի շնորհիվ, դա իմ համարձակ լինելն է ազատ արտահայտվելու մեջ: Ես կարող եմ գրել ամենատխուր թեմաներից, որոնք կարող են կապված լինել շրջապատի, ապրելավայրի, նույնիսկ ընտանիքի հետ: Կարող եմ գրել այնպիսի թեմաներից, որ ընթերցողը ինձ ասի` բա չե՞ս վախենում: 

17-ը, իսկապես, շրջադարձային եղավ իմ կյանքում` 16 տարեկանից սկսած: Հնարավոր է քաղաքում ապրողների համար ինչ-որ միջոցառումներին բեյջեր կախելը սովորական բան է, բայց էդ շրջանում,  երբ մասնակցում էի որքշոփի, ինձ էնքան էր պարտավորեցնում էդ բեյջը, որի մեջ իմ անունն էր, որն ուղղակի անունս հիշելու համար էր, ես ուզում էի միշտ կրեի, որ ինձ մեծ զգայի, կամ դա մեծ լինելու հետ հնարավոր է կապված էլ չի:

Երբ իմացա, որ ընտրվել եմ որպես մեդիա ճամբարի մասնակից, բառիս ուղիղ իմաստով 7-րդ երկնքում էի: «Մամ, ինձ ճամպրուկ ա պետք, մամ նոր բաներ պիտի առնենք, մամ էս բլուզը տանե՞մ, թե՞ էն կանաչը»:

«Մանանա», դու չես պատկերացնի, թե դու ինձ ոնց ես մոտիվացրել ամբողջ կյանքի համար, թե ինչքան էնտուզիազմ ես ներարկել ինձ:

Դու ինձ տվել ես լիքը ընկերներ Հայաստանի ամբողջ տարածքից, էնպիսիններին ես տվել, որ մենք երբեք չենք հանդիպել, բայց վիրտուալ հարթակում շփվելով բավականին մտերիմ ենք:

Դու ինձ տվել ես ճանաչում. «Վայ, մեր 17-ի Սոնան ա»:

Դու ինձ տվել ես կրեատիվ մտածողություն, զարգացած լինելու մակարդակ, 16 տարեկանից ուղի ես հարթել ու ձեռքս բռնած օգնել ես ինքնակերտման ճանապարհին:

Դու ինձ դարձրել ես քոնը, իսկ ես քեզ դարձրել` իմը, մերը:

Մեր 17, շնորհավոր բոլորիս 5 տարին:

sona mkhitaryan

Արդեն պրակտիկանտ եմ

Այս նյութում ներկայացնում եմ իմ կուրսեցի հոգեբան-պրակտիկանտների կարծիքները պրակտիկայի, ներկայիս դպրոցների, մանկավարժական գործունեության վերաբերյալ։ Հետևելով գաղտնապահության սկզբունքին՝ չեմ նշում անուններ։

Պրակտիկանտ 1․ – Ես գնում եմ պրակտիկայի մի դպրոց, որը իր բարեկարգ տեսքով բոլորին այլ բան է ասում։ Դպրոցն ունի բավականին շատ աշակերտներ, դասարանները չեն բավականացնում դասի անցկացման համար, ու ստիպված ֆիզկուլտուրայի դահլիճում են դաս անցկացնում կամ բուժքրոջ սենյակում։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչը ոտքով հարվածում է տղաներին։

Պրակտիկանտ 2․ – Մեկ այլ դպրոցում եմ։ Մաթեմատիկայի ուսուցչուհին դասարանը չի կարողանում կառավարել, տետրով հարվածում է երեխաների դեմքին։ Դասի ժամանակ աշակերտի ինքնազգացողությունը վատացել էր, բուժքույրը եկավ, միայն ճնշումը չափեց, ավել՝ ոչ մի բան։ Միայն տնօրենն էր փորձում որոշակի օգնություն ցուցաբերել։

Պրակտիկանտ 3․ -Մինչ պրակտիկայի գնալը, ունեի բազմաթիվ մտքեր և սպասումներ թե՛ դպրոցի, և թե՛ պրակտիկայի ղեկավարների հետ կապված։ Սկսեմ դպրոցից: Պատկերացրեք մի դպրոց, որտեղ տիրում են «տերթոդիկյան» մեթոդներ, որտեղ հաշված ուսուցիչների կարելի է համարել մանկավարժ։ Ինչպե՞ս կարելի է աուտիզմով երեխային հարվածել հրահանգները չկատարելու համար։ Ես հատուկ հոգեբան չեմ, բայց բավականին ինֆորմացված եմ աուտիզմ ունեցող երեխաներից։ Դպրոցը չունի հոգեբան։ Պրակտիկայի ղեկավարներին որևէ հարցով դիմելիս ստանում ենք հետևյալ պատասխանը․

-Երեխեք ջան, սա պասիվ պրակտիկա է, մենք ձեզանից ոչինչ չենք պահանջելու։

Մենք տեսնում ենք այլ խմբերի, որոնք ունեն բավականին առաջադրանքներ, իսկ մենք ինչ ուզենք, դա կարող ենք անել (անորոշություն):

Դիտում եմ իրականացրել ֆիզկուլտուրայի դասաժամին․ ֆիզկուլտուրայի ուսուցիչը այնպես բղավեց ներառական կրթություն ստացող աշակերտի վրա, որ աշակերտը տևական ժամանակ վախենում էր խոսել (նշեմ, որ նման դեպքերում վախից երեխայի մոտ կարող է առաջանալ կակազություն)։ Բուֆետում հավաքվում են ուսուցիչները ու սկսում քննարկել աշակերտներին և նրանց ընտանիքները։

Պրակտիկանտ 4․ -Առաջին օրից էլ լավ ընդունելություն եղավ, ինքնահաստատվողների ու անկայունների չտեսանք։ Շատ պատրաստված են թե՛ ուսուցիչները, թե՛ տնօրենը, թե՛ պահակը, և թե՛ աշակերտները: Ուսուցումը բացառիկ կրեատիվ է, կան ուսուցիչներ, որոնք կարողանում են ներգրավել բոլորին դասապրոցեսի ընթացքում։

Պրակտիկայից ես իմ ձեռքբերումները կունենամ, իհարկե, բայց ի՞նչ է նշանակում՝ թարգմանեք այս թեստը, որպեսզի կարողանան կիրառել աշակերտների հետ, իսկ թարգմանելուց հետո էլ՝ վատ թարգմանություն էր, այն դեպքում, երբ դու նոր ես սկսում քայլեր անել, որպեսզի լեզվի իմացությանդ մակարդակը մի քիչ բարելավվի:
Սովորեցնում են, այլ ոչ թե ասում՝ մենք անցել ենք նույն ճանապարհով, դուք նույնպես պետք է անցնեք այդ նույն ճանապարհով: Ոչ, շնորհակալ եմ:

Մոտիվացիան էսպիսի դեպքերում գրեթե զրոյանում է, բայց դպրոցը, դասապրոցեսի անցկացման կարգը ուղղում են մեզ իրենց կողմ։

Այսքանը, իսկ մեզ՝ լավ, հաջող պրակտիկայի պաշտպանություն։

Երբ դասախոսները բողոքում են ուսանողների չսովորելուց, անպատասխանատու լինելուց, մոտիվացիա չունենալուց, ապա հարց՝ արդյո՞ք ուսանողները նույն պատճառաբանություններով բողոքելու տեղ չունեն։ Երբ պրակտիկանտին ասում են՝ մենք ձեզանից բան չենք պահանջելու, դա ի՞նչ է, եթե ոչ մոտիվացիայի ոչնչացում։ Կամ երբ ասում են՝ մի մտածեք ձեր գնահատականի մասին։ Ինչո՞ւ եք մտածում, որ ուսանողի մոտիվացիան միայն գնահատականն է, բա գիտելի՞քը։ Չէ՞ որ մենք գումար ենք վճարում։ Ես, իհարկե, ուսանողների մի հատվածի մասին եմ խոսում, որովհետև կան շատ ուսանողներ, որոնց նման վիճակը «ձեռք է տալիս»։

 

sona mkhitaryan

Մեր գյուղում իրավիճակ չի փոխվել

Չգիտեմ` մնացած մարզերում ինչպես է, բայց մեզ մոտ արդեն գարուն է։ Դուք չեք պատկերացնի, թե տանտիկինները ամեն նոր գարնան ինչպես են սպասում։ Չէ՛, ծաղկած բալենիներով հիանալու ու սելֆի անելու, ֆեյսբուք գցելու ու սիրուն տողեր գրելու համար չէ, ոչ էլ բակի նարգիզները ծաղկամանով հյուրասենյակում դնելու համար, այլ ուրախանում են, որ դաշտերում աշխատանքի կգնան։ Գիտե՞ք, մեզ մոտ կանայք ուրախանում են, որ աշխատելու են, այն էլ օրական ոչ թե 5000 դրամով, այլ 6000 (երկրում իրավիճակ է փոխվել), ուրախանում են, որ Ռուսաստանից իրենց ամուսիններին կանչել են աշխատելու, ու իրենց երեխաները, այդ ամենը տեսնելով, զգալով, բայց չարտահայտվելով` գնում են խանութ ու փորձում 1500 դրամի սահմանում ընտրել «երևացող» նվեր իրենց մայրիկի համար։ Ինչ խոսք, պատկերը տխուր է։

Մեր հարևան բոլոր կանայք միասին մի տեղում են աշխատում, ու ինչպես իրենք են ասում.

-Դեղ կուլ տալով աշխատում ենք, էլի։

Մեկը աշխատում է, որովհետև ամուսնու առողջականը չի ներում աշխատելու համար, մյուսն աշխատում է, որովհետև զինվոր որդի ունի, մեկն աշխատում է, որովհետև ուսանող ունի, մյուսն էլ՝ որովհետև «ճակատին է գրված»։

Գյուղական համայնքներում պատկերն այսպիսին է, և ես ցավով եմ գրում այսքանը։
Այսքանը…