sona mkhitaryan

Նամակ՝ քեզ

Վերջերս 17-ը «Տարվա մարդը» խորագրով մրցույթ էր հայտարարել, որին չմասնակցեցի՝ չկողմնորոշվելու պատճառով։ Ես գրում եմ հիմա մեկի մասին, ով եղել է իմ 2019-ի տարվա մարդը, ներկայիս 2020-ինը ու լինելու է իմ գալիք բոլոր տարիներինը։

Բարև, նորից կամ կրկին։ Երբ երկու հարազատ մարդիկ հանգամանքների բերումով հայտնվում են օվկիանոսի երկու տարբեր կողմերում և միմյանց հրաժեշտ են տալիս՝ մի օր կրկին հանդիպելու պայմանով, ուրեմն ինչ-որ բան դեռևս լավ է։ Առանց քեզ բացվող ամեն նոր օրվա հետ ինչ-որ բան փոխվում է ներսումս։ Չէ՜, դեպի լավը, դրականը։ Մարդիկ հայտնվում են քո կյանքում ինչ-որ նպատակ հետապնդելով, ու նման մարդիկ քեզ փոխելու հատկություն ունեն։ Դու սկսում ես շատ ավելին հասկանալ ու գնահատել, քան մինչ այդ։ Քեզ զգում ես մի պլաստիլին՝ երեխայի ձեռքում, ընդ որում՝ այդ երեխան հենց դու ես, ու սկսում ես պատկեր ստանալ։ Սկսում ես քեզ խմորի պես հունցել, իսկ լավ խմորի համար անհրաժեշտ է մի քիչ թթխմոր, որը քեզ տալիս է նա։

Ես բազմիցս ինչ-որ տողերով փորձել եմ բացատրել քո կարևորությունը, իսկ հիմա՝ օվկիանոսից այս կողմ բառեր գտնելու հարցում դժվարանում եմ։

Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ կարևոր մարդկանց մասին չեն բարձրաձայնում, բայց ես ուզում եմ բոլորին պատմել քո՝ այդքան խելացի տեսակի մասին, ուզում եմ փողոցում քայլող անծանոթներին մոտենալ ու պատմել քո նախասիրությունների մասին, ընկերներիս ուզում եմ ասել այն արտահայտությունները, որոնք միայն դու ես ասում։

Ես երջանիկ եմ այս տողերը գրելու համար, և գիտե՞ս՝ դու կարող ես ուղղակի լինել։ Հեռու, մոտիկ, բայց լինել։