Գայանե Ստեփանյանի բոլոր հրապարակումները

Սուրբ Գայանեի տաճարում

Եկեղեցիներ այցելելը ինձ համար շատ սիրելի է, քանի որ հենց այնտեղ էլ գտնում եմ հոգուս խաղաղությունը, կարծես հեռանում եմ այս աշխարհի մութ և կեղտոտ վարք ու բարքերից ու մտնում մի լուսավոր մաքուր աշխարհ։

Միշտ ցանկացել եմ լինել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում՝ թերևս ամենաշատը նրա համար, որ ես անվանակոչված եմ հենց այն սրբուհու անունով, որի պատվին կառուցվել է եկեղեցին։ Այո՛, Հռիփսիմյանց կույսերից Գայանեի։ Հունիսին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հռիփսիմյանց կույսերի տոնը:

Երազանքս,որը արդեն երազանք չէր, քանի որ հասկանում էի, որ այնտեղ հասնելը այդքան էլ դժվար չէ՝ կատարվեց։

Եկեղեցի դեռ չմտած արդեն սրտումս դող առաջացավ: Արդեն միայն ճարտարապետական այս հոյակերտ կոթողը բավարար է զգաստանալու, ոգեշնչվելու համար: Աղոթող մարդիկ, բակում տնկված բազմաթիվ գեղեցիկ ու անուշաբույր վարդեր, գեղեցիկ խոտածածկ այգի: Եկեղեցու հարևանությամբ լռության մեջ թաղված փոքրիկ գերեզմանադաշտ, որտեղ թաղված են մեր ժողովրդի բազում մեծանուն մարդիկ:

Էջմիածինը շատ սիրեցի, իսկ Սուրբ Գայանե եկեղեցու հետ շատ խորը կապերով կապվեցի, այն այնքան հարազատ դարձավ իմ սրտին։

Gayane Stepanyan

Հայ գրականությունը

Միշտ զարմացել եմ, թե ինչու են մարդիկ բողոքում հայ գրականությունից, հայ գրողների թողած գանձերից ու նախընտրում միայն արտասահմանյանը։

Օլիմպիադայի գնալիս միշտ ծանոթանում ենք օլիմպիականներով, զրուցում մեր նախասիրություններից ու գիտելիքներով կիսվում։ Մի անգամ նույնպես օլիմպիականների հետ ծանոթացա և շատ հետաքրքիր թեմաներից զրույցներ ունեցա նրանց հետ, իսկ երբ հերթը հասավ գրքերին, ես լինելով հայ գրականության մեծ երկրպագու, սկսեցի պատմել Բակունցի, Րաֆֆու և այլոց հիանալի ստեղծագործություններից, ներկայացնել դրանցից հատվածներ (Օրինակ՝ Սամվելի «Արտասուքի աղբյուր» հատվածը) և այն երեխաները, ովքեր զրույցը սկսել էին Չարենցի կյանքի դաժան պահերը նկարագրելով՝ հեքիաթայինը թողած, կլանված ինձ էին լսում, մոռացած նույնիսկ, որ մի քանի րոպե առաջ ասում էին, որ մեր գրքերը համեմատած արտասահմանյանին, մեղմ ասած, ստացված չեն, սակայն նույնիսկ չէին կարդացել այդ գրքերից գոնե հինգը։

Ուժեղ ձգողականություն ունի Հայ գրականությունը, ամեն թեմայից ակնարկ կա, զարգացած, կիրթ խոսք կա, հայրենասիրության ամենավառ արտահայտումների մասին էլ խոսք չի կարող գնալ։ Հայ գրականության մեջ կան ստեղծագործություններ, որոնք կհամեմատվեն համաշխարհային շատ հանրահայտ գործերի հետ: Ուղղակի պետք է լավ ներկայացվեն։ Լավ ներկայացվելու դեպքում դրանք կարող են դառնալ նույնիսկ Հայաստանի այցեքարտը։

Պետք է սիրել հայրենիքը, հայրենիքի բարձրությունը հասկանալ և չհասկացողի հետ էլ բանավիճել, բայց դատարկ կռիվ չանել, այլ պատմել, ներկայացնել մեր ժողովրդի պատմությունը, անցած ճանապարհը։

Հայ ժողովրդի բարձրությունը ամփոփվում է բոլոր դարերում նրա ծնած զավակների գրած ստեղծագործություններում։

gayane stepanyan new

Երազանքից նպատակ

Երազանքն է, որ կյանքին իմաստ ու գույներ է հաղորդում, բայց ամենակարևորը այն է, որ երազանքդ դառնա նպատակ, քանի որ այդպես կյանքի գույները մեկ այլ երանգ են ստանում:

Ես չափից շատ եմ սիրում երազանքներ պահել ու հույսս միայն ինձ վրա դնելով շարունակում եմ դրա վրա շատ ջանք թափել և ինքս եմ այն ի կատար ածում, իհարկե Աստծո բարեհաճությամբ: Դա նշանակում է, որ այն, ինչ ես մտապահել էի, ինձ համար արդեն լոկ երազանք չէ, այլ արդեն նպատակ:

Ինձ ճանաչողները կհաստատեն, որ ես ամեն առիթ փնտրում եմ, որպեսզի ծանոթանամ ինչ-որ վայրի, կամ մեկ այլ ժողովրդի մշակույթի հետ, բայց դրա հետ մեկտեղ ունեմ անկայուն բնավորություն։

Ֆլեքս 2021-ը ինձ համար արդեն նպատակ էր դարձել, սակայն ես որոշել էի դրա վրա աշխատել 2 ամիս առաջ, ու այդպես էլ, չեմուչում անելով, մտածելով, որ չեմ հարմարվի նոր նիստուկացի, երկմտում էի, բայց մայրիկիս ասած` ռիսկը գործի կեսն է, որոշեցի ամուր կամք ունենալ  և գոնե մեկ ամսում անել 3 ամսվա բացթողումս։

Ուզում եմ, որ մեր բոլոր պատանիները հենց այս պահին թողնեն իրենց այնքան էլ  ոչ օգտակար հոբբիները և վազեն իրենց նպատակի հետևից, քանզի այսօր մեզ պետք են ավելի գիտակ երիտասարդներ` երկիրը բարգավաճ դարձնելու համար։

gayane stepanyan syunik

Գարունը

Գարունն սկսվում է այն ժամանակ, երբ գրիչս ձեռքս եմ վերցնում, բայց աչքս դրսում է, սիրտս` դաշտերում։ Մանուշակները բացվել են, կակաչները կանաչել են, ուր որ է` գլուխները պատրաստվում են դուրս հանել, բանջարը, սինձը, սիբեխը դուրս են եկել, իսկ ես տանը նստած եմ` դեռ գրում եմ, ջնջում։

Գարուն է, մարդու անատոմիական և մտավոր վերելքի թերևս ամենաբուռն շրջանն է։ Ի՞նչ է պետք մարդուն, դե իհարկե, արևոտ եղանակ, բարձր տրամադրություն ու գարնան բույր, ահա և ապահովված է տրամադրվածությունը դեպի նպատակներ հասնելու ուղով վազելու։

Մանուշակների բույրը ինձ ամենաշատն է մոտիվացնում, իսկ այն հաճույքը, որ բանջար քաղելիս այն ծակծկում է մատներդ, բայց դու դիմադրել ամենևին էլ չես ուզում, դա նշանակում է, որ դու արդեն ներդաշնակության մեջ ես բնության հետ։ Գարունը ինձ համար բնություն է, քանզի երկուսն էլ ասոցացնում եմ կանաչի, թարմության և բուրավետության հետ։

Գարնանը ինչպե՞ս կարող ես հանգիստ նստել, երբ այն պահանջում է վազել, փնտրել, գտնել։ Մտնել դաշտ, փնտրել ծաղիկներ, բույսեր, քաղել դրանք և ահա, բավականություն ստացած հետ վերադառնալ ու շարունակել կյանքը։ Կտրվում ես կյանքից, փորձիր մեկ անգամ և կհամոզվես, որ գարնան դաշտերը իրենց ներդաշնակությամբ քեզ դրախտ են թվում երկրի վրա։ Թվում է, թե այս աշխարհը դեռևս այսպիսին չի էլ եղել, բայց ամեն տարի երեք ամիս աշխարհը հենց այսպիսինն է` խաղաղ, ներդաշնակ, հաճելի։ Գարունը փնտրտուք է. փնտրիր, գտիր քո նպատակը գարնանը, որը երեկ երազանք էր թվում, և իրականացրու, որովհետև գարունը ամենատրամադրող եղանակն է հասնելու «անհնարին» կոչվող ցանկությանդ, որը երբեք էլ անհնար չի եղել։

Սիրիր գարունը և գեթ մեկ օր քեզ տուր գարնանը։

Չափման միավորը` Հայ Զինվոր

Այս օրերին Զինվորների մասին շատ եմ ուզում գրել, բայց նաև շատ եմ դժվարանում։ Պատերազմի առաջին օրից մտքիս մեջ մի նոր նյութ եմ գրում, ապա ջնջում, մի քանի տող փոխում, ապա ամբողջ տեքստն եմ ջնջում ու սկսում նորի վրա աշխատել։ Պատճառը ձեզ այդքան գովելու անհագ զգացումն է, երևի բառերս չեն հերիքում։

Շատ կուզեի այս տեքստը լիներ մի պարտադրված շարադրություն, որը ուսուցչուհին գրականության ժամին առաջադրած կլիներ, ու դասարանի մի մասը կասեր` այո, եկեք գրենք, իսկ մյուսները կտրտնջային։ Չէ, էս տողերս պարտադրված չեմ գրում, բայց պարտավոր եմ գրել։

Գիտե՞ք, ես ամեն օր առավոտյան արթնանալուց հետո օրվա անելիքներս եմ վերհիշում, ու մտածում եմ, որ շատ-շատ անելիք ունեմ ու չեմ կարող այդքանը անել, իսկ այսօր ձեր անելիքները պատկերացնելիս իմ անելիքները չանելու համարձակություն չեմ գտնում։ Դուք ազգ եք պաշտպանում, միլիոնավոր մարդկանց, բայց և այդքան բարդ գործն անելիս ժպտում եք, հեռախոսով ընտանիքի հետ խոսելիս գոտեպնդում եք: Ճիշտ է, հոգում զգացածը այնքան էլ ուրախ ու բարի բան չէ, բայց ժպտում եք։ Ձեզանից դեռ շատ բան պետք է սովորենք, երբ մեզ չափից դուրս հայրենասեր զգանք։

Դուք Միավորների Միջազգային Համակարգում մի նոր մեծություն ներմուծեցիք՝ հայրենասիրության չափման միավորը` Հայ Զինվորը։

Ձեզնից ոմանք դպրոցում ծուլություն էին անում, իսկ հիմա բոլոր զենքերի մասին ամեն տեղեկություն այնքան լավ եք սերտել, որ մենք նույնիսկ մեզ պրոֆեսիոնալ համարող ֆիզիկոսներս՝ ֆիզիկայից, կենսաբաններս՝ կենսաբանությունից, բնագետներս՝ բնագիտությունից, կամ առևտրականներս՝ առևտրից այդքան բան չգիտենք։

Դուք հայ մարդու վեհ օրինակ եք, ով գերազանցեց մեր պապերին ու ապուպապերին։

Ու երևի դուք կլինեք իմ գրած առաջին գրքի անպարտ հերոսները, ովքեր հայրենիքի հաղթանակը ավելի վեհ գնահատեցին, քան իրենց կյանքը։

Ապրեք տղերք, կաղոթենք ձեզ համար մինչև ձեր տուն վերադառնալու վերջին օրը։

gayane stepanyan syunik

Ապրիլյան ձյունը Շամբում

Շամբի կլիման մեղմ է, սակայն ձյունը մեր բնակավայրը չշրջանցեց։

Համագյուղացիներից շատերն են տուժել։ Առավել հանգամանալից պարզաբանելու համար զրուցեցի տատիս հետ։

-Տատ, ձյուն հաճա՞խ է տեղում այս բնակավայրում։ Ձմռան ո՞ր ամիսն է առավել ձնառատ։

-Ոչ, հաճախ չի տեղում։ Ձմռան ամիսներից փետրվարն է առավել ձնառատ։

-Գարնան այս ամսին տեղած ձյունը մեր այգուն մե՞ծ վնաս է պատճառել։

-Այո, ծիրանենու բողբոջները ցրտահարվել են, և ոչ միայն ծիրանենու։ Ցրտահարվել են նաև սալորենու, ընկուզենու և շատ-շատ այլ պտղատու ծառերի բողբոջներ։ Ընդհանուր վնասը կազմում է համարյա ամբողջ այգու 80%-ը։

-Այգու բերքը հաճա՞խ է ցրտահարվում։ Մոտավոր քանի՞ տարին մեկ։

-Կլիման մեղմ է, սակայն 3 տարի անընդմեջ՝ ընկույզը, 2 տարի անընդմեջ ծիրանը ցրտահարվում են։ Մյուսները էլի ցրտահարվում են, բայց ոչ այդքան հաճախ։

-Ամենաթույլ բողբոջները ո՞ր ծառինն են։

-Ընկույզի բողբոջները։

-Իսկ միայն մրգերի՞ն է վնասել այս ապրիլյան ձյունը:

-Ոչ, խոշոր եղջերավոր անասունների մսուրային շրջանը երկարել է, անասունները պակաս են կաթ տալիս, հավերն էլ՝ պակաս ձու։

20200424_192307

-Հաճա՞խ ես հետևում եղանակի տեսությանը։

-Անպայման։

-Մայիսը դեռ առջևում է, ի՞նչ ես կարծում՝ մայիս ամսին ձյուն կգա՞։

-Իմ կարծիքով՝ վտանգ դեռ կա մինչև մայիսի կեսերը։

-Ինչի՞ հետ ես կապում այս ապրիլյան ձյունը։

-Բնության պատիժն է մարդկությանը։ Աստված նույնպես բարկացած է։

-Բանջարեղենին վնաս տվե՞լ է։

-Հետաձգում են վարը, պատճառը վախն է։

20200424_193011

gayane stepanyan syunik

Արտակարգ դրությունն ու մենք

Այսօր չքնաղագեղ գարնան սիրուն օրերից մեկն է, և ես չեմ կարող դուրս գալ ընկերներիս հետ քայլելու, գեղեցիկ նկարներ անելու։ Այսօր բացեցի նկարներս և ինձ ծանուցում եկավ, որ 1 տարի առաջ այս օրը մենք ընկերներով հավաքվել էինք ու նկարները դրանց գեղեցիկ ապացույցներ էին։ Ես դեմ չեմ տանը մնալուն, բայց ինչ եք կարծում՝ հաճելի՞ է տանը մնալն ու չվայելելը գարնան ծաղիկների բույրը։ Իհարկե, գիտեմ ոչ մեկին էլ հաճելի չէ։

Ես չէի ուզում խոսել կորոնավիրուսից, սակայն այս իրավիճակում ինչից էլ խոսես՝ հանգելու ես այս վարակին։ Երբ նույնիսկ ընտանիքով ընթրում ենք, խոսակցության առաջին թեման  կորոնավիրուսն է։

-Ասում են՝ այսօր 20 հոգով պակասել ա հիվանդացածների թիվը։

-Եթե էս շաբաթ նվազեց, ուրեմն վերջ։

-Հա, հազիվ կկարողանանք գնալ դպրոց։ Էս առցանց դասերի մեծ հոգսից էլ կազատվենք։

Այո, առցանց դասերը մեր և մի շարք այլ ընտանիքներում ոչ այլ ինչ է, քան հոգս։ Մայրս դաս է բացատրում, քույրս դաս է լսում, ես դաս եմ պատմում, իսկ կրտսեր քույրս, եթե ստացվի, մուլտֆիլմով կխաբվի, եթե չէ՝ գոռալով վազվզում է տանը։

Ինձ շատ զավեշտալի են թվում այն մարդիկ, ովքեր կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքից գնում են շատ-շատ (մեկ տարվա պաշար)։ Թող սա փնովանք չթվա, բայց իմ կարծիքով՝ կարող ենք գնել հիգիենայի ապրանքների մեծ պաշար, որոնք ունեն մի քանի տարվա պիտանելիության ժամկետ և կարող ենք հանգիստ մի քանի ամիս օգտագործել, իսկ սննդամթերքը (մանավանդ՝ ձուն) ունի մի քանի օրվա պիտանելիության ժամկետ։ Եվ դուք կարծում եք, որ 3 օրում կկարողանաք 100 ձու օգտագործե՞լ։

Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա այս կարանտինը հարմար ժամանակ է՝ պատրաստելու այն ամենը, որոնց համար ժամանակ չես ունեցել, և ոչ միայն պատրաստելու։ Ունես լայն հնարավորություններ ընթերցանությամբ զբաղվելու։ Ես էլ իմ կողմից գրքեր խորհուրդ կտամ, որոնք պետք է անպայման կարդալ։ Շատ լավ գրքեր կան մեր դպրոցական գրականության մեջ։ Եթե չես սիրում պարտադիր գրականությունը լրիվ կարդալ, ապա խորհուրդ կտամ բաց չթողնել Նար-Դոսի «Սպանված աղավնի», «Ես և Նա» ստեղծագործությունները։ Վիլյամ Սարոյան խորհուրդ կտամ, հատկապես՝ «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Ակսել Բակունցից «Մթնաձոր», «Ալպիական մանուշակը» կարճ, բայց շատ իմաստալից պատմվածքները։ Շատ գրքեր կան, որոնք կարդալիս բավականություն կստանաք։

Չմոռանանք ֆիլմերի մասին։ Էլի խորհուրդ եմ տալու մեր հայկական (սովետական) ֆիլմերը։ Եթե չեք դիտել «Թթենին», «Խոշոր շահումը», «01-99»-ը, ուրեմն՝ ճիշտ ժամանակն է, իսկ եթե դիտել եք, ուրեմն նորից դիտեք, հաստատ չեք փոշմանի։

#ՄՆԱՏԱՆԸ և մաքսիմալ քիչ շփվիր մարդկանց հետ։