gayane stepanyan syunik

Գարունը

Գարունն սկսվում է այն ժամանակ, երբ գրիչս ձեռքս եմ վերցնում, բայց աչքս դրսում է, սիրտս` դաշտերում։ Մանուշակները բացվել են, կակաչները կանաչել են, ուր որ է` գլուխները պատրաստվում են դուրս հանել, բանջարը, սինձը, սիբեխը դուրս են եկել, իսկ ես տանը նստած եմ` դեռ գրում եմ, ջնջում։

Գարուն է, մարդու անատոմիական և մտավոր վերելքի թերևս ամենաբուռն շրջանն է։ Ի՞նչ է պետք մարդուն, դե իհարկե, արևոտ եղանակ, բարձր տրամադրություն ու գարնան բույր, ահա և ապահովված է տրամադրվածությունը դեպի նպատակներ հասնելու ուղով վազելու։

Մանուշակների բույրը ինձ ամենաշատն է մոտիվացնում, իսկ այն հաճույքը, որ բանջար քաղելիս այն ծակծկում է մատներդ, բայց դու դիմադրել ամենևին էլ չես ուզում, դա նշանակում է, որ դու արդեն ներդաշնակության մեջ ես բնության հետ։ Գարունը ինձ համար բնություն է, քանզի երկուսն էլ ասոցացնում եմ կանաչի, թարմության և բուրավետության հետ։

Գարնանը ինչպե՞ս կարող ես հանգիստ նստել, երբ այն պահանջում է վազել, փնտրել, գտնել։ Մտնել դաշտ, փնտրել ծաղիկներ, բույսեր, քաղել դրանք և ահա, բավականություն ստացած հետ վերադառնալ ու շարունակել կյանքը։ Կտրվում ես կյանքից, փորձիր մեկ անգամ և կհամոզվես, որ գարնան դաշտերը իրենց ներդաշնակությամբ քեզ դրախտ են թվում երկրի վրա։ Թվում է, թե այս աշխարհը դեռևս այսպիսին չի էլ եղել, բայց ամեն տարի երեք ամիս աշխարհը հենց այսպիսինն է` խաղաղ, ներդաշնակ, հաճելի։ Գարունը փնտրտուք է. փնտրիր, գտիր քո նպատակը գարնանը, որը երեկ երազանք էր թվում, և իրականացրու, որովհետև գարունը ամենատրամադրող եղանակն է հասնելու «անհնարին» կոչվող ցանկությանդ, որը երբեք էլ անհնար չի եղել։

Սիրիր գարունը և գեթ մեկ օր քեզ տուր գարնանը։