Լիլի Նալբանդյանի բոլոր հրապարակումները

Ես սովորում եմ ֆրանսիական համալսարանում

Բոլորը կիսվում են իրենց տպավորություներով և կարծիքներով, թե ինչ է իրենց համար ուսանողական կյանքը, ինչ թերություններ և առավելություններ ունի:
Ես նույնպես ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ տպավորություններով: Արդեն 2 ամիս է, ինչ սովորում եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և այն հարցին, թե ինչ է ինձ համար ուսանողական կյանքը, մտքիս միանգամից ժողովրդավարություն, արդարադատություն, պետություն, իրավունք և այլ նմանատիպ իրավաբանական բառերի կույտ է գալիս: Հետո, երբ մի քիչ էլ եմ մտածում, արդեն մտքիս մի շարք հարցեր են գալիս: Օրինակ` ո՞ր լսարանում ենք հիմա, ինչպե՞ս թե մի դասաժամը 80 րոպե, իսկ քննությանը ի՞նչ ենք անելու: Բայց ամենահուզիչ հարցը այն է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սեմինարը: Հարցից անմիջապես հետո կայացվում է որոշում միասին պատրաստվել սեմինարին: Ամբողջ կիրակին անցնում է դաս անելով, և ահա գալիս է սպասված օրը: Բոլորս կապտած, շնչներս պահած սպասում ենք սեմինարավարին, մեկ էլ հանկարծ ներս է գալիս Ղուկաս ձյաձյան (մեր հսկիչներից մեկը) և ասում.
-Երեխանե՛ր, դասախոսի հետ դեպք է պատահել, այսօր սեմինար չի լինելու:
-Ինչպե՞ս թե` չի լինելու,- հարցնում ենք մենք, և այլևս չլսելով պատասխանը` գոռում-գոչյուններով արագ լսարանից դուրս ենք վազում ու, իհարկե, արդյունքում բախվում ենք ջղայնացած Ղուկաս ձյաձյային:
Հա՛, մոռացա ֆրանսերենի մասին: Ֆրանսերենը առանձին պատմություն է, որովհետև եթե սեպտեմբերի սկիզբին դու ֆրանսերենից գիտեիր միայն “bonjour”, ապա հոկտեմբերին արդեն շարադրություն ես գրում քո երազանքների տան մասին: Ու սովորելով «ֆրանսիականում» դու իսկապես չես հասկանում լեզվաբանակա՞ն ես ընդունվել, թե՞ իրավաբանական:
Հիմա մի դեպք պատմեմ մեր ռեկտորի մասին, ով ֆրանսիացի է (թե ի՞նչ կապ ունեն ռեկտորը և ֆրանսերենը, հիմա կհասկանաք): Մի օր, երբ ընկերուհիներով իջնում էինք երկրորդ հարկից, հանկարծ այդ փոքրամարմին մարդը անցավ մեր դիմացով և ասաց.
-“Bonjour”…
Մենք՝ երեքս, հիացած դեմքերով, փայլուն աչքերով ու հիմար ժպիտներով, պատասխանեցինք:
- “Bonjour” ,“bonjour”…
Դա մեզ համար լուրջ իրադարձություն էր: Մենք մեր ռեկտորին բարևեցինք, այն էլ ֆրանսերեն: Եվ այդ պահին ամենեւին էլ կարևոր չէր, որ դա ընդամենը “bonjour”-ն էր, որը բոլորը գիտեն:

Բյուրականյան մեդիա ճամբար. Զանուսսին

-Տեսնես ի՞նչ է ասելու Զանուսսին:

-Իսկ ո՞վ է Քշիշտով Զանուսսին:

Նմանատիպ հարցերով սկեսեց մեր օրը:

Մենք` «Մանանացիներս», մեդիա ճամբարի շրջանակներում հադիպում ունեցանք աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Քրիշտով Զանուսսիի հետ: Մեզանից ոչ ոք պատկերացում չուներ, թե ինչպես է անցնելու այդ հանդիպումը, քանի որ հանդիպումները, որոնք բաղկացած  են զրույցներից, հաճախ ձանձրալի են ստացվում:

Ահա եկավ սպասված պահը, և Զանուսսին ներս մտավ. «Արվեստը տարիք չի հարցնում: Օրինակ` ռեժիսոր Մանուել դե Օրիվերան, երբ սկսել է ֆիլմեր նկարահանել, վաթսունչորս տարեկան է եղել. կարեոր չէ. մեծ ես, թե փոքր, կարևորը` կա ցանկություն, և դու պետք է հետևես նրան»:

Հետո Զանուսսին սկսեց պատմել, թե ինչ է ֆիլմ ասվածը:

-Ֆիլմը ծնվում է խոսքից, հոգու խոսքից, և շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ռեժիսոր հասկանա, թե որն է իր հոգու խոսքը:

Հետո նա ավելացրեց.

-Իմ վերջին նկարահանած ֆիլմը արտահայտում է իմ հոգու խոսքը, թեև նկարահանելով այդ ֆիլմը, ես շատ խոչընդոտների և քննադատությունների  հանդիպեցի, հատկապես, ֆեմինիստների կողմից:

-Ֆեմինիստը դա կանանց հատուկ ժանր է,և նման է խոլեստերինի ,-ասաց վարպետը:

Իսկ թե ինչու հենց ֆեմինիստների կողմից, որովհետև ֆիլմում բացասական կերպարը կին է, բացասկան ասելը մեղմ է ասված:

Հետո վարպետը ասաց.

-Ավելի լավ է ֆիլմը ցույց տամ, որովհետև ռեժիսորը, որը եկել է և անընդհատ խոսում է, կասկածելի է թվում:

Մենք իհարկե դիտեցինք ֆիլմից միայն հատվածներ, բայց ֆիլմը այնքան էր ինձ դուր եկել, որ երբ հետ վերադարձա ճամբար, դիտեցի այն ամբողջությամբ:

Ֆիլմի իմաստը շատ խորն է, շատ վեհ. դժվար թե բոլորը կարողանան հասկանալ:

Ֆիլմը, երբ ցուցադրվում էր դահլիճում, լեհերեն էր, բայց ռուսերեն սուբտիտրերով: Իմ կողքին էր նստած իմ շատ սիրելի Շուշանիկը, և նա չէր կարողանում կարդալ սուբտիտրերը, քանի որ մոռացել էր ակնոցը, և ես Շուշանիկի համար կարդում էի, որ նա լսի: Հիմա կմտածեք, թե ի՞նչ կապ ուներ այս ամենը ֆիլմի կամ Զանուսսիի հետ: Այն կապը, որ Շուշանիկը այն եզակի մարդկանցից մեկն է, որ համոզված եմ, հասկանում է ֆիլմի և առհասարակ արվեստի այդ վեհ ու խորը իմաստը:

Հիմա բոլորիդ հետաքրքրում է, թե ինչի մասին է ֆիլմը: Իսկ ֆիլմը սիրո և հավատքի մասին է: Սեփական կարծիքս չեմ կարող արտահայտել, քանի որ այս երկու երևույթների մասին խոսելու համար մարդ պետք է որոշակի հասունության հասնի, որի համար կարծում եմ դեռ փոքր եմ: Փոխարենը կասեմ, թե ինչ ասաց Զանուսսին.

-Սերը դա զգացմունք չէ, սերը դա ծանր աշխատանք է, սերը դա ամենօրյա ծանր աշխատանք է…

Հետո սկսեց հարցուպատասխան:

-Կներեք, ես գիտեմ, որ դուք ինը շուն եք պահում, իսկ դա ձեզ չի՞ խանգարում,-հարցրեց ներկաներից մեկը:

Վարպետը պատասխանեց.

-Իսկ ո՞վ ասաց, որ ես եմ շներին պահում, այդ շներն են ինձ պահում: Երբ ես ընկճված եմ լինում մի անգամ նայում եմ շներիցս մեկի աչքերի մեջ, և ամեն ինչ մոռացվում է:

Հետո ընկերներիցս մեկը հարցրեց.

-Իսկ մեզ` որպես երիտասարդ ռեժիսորների, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ ապագայի համար.

-Ամենամեծ խորհուրդը, որ կարող եմ տալ, դա այն է, որ երբեք ձեր եսը չկորցնեք և չսիրահարվեք ինքներդ ձեզ, քանզի գրեթե բոլորը տառապում են նարցիսիզմով, և հենց դա է սպանում մարդկանց…,-պատասխանեց մեծն վարպետ Քշիշտով Զանուսսին:

Այստեղ ապրում են…

Ամառը սկսվելուն պես ես շրջապատված եմ Հայաստանից արտագաղթած ինձ շատ սիրելի  մարդկանցով: Մորաքույրս Կանդայից է եկել, մյուս մորաքույրս՝ ԱՄՆ-ից,  քույրս՝ Ռուսաստանից, ընկերուհիս՝ Շվեդիայից, և այսպես շարունակ: Ամեն մեկը ինչ-ինչ պատճառներով հայտվել է աշխարհի տարբեր ծայրերում:

Ամառը իրենց սիրած տարվա եղանակն է, որովհետև կարոտին չդիմանալով և արյան կանչով գալիս են Հայաստան՝ վայելելու իրենց ամառը: Եվ անընդհատ կրկնում են, որ Հայաստանից լավ տեղ չկա:

Ես չէի պատկերացնում, որ մեր՝ հայաստանաբնակ հայերիս, և իրենց՝ արտերկում ապրողների տարբերությունն այսքան մեծ է և բացահայտ: Դժվար է  իրենց համար պատկերացնել, թե ինչպիսին է կյանքը Գյումրիում՝ արկածներով լի այս քաղաքում:

Իրենք դժվար են հասկանում, թե ինչպես են մարդիկ  հանգիստ կարմիր լույսի տակ ացնում փողոցը, կամ ինչպես է հնարավոր վաճառողի հետ շատ բանակցելով զեղչ ձեռք բերել: Կամ մի օր, երբ մորաքույրս խանութում բաժակներ էր գնում և ահագին երկար չէր կարողանում ընտրել, վաճառողը դժգոհ դեմքի արտահայտությամբ ասաց.

-Քու՛ր ջան, բաժակ է, էլի. սաղն էլ բաժակ են: Մեկնումեկը առ, պրծի: Կարևորը բանըմ էղնի խմես:

Մորաքույրս շատ զարմացավ և ծիծաղեց, որովհետև իրենց երկրում վաճառողը պարտավոր է մինչև վերջ համբերատար սպասել և չմիջամտել:

Իսկ ամենահետաքրքիրը մատուցողներն են: Մի օր, երբ սրճարանում նստած էինք և դեռ չէինք ավարտել հիմնական ուտեստը, որոշեցինք սուրճ պատվիրել.

-Մի րոպե կմոտենա՞ք:

-Լսում եմ:

- Մեզ երկու հատ սուրճ կբերե՞ք:

-Իաա՜, ոչ մի սուրճ: Էտ ի՞նչ եք կերել, որ մի բան էլ սուրճ էք ուզում, ոչ մի սուրճ մինչև չուտեք, չպրծնեք:

Դե հիմա արի, բացատրի, որ Գյումրիում բոլորն են  հոգատար և անկեղծ: Ընկերուհիս ապշել էր. ես այդպես էլ չկարողացա բացատրել, թե ինչու է մատուցողը հաճախորդի հետ խոսում այնպես, ինչպես կխոսեր օրինակ՝ տատիկս կամ մայրիկս:

Եվ հենց այս է, որ ամեն տարի իրենց բերում է Գյումրի: Իրենց օրինապաշտ երկրներում անհոգ, բայց միապաղաղ կյանքից հետո Գյումրվա կյանքը շատ հետաքրքիր է, քանզի այն լի է փորձություններով և արկածներով:

Եվ վերջում ավելացնեմ մի բան՝ Գյումրիում ապրում ես ոչ թե օրենքով, այլ «քթի ծակով»:

Գրքի խորհուրդը

Լուսանկարը՝ Արփինե Աղավելյանի

Լուսանկարը՝ Արփինե Աղավելյանի

Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ, հատկապես նախընտրում եմ ֆենթեզի ժանրը: Եվ ինձ թվում էր, թե իմ հասակակիցներից բոլորին էլ հետաքրքրում են գրքերը, ուղղակի ամեն մեկն ունի իր նախընտրած ժանրը, հեղինակը, գիրքը: Բայց արի ու տես…. Որ գիրքը կարող է այլ գործառույթ էլ ունենալ:

Դասերից  հետո ես  միշտ այցելում եմ իմ դպրոցի մոտ գտնվող գրախանութը ու ինձ համար գրքեր ընտրում, անչափ հետաքրքիր քննարկումներ ունենում գրքերի և հեղինակների մասին` ինձ հետ արդեն ընկերացած վաճառողների հետ: Ամենահետաքրքիրը գրքի ընտրության պահն է, երբ շրջում ես սրահով, ուր ամենուրեք գրքեր են` զանազան գեղեցիկ կազմերով և թղթի բույրով:   Յուրաքանչյուր գիրք ընկալում ես որպես մի առանձին աշխարհ, որը սպասում է իր ընթերցողին: Այս վիճակը, իհարկե, կհասկանա նա, ով մտնում է գրախանութ և իր ձեռքն է վերցնում գիրքը և սկսում ճանաչել այդ անծանոթին, որը շատ շուտով կարող է դառնալ իր  ընկերը, խորհրդատուն և սփոփողը…

Մի օր, այդ խանութում ես, կանգնած գրքերի բազմազանության մեջ, ուսումնասիրում էի դրանք, երբ հանկարծ մի տղա եկավ և շփոթված հայացքով նայելով գրքերի բազմազանությանը` դիմեց վաճառողին.

-Ախպերս, ինձ մի հատ սիրուն գիրք տուր:

Վաճառողը զարմացած հարցրեց.

-Սիրուն գի՞րք , իսկ կարո՞ղ եք գոնե ինչ-որ հեղինակի անուն ասել:

-Աաաաա¯, ի՞նչ հեղինակ, ախպե´ր ջան, ես տենց բաներից հեռու մարդ եմ, կարևորը սիրուն մի բան տուր:

Վաճառողը շփոթվեց և առաջարկեց մի գիրք, որը սիրո մասին էր, և այդ գրքի շապիկի վրա սիրահար զույգ էր նկարված,  որոնք համբուրվում էին: Տղան երկար նայելով գրքի շապիկին ասաց.

-Ախպերս, էս ի՞նչ էս տվել, ընկերուհուս ծնունդն ա, ամոթա սենց բան տանեմ, ի՞նչ կմտածի:

Վաճառողը հետ վերցրեց այդ գիրքը և տվեց մեկ ուրիշը, որի շապիկը իսկապես շատ գեղեցիկ էր, չեմ էլ հիշում ինչ գիրք էր, միայն շապիկը հասցրեցի նկատել:  Տղան, գոհ իր գնումից, վճարեց և շտապ  խանութից դուրս եկավ:

Հաջորդ օրը`դպրոցում, պատահաբար լսեցի  մեր դասարանի  տղաների խոսակցությունը: Մեկը գիրքը կարդում էր, իսկ մյուսը նայում էր ընկերոջը և հանկարծ դժգոհ տոնայնությամբ ասաց.

-Այ մարդ, գիրք  ինչի՞ ես կարդում, ինչի՞դ է պետք:

-Հա էլի, գիդես շատ էլ պե՞տքս է,- պատասխանեց երկրորդը,- գիրք եմ կարդում, որ կարողանամ աղջիկ կպցնեմ, հիմա թազա մոդայա, աղջիկները սկսել են գիրք կարդալ:

Ես հազիվ զսպեցի ծիծաղս, բայց հետո հասկացա, որ առաջին հայացքից զվարճալի այս միջադեպը, իրականում շատ ցավալի է, և ինձ շատ է տխրեցնում:

Ինձ տխրեցնում է այս փաստը, քանի որ գրքերը մեր հասարակության մեջ այնպես անտեսված են, որ մարդիկ չեն էլ փորձում կարդալ,  կամ էլ կարդում են, ինչպես  իմ դասարանցին էր կարդում, որովհետև աղջիկ պետք է կպցնել, իսկ աղջիկների մոտ էլ «մոդա» է,  կամ էլ գալով գրախանութ պահանջում են «սիրուն» գիրք և հպարտորեն ասում,  որ իրենք գրքերից հեռու են: Իհարկե, կան նաև իսկապես գիրքը գնահատող մարդիկ, բայց ցավոք ճնշող մեծամասնությունը նրանք չեն:

Չեմ կարող հասկանալ այդպիսի մարդկանց. չէ որ գիրքը դա մի առանձին աշխարհ է, որը պարուրում է քեզ ընթերցանության ժամանակ, տալիս է քեզ փորձ, գիտելիք, հաճելի զգացումներ, կյանքը հասկանալու  իսկական իմաստնություն:

Գրքեր կարդալը նպաստում է սեփական կարծիքի ձևավորմանը, աշխարհայացքի ձևավորմանը,  կարդացող մարդը ապրում է հազար կյանք, իսկ մարդը, ով  երբեք չի կարդում, ապրում է ընդամենը մեկը: Եվ դեռ պարզ չէ, թե ինչպես է ապրում, կամ ինչու է ապրում…

 

Երաժշտության անդավաճան ընկերը

Շատերի համար գուցե և արտասովոր ու տարօրինակ կլինի շփվել կամ առհասարակ տեսնել վաթսունամյա կնոջ, ով ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, ապրել դրանով և հենց դրանով էլ տարբերվել շրջապատից:

Այն հարցին, թե ինչպես է սկսել իր կարիերան, տիկին Բիլբիլիդին, որի ծնողները հույն գաղթականներ են եղել, պատասխանեց.

-Ես չեմ կարող ասել՝ դա հաջողություն էր, թե անհաջողություն. 1976 թվականին Լենինականում բացվեց  ‹‹Երիտասարդների պալատը››, որտեղ հարկավոր էր մեկը, ով ‹‹կվարեր›› դիսկոտեկը, իսկ մենք չգիտեինք` դա ինչ էր: Հավաքվեցինք համակուրսեցիներով, սկսեցինք մտածել՝ ինչ է դա, որ տարածվել է ողջ ԽՍՀՄ-ով: Հասկացանք, որ դա այդքան էլ դժվար չէ. պարզապես պետք է գործի դնել ձայնապնակը ու սպասել մինչև բոլորը կսկսեն պարել: Ի վերջո պետք էր որոշել, թե ով պետք է զբաղվեր այդ գործով. ամենաարդար ու փորձված տարբերակը, իհարկե, վիճակահանությունն էր կամ, ինչպես տարածված է մեզանում, ‹‹գիր ու ղուշը››, որով էլ որոշվեց իմ ապագան: Այդ ժամանակ մենք ունեինք ընդամենը երկու ձայնապնակ: Երբ ‹‹ձեռքիս տակ եղած›› երաժշտությունը վերջանում էր, շվարած նայում էի ընկերներիս ու հարցնում.

-Էրեխե′ք, ի՞նչ էնէմ օր:

Իսկ նրանք պատասխանում էին.

-Նորի′ց միացրու:

Ու այդպես էլ կարելի է ասել սկսվեց իմ կարիերան. ամեն շաբաթ դիսկոտեկներ էինք կազմակերպում քաղաքի տարբեր սրճարաններում. այսպես շարունակվեց մինչև ութսունութի երկրաշարժը, որից հետո էլ, երբ քաղաքը դեռ ուշքի չէր եկել, վերածվել էր փլատակների, լույս չկար, միայն մեր ‹‹դիսկոտեկում›› էր լույս‹‹ նշմարվում››:

1992 թվականին  Գյումրիում բացվեց  առաջին հեռուստաընկերությունը՝ ‹‹Շիրակ››-ը, որտեղ ես ունեի իմ հաղորդումը՝ ‹‹Стена››-ն, որում 3-4 տարի հիմնականում պատմում էինք ռոքի մասին: Այն ժամանակ ‹‹Շիրակ››-ում աշխատում էր ընդամենը հինգ հոգի, ես էլ երաժշտության, հիմնականոմ ռոքի մասնագետն էի:

Լսելով ռոք բառը՝ մենք միանգամից  հարցրինք.

-Դուք սիրո՞ւմ եք ռոք երաժշտություն:

Ի զարմանս մեզ՝ նա ասաց, որ առաջ շատ էր սիրում, իսկ հիմա՝  ոչ, որովհետև ռոքը պետք էր ինքնահաստատվելու համար, իսկ ինքը վաղուց ինքնահաստատվել է:

- Հետո բացվեց  ‹‹TM›› ռադիոն,  լավագույն ռադիոն Անդրկովկասում. ասեմ, որ այն ժամանակ նույնիսկ Երևանը իր ռադիոկայանը չուներ: Եվ ինձ հրավիրեցին այնտեղ աշխատելու: Ես էլ համաձայնեցի, քանի որ երկրաշարժից հետո դեմքիս հետ խնդիրներ ունեի, ուստի նախընտրեցի ռադիոն, և իսկական DJ-ի աշխատանքը սկսվեց այնտեղ՝ առանց անհրաժեշտ բոլոր սարքավորումների:

Քաղաքում ամենաշատ ձայնապնակներ ես ունեի. ծախսում էի վերջին գումարս, գնում էի դրանք, և պատահում էր, որ օրերով սոված էի մնում: Նույնիսկ մի անգամ, երբ հանդիպեցինք երգահան Արթուր Գրիգորյանին, նա զարմացած հարցրեց, թե որտեղից եմ այսքան ձայնապնակ ձեռք բերել: Ցավոք սրտի, տարիներ հետո դրանք այլևս պետք չեկան. հայտնվեց համակարգիչը, հետո էլ` համացանցը:

Երաժշտական խմբերից հիմնականում կառանձնացնեմ ‹‹The Beatles››ը. ես բիթլաման եմ: ‹‹The Beatles››-ից ամենաշատը սիրում եմ Ջոն Լենոնին, որովհետև, ուսումնասիրելով նրա կյանքը, հասկացել եմ, որ շատ ընդհանուր գծեր ունենք .‹‹You may say I’m a dreamer, but I am not the only one…››:

Երաժշտությունը իմ կյանքում շատ մեծ դեր է խաղում: Այն մթնոլորտ է ստեղծում: Երբ սկսում են ինձ ջղայնացնել, ես Մոցարտ ու Բախ եմ լսում: Բայց ամենից շատ հանգստացնում է Կոմիտասը:

Եվ այս ամենից ամենահետաքրքիրն այն է, որ այդ ծանր ու սուղ պայմաններին դիմանալով՝ մենք գոյատևում էինք:

Մեզ՝ Լիլիներիս համար էլ ամենաուրախալին այն էր, որ տիկին Լյուդան գնահատեց այն, ինչ մենք փորձում էինք անել.

-Համենայն դեպս, ապրեք, որ այսօր էլ զբաղվում եք նման գործով:

Լիլի Նալբանդյան, Լեյլի Թադևոսյան

Մենք գյումրեցի ենք

Լուսանկարը` Վահե Սուքիասյանի

Լուսանկարը` Վահե Սուքիասյանի

Ես ծնվել և մեծացել եմ Գյումրիում, բայց մեկ տարի է, ինչ ապրում եմ Երևանում: Անշուշտ, երբ ինձ հարց են տալիս, թե որն է իմ բնակավայրը, ես միանշանակ պատասխանում եմ ` Գյումրին: Ինչքան ավելի շատ եմ մեծանում, այդքան ավելի շատ եմ սկսում հասկանալ քաղաքիս յուրօրինակությունը և ուզում եմ ձեզ նույնպես պատմել Գյումրիի առանձնահատկությունների մասին:

Այնտեղ ամեն ինչ այլ է. մարդիկ անկեղծ են, ջերմ, միմյանց նկատմամբ հոգատար, չմոռանանք նաև հումորի բարձր զգացումի մասին:

Ի դեպ, անկեղծության մասին. եթե ձեզ թվում է, որ ես չափազանցում եմ և հնարավոր չէ մինչև վերջ անկեղծ լինել, սխալվում եք: Շատ հաճախ,  անկեղծությունը, որը հենց ճշմարտությունն է, կարող է վիրավորել դիմացինին: Եվ պատկերացրեք, հենց դա է գյումրեցիների   առանձնահատկություններից մեկը: Ասել է թե, որքան էլ  ուզում է ճշմարտությունը տհաճ լինի քեզ համար, գյումրեցին քեզ այն անպայման կասի: Որպեսզի համոզվեք, որ չեմ չափազանցում, մի դեպք պատմեմ ձեզ,   որը պատահել է ինձ հետ:

Ուրեմն, ես ունեի ռետինե ճտքակոշիկներ, որոնք հագնում էի անձրևի ժամանակ: Մի անգամ այդ ճտքակոշիկներով գնացի դպրոց:  Երբ դասերս ավարտվեցին և գնում էի տուն, փողոցում մի պապիկ մոտեցավ. սկզբում նայեց ճտքակոշիկներիս, հետո  ինձ ու ասաց.

-Բալա’ ջան, էս ի՞նչ ես հագե, նորմալ բան չկա՞ր հագնեիր: Մատղաշ էրեխա էս, էս կալոշները քեզի ինչ սազական բան է:

Ես, իհարկե, չպատասխանեցի, ժպտացի և շարունակեցի ճանապարհս: Խնդրեմ էս էլ ապացույցը:

Բայց կա ևս մի յուրօրինակություն, որի մասին ուզում եմ պատմել:

Մենք` գյումրեցիներս, եթե ուզում ենք հյուր գնալ` հարևանի, բարեկամի, ընկերոջ կամ հարազատի տուն, ոչ զանգում ենք, ոչ էլ զգուշացնում մեր գալուստի մասին: Իհարկե, ձեզ թվում է, որ դա քաղաքավարի չէ: Պետք է անպայման զգուշացնել, մարդկանց անհարմար դրության մեջ չդնել: Դուք իհարկե նման երևույթին կտաք բացասական գնահատական: Բայց շտապեմ ասել, որ ո’չ : Դա ցույց է տալիս, թե ինչքան հարազատորեն են իրար  վերաբերվում մարդիկ, և եթե ուզում են այցելել ընկերոջը, գնում են հյուր` համոզված լինելով, որ ցանկացած պահի  նա գրկաբաց կընդունի քեզ:  Հավատացնում եմ, որ դա այդպես է: Իսկ  ծննդյան   տարեդարձին ընդհանրապես  ոչ մի բարեկամի կամ ընկերոջ չեն զանգահարում և հրավիրում, որովհետև համոզված են, որ այդ մարդկանց քո հատուկ հրավերը ամենևին էլ պետք չէ: Նրանք հաստատ կհիշեն և կգան քեզ շնորհավորելու:

Բայց ես ամենաշատը հպարտանում եմ նրանով, որ մենք  շատ համախմբված ենք և իրար երբեք չենք լքի դժվար պահին. կարևոր չէ` ծանոթ ենք, թե անծանոթ, եթե միայն գիտենք, որ դիմացինը գյումրեցի է, ապա դա հերիք է նրան աջակցելու և ջերմ վերաբերվելու համար:

Ընդհանուր առմամբ, մեզ մի քանի խոսքով կարելի է բնութագրել այսպես. մենք հեռու ենք գլոբալիզացիայից. մեզ համար կարևոր են` մեր անկեղծ, հարազատ, վստահության վրա հիմնված հարաբերությունները, որոնք եկել են դարերի խորքից,   և այս նոր ժամանակակից անտարբեր հարաբերությունները մեզ համար անընդունելի են և չեն համապատասխանում մեր բնույթին:  Մի խոսքով, մենք` համով-հոտով, յոլով-ղայդով ժողովուրդ ենք:

Համիկ պապի հեքիաթը

Սա հեքիաթ չէ, այլ իրական պատմություն:

Տարիներ առաջ, երբ սովորում էի ութերորդ դասարանում, բարեգործական նպատակով գնացել էինք Գյումրիի ծերերի տուն-ինտերնատ: Մենք հավաքեցինք` ինչ կարող էինք, ու գնացինք ծերերին այցելության: Շատ ճնշող էր այնտեղ. բոլորը ծեր էին, հիվանդ և մի տեսակ անպաշտպան: Երբ բաժանում էինք մեր տարած քաղցրավենիքը, իմ ուշադրությունը գրավեց մի պապիկ, որը հեռվում կանգնած լուռ նայում էր և չէր էլ մոտենում մեզ… Ես զգացի ինչ-որ պահանջ մոտենալու ու զրուցելու պապիկի հետ, սակայն չստացվեց, և ես մոռացա նրա մասին: Այդ այցելությունից անցավ երկու  տարի: Երբ հաճախեցի «Մանանա» կենտրոն, և ինձ առաջարկեցին  նկարահանել մի հետաքրքիր պատմություն, ես անմիջապես հիշեցի ծերերի տուն-ինտերնատի  բարի պապիկին, ով այդ օրը գրավել էր իմ ուշադրությունը: Եվ ես որոշեցի, որ իմ ֆիլմը հենց նրա մասին է լինելու:  Գնացիք տուն-ինտերնատ, գտանք իմ բարի պապիկին:  Նա ինձ հիշեց: Հարցրի՝ ինչպես է, ինչի կարիք ունի, նա պատասխանեց.

-Շատ լավ եմ, բալա ջան, ոչ մի բանի կարիք չունիմ:

- Ձեր անունն ի՞նչ է,- հարցրի պապիկին:

-Համիկ պապ,- պատասխանեց նա,- բայց երբ եկա էստեղ, հեչ պապ չէի:

-Իսկ ինչպե՞ս և ե՞րբ եկաք,- հարցրի  Համիկ պապին:

-Է~, բալամ, երկար պատմություն է,-ասաց Համիկ պապը, -մի վեպ կարելի է գրել իմ կյանքի մասին:

-Ոչինչ, պատմեք, Համիկ պապ,  հետաքրքիր է:

- Որ էդպես է, բալա ջան, նախ քեզ տանեմ, ցույց տամ, թե ես ոնց եմ խնամում էս այգին, էս պարտեզը:

Համիկ պապը հպարտությամբ ցույց տվեց ծերանոցի բակում իր աճեցրած այգին.  խնամված ծառերը, բանջարանոցը, պարտեզի գեղեցիկ ծաղիկները: Ամբողջ օրը նա զբաղված է այգին փորելով, ծառերը ջրելով, փոցխ անելով, մոլախոտերը պոկելով: Մի խոսքով, Համիկ պապը առավոտից մինչև ուշ երեկո զբաղված է:

- Համիկ պապ, այս բոլորը դո՞ւք եք խնամում,- հարցրի ես:

-Էս, օր կտեսնիս, բալա ջան, սաղ մեր ճաշարանի համար է; Ես կխնամեմ, հոգ կտանիմ, գեղեցիկ ծաղիկներ կաճեցնեմ: Չնայած՝ կյանքը դաժան գտնվավ իմ հանդեպ,  բայց սիրուն բան շատ կսիրեմ: Երկրաշարժին կորցրի  տունուտեղս, կնոջս ու միակ աղջկաս: Էդքան մեծ չէի, ընդամենը  քառասունյոթ տարեկան: Ուզում էի ինքնասպան լինել, ասի՝ էլ ում համար  եմ ապրում:  Բայց Արցախյան պատերազմը սկսվեց, ասի՝ գնամ, պատերազմի դաշտում զոհվեմ, գոնե մի բարի գործ արած կլինեմ հայրենիքիս համար: Բայց «գյուլլեն» ինձ չառավ: Շուշին գրավելուց հետո վերադարձա: Երկրաշարժից հետո մի «դոմիկ» էին տվել, բայց պատերազմում եղած ժամանակս էն էլ էին տարել: Ու էդպես մնացի անտեր ու անտուն:  Ասի՝ գնամ ծերանոց, բայց տարիքս էն չէր, հիսուներկու տարեկան էի: Եկա, տնօրենը բարի մարդ էր, իմացավ իմ պատմությունս, վերցրեց ինձ, տանիք եղավ գլխիս: Ես էլ ասի, մի հանրօգուտ գործ անեմ: Սկսեցի խնամել այգին, ծառ տնկել, բանջարանոց ստեղծեցի, որ մեր մրգերն ու բանջարեղենն ուտենք: Շներին ու կատվներին տիրություն  կենեմ: Անլեզու հայվաններ են, մեղք են, մեկը պիտի լինի՞ օր տիրություն անի նրանց: Սրանց մեջ էլ, ինչպես մարդկանց մեջ, կան բարի և համակերպվող, չար և իրարից փայ փախցնող կենդանիներ:  Այ ըսենց, բալա ջան, արդեն մոտ քսան տարի կապրիմ էստեղ: Իմ հարազատներն էս այգին, պարտեզը, շներն ու կատուներն են: Մի կին կար, մի քիչ «թլդիկ» էր, էստեղ էնքան էին նեղում նրան, որ մեղքս տվեց, ասի՝ արի ամուսնանանք իրար հետ, որ քեզ տիրություն անող լինի: Հիմա իրար հետ ապրում ենք, մեր կյանքի օրերը մաշում…

Լսեցի Համիկ պապի պատմությունն ու տխրեցի: Մտածում եմ՝ մարդը չունի ոչինչ, ոչ տունուտեղ, ոչ ընտանիք, ոչ երազանք, բայց այդքան  բարի է:  Նա ամբողջ օրը խոսում  է շների ու կատուների, ծաղիկների և ծառերի հետ, նրանց խնամում: Այդ ամենից հետո, նա ոչ թե չարանում, այլ ուրախանում է կյանքով: Չէ որ նա, ինչպես իմ պապիկը, կարող էր ունենալ երեխաներ ու թոռնիկներ, հարազատներ, հպարտանար նրանց հաջողություններով: Կյանքում տեսնել այդքան դառնություն և մնալ այդքան բարի, լինել իսկական քրիստոնյա…

Այդ օրը ինքս ինձ համար հայտնաբերեցի, որ մեծ, բարի ու անհատակ է մարդու հոգին`անկախ ամեն ինչից: