Զարա Ղազարեանի բոլոր հրապարակումները

Հայաստանում առաջին ձնեմարտի առաջնությունն ու «Սուրբ Սարգսի բքերը»

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ըստ  ժողովրդական ավանդության ՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախօրեին ջերմաստիճանը  կտրուկ  նվազում է: Ժողովրդական ասքը՝ «Սուրբ Սարգսի բուքը», Ապարանում ամենօրյա երևույթ է:

Փետրվարի 16-ին՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ,  Ապարանում անցկացվեց  «Ապարանյան ձմեռ» մարզամշակութային փառատոնը:

Միջոցառումը կազմակերպվել է Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ: Փառատոնին աջակցել են Եվրասիա բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Ձնեմարտի  ֆեդերացիան, Վորլդ Վիժն կազմակերպության ապարանյան գրասենյակը և Շրջակա միջավայրի կայունության աջակցման կենտրոն ՀԿ-ն:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Փառատոնի կարևոր մասն էր  Հայաստանում առաջին անգամ անցկացվող ձնեմարտի առաջնությունը, որը կազմակերպվել էր Հայաստանի Ձնագնդի ֆեդերացիայի կողմից: Ֆեդերացիան ձևավորվել է այս տարի՝ միջազգային փորձի հիման վրա:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ֆեդերացիայի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը  նշեց, որ ապագայում պլանավորում են ստեղծել  Հայաստանի ձնամարտի հավաքական:

-Հայաստանի կլիմայական պայմանները նպաստավոր են սպորտաձևի զարգացման ու տարածման համար: Ապարան քաղաքը ֆեդերացիայի գործունեության  զարգացման համար ունի մեծ տեսլական: Մենք համագործակցություն ենք սկսել համայնքապետարանի հետ, քանի որ սպորտաձևի տարածումը զարկ կտա Ապարանում ձմեռային զբոսաշրջության զարգացմանը: Իսկ «Ապարանյան ձմեռ» փառատոնը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ներկայացնելու սպորտաձևը: Խաղերի ընթացքում աչքի ընկնող մասնակիցները հետագայում  պոտենցիալ թիմակիցներ կարող են դառնալ:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Առաջնության առաջին պայքարը (սիրողական) ընթացավ  Ապարանի Եղիպատրուշ գյուղի թիմի և Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի  սաների միջև: Հաղթանակ տարան եղիպատրուշեցիները:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Խաղի մասնակից Սևակ Մաթևոսյանը նշեց, որ մարզերում ապրող  երիտասարդների համար  այս սպորտաձևով զբաղվելը վատ չէր լինի:

-Շատերի համար, կարծում եմ, սպորտաձևը նորություն էր: Սպորտաձևը ոչ միայն մարզական վիճակ է ապահովում, այլև ձևավորում է թիմի հետ աշխատելու և պայքարի բնավորություն:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Փառատոնը և ձնեմարտի առաջնությունը  կունենան  շարունակական բնույթ:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Խաղի կանոները
- Ամեն թիմ պետք է ունենա 7 խաղացող, 1 մարզիչ և 2 պահեստային խաղացող։
Խաղացողների դասավորությունը՝ 4 հարձակվող և 3 պաշտպան։
Խաղացողները ձնագնդի հարված ստանալու դեպքում դուրս են գալիս այդ խաղակեսից:
Այլ առարկայից, ռեկաշետով ստացած հարվածները չեն հաշվվում, և խաղացողը մնում է դաշտում։
Խաղացողը դուրս է գալիս անգամ, երբ իր թիմակիցների ձնագունդն է կպնում իրեն, ներառյալ այն դեպքը, երբ մյուս խաղացողը ցանկանում է ձնագունդ փոխանցել խաղընկերոջը։
Ձնագնդերը խաղընկերներին փոխանցվում են ձեռքից ձեռք, կամ գլորելու միջոցով։

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

-Ամեն խաղակեսը տևում է 3 րոպե։
Հաղթում է նա, ով երկու խաղակեսում հաղթող է դուրս գալիս, կամ այն թիմը, որը գրավում է հակառակորդի դրոշը, կամ ձնագնդի հարվածներով խաղից հանում է հակառակորդի բոլոր խաղացողներին, ինչպես նաև այն թիմը, որը ավելի շատ խաղացող կունենա դաշտում խաղակեսի ավարտին։
-Ամեն խաղակեսում յուրաքանչյուր թիմ կարող է օգտագործել մինչև 90 ձնագունդ:

Գաղտնի Ձմեռ պապ. Եղիպատրուշ

49523739_325747911360137_7587736898697691136_nWorld Vision Armenia տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում դեռևս  օգոստոսից  Ապարանի Եղիպատրուշ համայնքում գործում է  IMPACT երիտասարդական  զարգացման ծրագիրը:  Ըստ IMPACT կանոնադրության, յուրաքանչյուր 8-րդ դաս-հանդիպումների ավարտին 9-րդ դաս-հանդիպումը    պետք է լինի  համայնքին օգուտ բերող ծրագրի իրականացում, որը կծառայի թե ՛ համայնքի խոցելի խմբերին և  թե  համայնքի մյուս անդամների  շահերին:

Ծրագրի մասնակիցները դեկտեմբերի 30-ին հնգամսյա աշխատանքներից հետո իրականացրին  իրենց համայնքային զարգացման  առաջին ծրագիրը:49393484_2234306603502433_7629034027155980288_nԾրագիրը  IMPACT-ցիները անվանել էին  «Գաղտնի Ձմեռ պապ»:

«Գաղտնի Ձմեռ պապ»  ծրագրի նպատակն էր` կարողանալ ժպիտ և ուրախություն պարգևել գյուղի խոցելի  ընտանիքներին: Ծրագրի իրականացման համար նախատեսված 300 դոլարը IMPACT-ցիները բաշխել էին այնպես, որ շուրջ 23 անապահով ընտանիքների երեխաներ ստացան գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ, տաք հագուստ և այլ իրեր: Ողջ աշխատանքները՝  սկսած նվերները դասավորելուց, մինչև հասցեատերերին հասցնելը IMPACT-ի սաները վերցրել էին իրենց վրա: Երեխաներին ուրախացնելու համար նրանք հագել էին մուլտհերոսների զգեստներ՝ փորձելով սովորական օրը դարձնել տոն:49079291_402149580521717_7826563623253180416_n

IMPACT ակումբի  առաջնորդ Սևակ Մաթևոսյանը նշում է, որ ակումբի նպատակը միայն համայնքային զարգացման ծրագրերը չեն:

-Երեխաների մոտ կամավորական աշխատանքը բնավորություն է ձևավորում ՝ միայն սպառողի դերում չմեծանալ, այլ լինել նաև օգնող, սովորել հավասարություն և ի վերջո, մեր կարգախոսի կրողը լինել. «Սեր հանուն սիրո»:

Ապրենք միասին

Ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման ու տարածման հաստատություն-միջազգային կազմակերպությունը ՝ Ֆրանկոֆոնիան, վեց օր շարունակ հյուրընկալվել է Հայաստանում:

Մարդու իրավունքների պաշտպանության, կրթության խթանման, մշակութային երկխոսությունների ակտիվացման համար Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում մայրաքաղաքում և դրանից դուրս կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի տաղավարների բացմամբ տրվեց մշակութային միջոցառումների մեկնարկը:
Տաղավարները ստեղծում են փոքրիկ ավանի տպավորություն, որտեղ մասնակից երկրներից շատերը ներկայացնում են իրենց սոցիալ-մշակութային կյանքը:
Տաղավարներում բացի եվրոպական երկրներից, ներկայացված են նաև աֆրիկյան մի շարք երկրների՝ մասնավորապես՝ Կոնգոյի, Ռուանդայի, Սենեգալի մշակույթները:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահի աշխատակազմի անդամ Կաբայե Մուպիլա Սիմոն Պիերը, ով գլխավորում է Կոնգոյի պատվիրակությունը, նշում է.
-Ֆրանկոֆոնիայի միջոցով է,որ մեր պատվիրակությունը այժմ բացահայտում է գողտրիկ մի երկիր: Կոնգոյում ֆրանսերենը պետական լեզու է, բայց հավատացեք՝ այստեղ ես միայն սկսեցի ճանաչել ֆրանսիական մշակույթը, թե այդ ի՞նչ կախարդանք է, կիմանաք միայն դուք` հայերդ:
Աֆրիկայից ժամանած Անժելիկ Կիժոն Երևանը սիրել է դեռ օդնավակայանից:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

-Ես ինձ այստեղ զգում եմ ինչպես իմ տանը: Երևանը շատ հյուրասեր է, երևանցիները՝ խենթ:
Ռուանդայի տաղավարը ներկայացնող կանայք միաբերան ասում են, որ մեր ժողովուրդները նման են իրենց պայքարող տեսակով:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

-Հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ապրեցին, ռուանդացիները՝ դարի վերջին: Մենք այսօր լինելով Հայաստանում, ցույց ենք տալիս ոչ միայն մեր մշակույթը և սոցիալական կյանքը, այլ նաև՝ մեր ոգու ուժը…

Իսկ ահա սենեգալցի մեր հյուրերը համոզված են, որ ֆրանկոֆոնիան Հայաստանին մեծ հնարավորություններ է ընձեռնում սոցիալ-մշակութային կապեր հաստատելու աֆրիկյան երկրների հետ:

«Քայլ դեպի տուն»-ը Եղիպատրուշում

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Ճանաչողական մասի շրջանակներում «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները օգոստոսի 11-ին և 17-ին եղան նաև Ապարանի Եղիպատրուշ գյուղում, որտեղ Ապարանի «ՍՔԱՅ» ակումբի և մի խումբ եղիպատրուշեցի կամավորների ջանքերի շնորհիվ նախապես ծրագիր էր կազմվել պատանիներին գյուղական կյանքի հետ ծանոթացնելու և դրա մասնակիցը դարձնելու։

Մասնակիցները նախ ծանոթացան գյուղի պատմամշակութային վայրերին, ապա բաժանվելով խմբերի՝ անցան խաղ-մրցույթին:

Նախապես մշակվել էր 5 առաջադրանք.

1. Թոնրի լավաշի պատրաստում և մեղվի փեթակների բացում, մեղրաքամ:

2. Բուրդ չփխել, մանել:

3. Ցորենից ձավարի ստացում և կովերի կթման գործընթաց:

4. Գյուղի մասին տեղեկության հավաքում:

5. Խոտի տուկերի հավաքում մեքենայի մեջ:

Յուրաքանչյուր վարժության կատարման համար տրվում էր 20 րոպե, վարժությունները գնահատվում էին, և արդյունքում թիմերից մեկը ճանաչվում էր հաղթող՝ նվեր ստանալով ազգային հագուստով ֆոտոսեսիա:

Հետգրություն. Լուսանկարներում են՝ «Կիլիկիա» և «Լայմն-լիմոն» խմբերի մասնակիցները:

Մեղրաքամ

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Վերափոխման տոնին վերափոխումներ

Օգոստոսի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Աստվածածնի Վերափոխման տոնը կամ խաղողօրհնեքը: Տոնին ընդառաջ, Արագածոտնի թեմի Եղիպատրուշ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին էլ վերափոխվել էր: Տոնը կրկնակի էր եղիպատրուշեցիների համար՝ շնորհիվ մի խումբ անհատ բարերարների: Բարերարները սեփական նախաձեռնությամբ հոգացել էին եկեղեցին ապահովել պատուհաններով, մոմամաններով, գրակալներով, գորգերով, Սուրբ Սեղանով և ամենից կարևորը, տեղադրվել էր դուռ: Բարերաները, որոնք այդպես էլ չցանկացան անվանական խոսել, նշեցին, որ այս եկեղեցին մի անգամ տեսնողը չի կարող անտարբեր մնալ, չի կարող չդառնալ նրա մի մասը: Դռան ծախսերը հոգացած բարերարը նշեց նաև, որ եկեղեցուն պետք է վերաբերվել ինչպես սեփական տանը:

-Եթե տունդ մաքրում, պահպանում ես քամուց, կենդանիներից, ուրեմն, հոգևոր տունը առավել ևս արժանի է ուշադրության:

Եղիպատրուշեցիների համար Սուրբ Աստվածածին եկեղեցին և Աստվածամայրը գյուղի հովանավոր Սրբություններն են, ուստի այսօրվանից էլ ավելի պարտավորված են պահպանել իրենց սրբությունը: Տեր Մուշե քահանա Վահանյանը, ում մեծ ջանքերի շնորհիվ եկեղեցում ի վերջո բարեկարգումներ եղան, Սուրբ Պատարագի քարոզի ժամանակ նշեց, որ եկեղեցին այլևս միայն աղոթքի տուն է, որտեղ էլ չպիտի կենդանիներ լցվեն, որի պատերը էլ չեն ողողվելու ոչ առաքելական սրբատկերներով:

Եկեղեցու բարեկարգումը շատ կարևոր է հոգևոր կյանքը ակտիվացնելու համար: Դա ևս մեկ անգամ ապացուցեց բարեկարգություններից հետո տոնին մատուցված Սուրբ Պատարագի մարդաշատությունը:

zara ghazaryan

Մի բանով օգնե՞մ

-Մի բանով կօգնե՞ք, մի բանով օգնեք, էլի, երեխես մեղք ա:

Սարսափելի հայացքով ուղիղ աչքերիս մեջ նայելով, երեխան գրկին՝ աղերսում էր մի կին։ Փորձեցի սառն անցնել: Պետական համալսարանից մինչև տնտեսագիտական քայլեցի, բայց հայացքը հանգիստ չէր տալիս: Հետ դարձա ու ճանապարհին հիշեցի, որ այդ կինը նույն այն մայրն էր, որին շարունակ տեսնում էի Սուրբ Սարգիս եկեղեցու պատի տակ՝ նույն դերում: Երեխայի համար ինչ-որ բաներ էի գնել։ Երբ մեկնեցի կնոջը, այնպես զարմացավ, կարծես նոր ինքը չէր տվողին՝ օրհնող, սառն անցնողին՝ անիծողը:

Մի քանի օր անցավ: Երեխայի աչքերը չէի մոռանում: Անընդհատ անցումների տակ փնտրում էի նրանց: Սովորական առավոտ էր, դասի էի գնում, մի կին երեխայի հետ բարձրացավ, ու տրանսպորտում տեղ չկար: Տեղս փորձեցի զիջել կնոջը, բայց նա մերժեց՝ խնդրելով միայն երեխային գրկել: Երթուղայինը այնքան լիքն էր, որ կնոջ դեմքը այդպես էլ չտեսա: Առաջին հայացքից ճանաչել էի երեխային: Մուրացկանի երեխան էր, միայն թե հագուստը կոկիկ ու մաքուր: Մինչև իջնելը հասցրի լսել կնոջ խոսակցությունը իր բիզնեսի մասին, տեսնել սիրալիր վերաբերմունքը, բավականին թանկ հեռախոսը… Մենք նույն կանգառում իջանք: Ճանաչեց ինձ: Երեխային գրկեց ու ոտքը արհեստականորեն կախ գցելով փախավ: Գուցե և ամաչեց:

Մի բանով օգնե՞մ: Իսկ ինձ ո՞վ կօգնի…

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ռոկֆոր: Եղիպատրուշ

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Աշխարհիս երեսին ամենից հասարակ, բայց ամենահամեղ պանիրները, դարի պատմություն ունեցող կճուճները ու Ռիմա տատը մի տեղ՝ մի գործողության մեջ: Եթե կարճ, ինչպես երգում է Ռիմա տատիկի փոքրիկ թոռը. «Տատիկս պանիր կհորե, տատիկս պանիր կհորե…»:

Տարբեր գյուղերում պանիր հորելու տարբեր ձևեր կան: Գյուղերում պանիրը հորում են որպես ձմռան պաշար՝ հաշվի առնելով անասունների ցամաքելը ձմռանը: Եղիպատրուշում պանիրը հորում են մինչև Վարդավառի տոնը, իսկ բացում միայն դեկտեմբեր ամսին: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր բաղադրատոմսը: Ռիմա տատը գյուղացուն բնորոշ համեստությամբ ասում է.

-Համը հո բաղադրիչների՞ց չէ, ինձնից է, ինձնից:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Բացելով Ռիմա տատի գաղտնիքները՝ ասեմ, որ նախքան պանիրը հորելը, այն նախ կուտակում են հատուկ աղաջրերում: Հորելուց մեկ շաբաթ առաջ պանիրը հանում են ջրից՝ թողնելով, որ քամվի, ապա կտրում են շերտերով: Հաջորդ փուլում նախապատրաստում են կճուճները:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Կճուճի առաջին շերտում լցնում են պանիր, ապա համեմունքներ՝ պղպեղ (կանաչ, դեղին, կարմիր), զանազան կանաչիներ, բայց առավել շատ՝ սխտորուկ կոչվող կանաչին: Հաջորդաբար նույն գործողությունը կրկնելով, վերջին շերտին ավելացնում են դաղձ, կապում կճուճի բերանը, ապա դնում մութ տեղում:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ձմռանը գյուղում օգտագործում են հորած պանիրը, որը ոչ այլ ինչ է, քան շատ ծանոթ ռոկֆորը: Եթե սովորական պանիրը կարելի է գնել 1500-2000 դրամով, ապա այս պանիրը կրկնակի թանկ է: Եթե օրերից մի օր փորձելու կամ գնելու կլինեք այս պանրից, հիշեք, որ համի գաղտնիքը ոչ մի բաղադրիչի մեջ էլ չէ, այլ աշխատանքի՝ գյուղացու աշխատանքի:

«Ընթացքն ինձ համար է, իսկ արդյունքը՝ ձեր»:

Հարցազրույց նկարիչ Նվեր Ռոմիա Հայրապետյանի հետ:

Նվեր Ռոմիա Հայրապետյանը ինքնուս նկարիչ է, զբաղվում է նաև բանասիրական աշխատանքներով: Ծնվել և ստեղծագործում է Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում: 

-Պարոն Ռոմիա, ե՞րբ սկսեցիք ստեղծագործել: 

-Հիշում եմ, որ ինձ տարել էին ուսուցչանոց՝ ծեծելու. դպրոցի սեղաններն էի նկարազարդում, ստուգողականի տետրերն էի ձևավորում: Նկարել եմ, կարելի է ասել, դպրոցական տարիքից: Ինձ ինչքան հիշում եմ՝ խզբզելու հետ սեր ունեի: Հետո զգացի, որ այդ խզբզոցը դառնում է կյանքիս կարևոր մասը: Դա և՛ երջանկություն է, և՛ դժբախտություն, իսկ հիմա հասկանում եմ, որ իրականում դա առաքելություն է:

-Իսկ ինչո՞վ է երջանկություն կամ դժբախտություն: 

-Ինձ համար երջանկություն է, որովհետև հնարավորություն է ընձեռված արտահայտվելու: Մարդն առնվազն պետք է երախտամոռ լինի, որ հաշվի չառնի այն փաստը, որ Հայր Աստծո ստեղծելու շնորհից իրեն էլ է բաժին հասել: Չէ՞ որ կտավը երկրի պես անձև է ու դատարկ: Ինչպես Հայր Աստվածն էր շրջում ջրերի վրա ու արարում, այդպես էլ՝ նկարիչը: Երբ զգում ես, որ նկարն այն է, ինչ դու էիր ուզում, արդեն իսկ մեծագույն երջանկություն է: Իսկ դժբախտություն է, որովհետև մտածում են, որ ես առնվազն խելագար եմ: Այս նյութական աշխարհում բոլորը մտածում են՝ ինչ ուտել, ինչ հագնել, իսկ ես մտածում եմ, որ ներկ չունեմ, կտավ չունեմ: «Դժբախտություն» ես վերացական ասացի, պարզապես հարկավոր է միշտ համադրել:

-Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ Ձեր ասած «դժբախտությունը» արտահայտվի կտավում: 

-Չեմ կարող ասել: Ես վրձինը վերցնում եմ ձեռքս, երբ ինչ-որ բան նախ ներսիցս է գալիս, կամ երբ ինչ-որ խորհրդավոր բան եմ իմացել: Նկարներիս բովանդակությունը զգուշացում է պարունակում: Ես դաժան եմ նկարում: Ինձ մոտ գերակշռում է իրականությունը, որը շատ հաճախ շղարշված է: 

-Ձեզ ճանաչող արվեստագետները և առհասարակ՝ մարդիկ, նշում են, որ Ձեր ոճը բնորոշ է միայն Ձեզ: Համաձա՞յն եք: 

-Ասեմ, որ ընդհանրապես նկարելիս շատ քիչ եմ մտածում ուղղության մասին: Եվ ընդհանրապես, կարծում եմ, որ ոճը, ուղղությունը և նման բաները ձևականություն են: Ես նկարում եմ այն, ինչ տեսնում և զգում եմ: Օրինակ՝ ես նկարում եմ արհավիրք ու տեսնում եմ, որ լիճը ցամաքած է, տարածքը աղտոտված է, մարդիկ ձուկ են որսում, մի խոսքով՝ բնությունն իր կատարյալ շարժման մեջ չէ, բնականաբար, առաջանում է զգացողություն: Ա՜յ, հենց այդտեղ էլ զգացողությունից կտավի վրա ծնվում է գույնը, գիծը, շարժումն և պատկերը: Ու ստեղծվում է այն, ինչը ստեղծվում է: Մի կողմ դնել զգացողությունն ու մտածել. «Վա՜յ, գծից դուրս չգամ, վա՜յ, ոճից չշեղվեմ» սխալ է: Ես պահի տակ եմ նկարում, ոչ մի պարագայում երբեք չեմ էսքիզում, միգուցե այդ պատճառով առանձնացնեմ էքսպրեսիոնիզմը:

-Երբևէ եղե՞լ է, որ չհասկանան Ձեր նկարները: Եթե այո, ի՞նչ եք զգում այդ պահին:

-Ըմ, շատ: Ասեմ, որ բոլորն էլ գիտեն, որ բավականին բարձր գներով են վաճառվում իմ նկարները, ու ասում են՝ յանի էդտեղ ի՞նչ կար, որ: Դե, չգիտեմ՝ ինչ կար, կարևորը, որ ես խելագար չեմ: Այն, որ չեն հասկանում, ժամանակին ցավ էր պատճառում: Ավելի շատ ցավում եմ, որովհետև ինձ համար չէ, որ նկարում եմ: Հիմա ես փորձում եմ օգնել, բացատրել ու ցույց տալ:

-Պարոն Ռոմիա, որպես արվեստագետ՝ ունե՞ք ոգեշնչման աղբյուր:

-Իհարկե, ունեմ և ունեցել եմ: Երիտասարդ տարիներին ես ոգեշնչվել եմ մեծ նկարիչներով՝ Վան Գոգ, Մոդիլիանի, Սարյան: Հավելեմ, որ 10-12 տարի առաջ Մոդիլիանիով պարզապես տարված էի: Դրանց արգասիքը մեծ տիկնոջս պատկերով բազում կտավներս են: Հիմա, երբ տարիքս այլ է, ուրիշ է նաև ոգեշնչումս: Հիմա այն Աստվածաշունչն է: Աստվածաշնչից ոգեշնչվելով՝ ավելի շատ գրում եմ, քան նկարում: Ունեմ մի քանի հատոր գիրք, որոնք հրատարակված չեն՝ հնարավորություն չունենալուս պատճառով:

Վերադառնալով թեմային՝ ասեմ, որ Աստվածաշունչը մեր հոգեգիրքն է: Այն այբուբենն է, որով դու կարդում ես քեզ: Ու այդտեղից է, որ իրերը, պատկերները, տիեզերքից, ժամանակից ու տարածությունից դուրսը քեզ մեկնվում են, ու դու մեկնվում ես կտավին:

-Իսկ Ձեզ համար ստեղծագործությունը ընթա՞ցքն է, թե՞ արդյունքը: 

-Հըմ: Կարծում եմ՝ հարցդ երկսայր բնույթ ունի: Ե՛վ աջ խփեցիր, և՛ ձախ: Փորձեմ պատասխանել: Երբ խոսքը գնում է եռաթև, հնգաթև մի խոսքով՝ կառուցում պահանջող կտավի մասին, ես սարսափ եմ ապրում: Ի՞նչ է ստեղծվելու, ինչպե՞ս եմ ստեղծագործելու, ո՞րն է լինելու ընթացքը: Պարզապես վախենում եմ կտավին կպչել: Հետո փակվում են դռները, միացվում է բարձր երաժշտությունն, ու սկիզբ է դրվում ընթացքին: Կարծում եմ՝ ինձ համար ստեղծագործությունը ընթացքն է: Ընթացքն ինձ համար է, իսկ արդյունքը՝ ձեր:

-Ո՞ր դեպքում բացարձակապես կհրաժարվեք նկարելուց: 

-Երիտասարդ տարիքում երեք հարյուր կտավ եմ ջարդել: Պատճառը ծաղրն էր: Ընտանիքում բոլորը բժիշկներ, քիմիկոսներ, կենսաբաններ էին, իսկ ես՝ «խզբզիկ»: Այդ ժամանակ էր, որ չէի նկարում: Հիմա ավելի հասուն եմ: Հրաժարվե՞լ. ոչ մի պարագայում: Ես միշտ ասում եմ, որ գրականությունն իմ աղջիկն է, նկարչությունը՝ տղաս: Ես իմ երեխաներին սիրում եմ հավասարաչափ: Աղջիկս զգացմունքներս է, տղաս՝ ուժս:

-Երբևէ կփոշմանե՞ք, որ տեղի չտվեցիք հարազատներին և հասարակությանը ու դարձաք արվեստագետ:

-Գիտեք՝ կա գենետիկական կոդ հասկացությունը, ըստ որի՝ հիմա ես պետք է բժիշկ լինեի: Բայց ես շատ ուրախ եմ, որ հիմա մարդու մարմին չեմ բուժում, եթե կարողանամ, արվեստով հոգի կբուժեմ: