«Քայլ դեպի տուն»-ը Եղիպատրուշում

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Ճանաչողական մասի շրջանակներում «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները օգոստոսի 11-ին և 17-ին եղան նաև Ապարանի Եղիպատրուշ գյուղում, որտեղ Ապարանի «ՍՔԱՅ» ակումբի և մի խումբ եղիպատրուշեցի կամավորների ջանքերի շնորհիվ նախապես ծրագիր էր կազմվել պատանիներին գյուղական կյանքի հետ ծանոթացնելու և դրա մասնակիցը դարձնելու։

Մասնակիցները նախ ծանոթացան գյուղի պատմամշակութային վայրերին, ապա բաժանվելով խմբերի՝ անցան խաղ-մրցույթին:

Նախապես մշակվել էր 5 առաջադրանք.

1. Թոնրի լավաշի պատրաստում և մեղվի փեթակների բացում, մեղրաքամ:

2. Բուրդ չփխել, մանել:

3. Ցորենից ձավարի ստացում և կովերի կթման գործընթաց:

4. Գյուղի մասին տեղեկության հավաքում:

5. Խոտի տուկերի հավաքում մեքենայի մեջ:

Յուրաքանչյուր վարժության կատարման համար տրվում էր 20 րոպե, վարժությունները գնահատվում էին, և արդյունքում թիմերից մեկը ճանաչվում էր հաղթող՝ նվեր ստանալով ազգային հագուստով ֆոտոսեսիա:

Հետգրություն. Լուսանկարներում են՝ «Կիլիկիա» և «Լայմն-լիմոն» խմբերի մասնակիցները: