Սոնա Զաքարյանի բոլոր հրապարակումները

sona zaqaryan

Ես եմ խոհանոցի տերը

Չգիտեմ, սիրո՞ւմ եք արդյոք խոհանոցում համեղ ուտեստներ պատրաստել, թե ոչ, բայց կարծում եմ, որ ձեզնից շատերը չեն սիրում, ավելի շուտ հոգնում են խոհանոցը մաքրել և ափսեները լվանալուց: Ես մտնում եմ հենց այդ շատերի մեջ: Արդեն մեկ շաբաթից ավելի կլինի, ինչ մայրիկիս ձեռքը վնասվել է, և նա չի կարողանում տան գործերը անել,առավել ևս խոհանոցինը, այդ պատճառով ես եմ փոխարինում նրան: Մայրիկս շատ է անհանգստանում ինձ համար, անընդհատ գալիս է խոհանոց և ասում. –Սոնա, չտեսնեմ սառը ջրով լվանաս ամանները, տաք ջուր բեր, նոր լվա:
Մինչև հավաքում եմ սեղանը և գնում վառարանի վրայից տաք ջուր բերելու,կրկին լսում եմ մայրիկի ձայնը. –Զգույշ մնա, ջուրը եռման ա, չթափես վրադ: -Մամ, մի անհանգստացիր, հո առաջին անգամ չե՞մ աման լվանում: …Կիրակի է: Ես պետք է ոչ մի տեղ չգնամ և մնամ տանը: Մեր տուն հյուրեր են գալու, և ես պետք է անպայման օգնեմ մայրիկին, ախր, նրա ձեռքը վնասված է: 85-ամյա տատս իր վրա է վերցնում դոլմա պատրաստելու գործը: Ես էլ հպարտորեն ասում եմ, որ կպատրաստեմ ուզբեկական փլավը (ինձ արդեն խոհանոցի տեր եմ զգում): Սկսվում է պատրաստման գործընթացը: Դե ինչ, սկսում եմ սոխը կտրատելուց: Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց երբ հերթը հասավ գազարին, իմ և մայրիկի միջև ծագեց մի փոքրիկ վեճ: -Սոնա, գազարը ծուռ ես կտրել ու շատ հաստ, մի քիչ բարակ կտրիր: -Լավ էլի, մամ, ի՞նչ կապ ունի հաստն ու բարակը, կարևորը համով լինի: Եվ այստեղ մայրիկը փորձում է ինձ բացատրել, որ ուտեստի տեսքն էլ է շատ կարևոր, և անպայման պետք է դրան ուշադրություն դարձնել: Ես համաձայնվում եմ մայրիկի հետ… Երկար տանջանքներից հետո պատրաստ էր և դոլման, և ուզբեկական փլավը: Հյուրերն էլ արդեն եկել էին: Չգիտեմ նրանց դուր եկա՞ն ուտեստները, թե ոչ, բայց ինձ համար դրանք շատ համեղ էին, քանի որ պատրաստվել էին 15-ամյա մի աղջնակի և 85-ամյա ծեր կնոջ երկար, բայց արդյունավետ և տքնաջան աշխատանքի շնորհիվ:

sona zaqaryan

Պապս

Փոքր ժամանակից պապիկիս հետ շատ մտերիմ էի, նրա անունը Սուրեն էր: Հիշում եմ, միշտ կանչում էր ինձ, գումար էր տալիս և ասում.
-Քինա խանութ` պապիրոս առ, որ փող մնա, քեզ մհար կանֆետ կառնես:
Երբ մայրիկս իմ վրա բարկանում էր, նա ինձ միշտ պաշտպանում էր:
Պապիկս հիվանդ էր, դժվար էր քայլում, միշտ նստած էր բազմոցին: Մենք մի փոքրիկ կատու ունեինք: Կատուն միշտ գալիս էր ու նստում պապիկիս ծնկներին: Հարցնում էի.
-Պապիկ, կատուն խիա՞ միշտ նստում ծնկներիդ:
-Բալաս, կատուն հիվանդ մարդկանց մոտ ա քինում, ես ալ հիվանդ եմ,- պատասխանում էր պապս:
Հիշում եմ, երբ ամեն անգամ գնում էինք այգի աշխատելու, նա միշտ ուզում էր մեզ հետ գալ, չնայած չէր կարողանում աշխատել: Շատ աշխատասեր մարդ էր: Տատիկս պատմում է.
-Պապիկիդ նհետ երգան աշխատալ ենք, կոլխոզումն ենք աշխատալ, հող ենք մշակալ, արտ ենք ցանալ, արտ ենք վարալ: Շատ ա աշխատալ պապիդ, շատ դժվարություններ ա տեսալ: Պապիդ շոֆեր ա իլալ, համալ շատ բարի մարդ ա իլալ: Գեղըմը հով շենք ա շինալ, պապիդ օգնալա: Հյուրասեր ա իլալ, միշտ դրսից ղոնաղ ա պիրալ մեր տոն, ասալ ա միշտ ղոնաղին հաց կտան, տեղ կտան:
Տատիկս մի զվարճալի պատմություն պատմեց պապիկիս հետ կապված.
-Պապիդ թորք ծանոթներ ուներ, կալիս էին մեր կեղացի Սաքոյանց տոն: Մի անգամ վեր կալիս են կեղը, պապիիդ տեսնըմ են հարցնըմ են` «Սաքոն հունց ա՞», պապդ ասում ա` Սաքոն մահացալ ա: Էս թորքերը վեր են կենում, վեր քինան Սաքոյանց տոն, ճանապարհին տեսնըմ են Սաքոն հենա պահեստի մոտ կանգնած, սկսըմ են ծիծաղելը:
Ասըմ են. «Մենք գիտեինք, թե Սաքոն մեռալ ա»: Սաքոն էլ ասըմա. «Էտ հաստատ Սուրենի գործերը կիլի»:
Այսպիսին է եղել պապիկիս կյանքը և կատակներով, և հոգսերով լի…
Հինգ տարի է, ինչ պապիկս մահացել է: Շատ եմ կարոտում նրան, ինձ համար մի տեսակ անսովոր է գալ տուն և տեսնել, որ պապիկս տանը չէ, որ չեմ կարող վազել, գրկել նրան ու ասել. «Պապի 5 եմ ստացել»: Երբ սովորում էի 6-րդ դասարանում, անցնում էինք Ստեփան Զորյանի «Պապը» ստեղծագործությունը: Ուսուցչուհիս հանձնարարեց, որ կարդամ դասը, և ես ակամայից սկսեցի լաց լինել…
Մինչև հիմա էլ հիշում եմ պապիկիս, հիշում եմ նրա դողդոջուն ձեռքերը, թախծոտ աչքերը և բարի ժպիտը: Միևնույն է, նա չի մահացել, նա միշտ իմ սրտում կմնա որպես բարի, ազնիվ և հոգատար պապիկ:

Երբ կգա այդ օրը

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Իմ դպրոցը (Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Դարբասի միջնակարգ դպրոց) կառուցվել է 1966 թ-ին և սկսել է գործել 1969 թ-ից: Այդ օրվանից մինչև հիմա այն հիմնովին չի վերանորոգվել: Վերանորոգվել են միայն երեք սենյակներ` ուսուցչանոցը, համակարգչային և անգլերենի դասասենյակները, որի համար շնորհակալ ենք մեր ամերիկացի բարեկամներից:
Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի


Դպրոցի շենքը վթարային և սեյսմիկ անկայուն վիճակում է: Հիշում եմ, երբ գյուղում երկրաշարժից ցնցումներ եղան, պատերի վրայի ճեղքերը ավելի լայնացան: Դա ընդամենը 3-4 բալի դեպքում: Ես անգամ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ավելի ուժեղ երկրաշարժ լիներ: Երբ ցնցումներ եղան, մենք բոլորս դուրս եկանք դպրոցից և գնացինք ֆուտբոլի դաշտ: Վախեցել էինք, որովհետև մտածում էինք, որ հետցնցումներն ավելի ուժգին կլինեն, բայց բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտվեց:
Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի


Մենք երազում ենք վերանորոգված և մաքուր սպորտ դահլիճ ունենալու մասին: Սպորտ դահլիճի չվերանորոգված լինելու պատճառով մենք շատ ենք տուժում: Չենք կարողանում նորմալ դասեր անցկացնել այնտեղ: Հարմարություններ չկան հագուստ փոխելու համար: Հանդերձարանները անմխիթար վիճակում են: Մեր երեխաների սերը այնքան մեծ է սպորտի հանդեպ, որ չնայած վատ պայմաններին, սպորտ դահլիճում վոլեյբոլ են խաղում: Ամեն անգամ ընկերուհիներս ասում են.
–Սոն, արի իջնենք սպորտ դահլիճ, վոլեյբոլ խաղանք:
-Երեխեք, ախր, էնտեղ փոշի ա ու շատ ցուրտ ա:
-Ոչինչ, կխաղանք, կտաքանանք:
Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Բացի այս ամենից սպորտ դահլիճի պատուհանները կոտրված են: Այնտեղ խաղալով և առավել ևս դաս անելով մենք մեր առողջությունը կվնասենք: Միայն դպրոցի երեք սենյակները եվրոպատուհաններ ունեն, իսկ մնացած պատուհանները մի փոքրիկ քամուց կարող են ջարդվել: Մի քանի շաբաթ առաջ ուժգին քամի էր, և մեր դպրոցի մի քանի պատուհաններ ջարդվեցին: Անգամ դպրոցի արհեստանոցի տանիքն էր վնասվել: Չնայած այդ ամենին, մենք մեծ խանդավառությամբ ենք սովորում, որ խելացի և կրթված մարդիկ դառնանք: Գուցե հետագայում կարողանանք օգնել մեր դպրոցին:
Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Հումորը մեզնից անպակաս

Ողջույն բոլորին: Հուսով եմ, որ բոլորիդ տրամադրությունը լավ է: Իսկ եթե կան մարդիկ, ում տրամադրությունը այդքան էլ լավ չէ, ես ցանկանում եմ իմ փոքրիկ նյութով բարձրացնել այն: Ինչպես շատ տեղերում, այնպես էլ մեր գյուղում, եղել են շատ զվարճալի և հետաքրքիր պատմություններ, իհարկե, մեր տատիկների և պապիկների մասնակցությամբ: Թեև ծանր կյանքին և բազում դժվարություններին, հումորը նրանցից անպակաս է եղել:
Վերջերս մի գիրք գտա «Ծիծաղում է Դարբասը» վերնագրով (հեղինակ`Սմբատ Ղազարյան), որտեղ զետեղված են հումորային պատմություններ մեր գյուղի մեծերի մասին: Ուզում եմ ձեզ ներկայացնել մի քանի զվարճալի պատմություններ այդ գրքից և հուսով եմ, որ դրանք կարդալուց հետո ձեր դեմքին ժպիտ կհայտնվի:

***
Ավտովարորդ Սուրեն Զաքարյանին (պապիկիս) համագյուղացիներից մեկը հարցնում է. –Զաքարյան, մաշինավ շտե՞ղ ես քինում: -Ջիվիր Քար սարի կովաբուծական ֆերման: -Վեր մի պան խնդրեմ, կանե՞ս: -Հի՞նչ: -Կուլան տամ, Ակնաղբյուրից մի կուլա ջուր պիր ինձ մհար, սերտս ոզում ա: -Խնամի ջան, հինչ ասես կանեմ, բայց էտ մինը կարալ չեմ: -Խե՞: -Ակնաղբյուրի ջուրը նախագահի կարգադրությամբ խառնըմ են կոլխոզի կաթին, հանձնըմ պետությանը,- լրջորեն պատասխանում է Զաքարյանը:

***

Պապն իր երկու տարեկան թոռան հետ նույն ափսեից կեռաս էր ուտում, պապը`փունջ-փունջ, թոռը`հատ-հատ: Երբ ափսեն կիսով չափ պակասեց, թոռը լացակումած նայեց պապին ու ասաց. -Պապի~կ ջան, մեկ-մեկ կեր, կխեղդվես:

***
Վարսիկին ուղարկեցին քաղաք`բժշկական ուսումնարան ընդունվելու: Վարսիկը գնաց ու ետ եկավ: Չէր կարողացել ընդունվել: -Հի՞նչ իլավ, բալա,- հարցնում է հուզված հայրը: -Կտրեցին: -Հինչի՞ց: -Թթուներից: -Կարացի՞ր ոչ պատասխանես: -Պատասխանեցի: -Հի՞նչ ասիր: -Ասի` կաղամբի թթու, վարունգի թթու, տանձի թթու, սարի շուշանի թթու: -Ճըխթթոն (թթու դրած բազուկ) ասա՞լ չես: -Չէ: -Ասըմա` չէ… Լավ էլ ըրալ են, վեր կտրալ են:

***

Թագուհի մայրիկի դեղնակտուց աքլորը թառել էր դարպասի վրա, վզի երակները ձգել ու այնպես էր կանչում երկինքն ի վեր, ասես ուզում էր արար աշխարհքին տեղյակ պահել, որ ինքն էլ է աքլորավարի կանչել սովորել.
-Ծու~ղ-րու-ղու~…
-Սրան տեսեք, դիպլոմն ա պակաս, վեր դիպլոմ էլ ունենա, պառլամենտի անդամ կտառնա,- ասում է Թագուհի մայրիկը:

Հ. Գ. Հեղինակը գրել է գրական հայերենով, սակայն ես գրել եմ մեր բարբառով, քանի որ չեմ ուզում, որ մեր բարբառը վերանա: Թող այն փոխանցվի սերունդներին և դարերով պահպանվի:

Երաժշտությունը իմ կյանքն է

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Ինձ թվում է, չկա այնպիսի մարդ, որ երաժշտություն չսիրի: Ճիշտ է, բոլորիս ճաշակները երաժշտության հարցում տարբերվում են իրարից, սակայն ամեն մեկս էլ ունի իրեն հարազատ երաժշտությունը: Երաժշտությունն ինձ օգնում է մտքերս իմի բերել և ստեղծագործել: Իմ կարծիքով, այն շատ լավ միջոց է մարդու հոգեվիճակը նկարագրելու համար:
Երաժշտությունը մի ուրիշ աշխարհ է, աշխարհ, որտեղ գտնում ես ինքդ քեզ: Ես իմ կյանքը առանց երաժշտության պատկերացնել չեմ կարող…

Ահա թե ինչ է լինում, երբ տատիկս ինձ տեսնում է ականջակալներով.

-Էդ անգոջնիդ (ականջներիդ) հի՞նչ էս տիրալ:

-Տատի, ականջակալներ ա, երգ եմ լսում:

-Քինա տասերդ է սովորի:

-Տատ, սովորել եմ արդեն:

Ու տատիկս գլուխը շարժելով հեռանում է: Հետո գալիս է եղբայրս:

-Հեռախոսդ տուր մի քիչ խաղ խաղամ:

-Ամբողջ օրը կոմպի մոտ նստած ես, հիմա էլ ասում ես` տուր խաղամ: Երգ եմ լսում, չեմ կարա տամ:

Ու եղբայրս նեղացած գնում է: Հիմա էլ մայրիկը.

-Սոն~ա,Սոն~ա: Չե՞ս լսում:

-Հա, մամ, ի՞նչ ա եղել, երգ եմ լսում:

-Արի’, ինձ օգնելու բան կա:

-Մամ, կլինի՞ մի քիչ հետո, մի քիչ երգ լսեմ նոր:

-Դիր մի կողմ, արի, հետո կլսես:

Ու մայրիկը բարկանում է…

Ախր, ի՞նչ անեմ, որ առանց երաժշտության չեմ կարող: Չեմ հասկանում` ե՞ս եմ մեղավոր, թե՞ երաժշտությունը:

Միայնակ կատուն

-Մյաու, մյաու, մյաու:

-Վայ, Սոն, կատուն եկավ, գնամ մի քիչ հաց տամ, թող ուտի,- ասում է փոքր եղբայրս:

-Սպասիր, գամ` միասին գնանք:

Ես ու եղբայրս դուրս ենք գալիս, որ կատվին կերակրենք…

Մի քանի տարի է, ինչ այս կատուն գալիս է մեր բակ: Համարյա ամեն օր տեսնում ենք նրան: Ես ու եղբայրս նրա անունը Մուրզիկ ենք դրել: Երկար ժամանակ չէինք կողմնորոշվում, թե ինչ անուն տանք նրան: Մի օր մի հետաքրքիր պատմվածք կարդացինք, որի հերոսը կատու էր, իսկ կատվի անունը Մուրզիկ էր, և որոշեցինք նրան էլ Մուրզիկ անվանել: Մուրզիկը մի գեղեցիկ ընկերուհի ուներ և շատ էր սիրում նրան, լինում էր նաև այնպես, որ միասին էին գալիս մեր բակ, և մենք խաղում էինք նրանց հետ:
 Մի օր էլ Մուրզիկը կրկին եկավ մեր բակ: Երբ մենք տեսանք նրա դեմքը, շատ վախեցանք, այն ամբողջովին արյունլվա էր եղել և ծածկվել էր վերքերով: Տեսնես` ի՞նչ էր եղել: Մենք փորձեցինք հարևաններից հարցնել, գուցե նրանք իմանային:
Պարզվեց, որ Մուրզիկի ընկերուհին ընկել էր մեր հարևանի շների ձեռքը: Մուրզիկը փորձել էր պաշտպանել, բայց չէր կարողացել: Մենք շատ տխրեցինք: Նայում էինք Մուրզիկի աչքերին և տեսնում էինք նրա աչքերում թաքնված անսահման թախիծը…
 Այդ դեպքից հետո Մուրզիկը ուշ-ուշ էր գալիս մեր բակ: Միշտ տխուր էր լինում, մեզ հետ չէր խաղում: Մենք ամեն ինչ անում էինք, որ նա իրեն լավ զգա, չտխրի: Բայց միևնույն է, նա այլևս առաջվա Մուրզիկը չէր:

Այս ամենից հետո ես հասկացա, որ կենդանիները որոշ դեպքերում ավելի շատ բան են հասկանում, քան մենք կարող ենք պատկերացնել: Չէ՞ որ նրանք էլ զգացմունքներ ունեն:

Դառնալ լրագրո՞ղ, թե` ոչ


Անընդհատ մտածում էի մի կարևոր հարցի շուրջ. ինչ մասնագիտություն ընտրել: Երկու տարի էր, չէի կողմնորոշվում, բայց երկար մտածելուց հետո որոշեցի լրագրող դառնալ: Այդ երկու տարվա ընթացքում ծնողներս ինձ միշտ ասում էին, որ ես արդեն մեծ եմ, պետք է կողմնորոշվեմ և ճիշտ մասնագիտություն ընտրեմ: Ես արդեն որոշել էի և հայտնեցի այդ մասին ծնողներիս: Հայրիկս ինձ միշտ ասում էր, որ ես պետք է կամ բժիշկ դառնամ կամ` ուսուցչուհի, մինչդեռ այդ մասնագիտություններից ոչ մեկը ես չեմ սիրում: Իսկ երբ մայրիկս իմացավ, որ լրագրող եմ ուզում դառնալ, ասաց.

-Աղջիկս, լրագրող դառնալը այդքան էլ հեշտ չէ:

Ես գիտեմ, որ ծնողները երեխայի լավն են ուզում և երբեք նրան վատ խորհուրդ չեն տա, բայց չէ՞ որ ինձ այդ մասնագիտությունն է դուր գալիս: Եվ ես կարծում եմ, որ մարդը հաճույքով է աշխատում, երբ իր սիրած գործն է անում: Մի պահ մտածում էի, որ գուցե այդ մասնագիտությունը ինձ համար չէ, և մի օր հարցրեցի տատիկիս.

-Տատ, քո կարծիքով ինձ համապատասխանո՞ւմ է լրագրողի աշխատանքը:

-Ես կարծում եմ, որ դու ծնվել ես լրագրող դառնալու համար:

Ես ուզում եմ լրագրող դառնալ, որովհետև իմ կարծիքով, այդ մասնագիտությունը ինձ համապատասխանում է, և այդ ոլորտում աշխատելով ես մեծ հաջողություններ կունենամ: Կարծում եմ, որ լրագրողը պետք է ինքնավստահ, անվախ, խելացի, համբերատար լինի և պրպտուն միտք ունենա: Այս հատկանիշներից որոշները ես ունեմ, մի մասն էլ դեռ պետք է ձեռք բերեմ: Ես համոզված եմ, որ դրանք կարող եմ ձեռք բերել աշխատասիրության և համառության շնորհիվ: Եթե լրագրող դառնամ, իմ շրջապատի համար էլ դա օգտակար կլինի: Կաշխատեմ միշտ լուսաբանել այն խնդիրները, որոնք հիմա տեսնում եմ իմ շրջապատում, սակայն այդ մասին ահազանգող չկա: Կգրեմ նաև այն ամեն լավի մասին, որոնց մասին հիմա չգիտես ինչու չեն գրում: Գուցե լավ լուրը չե՞ն համարում կարևոր: Իսկ դրա մարդիկ կյանքին կնայեն ավելի վառ գույներով,և կփոխեմ նրանց վերաբերմունքը կյանքի և միմյանց հանդեպ, կոգեշնչեմ` լավ մարդկանց ու լավ արարքների մասին պատմելով:

Հիշում եմ, երբ փոքր էի մեր հարևան Աղավնի տատիկը միշտ ասում էր.

-Դու որ մեծանաս` լրագրող ես դառնալու, մենք էլ հեռուստացույցով քեզ տեսնելու ենք:


Անկախ բոլոր դժվարություններից մարդ պետք է ամեն ինչ անի իր նպատակին հասնելու համար: Ես հաղթահարելու եմ բոլոր դժվարությունները, կոտրելու եմ բոլոր կարծրատիպերը և լրագրող եմ դառնալու:

Իմ գյուղը` Դարբաս

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Կա՞ արդյոք մի տեղ, որտեղ մարդն իրեն երջանիկ է զգում, ոչնչից չի վախենում, ապահով է, սիրված ու գնահատված: Դա իհարկե, հայրենիքն է և առաջին հերթին հայրենի տունը: Իմ հայրենի տունը իմ գյուղն է:
Իմ Դարբասը (նախկինում Աղվերծ, Ըղվերծ) գտնվում է Սյունիքի գեղատեսիլ բնության մեջ և շրջապատված է հսկա լեռներով: Չգիտեմ ինչու, բայց ինձ միշտ թվացել է, թե այդ լեռները ուս-ուսի տված զինվորներ են, որոնք պաշտպանում են մեզ, և միշտ ակնածանքով ու հպարտությամբ եմ նայել նրանց: Մանավանդ այն սուրբ լեռանը, որին Եղյակ ենք անվանում: Այն միշտ էլ ժողովրդի համար սրբատեղի է եղել, և ժողովուրդը հավատացել է այդ սուրբ լեռան զորությանը:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Տատիկս պատմում է.
-Էն ժամանակ մարդիկ քինում էին Եղյակից քար պիրում, քցում գետը, որ անձրև կյա:
Հիմա էլ Եղյակը սրբատեղի է համարվում, և այնտեղ հաճախ են ուխտագնացություններ լինում:
Մեր գյուղի հրաշալիքներից մեկը մեր եկեղեցին է: Ժամանակին յոթ եկեղեցի ենք ունեցել, որոնք ցավոք չեն պահպանվել: Մեր Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 5 տարի առաջ երկու բարերար եղբայրների ջանքերով: Նրանք մինչև հիմա շարունակում են մեր գյուղը շենացնել: Մենք մի կամուրջ ունենք, որին Արզումանի կամուրջ են անվանում: Այն ժամանակին շատ կարևոր նշանակություն է ունեցել: Բարերարները այս կամուրջը վերանորոգեցին:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Գիտե՞ք ինչքան էի ուրախանում այս ամենը տեսնելով, ուրախանում էի, որ մեր գյուղը օր-օրի շենանում է, և ես էլ էի ցանկանում մի լավ գործ անել մեր գյուղի համար` թեկուզ փոքր գործ:
Չէ՞ որ փոքր գործերից է ծնվում մեծ գործը:
Երբ նայում եմ այս բնությանը, այս ծաղիկներին, լեռներին` հասկանում եմ, որ նրանք էլ են կարողանում զգալ ու խոսել: Եվ ո՞վ է ասել, որ նրանք անկենդան են: Հենց նրանց մեջ է ամփոփված իմ գյուղը իր վաղեմի պատմությամբ, գեղեցկությամբ և հրաշալիքներով:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի