Դավիթ Գորգոյանի բոլոր հրապարակումները

davit gorgoyan

695

Պատուհանից էն կողմ կիրակի էր, մեր առօրյայի պես հասարակ առավոտ՝ մեկ քամի, մեկ ձյուն, մեկ էլ էքստազի հասցնող արև։ Էսօր առանձնակի բախտավոր ենք լսել հրամանատարի քֆրտոցը` բացառապես տաք եղանակը ներծծելով։

Քամին անցնում էր միջովս, շոյում ոսկորներս, հետո թույլ տալիս արևին լիզել երեսս նույն եռանդով, ինչով շարահրապարակի կիսականգնած շներն էին դրանից ոգևորված սիրով զբաղվում: Բավականին տարօրինակ տեսարան օր ու գիշեր նույն սեռի հետ օրն անցկացնողի համար։ Էստեղ գրքերից Կոելիո են շրջանառում` կենդանական կարիքները թեկուզ տեսականորեն բավարարելու համար ու անունը դնում «պարապ չենք մնում»։ Շատերի կույս միտքը առաջին անգամ է պայքարում նման մարտահրավերի դեմ ու չդիմանալով` վերադառնում նույն բողոքներին։

-Ընգեր, առանց հեռախոս էլ չի լինում, չեմ ձգում։ Ես էլ ասի` գամ ստեղ, մի քիչ ցրվեմ: Հորս արև, գիտե՞ս ինչեր էի անում քաղաքացիական կյանքում․ մաշնեն կար, ժամանակը` լիքը, ընգերներս իմ պես ազատ, էսէմէսներին էլ չէի հասցնում պատասխանեի, էլ ընգերուհի ի՞նչ եմ անում։ Թե չէ` էս ի՞նչ ա։ Շարքով ենք գնում զուգարան, արա։

Բացում եմ գիրքը։ Հենց առաջին էջի վրա, կպչուն թղթիկի վրա նշաններ կան՝ էջերի համարներ են։ Ուրախացա, որ գիրքը ճաշակով կարդացողի ձեռքն է ընկել։ Բացում եմ նշված էջերը ու բնավ չեմ զարմանում. առանձնացված էջերը զուտ բաց տեսարաններ են նկարագրում։

Օդը սառն էր ու հաճելի, բայց միանշանակ վատ էր ազդում նախորդ շաբաթվա եղանակը սրտին մոտ ընդունողների համար։ Աչքերդ փակում ես ու երազում` ոտքերդ ձեր բակի սեղանին դրած, ականջիդ՝ Andrea Boceli լսելով ու խնձորը կծելուց հյութալի մասը ողջ հոգով ստամոքսը քաշելու մասին, թույլ տալիս ճառագայթներին այդպես էլ հատված չդառնալով անցնել միջովդ, հալվել, թուլանալ․․․

Էսպես կարելի է խեղդվելու չափ խտանալ ու չհասկանալ, որ օրդ շարահրապարակի վրա ես անցկացրել։ Հարկավոր է մի խռպոտ հազ, քիթը վեր քաշելով շարքով տարածվող աղմուկ, ու անկախ քեզնից, օրվա երկրորդ «վեր կացն ես» հայհոյում։ Բայց և հասցնում եմ նկատել մոտիկ հորիզոնից կախ ընկած սարի վրա, չնայած խորթ թեքությանը, տները մարտկոցիցս հավասար են շարված։ Անգամ վառարանների ծուխն է համաչափ  թեքվում։

Շուրջս խաղաղություն է շնչում, ներսս՝ թմրածություն։

Կիրակին ներս էր լցվել պատուհանների ճեղքերից։ Շաբաթվա ծանրությունը տղերքը (իբր, ուրիշ էլ ովքե՞ր), շաշկու, գրքի, գրչային խաղերի, ժամերով դիմացի միագույն պատերին նայելով են դատարկում։ Մեկը ոտքերի արանքում համազգեստի ավելորդություններն է զգուշությամբ վերացնում, մյուսը` թռցրած հեռախոսն է ձեռքերում պտտում, մեկ ուրիշը անհանգիստ թպրտում է․ քունը տանում է, քնել չի կարելի։ Ինչ-որ ֆիլմ են ցույց տալիս խոհարարի մասին։ Ըհըն, համբույրի տեսարան… Ընդհանուր թմրություն օդ բարձրացավ։ Գոնե բիբերս լայնանար, կամ ասենք, հիշողության վրայից փառը ճաքեր տար, ու սիրտս անհանգիստ թպրտար։ Լավ է գոնե ֆուտբոլ նայելիս էնտուզիազմը չենք կորցրել։ Լավ է, չենք մեռել։

-Ա՛պ, արևը դուրս էկավ, չհելնե՞նք դուրս։

-Դուրսն ի՞նչ ես անում, ֆոտոսինթե՞զ։

Խոսում են ամեն ինչի մասին․ աղջիկներ, մեքենաներ, նկատառումներ ընդհանուր ծառայության մասին։ Խոսում են խորը փիլիսոփայական երանգով, խորաթափանց հայացքով, մտքում մանր-մանր ծամծմելով, գցել-բռնելով, վերամտածելով, պատրաստ լինելով պատասխան տալ «բարև»-ը «ե», «վ»-ով արտասանելու համար։ Զգո՛ւյշ, խորը չշնչես օդը, կթունավորվես։ Կարճ ասած, մենք ստեղծարարներ ենք։ «Ես»-ը պահակակետիցից դուրս ենք թողել, թաղել թփերի արանքում, նոր միայն ներս մտել՝ նորը ստեղծելու։ Թե կարաս` հետդ ներս մտցրու ու դարակիդ չերևացող արանքում պինդ պահիր։ «Ոսկե արծիվ» չեն տա, բայց հերոսի կոչումով դուրս կգաս։ Դրա համար ենք ազատ ժամերին շախմատով զբաղվում։

Ձգտում ենք կատարյալ հավասարության, միօրինակության. շարքով ուտելու, շարքով ծխելու, շարքով նաև թքելու։ Անգամ ծառերն են շարքով ցցված, ճյուղերի այն երկարությամբ, որ համեմատական է մազերիս երկարությանը։ Ահագին անսովոր երևույթ՝ պատուհանագոգին նստած, ոտքերը ծուռումուռ շպրտած, օրը System of a down-ի երգերի տակ անցկացնողի համար։ «Զինվորական կարգապահություն» պիտակի  տակ լարովի խաղալիք են շինում։ Չես մեղադրի, պիտի ապրե՛ս, որ կուլ չգնաս։

-Տղե՛րք,- ականջիս տակ պայթեց մեկի բամբ ձայնը,- կարո՞ղ ա մեկը դարակիս չարազը վերցրել ա։

-Լավ էլի, այ ախպեր։ Մեր մեռած վիճակն ու քո Նոր տարվա չարազը։

Դրսում դեռ կիրակի է։ Ոչ մի բանից հոգնած շները հենվել են գնդապետի մեքենայի անիվներին, կուրծքը բացել արևի առաջ, որը դանդաղ տեմպերով սկսել է հալեցնել ծխարանի տանիքից հավետ կախ ընկած սառցակտորները։

-Տղե՛ք, հասկացե՛ք, որ էս զենքը վերցնելուց դուք արդեն մարդասպան եք։ Պիտի պատրաստ լինեք սպանելու ու չվախենաք դրանից։ Կամ ընկերոջդ կսպանես, կամ հակառակորդին։ Դրան էլ պատրաստ եղեք։ Հրացանի էս անտեր փողի միջից էլ խաղալիք շարիկներ դուրս չեն գալիս։ Մի ձեռքում զենքն են բռնում, մյուսում` ուրիշի կյանքը։

Գիշերը լավ չեմ քնել։ Անջատված նստած եմ լսարանում։

Կիրակին ավարտվեց։ Արթնացա հրամանատարի «ձեռքերիս մեջ մահացավ»-ի վրա։

davit gorgoyan

Հետհաշվարկ

-Տղա ջա՛ն, իջացրու՜…

Հենց այս նոտայի տակ էլ մուտք ես գործում աշխարհում միակ վայրը, ուր քեզ գրկաբաց սպասում են: Մի՛շտ: Մուննաթ արտահայտող դիմային երանգով, բայց սպասում են: Ծնվածդ օրվանից հաստատածը ստորագրելու ես գնում: Ու դու ուրախ ես:

Էս չասվող տխրություն շնչող վայրում ուրախ են… բոլորը:

-Ստրու՜կ: Էս դո՞ւ էլ ես ստեղ: Հըն, մտե՞լ ես: Ի՞նչ ասին:

-Ասին` առանց քո թանկ ներկայության, իրանք իրավունք չունեն ինձ ասեն, թա՛նկս:

Էստեղ մեծ մասամբ թքած ունեն քեզ վրա:

-Հա, բայց ցավում ա:

-Ամեն ինչ մաքուր ա, անցի՛: Հաջո՜րդը…

-Տղա ջան, ես հոգեբան եմ, ոչ թե գինեկոլոգ: Մաքուր ա, անցի՛:

Մի խումբ  «մասնագետների» համար դու երկու տարի օգտագործելիության ժամկետով երաշխիք ես, չբավարարված տասներկու տարեկան աղջկա համար՝ սոցցանցերում սեփական IQ-ից ցածր որակի շարադրություններ գրելու մուսա, մորդ համար՝ չխոսելու թեմա, հորդ համար՝ հպարտություն, ընկերուհուդ համար՝ անորոշ պարտավորություն ու մի շարք այլ ածականների խումբ, որ քեզ միայն կողքից կնկարագրեն: Իսկ դու էդպես էլ չկողմնորոշվեցիր` գնում ես կորցնե՞ս, թե՞ գտնես:

-Ազիզ ջան, ի-ջաց-րու, վա՜յ…

Կապույտ գուլպաներով, մոխրագույն, հնամաշ տաբատով ու հաստ վերարկուով հոգեբանը (ի դեպ, դու ոտքից գլուխ մերկ կանգնած կլինես նրա դիմաց ու քեզ թշվառ կզգաս) կնայի թղթապանակիդ, հերթական հարցերը կտա այն մասին, թե որտե՞ղ ես սովորում, վճարովի՞, թե՞ անվճար համակարգում, արդյոք գիտե՞ս, թե տարվա տասնմեկերորդ ամիսը որն է, դու էլ մտքում կհրճվես, որ հենց էդ ամսին ես ծնվել, որովհետև «եքա մեծ էշ ես», բայց դեռ մատներիդ վրա ես հաշվում ամիսները (ի վերջո, ի՞նչ պարտադիր է): Մինչև պատասխանելը նորից կհամոզվես, որ քեզ վրա իրոք թքած ունեն, բայց և այնպես, կնկատես էլ, որ պարոն հոգեբանի սրածայր բեղերի դեղնությունը պաշտոնի ու աչքերի խաղաղության (կամ արհամարհանքի) հետ շատ համահունչ է, ու նորից կհրճվես, որ գոնե մի լուսավոր կետ տեսար էս մութ լաբիրինթոսում: Կհասցնես մի երկու անգամ էլ ներվայնանալ, որ մի քանի հակահիգիենիկ մորքուրներ ստիպեցին այս կամ այն դիրքն ընդունել ու առանց ստուգելու հաստատել՝ պիտանի է:

Ընկերներդ կգան խամրած աչքերով ու կհպարտանան սեփական սխրանքներով, ազատորեն կհայհոյեն բախտը կամ հրամանատարին, խորհուրդներ կտան ճիշտ խոսելու, ճիշտ քայլելու, ճիշտ շնչելու ու էդ աշխարհի սահմաններում ճիշտ դրսևորվելու մասին, կամ էլ կպատմեն, թե ինչպես հոսպիտալ տեղափոխելու ճամփին ընկերը թպրտոցով հոգին ազատեց, ու դու գլուխդ կօրորես:

-Ապե, էդ տղուն պետք ա: Կգնաս, կգաս, նոր կջոկես, հլը տաք ես: Քո արև, ես էլ էի դեմից տենց մտածում, նորմալ ա:

Նախորդող երկու ամիսներին դասընթացներ կանցնես փորձառուներից՝ «Աֆիցեռի քրֆածը լուրջ ընդունելն ու դրա հետևանքները» թեմայով, կսովորես արտահայտելի բառերի ճշգրիտ ընտրությունն ու «ուվալնենի» և «օտպուսկ» բառերի տարբերությունը:

Կփորձես ուղեցույց դարձնել ուրիշի կաշին չհագնելու անվստահ ցանկությունդ, որովհետև մի սիրուն օր, Էսկոբարի կծու շոկոլադով կոլումբիական սուրճ ըմպելիս, երբ դու պահը վայելելու էքստազի տակ էիր, դիմացիդ կանաչին հենված սարդն ուր որ է շուռ կգար դրսի քամուց, երբ տիեզերքի անվերջի հետ քեզ համեմատելի կզգաս, երբ դրսի արևը ներսիդ հետ շփվելուց կայծեր կառաջացնի, ու դու աննկատ կցնցվես, ինչ-որ Կատարելություն հայացքը վրադ կմեխի.

-Հենց զգաս, որ փոխում են, էս խիստ հայացքս հիշի… Թե չէ` կսպանեմ:

Դու էլ գլխով վեր ու վար կանես ու կրծքերիդ միջնափոսին խաչ կանես, որ չմոռանաս: Չասածներդ էլ կկախես օդից, որ կարճահասակների բոյը չհասնի ու կժպտաս, որ դիմանաս:

Չեմ խոստանում: Կհիշեմ:

31, 30, 29 …

davit gorgoyan

Գլխով փափուկ ասֆալտին

«Ու հայացքներն դատարկ, ոչինչ չասող

Ու գլուխներն այդ՝հայացքներից դատարկ…»

Լավ էլի

-Ի՞նչ ես կարծում, մարդուն տեսնելիս, ի՞նչն եմ առաջինը նկատում:

-Դոշե՞րը:

-Առաջ մի ընկի, ասում եմ` առաջինը:

-Էշ… Չգիտեմ: Ի՞նչը:

-Ասում եմ, նկատե՞լ` էս մարդկանց մեծ մասի աչքերը չեն փայլում:

-Կա տենց բան, գիտե՞ս: Տենաս` ինչի՞ց ա:

Ես՝ հողեղենս, խոնարհաբար և ծնկաչոք, որպես աստվածների բարի համակրանքին արժանանալու նպատակով մատուցվող զոհ՝ բամբ ձայնով ու թաց աչքերով ներողություն եմ հայցում ռաբիզի աստվածներից համարձակությանս համար, բայց և այնպես չէի կարող, մեղմ ասած, չապշել այն փաստից, որ միևնույն ավտոբուսում կարող եմ հանդիպել հինգ տարբեր մարդկանց, որոնք ո՛չ խմած, ո՛չ ուռած երակներով, ո՛չ էլ դրսում գարուն ունենալով հանդերձ՝ ականջակալներով ի զորու են առանց լուրջ մարմնական վնասվածքներ ստանալու, ասենք՝ ներքին արյունահոսության, մեկ ժամ շարունակ լսել Մանվել Փաշայանի, Փաշիկ Սողոյանի ու Խատուբայի շեդևրները: Էստեղից ուրեմն չի կարող չհետևել ծաղկավոր վերնաշապիկի, «Նիվա» մակնիշի մեքենայի, սև ակնոցների ու մինչև գոտկատեղը մի ուղղությամբ սանրած մազերի նկատմամբ պաշտամունքը: Փնտրելով ապաստան բռնաբարված հոգիների համար՝ հարկ համարեցի մխիթարում որոնել գոնե աղջիկների երգացանկում, ու փոխարենը գտա մարդկանց, ովքեր համացանցից փորձում էին ներբեռնել Ջասթին Բիբերի նկարները՝ էկրանն աչքին ավելի հաճելի դարձնելու համար: Միակ հույսն ու հավատս Մերին էր. Ջոն Լենոն, միանշանակ:

Հավատացեք, սա ֆանտազիա, կամ էլ գոռոզ երևակայությանս արդյունք չի, այլ մերկ իրականություն, որի բացահայտումն այնքան ապշեցուցիչ էր, որքան անիրական:

«…լոկ աղջիկներ մոմե,

և տղաներն այս բութ,

պիտի ծնեն երթեր ՝մեղկ հորթերին հլու»…

Սա չի կարող լինել պատճառն այլ բանի, քան թերդաստիարակությունն ու թերուսումն է, ոչ միայն տանը, այլ նաև կրթական հաստատություններում, և հետևանքն այլ բանի, քան ցածր IQ մակարդակը: Եվ պատահական չէ, որ ըստ TIMSS-ի տվյալների, Հայաստանը աշակերտների գրագիտության, տրամաբանության ու գիտելիքները գործնականում օգտագործելու մակարդակով զիջում է հարևան բոլոր երկրներին:

Լինելով ամենահինն ու մշակութապես զարգացած երկիրը, մենք տվյալային շատ միջավայրերում գլուխ ենք խոնարհում մնացածի առջև՝ ասես միայնակ ճոճանակ բաց անապատում: Ու մեր՝ տեղում արմատ գցելու պատճառը, կրթական հետամնացությունից բացի, ներքին մշակույթից զուրկ երիտասարդություն ունենալն է: Էն երիտասարդությունը, որ բացբերան հայհոյում է դիմացի այգում համբուրվող զույգին, ու ճակատ առ ճակատ կռվում հետս՝ հակառակ կարծիք լսելու պատճառով: Փաստորեն,  մենք դեռ գտնվում ենք մարդկային հասարակ հարաբերությունների ընկալման այն փուլում, երբ գրկախառնությունը, հասարակայնորեն համբուրվելը, ազատ սերն ու սեքսը ինդիկատորներ են այլասեռության (ակնկալում եմ ստանալ նշված բառի բացատրությունը), լկտիության, եվրոպամետության, ու քայլերի, որոնք ուղղված են «փչացնելու» երիտասարդությանը:

«Մենք ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանում»

…մի խումբ ավանակներ:

Փորձի փոխանակման ծրագրերից մեկի ժամանակ ինձ մոտեցավ ընկերներիցս մեկն ու ասաց.

-Մի հարց, խնդրում եմ: Բարում, երբ դուրս եկա հեռախոսով խոսելու, դու անընդհատ ինձ էիր նայում: Կարո՞ղ եմ իմանալ` ինչո՞ւ:

Դե արի ու իտալացուն բացատրիր, որ դու իմ հյուրն ես, իսկ Աբովյանի դեգեներատ բնակչի համար առանց առանձնակի դժվարության կրծքերիդ ութսուն տոկոսը տեսնելը գարնան գալուստ է ավետում: Ու չնայած հագուստիդ պարզությունը աչքերիցդ հետո եմ նկատել, այդ առիթից ոչ թե օգտվում եմ, այլ պատասխանատվություն եմ զգում քեզ համար:

Մեր հասարակարգում թեթև հագուստը հարմարության համար օգտագործող ցանկացած մեկը շարքային պոռնիկ է, թեթև հագնվածին աչք չածողը՝ ուլ, նրա ազատությունը քննադատելը ՝առաջադիմություն, իսկ դրանք հարգելը՝ անպատվություն: Իսկ ի՞նչ, եթե ռուսական աղբի փոխարեն Pink Floyd եմ լսում, վերնաշապիկն առանց օձիքի եմ սիրում, նախընտրում եմ գետնին նստել՝ նստարանի փոխարեն, սևից բացի ուրիշ գույներ էլ գիտեմ, ինստագրամում խոշոր հետույքավորներն ուղղակի չեն գրավում, լրբերին չեմ սրբացնում ու մի շարք այլ չափանիշներ, որոնց համար, չեմ կասկածում, պիտակներ հաստատ կճարվեն:

Չարժե՞ ընդունել, որ իմ ու քո հարաբերությունը միշտ մոդուլի մեջ է դրված, իսկ արդյունքը մեկից բացի այլ արժեք երբեք չի ընդունում:

«Նայի՛ր,

Տե՛ս՝ ինչպես են վայրի մանուշակները ծաղկում

արգելված փշալարերի արանքից»:

davit gorgoyan

Դրամա

Մետրոն ուշացավ, ու ես չունեցա ռոմանտիկ նյութ՝ գրելու համար: Գրեմ նրա մասին, որ ալիքները փոխանցումներով ձգտում են ափին ու խեղդվում դրան չհասած: Չէ, Սարյանն արդեն գրել է ալիքների մասին:

Արձագանքը արթնացրեց, ու ներս մտա, ինչպես սովորաբար են անում: Արթուն աչքեր չկային, կամ մեռած, կամ հանգած:

-Նստե՛ք:

-Չէ լավ ա, ես կկանգնեմ:

Նստեց:

Ուշադրությունս հատկապես գրավեց մի զույգ: Ձկնատիպ շրթունքներով ու երկնագույն սավանով մի աղջիկ, որը, ինչպես հասկացա, դուրս էր նայում՝ ոչ թե կողքին կանգնած ընկերոջից նեղացած լինելու, այլ զուտ շրթներկը ուղղելու, կամ լղոզելու համար: Իսկ վերջինս, որ առանձնապես հարիֆ էր, իբր սիրո կամ հաշտության դրսևորում սահեցնում էր ձեռքերը էդ լպրծունի մարմնի տարբեր մասերով, հետո սևեռվում դեմքի միմիկաների վրա՝ հասկանալու արածի արձագանքը: Սա էլ մտքում ֆշշցնում ու նորից լպստում էր շրթներկը: Մի խոսքով, զազրելի տեսարան: Դասատուս ճիշտ էր, երբ ասում էր.

-Այ տղա, ե՞րբ ես հասկանալու, որ իրենք են ձեզ գտնում, ոչ թե դուք եք իրենց «կպցնում»:

Բայց և այնպես չկարողացա չմտածել մի աղջկա մասին, ու եթե ասեմ, որ չեմ հիշում անունը նրա, հավատացեք ինձ այնպես, ինչպես յուրաքանչյուրդ է հավատում աշխարհի տարբեր լրագրերի… Չէ, սա էլ Սևակն էր ասել: Ես հիշում եմ, հիշում ու նեղվում այն մտքից, որ քաղաքում իր գեղեցկությամբ երկրորդն աչքի ընկնող աղջնակը, որ ներսից ավելի փչացած էր, քան դրսից գեղեցիկ, սկսել էր ինձ էլ դուր գալ:

Արձագանքն արթնացրեք, ու իջա, ինչպես սովորաբար են անում: Զգում էի հոգնածություն Սևանում անցկացրած օրվա պատճառով ու միաժամանակ նկատում, որ կայարանը մխում է ձանձրույթից, շոգը դառնում տանելի, տոթը՝անտանելի, Ավոն շուտով կնկատի ինձ, իսկ իմ ավտոբուսը չկա: Ուզում եմ սարսափել Երևանում գիշերելու մտքից. չի ստացվում: Լուծումներ միշտ գտնվում են:

Դեռ մի ժամ ժամանակ ունեի ոչինչ չանելու համար: Այնուամենայնիվ չէի կարող ականջ չդնել կողքիս նստածի հեռախոսազրույցին, ով ընկերուհուն բավականին գունագեղ տեսարաններով ու չնաշխարհիկ բառերով բացատրում էր այն, որ մենք՝ տղամարդիկս, բութ ու ստոր արարածներ ենք, ու խոսում էր այնպես, ասես կյանքի՝ ինչպես հասկացա երեսուն տարիները, անցկացրել էր աշխարհի բոլոր տղամարդկանց ճանաչելու, կամ ավելի ճիշտ թեթև աչք կպցնելու վրա:

«Բայց հալալ ա քեզ, ծյոծ: Երեսուն տարի ոնց էլ ձգել ես քո ձեռը: Ես քո փոխարեն արդեն հավեսից ընգած կլինեի»:

Լույսը խամրեց, պայծառացավ, խամրեց, ու առողջ բանականությունը ծխելով լքեց տրանսպորտը:

«Տնաշենը գոնե մի քիչ սիրուն լիներ»:

Ավոն սովորության համաձայն անհոգ ծիծաղում էր ոչնչի վրա ու ցրում ավտոբուսի կանգնած օդը. պիտի տանեին մի քանի օրից: Կողքիս նստածին հաստատ դուր էի գալիս: Ինքն էլ գիտեր: Իրեն դուր գալով իջա ավտոբուսից ու թույլ տվեցի EMINEM-ին գոռալ ականջներումս, խլացնել մտքերս: Երեք տարվա ծանր պարապմունքները, ստիպված զբաղմունքները, սենյակիս չորս պատերն ու գրությունները դրանց վրա, որ կտրեցին շրջապատից ու շփումից, քննությունները, էս աժիոտաժը, ծանր տապը, աղջիկը, ում անունը հաստատ հիշում եմ, մետրոն, որ ժամ-պատարագ չի ճանաչում… Թեթևանալու կարիք ունեմ: Գյուղ, միանշանակ…

-Այ տղա, էլի բո՞ւն ես դրել՝ գնում ես գյուղ,- ոնց որ միշտ նույն կատակը, որ իննսուն տոկոսանոց լուրջ ենթատեքստով են մատուցում:

Բացատրե՞մ, որ էնտեղ թոքերս ազատություն են շնչում, միտքս՝ դատարկություն, թրիքն՝ անպակաս, օդը՝ այլանդակ մաքուր, հայհոյելուց չեմ քաշվում, բա պապուս հետ գարեջուր չխմե՞մ: Ոչ ոք չի գոռում կամ շտապում, կոմպս մոտս է, ու մատերիս կարող եմ լիցենզավորել գրկելու երանելի ստեղնաշարը, իսկ ծրագրավորման լեզուները դեռ վաղուց «կոնյակ-բոնբոներկայով»-ով դռան դիմացն ինձ են սպասում:

Ծը: Չարժե. նոր ճառեր ինտրովերտության բացասական լինելու ու ամեն մեկի հետ ազատորեն շփվելու կարողության բացակայության մասին չեմ ուզում: Անգիր գիտեմ:

davit gorgoyan

Շնորհակալ եմ, քիթս վկա

Մաթեմատիկայի պարապմունքից քամված՝ քարշ էի գալիս փողոցներով մի քիչ ցրվելու համար։ Մենակ ես էի, մութը՝ շուրջս, ցուրտը՝ ներսումս, ֆունկցիան՝ գլխումս, Մեսչյանը՝ ականջներումս, ու երկու մոտ յոթ տարեկան երեխա՝ հող ուտելիս։ Նկատեցին։ Նրանցից մեկը թքեց ու վազեց, կանգնեց դիմացս։ Կարգին «բայեվիկ» տիպ էր։ Հագին՝ կարմիր Spider-Man-ով ռետուզ, ընդ որում երկու գծերը դիմացը, թույն մարզակոշիկներով, դարչնագույն վերարկուն կիպ հագած, «դուխով» գլխարկով, հեղափոխական ականջներով։ Սադրիչ հայացքով նայեց ինձ, քիթը աղմուկ-աղաղակով քաշեց վերև (իզուր), կծած խնձորի կեցվածքով ու պարտատիրոջ առոգանությամբ ասաց.

-Բարև, ապեր։

Հավատացեք, ինձ ոչինչ չէր մնում անել, քան ծնկելն ու խոնարհվելը։

-Բարև, պուճուր։

-Պուճուրը դու ես, ես կարգին տղա եմ։ Նայ` ինչ մեծ ա մուսկուլներս։ Համ էլ փեջը էսօր ես եմ վառել,- քիթը վեր տնկեց իր վեհությունն էլ ավելի ընդգծելու համար, նորից քաշեց, թևով տարավ ձախ, աջ ու բավարարված զգալով՝ հոկտեմբերյանցու խաղաղությամբ լռեց։

-Լավ է, էս ինչ ուժեղ ես։ Պարապո՞ւմ ես։

-Հա, բոքսի եմ գնում,- աչքերը փայլեցին որպես Զևսի նորանշանակ նախարար։

-Երնեկ թե նույն էնտուզիազմով խոսեի դրա մասին քո տարիքում։

-Հը՞ն։

-Բան չէ, աբորիգեն։ Ապրես, լավ ես անում։ Պարապի։ Տղեն իրան պաշտպանել պիտի իմանա, հետո ինչ, որ տասնութերորդ դարում չենք։

Մոտ հինգ տարի առաջ կլիներ…

-Ժամանա՜կ։ Հանգստանում ենք։ Դուք շարունակեք, էդ ձեզ չի վերաբերում։

-Բայց պա…

-Շարունակի՛։

-Բայց արյուն ա գալիս։

-Կռիվ անելուց է՞լ ես ասելու՝ արյուն ա գալիս։

Վնգստոցս ելավ բաց թողած հարվածից։ Դպրոցում վատ չէի սովորում՝ միտքս մարզած էր, բայց ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու է հայրս զույգերիս ընտրում ինձնից տարիներով մեծ ու քաշով ծանր մարզիկներից, որը և պատճառ էր այն բանի, որ ատում էի բռնցքամարտը։ Մրցումներից տուն էի մտնում կապտած մարմով ու արյուն կորցնելու պառճառով՝ գլխապտույտով։

Պարտության արցունքներից աղի բան չկա աշխարհում։ Այդ օրը ատեցի հորս։ Հայհոյեցի։ Մտքումս, իհարկե։ Ես անգամ պատասխանելու իրավունք չունեի, ուր մնաց թե… Ջուր բերելիս աչքերի մեջ չէի նայում՝ որպես մաքսիմալ արհամարհանք, ու դա էլ ինձ հաճույք էր պատճառում։ Այդչափ հիասթափություն մեկ էլ Kinder խաղալիքներս կորցնելիս էի ունեցել։ Չէի հասկանում ստիպելու իմաստը։ Ընդվզում էի։ Մտքումս։ Ինձ նկարելն ավելի շատ էր դուր գալիս։ Խմբում ամենալավը չէի, բայց գոնե ծեծ չէի ուտում։ Մայրս էլ էր կողմ նկարելուն, ի դեպ։ Մայրերին զավակների դաստիարակությունը վստահել չի կարելի։ Մեղք են։

-Զալում ավելի շատ են դաստիարակվում, քան դպրոցում, տանը,- հորս խոսքերն են։

Կյանքում չեմ մոռանա էս ճշմարտությունը, որ լսելուց բացի՝ նաև զգացել եմ։ Բոլոր գաղափարները ձգտում են պերֆեկցիոնիզմի։ Մնացածը դրա մոդիֆիկացիաներն են։ Իսկ հարաբերական հավասարություն ես միայն պարապմունքի վայրում եմ տեսել։ Ճիշտ է, մութ սենյակում անգամ սպիտակ պատերն են սև երևում, բայց ռինգում մեր թշնամի լինելը ավելի շուտ մեր ընկերությունն էր ամրապնդում։ Մարզիկ լինելը կյանքի մի այլ կատեգորիա է։ Դու հասկանում ես ինքդ քեզ, վախերդ, թուլություններդ, դաստիարակվում խիստ հսկողությամբ, սովորում հարգել դիմացինին, օգնել թույլին, հարգել ինքդ քեզ ու ընտրություններդ։ Ոտքիցդ կապած կշռաքարի պես ներքև քաշող երազանքների փոխարեն նպատակներ ես սահմանում ու կոտոշավոր պնդաճակատի պես գլուխդ տնկում, և պարադոքսը նրանում է, որ քեզ չեն սովորեցնում. քեզ հարվածում են, դու սովորում ես։ Մարզիկի համար անհնարինը չկա, կա ընդլայնվելու հնարավորություն։ Դրսում քեզ հարգում են, վախենում, զգուշանում ու վստահում։ Ի վերջո, տարեցին օրենք գրող աթենացին չէր տեղ զիջողը, այլ նորահարսի գլուխը սափրող ու տղամարդու հագուստ հագցնող սպարտացին։

Ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ չդարձա, ոչ էլ մատը դնչին դրած նկարիչ։ Ես ուզում ու հասնում եմ:

davit gorgoyan

Քո «տանից» դուրս

-Կլինի՞ հետս չքայլես, ամոթ ա: Մարդիկ իմ մասին ի՞նչ կմտածեն:

-Լավ:

-Արա, հո դու խայտառակ չե՞ս: Էդ ձմեռ պապու գլխարկով դուրս չգաս միջանցք:

-Այո՜, էս ինչ ուրախ եմ ես, թռի գիրկս, ծիտս:

-Արա, ամոթ ա, սուս մնա:

-Ուրեմն քաղաքակիրթ մարդու տպավորություն թողնելու համար անչափ կարևոր է պահպանել էթիկետի կանոնները:

-Կարևոր չի: Ես թքած ունեմ ձեր քաղաքակրթության վրա: Ինձ էդպես հարմար չի, չեմ անում: Պիցան միշտ ձեռքով եմ կերել, էդպես էլ շարունակելու եմ: Հետաքրքիր է կնոջ տարիքը` հարցրել եմ, ու էդպես էլ շարունակելու եմ: Նստելուց էլ էլի ոտքս ոտիս եմ գցելու, էդպես հանգիստ է:

-Արա Դավո, սուս մնա, ամոթ ա:

-Դավ, իմացե՞լ ես, ****-ը էլի նրան ա կպել: Ամոթ-աբուռ կորցրել են լրիվ:

-Հա, ի՞նչ անենք: Մեկը պոռնիկ ա, մյուսը՝ փչացած, դու երեկ մորդ խաբեցիր, ես էլ առանց բարձ եմ քնում: Ամեն մեկին մի բան ա դուր գալիս, ինչի՞ եք քիթներդ խոթում ուրիշի անձնական կյանք:

-Ամոթ ա, հենց հիմա նասկիներիդ կարմիր պալասավոր մասը վերև բարձրացրու, քանի հորդ չեմ ասել:

-Արա, էս էլի էդ տերտերի մանթոդ ես հագել:

-Հա, խի ի՞նչ կա, ամոթ ա՞:

-Հա, բա ին չա:

-Ինչի՞, հագս բան չկա՞, որ ամոթ անեմ:

-Չէ, դե ուղղակի…

-Արի` դու իմ տեղը մի նեղվի, կամ էլ կողքիցս հեռու մի գնա, ես ձիգ կքայլեմ, դու էլ ամոթ կանես:

…Բարև: Ես այսօր էլ ծնվեցի մի երկրում, ուր քո տիեզերքում բացի քեզանից այլ աստվածներ էլ կան: Հանրություն կոչված ավտորիտարիզմում քո վախերը քո արժեքներից թանկ են: Քո անփորձությունը քողազերծ անելով հայտնի ու անհայտ վախերդ արնահոտ են ցրում, այդպիսով քեզ դարձնելով զոհը մի գիշատչի, որի ձեռքից ամեն դեպքում պրծում կա:

… Ես սիրում եմ քո պարտված տեսակը, քո այն խիզախ տեսակը, որ իր ներքին մերկությունից չամաչելով, անընդհատ կանգնում դիմացս ու ինձ նախատում է: «Ամո՛թ է»: Քո պարտված այն տեսակը, որ վախենում է իր վախերից, վախենում արտահայտվելուց ու գոռում իր շղթաները չընդունողի վրա:

Մի բան հագիր` չմրսես: Ես ամենևին անսովոր եմ քո մերկությանը: Տես, կարմրեցի:

…Ամո՛թ է…

Ո՛չ: Ամոթը գիտե՞ք որն է: Այն սկսում է տան մասին ձեր պատկերացումներից: Ձեր տան սահմանը վերջանում է այնտեղ, երբ փակում եք դուռը: Փողոցը, բակը, քաղաքը, գյուղն ու երկիրը ձեզ համար տուն չեն: Ամոթը իմ հակաճառելու մեջ չի՛, այլ այնտեղ, որ իննսուն միլիոնանոց տոնածառի արժեքը դուք ձեր գրպաններից դուրս եկող յոթանասուն վեց դրամներով եք տեսնում: Գիտե՞ք ինչ կա, մենք ենք գնել այն, մեր քաղաքի գեղեցկության համար, մեզ հարկավոր չի այդ յոթանասունվեց դրամը, փոխարենը` հրաշք տոնածառ ունենք: Մի բան ասե՞մ, ոչ ոքի չասեք:

Նախորդ ամիս լրացավ երեսուներորդ տարին, ինչ մենք աղետի գոտի ունենք, չորս հազար հինգ հարյուր աղքատ ընտանիք, ինը հարյուր հազար աղքատ բնակիչ: Իսկ դուք դրել հաշվում եք, թե տոնածառի գինը յուրաքանչյուր երևանցու բյուջեի քանիերորդ մասն է կազմում: Նույն սրտով էլ Նոր տարի եք նշում: Մեր երկու միլիոնանոց բնակչության երեխաների մի հսկա մաս էդպես էլ քաղցրը շատ քաղցրից չի տարբերի, նրանց համար օրերով սոված մնալը ապրելու բնազդ է, իմունիտետ, աղոթքը՝ խաբված ինքնախաբեություն, խոնավությունն ու ցուրտը՝ անբաժան ընկեր, Ամանորը՝ չգրված հեքիաթ, էլ կրթությունից չեմ խոսում:

Գիտե՞ք, ամոթը որն է: Ամոթը կրթություն չստացող սոված երեխան է: Իսկ ո՞վ է անկիրթ մանուկը, եթե ոչ քո երազանքի երկրի խարխուլ հիմքերը: Ամոթ չի՞ բացարձակ սեյսմակայունությունից զուրկ լիքը դպրոցներ ունենալ: Մի բան էլ ասե՞մ: ԿԳՆ-ն 17 միլիոն հատկացրեց մի հաղորդաշարի վրա, որին հանդիպելիս դու անկասկած փոխել ես ալիքը: Ինչո՞ւ, տունը միայն գերժամանակակից սարքավորումներով լցված ու թարմացվող մի քանի դպրոցնե՞րն են: Շատ պատանիներ զուրկ են մնում կրթություն ստանալու իրավունքից զուտ այն պատճառով, որ դպրոցում, բացի կարգին կրթությունից, ամեն ինչ ստանում են, իսկ անհատական ուսուցիչ վարձելու համար բավական գումար չունեն: Իսկ որտեղի՞ց ունենան, երբ աղքատ բնակչության թիվը ուղիղ համեմատական է մեր տասը մարզերից վեցում ապրող մարդկանց թվին: Գիտե՞ք ամոթը որն է: Ամոթը նման կարգավիճակով հզոր պետությունների արանքը խցկվելն է: Ու քանի էսպես էլ շարունակում ենք, մեր վրա միշտ էլ մատ են թափ տալու, դու միշտ էլ արտասահմանում ուսանելու երազանքով ես քնելու-արթնանալու, ու մի օր հաստատ ոտքերդ կմաքրես երկրի շեմին` էլ հետ չգալու հույսերով:

Քո «տանից» դուրս հայրենիքը չի ավարտվում:

Հ.Գ. Ամանորյա չստացվեց, ամո՞թ ա…

davit gorgoyan

Ինձ ընտրեք, լավ կլինի

Ութն անց զրո-զրո… Մենակ փողոցում գիշերն ու առավոտը անկաշկանդ սիրո մեջ են մտել, ես էլ խանգարում եմ: Կենտրոնական փողոցի վերջն ու սկիզբը ամենակարճ ուղով իրար են միացնում նախորդ տարի գնած կոշիկներս, որբ կատուն ու փողոցի հավաքարարի տնքոցը: Մենք ավելի շուտ այդ սիրո մասն ենք կազմում, քան թե խանգարում ենք:

-Բարև:

Շան տեղ չեն դնում:

-Գոնե վրես նայի:

Շան տեղ չեն դնում:

Երկու շներ էին: Մեկն իրեն էր ուտում, մյուսին վարկերի մասին մտահոգությունները ծեփել են ասֆալտին: Ոչ ինձ են բանի տեղ դնում, ոչ կատվին: Իրավիճակ ա փոխվել, չես վիճի:

-Ծխո՞ւմ ես:

-Հա:

-Խի՞

-Ինձ լավ տղա եմ զգում:

-Չե՞ս ծխում:

-Չէ:

-Խի՞

-Սենց էլ լավ տղա եմ:

-Բա՞:

-Զզվում եմ:

-Հա՜:

Մտնում եմ լրիվ այլ աշխարհ, «մարշրուտնի», մեր երկրի ու հասարակության էրոտիկ իրականություն: Էստեղ չկան երկու տարբեր սեռեր, կարող ես ստիպված հպվել ուրիշին, ու քեզ դրա համար ոչ ոք չի գա «տենալու»: Էստեղ ուզած-չուզած անձի երկատման ես ենթարկվում, երբ վարորդը Clean Bandit-ից հետո Արաբո Իսպիրյան, հետո էլ Խատուբա է միացնում, գումարած այն, որ դրսից տրանսպորտին նայողին հրամցնում ես «Սև ուրբաթ»-ի ժամանակ առանց զեղչ գնած տաբատիդ հետևամասը: Վայելեք:

-Բա իմացա՞ր ….-ին հիվանդանոց են տարել: Լուրջ խնդիր ա:

Holly shit, էս տարի դեպրեսիա չէինք տարել, ո՞նց կլիներ:

Ուզում եմ ծխել:

-Ընկեր Մանասյան, խի՞ եք ծխում:

-Հանգստացնում ա:

-Ընկեր Մանասյան, սիգարետ տվեք:

-Ո՞նց, ծխո՞ւմ ես:

-Չէ:

-Բա խի՞ ես ուզում:

-Կլինի՞ խաբեմ:

-Կլինի:

-Սիրտս քաշեց:

-Չէ:

-Դե պատասխանի՜…

-Ապե, ես հավատում եմ իրան, ինքը կարա ինչ-որ բան փոխի:

-Հա, լավ, տուֆտա լակոտ ա, մենակ գոռալով հո չի՞:

Գրաֆիտիների կողքին ցուցանակներ են: Հիմնականում «քաչալ» մարդիկ են: Ասում են` ինձ ընտրեք, լավ կլինի: Հա, ամեն տարի էս նույն մարդիկ մխտռում են պատերը: Փողոցը լիքն է: Փողոցը մեզ՝ երեքիս դավաճանեց, առավոտն էլ` իրեն դավաճանող գիշերվան: Մենակ շներն են հավատարիմ. բարևում եմ, չեն պատասխանում:

davit gorgoyan

Չհեղափոխություն

-Երեխանե՛ր, պատկերացրեք մարդու օրգանիզմը: Այն բաղկացած է բջիջներից, ճի՞շտ է:

-Այո՜, ընկեր Նաջարյան:

-Այսինքն` կարելի է ասել, որ ամեն մի բջիջ օրգանիզմի գոյատևման համար անչափ կարևոր բաղկացուցիչ մաս է:

-Այո՜, ընկեր Նաջարյան:

-Ահա, այդ նույն ձևով էլ մեր հասարակությունն է: Պատկերացրեք, որ հասարակությունը օրգանիզմն է, իսկ դուք` բջիջը: Յուրաքանչյուրդ այդ հասարակության տարր եք:

Դասարանում, չնայած` մեծ մասը չէր սովորում, նույն մեծ մասն էլ հզոր երևակայություն ուներ: Սովորելու փոխարեն աներևակայական նկարներ էինք ստեղծում: Ու այդ նույն հզոր երևակայությունն անգամ ծնկի էր գալիս հասարակություն կոչված տերմինի առաջ: Մնում էր միայն գլուխ օրորել: Ուսուցիչն ասաց, ուրեմն ճիշտ է:

-Որ խնդրեմ` տեղ չէի՞ք տա, նստեմ,- մետրոյում խլացած ձայնով ասաց մի տիկին, որի դեմքից անգամ սառած ցավ էր հոսում,- ուղղակի ոտքերս այտուցվել են, չեմ կարողանում կանգնել:

-Չէ, մենք էլ ենք հոգնած:

-Ձեր տարիքում մենք էսպես չէինք վարվում, մեծին էլ, փոքրին էլ տեղ էինք զիջում` հիվանդ լինեին, թե առողջ: Ոչինչ, չեք հասկանա:

-Զիջել ես, էլի, որ էս օրին ես,- ասացին, նայեցին իրար, մաստակը բերեցին բերանի կենտրոն ու ավելի ուժեղ կրքով սկսեցին ծամել: Ուրիշ ձայն չկար` բացի մետրոյի թպրտոցից ու աչքերում՝ հռհռոցից:

Չէ՛, ընկեր Նաջարյան, ես չեմ ուզում էս հասարակության մասը կազմել, ես կզիջեմ: Ինձ ուրիշ տեղ խցկեք. թույնը մի օր ինձ էլ կհասնի:

-Նստեք:

-Շնորհակալ եմ, տղա ջան:

-Իրենց շնորհակալություն հայտնեք, լավ գրելու թեմա տվեցին,- սեղմող հայացք, չամաչող աչքեր:

davit gorgoyan

Հրոխպեր պահի

-Երվ, Դավոյի հետ քելեք Ցայտկի մոտ։

-Չկա տենց ճիշտ, իրար հետ ենք գնում։

-Արա, ասում եմ՝ գնացեք ընդե կայնեք։ Կարո՞ղ ա գիտեք՝ պիտի սաղ օրը ստեղ կանգնած մնանք։ Ձեզ՝ չգիտեմ, բայց ինձ չուչելի կարգվիճակը հեչ չի դզում։

Հանդիսանալով «քձիբ» ուսանողության արժեքավոր տարր և ծնողների ջանքերը անվերապահորեն գերագնահատող անձինք, մենք ճիշտ ենք համարում անցնել դասից տուն 10 կմ-ը՝ հույսը դնելով բազմաչարչար տարիների արդյունքում սովետից ստացած միակ «жигули»-ի պատճառով կզած, կնճռոտ պապիի, կամ «BMW»-ի հաստափոր վարորդի վրա։

Տարբերակները երկուսն են։ Կամ ավտոստոպ, կամ տրանսպորտ։ Համապատասխանաբար` կամ մի քիչ երկար կանգնել ճռռան արևի տակ ու գնալ անվճար, կամ վատնել օրհասական հարյուր դրամը։ Բայց դե, քանի որ մասնագիտությունն ինքնին մեխված է ուղեղներումս (ասել եմ` հաշվապահություն ենք սովորում), նախընտրում ենք խնայել վաղվա հոթ-դոգի գումարը։

Հա, ի դեպ, չշտապեմ բավարարել ձեր հետաքրքրությունն այն մասին, թե ով է Ցայտկը, այլ սովորականի պես անշնորհքաբար ոտքերս սեղանին դրած ուղղակի նշեմ, որ Ցայտկը զույգ «չոլկայով» ու թզբեխով մեկն է` պատկերված գերեզմանաքարի վրա։ Սակայն իջեցնեմ ոտքերս ու նորից նշեմ, որ ցանկացած ավտոստոպի դիմող բանդայի պես, մենք էլ մեր բարենպաստ կայանատեղիներն ունենք. գերեզմանոցի դիմաց ու ծառի տակ։ Ինչևիցե, չխորանանք։

Քանի որ երկար տվայտանքների արդյունքում որոշեցի կիսվել այս թեմայով, հարկ եմ համարում կիսվել նաև իմ՝ պրոֆեսիոնալ ավտոստոպիստիս փորձով, ու այդ նենգ քայլին դիմելու արվեստի գաղտնիքներով։

Եթե դուք ամերիկյան ֆիլմերի սիրահար եք, ապա հավանաբար տեսած կլինեք, թե ֆիլմերում ինչպես են կանգնում ճանապարհի եզրին ու տնկում բութ մատը, որը կանգնեցնելու նշան է համարվում անցնող տրանսպորտի համար։ Իրականում նույն սրբազան օրենքը գործում է նաև Հայաստանում, ուղղակի մի տարբերությամբ։ Եթե անցնող տրանսպորտային միջոցի վեջն էլ չի, ու նա արհամարհում է ձեր ջանքները, մատների կոմբինացիան ավտոմատ կերպով փոխվում է։ Դե, չխորանամ, հասկացաք։ Բացի դրանից, վարորդի հետևից տեղում են փոքր ժամանակ տատիկի սովորեցրած բոլոր արտահայտությունները, որոնք պատանեկան տարիքին հասնելուն համատեղ կատարելագործում ես։ Ավելացնեմ ևս մի անկյունաքար` բավականին շուտ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Ուղղակի կանգնելուց բացի՝ շատ կարևոր է նաև նայվածքը։ Հասարակ հայացքով ոչ մի անցորդի չես գերի։ Եթե ցանկանում ես բարձրացնել շանսերդ, պիտի նայես Շրեկի կատվի նայվածքով։ Նման խոցող հայացքով քեզանով կանես նույնիսկ մետրոյի վարորդին։

-Էսօր իմ հերթն ա։ Ես եմ դեմը նստում,- ճտպտացի։

-Չկպավ։ Էս ի՞նչ սերունդ ա մեծանում։ Ոչ հարգա՜նք կա մեծերի հանդեպ, ոչ բա՜ն,-բազմանշանակ հայացքով խոսեց մեզանից երեք ամսով մեծը։

-Հա, բա՞։ Ձյուն գար` սղայինք,- մեր Արսենն ա, գիտեք, ասել եմ։

Հիմնականում այս երեք ընկերներով ենք դասից տուն գալիս։ Նույն քաղաքից ենք։ Երեքս էլ տարբեր հաշվարկներից բխող շահի պատճառով ենք հարյուր դրամ խնայում։ Երվանդն ունի ընկերուհի, որը տարին մինիմում չորս անգամ ծննդյան օր է նշում, Արսենի մասին չասեմ, օրը մի ընկերուհի է փոխում. մեկի քիթն է ծուռ, մեկի՝ ոտքերը, մեկը հարմար կազմվածք չունի, ու էդպես շարունակ։ Ես էլ անկապ խնայող եմ։ Մի՛ բողոքիր, մայր։ Փոքր ժամանակ քիչ ասեիր՝ սենց որ ծախսես, դու տուն չես դառնա։

-Հրոխպեր, սվետաֆորի մոտ պահի։

-Շնորհակալ ենք։

-Հաջող, տղերք ջան։