davit gorgoyan

Հետհաշվարկ

-Տղա ջա՛ն, իջացրու՜…

Հենց այս նոտայի տակ էլ մուտք ես գործում աշխարհում միակ վայրը, ուր քեզ գրկաբաց սպասում են: Մի՛շտ: Մուննաթ արտահայտող դիմային երանգով, բայց սպասում են: Ծնվածդ օրվանից հաստատածը ստորագրելու ես գնում: Ու դու ուրախ ես:

Էս չասվող տխրություն շնչող վայրում ուրախ են… բոլորը:

-Ստրու՜կ: Էս դո՞ւ էլ ես ստեղ: Հըն, մտե՞լ ես: Ի՞նչ ասին:

-Ասին` առանց քո թանկ ներկայության, իրանք իրավունք չունեն ինձ ասեն, թա՛նկս:

Էստեղ մեծ մասամբ թքած ունեն քեզ վրա:

-Հա, բայց ցավում ա:

-Ամեն ինչ մաքուր ա, անցի՛: Հաջո՜րդը…

-Տղա ջան, ես հոգեբան եմ, ոչ թե գինեկոլոգ: Մաքուր ա, անցի՛:

Մի խումբ  «մասնագետների» համար դու երկու տարի օգտագործելիության ժամկետով երաշխիք ես, չբավարարված տասներկու տարեկան աղջկա համար՝ սոցցանցերում սեփական IQ-ից ցածր որակի շարադրություններ գրելու մուսա, մորդ համար՝ չխոսելու թեմա, հորդ համար՝ հպարտություն, ընկերուհուդ համար՝ անորոշ պարտավորություն ու մի շարք այլ ածականների խումբ, որ քեզ միայն կողքից կնկարագրեն: Իսկ դու էդպես էլ չկողմնորոշվեցիր` գնում ես կորցնե՞ս, թե՞ գտնես:

-Ազիզ ջան, ի-ջաց-րու, վա՜յ…

Կապույտ գուլպաներով, մոխրագույն, հնամաշ տաբատով ու հաստ վերարկուով հոգեբանը (ի դեպ, դու ոտքից գլուխ մերկ կանգնած կլինես նրա դիմաց ու քեզ թշվառ կզգաս) կնայի թղթապանակիդ, հերթական հարցերը կտա այն մասին, թե որտե՞ղ ես սովորում, վճարովի՞, թե՞ անվճար համակարգում, արդյոք գիտե՞ս, թե տարվա տասնմեկերորդ ամիսը որն է, դու էլ մտքում կհրճվես, որ հենց էդ ամսին ես ծնվել, որովհետև «եքա մեծ էշ ես», բայց դեռ մատներիդ վրա ես հաշվում ամիսները (ի վերջո, ի՞նչ պարտադիր է): Մինչև պատասխանելը նորից կհամոզվես, որ քեզ վրա իրոք թքած ունեն, բայց և այնպես, կնկատես էլ, որ պարոն հոգեբանի սրածայր բեղերի դեղնությունը պաշտոնի ու աչքերի խաղաղության (կամ արհամարհանքի) հետ շատ համահունչ է, ու նորից կհրճվես, որ գոնե մի լուսավոր կետ տեսար էս մութ լաբիրինթոսում: Կհասցնես մի երկու անգամ էլ ներվայնանալ, որ մի քանի հակահիգիենիկ մորքուրներ ստիպեցին այս կամ այն դիրքն ընդունել ու առանց ստուգելու հաստատել՝ պիտանի է:

Ընկերներդ կգան խամրած աչքերով ու կհպարտանան սեփական սխրանքներով, ազատորեն կհայհոյեն բախտը կամ հրամանատարին, խորհուրդներ կտան ճիշտ խոսելու, ճիշտ քայլելու, ճիշտ շնչելու ու էդ աշխարհի սահմաններում ճիշտ դրսևորվելու մասին, կամ էլ կպատմեն, թե ինչպես հոսպիտալ տեղափոխելու ճամփին ընկերը թպրտոցով հոգին ազատեց, ու դու գլուխդ կօրորես:

-Ապե, էդ տղուն պետք ա: Կգնաս, կգաս, նոր կջոկես, հլը տաք ես: Քո արև, ես էլ էի դեմից տենց մտածում, նորմալ ա:

Նախորդող երկու ամիսներին դասընթացներ կանցնես փորձառուներից՝ «Աֆիցեռի քրֆածը լուրջ ընդունելն ու դրա հետևանքները» թեմայով, կսովորես արտահայտելի բառերի ճշգրիտ ընտրությունն ու «ուվալնենի» և «օտպուսկ» բառերի տարբերությունը:

Կփորձես ուղեցույց դարձնել ուրիշի կաշին չհագնելու անվստահ ցանկությունդ, որովհետև մի սիրուն օր, Էսկոբարի կծու շոկոլադով կոլումբիական սուրճ ըմպելիս, երբ դու պահը վայելելու էքստազի տակ էիր, դիմացիդ կանաչին հենված սարդն ուր որ է շուռ կգար դրսի քամուց, երբ տիեզերքի անվերջի հետ քեզ համեմատելի կզգաս, երբ դրսի արևը ներսիդ հետ շփվելուց կայծեր կառաջացնի, ու դու աննկատ կցնցվես, ինչ-որ Կատարելություն հայացքը վրադ կմեխի.

-Հենց զգաս, որ փոխում են, էս խիստ հայացքս հիշի… Թե չէ` կսպանեմ:

Դու էլ գլխով վեր ու վար կանես ու կրծքերիդ միջնափոսին խաչ կանես, որ չմոռանաս: Չասածներդ էլ կկախես օդից, որ կարճահասակների բոյը չհասնի ու կժպտաս, որ դիմանաս:

Չեմ խոստանում: Կհիշեմ:

31, 30, 29 …