Աստղիկ Իսրայելյանի բոլոր հրապարակումները

Astghik Israyelyan

Ճաշի ժամ

Երբեմն մենք կարոտում ենք այն օրերը, երբ երջանիկ ենք եղել: Երբ փոքր էի, ամեն ինչ այնքան հեշտ, պարզ ու խաղաղ էր թվում: Օրս անցնում էր բակում, ընկերներիս հետ, մինչև որ պապս դաշտից տուն էր գալիս ու բոլորիս տուն կանչում: Այդ կանչն ինձ միշտ տխրեցնում էր: Երբ պապս դաշտ էր գնում, տատս հացը, կանաչին ու պանիրը փաթաթում էր կտորի մեջ ու տալիս էր պապին: Սիրում էինք այդ հացը, ու պապի գալուն պես քանդում էինք կտորից պայուսակը: Մայրս ասում էր, որ դաշտից բերված հացը համեղ է լինում:

Հետո հայրս էր գալիս դպրոցից, ու ընտանիքը պատրաստ էր ճաշելու: Տատս բոլորիս կարգադրում էր սեղան նստել, ինքն էլ, գոգնոցը կապած, վերցնում էր շերեփն ու լցնում ճաշը:

Երեկոյան արդեն սկսվում էր իմ ընթերցանության ժամը: Տատս գրել-կարդալ լավ չգիտեր, դպրոց գնացել էր ընդամենը երկու կամ երեք տարի, և ինձ խնդրում էր կարդալ իր համար: Փորձում էի ինչքան հնարավոր է արագ կարդալ, որպեսզի տատս կրկին ասեր, որ ես ամենալավն եմ կարդում, և որ ինձ պետք է ընթերցանության մրցույթի տանել:

Հետո ձևացնում էի, թե քնած եմ, որ էլի ու էլի մնայի նրանց կողքին:

Հիմա, երբ դուրս եմ գալիս բակ, սպասում եմ, որ պիտի պապս դաշտից գա, ընտանիքս հավաքվի, նորից ճաշենք, հետո պապս ինձնից ջուր ուզի ու ասի, որ մենակ իմ տված ջուրն է համեղ…

Astghik Israyelyan

Մարդն ու շունը

Իմ դասը սովորականի պես սկսվում է ինն անց կես, բայց այսօր շուտ դուրս եկա տանից: Դասին դեռ շատ կար, և ես որոշեցի մի քիչ քայլել: Արդեն ցուրտ աշուն է, և մարդիկ դողալով են շտապում աշխատանքի: Բայց ես այնքան տաք եմ հագնվել, որ չեմ նկատում ցուրտը: 

Քայլում եմ և տեսնում, որ դիմացից եկող բոլոր մարդիկ նայում են նույն ուղղությամբ: Սկսում եմ ես էլ նայել, որպեսզի հասկանամ, թե ինչին են նրանք այդպես ուշադիր նայում:

Նրանց ուշադրությունը գրավել էր բարձրահարկ շենքի պատի տակ նստած մուրացկանը: Նա ուզում էր կերակրել շանը, բայց շունն անընդհատ հրում էր ուտելիքը: Երկար նայելուց հետո որոշեցի նստել մոտակա այգում: Սաստիկ ցուրտ էր, և ցուրտն ինձ ստիպեց մտածել այդ մարդու մասին: Փորձում եմ գտնել նրան և տեսնում եմ արդեն կողքի նստարանին: Նա շանը փաթաթել էր կանաչ բամբակից կտորի մեջ և փորձում էր տաքացնել: Մարդը վեր կացավ, որ կողքի աղբյուրից ջուր խմի: Մինչ նա կխմեր, շունն իր կանաչ ծածկոցով ցած թռավ նստարանից և մոտեցավ իրեն: Մարդը չհասցրեց ջուր խմել: Վերցրեց շանն ու ամուր գրկեց:

Մինչ ես կփորձեի այս ամենն արագ փոխանցել թղթին, մուրացկանն ու շունը արդեն այնտեղ չէին:

Իսկ դասն արդեն տասը րոպե էր, ինչ սկսվել էր…

Սարը` պատուհանիս մեջ

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Երկու մեծ լեռներ, իրարից զատ միևնույն ժամանակ իրար հետ, ծեր ու զառամյալ…

Այս լեռներն ունեն առանձնահատուկ գեղեցկություն, դրանք այնքա՜ն մոտ են երկնային գանձերին, աստղերին, լուսնին ու ամպերին…

Ես ապրում եմ Մալիշկա գյուղում, և պատուհանիցս երևացող այս տեսարանն ինձ հետ է շուրջ 19 տարի:

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Այս լեռները դարերով այստեղ են և ամեն օրվա հետ դառնում են ավելի յուրահատուկ:

Չգիտեմ, համաձայն  կլինե՞ք ինձ հետ թե ոչ , բայց ինձ թվում է այն նման է Մեծ և Փոքր Մասիսներին: Դա իմ երկրորդ Մասիսն է, իմ ազա՜տ Մասիսը…

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Իրականում լեռն ունի մի քանի անուն՝ Վարդաբլուր, Կուտկուլաղ՝ գայլի ականջներ: Մարդիկ այն նմանեցնում են գայլի ականջների, և հին ժամանակներում թուրք քոչվոր ցեղերն այն անվանել են Կուտկուլաղ, որը թարգմանաբար նշանակում է գայլի ականջներ:

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Astghik Israyelyan

Տանկեր օնլայնի գերիները

Հիմա արձակուրդներ են… Ես տանն եմ ու ամեն առավոտ արթնանում եմ ստեղնաշարի տկտկոցից:  Վեր եմ կենում  ու տեսնում, որ եղբայրս էլի տանկեր օնլայն է խաղում: Մի ահագին կռվում ենք: Հետո գալիս են նրա ընկերները, նրանք նույնպես այդ խաղի գերիներից են: Նստում են ու ժամերով խաղում: Քանի որ իմ կարծիքով դա հիվանդություն է, ես ամեն օր քարոզներ եմ կարդում:

Հաջորդ առավոտ աթնանում եմ ավելի բարձր ձայներից: Պարզվում է քույրս էլ է որոշել միանալ գերիների շարքին:

-Հիմա էլ դո՞ւ:

-Ես նոր եմ սովորում…

-Լա՜վ, էլի…

Այսօր ես էլ որոշեցի խաղալ, ուզում  եմ հասկանալ, թե այդ ինչ է, որ այդքան սիրում է եղբայրս:

Խաղում եմ… Իմ տանկի վրա կրակում են, ու այն անընդհատ պայթում է:

Եղբայրս ծիծաղում է ինձ վրա ու կանչում տանկի գերի:

Հ.Գ. Այդ խաղն ինձ դուր չեկավ, և ես էլի կռվելու եմ նրանց հետ, երբ նորից սկսեն խաղալ:

Աղվերանի մեդիա ճամբար. Ալափարս

Զարթուցիչը նորից զնգաց, ինն անց կես էր, իսկ մենք ժամը իննին պետք է գնայինք նախաճաշի: Սենյակակիցներիս հետ արագ պատրաստվեցինք, իջանք ճաշարան: Նախաճաշն ավարտելուն պես նայեցինք օրակարգին:

-Օ՜, ֆոտոարշավ դեպի Աղվերանի հարակից գյուղերից մեկը՝  Ալափարս:

Տաք հագնվեցինք, վերցրինք ֆոտոապարատներն ու շարժվեցինք դեպի Ալափարս: Մեքենայի մեջ երեխաները զրուցում էին, զվարճալի պատմություններ էին պատմում, և ճանապարհը բավականին կարճ էր թվում: Հասանք գյուղ, բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք որսալ ամենահետաքրքիր պահերը:

Գյուղում հազվադեպ էին մարդիկ երևում, իսկ հանդիպողներն էլ ամաչում էին նկարվել: Մի քիչ քայլեցինք գյուղի փողոցներով, տեսանք երեխաների, որոնք իրենց բակի նստարանին նստած խաղում էին: Երբ մեզ տեսան, նրանցից մեկն ասաց.

-Տղերք, թռանք, նկարում են:

Ու սկսեցին արագ փախչել: Փախչող ու ամաչող մարդկանցից բացի հանդիպեցինք նաև երեխաների, որոնք բակում խաղում էին և համաձայնեցին, որ նկարենք իրենց: Տղաներից մեկի ձեռքին հաց կար, որը նա անընդհատ թաքցնում էր: Հանդիպեցինք նաև Հռիփսիմեին, ով սոխ էր գնել և տուն էր տանում:

Ֆոտոարշավն անցավ շատ   հետաքրքիր, ու մենք հոգնած, բայց ստացված նկարներով վերադարձանք հյուրանոց:

Երիցուկներ

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Բնություն… Լեռներ… Երիցուկներ` գժվելու չափ գեղեցիկ ու անուշահոտ: Քաղում եմ մի փունջ և գնում լեռների մեջ թաքնված մեր փոքրիկ տնակը: Փնտրում եմ ծաղկաման: Երկար փնտրտուքներից հետո հասկանում եմ, որ այստեղ ծաղկաման չկա: Ստիպված վերցնում եմ առաջին պատահած ամանը, ինչ աչքիս երևում է, լցնում ջուր ու հիանում երիցուկների գեղեցկությամբ:

Միշտ երազել եմ ունենալ փոքրիկ տնակ հեռու բոլորից, գողտրիկ անկյունում՝ լեռների մեջ:

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Միակ բանը, որ մտքովս անցնում է, լավ լուսանկարներ անելն է: Վերցնում եմ ֆոտոխցիկն ու անցնում գործի:

Հանկարծ նկատում եմ որ նկարներս էլ գեղեցիկ չեն ստացվում. անձրևի կաթիլներն ընկնում են ֆոտոխցիկին: Սկսվում է անձրև, ու բնությունն ավելի է թարմանում: Մտնում եմ իմ փոքրիկ տնակն ու տաք թեյ պատրաստում: Փաթաթվում եմ ծածկոցով և խմում երիցուկով թեյս:

Ու ինձ մնում է միայն լավ հիշողություններն ու ստացված լուսանկարները…

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Հետաքրքրասիրության հետևանքները

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի

Լույսը նոր էր բացվել, և ընտանիքիս անդամները բոլորը աշխատում էին: Ես հինգ տարեկան էի: Այդ ժամանակ ես շատ հետաքրքրասեր էի, և ամեն աշխատանք ինձ հետաքրքիր էր: Պապիկս ինչ-որ գործ էր անում, իսկ ես աստիճանների ճաղավանդակից մտցրի գլուխս, որպեսզի տեսնեմ, թե նա ինչ է անում: Երկար ժամանակ նայում էի, բայց երբ փորձեցի գլուխս հետ տանել, զգացի, որ չեմ կարողանում: Սկսեցի լաց լինել, իսկ երբ լաց եղա քթիցս արյուն եկավ. փոքր ժամանակ քթիցս հաճախ էր արյուն գալիս: Պապիկս արդեն գնացել էր տրակտորի մոտ և տրակտորի ձայնը չէր թողնում, որ նա ինձ լսեր: Երբ տրակտորի ձայնը կտրվեց, բոլորը լսեցին իմ ձայնը և եկան ինձ մոտ: Մեր հարևանը գնաց և մի երկաթ բերեց, որպեսզի ծռեր ճաղավանդակը և ազատեր իմ գլուխը, բայց ես կարծել էի, թե նա ինձ ուզում է ծեծել այդ երկաթով և սկսեցի ավելի բարձր գոռալ: Գլուխս հանել էին ճաղավանդակից, բայց ես դեռ լացում էի: Ճիշտ է, անցել են շատ տարիներ, բայց ես այդ հարևանին չեմ սիրում և նրանից վախենում եմ: Իսկ աստիճաններով բարձրանալիս անպայման հիշում եմ այս դեպքը: