Մանե Պողոսյանի բոլոր հրապարակումները

Կորցրած ընկերներից հետո

Կորցրած ընկերներից հետո կյանքիդ ընթացքը սկսվում է փոխվել, ու դժվարը դրանից հետո նորից քեզ վերագտնելն է:

Կորցրած ընկերներից հետո արածդ կատակները կիսատ ու չհասկացված են մնում։

Կորցրած ընկերներից հետո ընկերական հավաքույթներ ուշ-ուշ են լինում։

Կորցրած ընկերներից հետո թաղում կռիվներ էլ չեն լինում, որովհետև ամեն պահ մեջքիդ կանգնած մարդու բացակայությունը չլրացված է մնում։

Կորցրած ընկերներից հետո էլ չես բողոքում եղանակից, առօրյա խնդիրներից, փողոցում քեզ աչքի տակով նայող մարդկանցից, որովհետև բողոքելու համար էլ լսող չունես։

Կորցրած ընկերներից հետո սիրելի ուտելիքդ առաջվա համը չի ունենում, որովհետև համատեղ սիրելի ուտելիքը մնում է միայն քեզ։

Կորցրած ընկերներից հետո թաղում երեկոները էլ չեք հավաքվում, որովհետև թեման բացողն ու օրվա իրադարձությունները քննարկողի աթոռը դատարկ է մնում։

Կորցրած ընկերներից հետո հին ընկերական վայրեր հաճախ չես գնում. Դե այնտեղ ամեն բան չմոռացվող պատմություն է ունենում:

Կորցրած ընկերներից հետո բառեր կան, որ այլևս չես օգտագործում, քո կյանքի հատուկ մարդկանց են պատկանում դրանք։

Կորցրած ընկերներից հետո մնում են միայն հիշողություններ, որոնք ժամանակի ընթացքում թարմանում, փակվում են նորից, իսկ դժվարը դրանից հետո ինքդ քեզ չկորցնելն է դառնում։

Ուրիշ` առանց քեզ

Բարև:

Եկել եմ, որ խոսեմ:

Քեզ սպասման ճանապարհի կեսը անցանք, առանց քեզ կամ քեզ հետ, միգուցե:

Մենք քեզ կարոտում ենք մեր միասին ապրած վայրկյաններից ավելի:

 

Գիտե՞ս, երբ ասում են` ընկերություն, գլխումս մանր տառերով անունդ է գրվում:

Իսկ քեզ հետ ունեցած պահերը հիշելիս

Էլ ապագայի մասին մտածելու կարիք էլ չենք զգում:

 

Ինչքան կարելի է գոռալ ողջ աշխարհին, որ դու այն ուրիշն էիր,

Այն մաքուրը, որ կարող էր երբևէ պատահել մեզ, այս կեղտոտ աշխարհում:

 

Ու գրկում ենք քեզ մտովի:

Գրկում ենք ոսկորներդ ջարդելու չափ ամուր:

Քեզ հետ ունեցած ընկերության չափ ամուր:

Հավատարմության չափ ամուր:

 

Աշխարհում չկան հավերժություններ:

Աշխարհում կան հավերժություն պարունակող մաքրություններ:

Ու ես,

Մենք գտել էինք

ՔԵԶ:

 

Գտել էինք, որ ունենայինք հավետ,

որ չկորցնեինք երբեք,

Որ չսպասեինք հավերժ:

 

Տարօրինակ ուրիշ ենք առանց քեզ,

Կամ տարօրինակ ուրիշ է առանց քեզ ամեն ինչ:

Օրը նորից բացվելու սովորություն ունի, իսկ ամեն բացվող օրվա հետ դու նորից չկաս, չկաս ու չես լինելու ոչ հիմա, ոչ հետո:

 

Բարև:

Վեց հազար հինգ հարյուր յոթանասուներորդ չասված բարևի,

կամ պարզապես երբեք չմեռնող կարոտի մասին`

ԱնՔեզ ու Քեզնով, կիսատ ենք…

 

Հ.Գ. Մխիթար Գրիգորյանին, զոհվել է Հադրութի Վանք գյուղի մոտակայքում` զինակից ընկերոջ կյանքը փրկելիս…

Մխոն բանակ վազելով գնաց

Սա պատմություն է մի տղայի մասին, ում անունը դեռ շատերը պետք է լսեին, սա պատմություն է մի տղայի մասին, ում անունը հիմա ու հավերժ լսվելու է…

Սա պատմություն է մեր Մխոյի մասին: Իրեն ճանաչող մարդկանց սրտում ինքը միշտ մնաց «մեր Մխո» անունով, որովհետև իր տեսակով արդեն ավելի քան ՄԵՐ-ն էր:

18 տարեկան Մխոն` Մխիթար Գրիգորյանը, կրկնակի 18 տարիների կյանք ունեցավ, ու նույնիսկ անծանոթները զարմանում էին, թե 18 տարեկանում ոնց կարելի է այդքան հասուն, միաժամանակ, զուսպ ու հավասարակշռված լինել: Այո, նա արդեն իսկ ծնվել էր այդպիսին:

Մխոն ու իր սիրելի սպորտը 18 տարի կողք կողքի քայլեցին, կողք կողքի մեծացան այն հույսով, որ մի օր միասին աշխարհի ամենահայտնի ռինգերում հնչելու է իր անունը, հնչելու է բարձր, շատ բարձր, որ նույնիսկ սիրելի քաղաքի՝ Էջմիածնի ամենախուլ անկյուններում լսելի լինի։

Իսկ Մխոն բանակ վազելով գնաց…

Նա թողեց ռինգը ու իր այդքան պաշտելի սպորտը, պայմանով, որ գալու է, որովհետև աշխարհի չեմպիոնի կոչումը դեռ իրեն էր սպասում (ու հավերժ է սպասելու):

Իսկ մենք իրեն սպասեցինք, ու պատրաստ էինք հավերժ սպասել, միայն թե վերադառնար: Ախր, ռինգում ամբողջ կյանքում պարտություն չտեսածը կռվում չէր ընկնի, ու որովհետև իր անունը դեռ պետք է հնչեր, շատ բարձր հնչեր…

Մինչդեռ թաղի ոչ մի կռիվ բաց չթողած Մխոն իրական կռվից երբեք չէր փախչի:

Մինչդեռ ամենից առաջ ընկերության կենացը խմող Մխոն վիրավոր ընկերոջը մարտի դաշտում մենակ չէր թողնի:

Մինչդեռ իր ու մեր սպասված աշխարհի չեմպիոնի կոչումը որոշեց փոխարինել Հերոսի կոչմամբ, որովհետև Մխոն բանակ վազելով գնաց։

Այս փոքր երկրի ամեն անկյունում, ինչպես և Էջմիածնում, դեռ պիտի ծնվեն ու ապրեն անվախ ու քաջ տղաներ, թիկունք ու հույս աղջիկներ: Իրար հետ համերաշխ նրանց ընտանիքներում պիտի Մխոյի նման տղերք ծնվեն, ովքեր պատերազմի դեռ չհնչած զորակոչին սահման վազելը հերթական կատակ համարեն:

Մխոյի նման տղերք, ովքեր ծնվեցին ու դեռ դարեր շարունակ ծնվելու են, քանի որ Մխոն թողել ամեն ինչ ու  վազել էր բանակ, որ իր եղբայրների տղաները մի օր իր նման դառնան չեմպիոններ:

Որ մի օր էլի իր սիրելի մարզասրահը մարզիկներով ու ամուր տղերքով լցվի: Մխոն ռինգից սահման էր վազել, որ էլի ծնվեն, էլի շատանան, որ սահմանները էլ երբեք առաջ չգան։

Իսկ մենք՝ մենք ուղղակի չկորցրեցինք Մխոյին, աշխարհը կորցրեց իր չեմպիոնին, իսկ աշխարհի ամենահայտնի ռինգը հավերժ կսպասի իր ամենաուժեղ մարզիկին:

Իսկ աշխարհի բոլոր «տղայական կռիվներ» տեսած իր թաղը՝ հավերժ կսպասի երբեք ոչ մի կռիվ բաց չթողած տղային:

Իսկ ընկերության կենացը էլի խմելիս այս անգամ արդեն հավերժ մի անուն առաջինը կհնչի…

…Որովհետև Մխոն բանակ վազելով գնաց։

Սարսափ-ֆիլմի վախճանը

Դու հիմա երևի ինչ որ սրճարանում սուրճ ես խմում: Երևի հաղթահարում ես, մեջդ կուլ տալով, մտքումդ հայհոյելով հետպատերազմյան ցավն ու սարսափը, մինչդեռ դրա հետքերը շատերի կյանքում հավերժ մնալու են։ Իսկ երբևէ լսե՞լ ես սարսափ ֆիլմի վերջում ինչ որ սպասված happy end-ի մասին: Ո՞չ, ես նույնպես չէի լսել, մինչև որ ընկերներս դարձան ֆիլմի գլխավոր հերոսները:

27.09. 2020 – սարսափ ֆիլմի սկիզբը

Հենց առաջին օրը իրեն՝ նույն մեր հերոսին, իր ջոկի հետ բարձրացնում են Թալիշ` պաշտպանության: Բայց ավաղ, ուշացած: Թալիշն արդեն գրավված էր։ Ի՞նչ էր մնում անել` փորձել հետ գրավել։ Գրողը տանի, 21-րդ դարում, զարգացած տեխնոլոգիական ժամանակաշրջանում 18 տարեկան զինվորը ի՞նչ պետք է աներ, երբ օդում իր քաշի ու իր տարիքի զենքեր էին պտտվում ու թափվում գլխին։ Երբ երկինքը ինչ որ լուսավորությամբ էր պատվում, բայց ոչ հրավառության։

-Տղերք, պառկեք,- բղավում է ընկերս, ու հանկարծ 10 մետր աջ ինչ որ բան ընկնում ու ավիրում է ամեն ինչ: Փրկվում են, փրկվում է, մեռնում, նորից ծնվում է: Մինչդեռ տանը ու իրեն սպասողների համար ինքը քնած է, կամ ապահով մի տեղ նստած… Ծիծաղելի է, կամ ոնց ասում են. «Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»:

Օր 2

Ոտքը դուրս է դնում շենքից, վազում ու հանկարծ պայթում է շենքը։ Նա ամբողջ զորամասի, ամենավերջին վաշտի, ամենավերջին դասակի, ամենավերջին զինվորն էր: Բայց սա էլ դեռ վերջը չէր:

Օր 3, դիրքեր

Մինչ մենք Երևանի կենտրոնում ուտելիք էինք հավաքում էն հույսով, որ դրանցից մեկը կհասնի իրենց՝ զուգահեռ իրականությունում մի շաբաթ առանց ջուր ու հաց նրանք դիմացել են: Վերջին հույսը անձրևն էր, էն էլ երկինքն էլ էր հրաժարվել էս մի բուռ ազգից:

Հոկտեմբերի 1

Մի ամբողջ դիվիզիայի հարձակում: Բայց դե ի՞նչ կռիվ, երբ զենքն էլ է վերջանում: Էդ պահին ոչինչ  չի մնում, քան հավատը: Հավատը, որ մի օր էս ամեն ինչը կվերջանա։ Այդ պահին կողքը մի մեծ քարին է փամփուշտը հարվածում: Քարին, ոչ թե իր գլխին: Մտքում միայն ասում է. լավ պրծա:

Հոկտեմբերի 2

Ընկնում են շրջափակման մեջ: Երբ ողջ մնալու հավանականությունը 0,001 տոկոս է, գլխում մի բան է միայն պտտվում. «Մամայի ծնունդն ա»…

Բայց դե մեր Վահագնը բախտավոր աստղի տակ էր ծնվել: էս անգամ էլ են փրկվում:

Հոկտեմբերի 3` սարսափ ֆիլմի ամենավատ մասը,  կամ վերջից 5 պակաս

Կորցնում է զինակից ընկերներին աչքի առաջ: Հետո ինչ որ ուժեղ գմփոց, ու գերաններն ընկնում են վրան: Ավիացիան էր ռմբակոծում, ու հարվածի պատճառով վիրավորվում է: Բան չէր մնում անել, քան դուրս գալ ավերակների տակից ու վազել։ Ուժասպառ էր, միայն մի խոսք էր գլխում. «Դե խփում եք` խփեք, էլ չեմ կարում»:

Որոշ ժամանակ անց հասնում է օգնությունը: Իզուր չի, որ ապագա բժիշկ է: Մինչ կօգնեին, ինքն է իր վերքը մշակում: Ու շարունակում է կռվել, մինչև վերջ կռվել էն հողակտորի վրա, որին մենք մեր գրքերում հայրենիք ենք կոչում։ Ու երբ մարում է ապրելու հույսը, հիշում է, որ հարյուրավոր կիլոմետրեր էն կողմ մարդիկ կան, որ ամեն վայրկյան սպասում են: Ներսում խեղդելով կորցնելու վախը, ուղղակի լուռ սպասում են:

Իսկ սարսափ ֆիլմի HAPPY END-ը այն է, որ մեր Վահագնը փրկվում է, վերածնվում է նորից, որովհետև իր փրկությամբ նա դեռ հարյուրավոր կյանքեր պետք է փրկի:

Որովհետև իր փրկվելով, փրկելու է շատերին։

…Իսկ վերածնված տղաների վերադարձը հավաստումն է նրա, որ կյանքը սիրուն է ու «դատապարտված է» շարունակվելու:

Պատերազմը ստիպում է

Դպրոցական տարիներին հայրենասիրական միջոցառումների ժամանակ տղաները չէին մասնակցում: Նրանք միշտ կանգնում էին իրենց համար նախատեսված պատի տակ ու ծափահարում էին մեզ, իսկ ուսուցիչս միշտ բարկանում էր, թե ինչու տղաները ցույց չեն տալիս իրենց տաղանդը, նամանվանադ, հայրենասիրական միջոցառումների ժամանակ:

Ո՞վ կմտածեր, որ այդ նույն պատի տակ շարված տղաները, որոնց անվերջ կշտամբում էին, մի օր իրենց տաղանդը ցույց են տալու պատերազմի դաշտում:

Եթե ինձ բախտ վիճակվեր ժամանակը հետ տալու, ես կցանկանայի, որ կյանքը կանգներ սեպտեմբերի 26-ում, և առաջ չգնար, երբ մեր կյանքի ամենամեծ հոգսը դիմակ դնելն էր, ծանրաբեռնված տրանսպորտը կամ մի թեթև կոնֆլիկտը ընտանիքի անդամների հետ:

Առհասարակ պատերազմը մեզնից յուրաքանչյուրիցս տանում է մի մաս, որը տարիների ընթացքում չի լրացվելու:

Պատերազմը ստիպում է հավատալ Աստծուն, միևնույն պահին, հավերժ սպանում մյուսի մեջ հավատը:

Պատերազմը ստիպում է սիրել ու գնահատել կյանքդ, միևնույն պահին, սպանում մյուսի մեջ կյանքի իմաստը:

Պատերազմը ստիպում  է սպասել ինչ որ մեկի սպասված վերադարձին, միևնույն պահին, թողնում մյուսին հավերժ սպասված:

Պատերազմը ստիպում է սիրել միակիդ ավելի ուժգին, միևնույն պահին, հանուն քաղաքի տաք բնակարանում նստած քո սիրո, դժոխք հիշացնող ինչ որ հատվածում կռվել մահվան դեմ:

Պատերազմը ստիպեց բոլորիս, որ ապրենք նորից, որ ապրենք հանուն այն երազանքների, որոնց հասցեատերերը գնացին հավետ, հանուն իմ ու քո երեխաների խաղաղ երկնքի…