Սարսափ-ֆիլմի վախճանը

Դու հիմա երևի ինչ որ սրճարանում սուրճ ես խմում: Երևի հաղթահարում ես, մեջդ կուլ տալով, մտքումդ հայհոյելով հետպատերազմյան ցավն ու սարսափը, մինչդեռ դրա հետքերը շատերի կյանքում հավերժ մնալու են։ Իսկ երբևէ լսե՞լ ես սարսափ ֆիլմի վերջում ինչ որ սպասված happy end-ի մասին: Ո՞չ, ես նույնպես չէի լսել, մինչև որ ընկերներս դարձան ֆիլմի գլխավոր հերոսները:

27.09. 2020 – սարսափ ֆիլմի սկիզբը

Հենց առաջին օրը իրեն՝ նույն մեր հերոսին, իր ջոկի հետ բարձրացնում են Թալիշ` պաշտպանության: Բայց ավաղ, ուշացած: Թալիշն արդեն գրավված էր։ Ի՞նչ էր մնում անել` փորձել հետ գրավել։ Գրողը տանի, 21-րդ դարում, զարգացած տեխնոլոգիական ժամանակաշրջանում 18 տարեկան զինվորը ի՞նչ պետք է աներ, երբ օդում իր քաշի ու իր տարիքի զենքեր էին պտտվում ու թափվում գլխին։ Երբ երկինքը ինչ որ լուսավորությամբ էր պատվում, բայց ոչ հրավառության։

-Տղերք, պառկեք,- բղավում է ընկերս, ու հանկարծ 10 մետր աջ ինչ որ բան ընկնում ու ավիրում է ամեն ինչ: Փրկվում են, փրկվում է, մեռնում, նորից ծնվում է: Մինչդեռ տանը ու իրեն սպասողների համար ինքը քնած է, կամ ապահով մի տեղ նստած… Ծիծաղելի է, կամ ոնց ասում են. «Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»:

Օր 2

Ոտքը դուրս է դնում շենքից, վազում ու հանկարծ պայթում է շենքը։ Նա ամբողջ զորամասի, ամենավերջին վաշտի, ամենավերջին դասակի, ամենավերջին զինվորն էր: Բայց սա էլ դեռ վերջը չէր:

Օր 3, դիրքեր

Մինչ մենք Երևանի կենտրոնում ուտելիք էինք հավաքում էն հույսով, որ դրանցից մեկը կհասնի իրենց՝ զուգահեռ իրականությունում մի շաբաթ առանց ջուր ու հաց նրանք դիմացել են: Վերջին հույսը անձրևն էր, էն էլ երկինքն էլ էր հրաժարվել էս մի բուռ ազգից:

Հոկտեմբերի 1

Մի ամբողջ դիվիզիայի հարձակում: Բայց դե ի՞նչ կռիվ, երբ զենքն էլ է վերջանում: Էդ պահին ոչինչ  չի մնում, քան հավատը: Հավատը, որ մի օր էս ամեն ինչը կվերջանա։ Այդ պահին կողքը մի մեծ քարին է փամփուշտը հարվածում: Քարին, ոչ թե իր գլխին: Մտքում միայն ասում է. լավ պրծա:

Հոկտեմբերի 2

Ընկնում են շրջափակման մեջ: Երբ ողջ մնալու հավանականությունը 0,001 տոկոս է, գլխում մի բան է միայն պտտվում. «Մամայի ծնունդն ա»…

Բայց դե մեր Վահագնը բախտավոր աստղի տակ էր ծնվել: էս անգամ էլ են փրկվում:

Հոկտեմբերի 3` սարսափ ֆիլմի ամենավատ մասը,  կամ վերջից 5 պակաս

Կորցնում է զինակից ընկերներին աչքի առաջ: Հետո ինչ որ ուժեղ գմփոց, ու գերաններն ընկնում են վրան: Ավիացիան էր ռմբակոծում, ու հարվածի պատճառով վիրավորվում է: Բան չէր մնում անել, քան դուրս գալ ավերակների տակից ու վազել։ Ուժասպառ էր, միայն մի խոսք էր գլխում. «Դե խփում եք` խփեք, էլ չեմ կարում»:

Որոշ ժամանակ անց հասնում է օգնությունը: Իզուր չի, որ ապագա բժիշկ է: Մինչ կօգնեին, ինքն է իր վերքը մշակում: Ու շարունակում է կռվել, մինչև վերջ կռվել էն հողակտորի վրա, որին մենք մեր գրքերում հայրենիք ենք կոչում։ Ու երբ մարում է ապրելու հույսը, հիշում է, որ հարյուրավոր կիլոմետրեր էն կողմ մարդիկ կան, որ ամեն վայրկյան սպասում են: Ներսում խեղդելով կորցնելու վախը, ուղղակի լուռ սպասում են:

Իսկ սարսափ ֆիլմի HAPPY END-ը այն է, որ մեր Վահագնը փրկվում է, վերածնվում է նորից, որովհետև իր փրկությամբ նա դեռ հարյուրավոր կյանքեր պետք է փրկի:

Որովհետև իր փրկվելով, փրկելու է շատերին։

…Իսկ վերածնված տղաների վերադարձը հավաստումն է նրա, որ կյանքը սիրուն է ու «դատապարտված է» շարունակվելու: