Հռիփսիմե Վարդանյանի բոլոր հրապարակումները

hripsime vardanyan

Այն, ինչը ոգեշնչում է

Կասկադ. սեպտեմբեր. երկու-երեք հարյուր հոգի լուռ ու ուշադիր լսում են Գագիկ Գինոսյանի հայրենասիրական և ոգեշնչող կոչը, այնուհետև պարի պատմությունը, որը ներկայացնում է ամեն պարից առաջ:

Եվ վերջապես հնչում է երկար սպասված «Հե~յ»-ը, և սկսվում է հայկական «յարխուշտան»: Սկսում են «Մշո Խըռով», հետո տղաները դուրս են գալիս շարքերից սկսում են ծափերը, թռիչքները, հարվածները: Պարը նմանվում է իսկական կռվի:  Շրջապատող մթնոլորտը քեզ ստիպում է վերապրել պատմությունդ, մտքով հետ գնալ այն ժամանակները, երբ «յարխուշտան» պարում էին պատերազմներից առաջ՝ մարտական ոգին բարձրացնելու համար: Պարը վերջանում է  տղաների միաձայն «Հեյ հո»-ով:

Գագիկ Գինոսյանը սկսում է պատմել հաջորդ պարի պատմությունը, թե որտեղից է եկել, ով է մշակել և այլն: Ու հանկարծ, տեսնում ես մարդկաց գլխավերևով անցնող կոպալը, դհոլը, շվին և զուռնան: Սկսում է նվագել կենդանի երաժշտությունը: Կոպալի ամեն զարկի հետ սիրտդ սկսում է ավելի արագ աշխատել: Նայում ես շուրջդ, մեծահասակ մարդկանցից մինչև երկու-երեք տարեկան երեխաները, զբոսաշրջիկները պարում են: Այդ պահին մտածում ես, թե որքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար:

Ես այդ պահին ինձ լիովին երջանիկ մարդ էի համարում: Ես կարծում եմ, ամեն հայ պետք է իմանա գոնե մեկ հայկական, ազգային պար: Եվ քանի որ ազգային պարերից մեկը սովորելով ցանկանում ես ևս մի քանիսը, այնուհետև բոլորը սովորել`  ես ցանկանում եմ, որ բոլորդ սկսեք պարել մեր ազգայինը:

hripsime vardanyan

Ավստրուհի տատիկս

Փոքր տարիքից մինչ հիմա ինձ ասում են, որ ես նման եմ իմ ավստրուհի տատիկին: Այն ժամանակ չէի հետաքրքրվում, թե ով է նա, և ինչով եմ նման նրան: Ինձ հետաքրքրեց` տատիկս իրո՞ք եղել է ավստրուհի, թե նրա բնավորության ինչ-որ գծի համար են իրեն ավստրուհի ասել: Միակ մարդը, ով տեղյակ էր ամբողջ պատմությունից, դա իմ հորեղբոր կինն էր: Դե լավ, սկսենք պատմությունը: 

Իրադարձությունները սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հայրիկիս Հրաչ պապիկը գնում է պատերազմ: Կռվի ժամանակ վիրավորվում և գերի է ընկնում Ավստրիայում: Նրան և մյուս վիրավոր գերիներին տանում են հոսպիտալ: Հոսպիտալի բուժքույրերից մեկը նրան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Վիրակապերը փոխելու ընթացքում զրույցները և հարցուփորձերը բուժքրոջը ստիպում են պապիկիս տեղափոխել իրենց տուն: Դժվարությամբ, բայց նա կարողանում է դա անել: Բուժքույրը  պապիկիս ծանոթացնում է իր աղջկա հետ: Այդ աղջիկը իմ տատիկն էր՝ իմ Մարիա տատիկը: Նրանք սիրահարվում են: Ինչ որ ժամանակ անց որոշում են ամուսնանալ: Սակայն երկրի կառավարությունը հրաման է արձակում, ըստ որի բոլոր գերիները պետք է աքսորվեն երկրից: Մարիա տատիկս որոշում է իր ապագա ամուսնու հետ հեռանալ: Նրանք գնում են ԱՄՆ, այնտեղ ապրում են որոշ ժամանակ, հետո վերադառնում են Հայաստան: Այստեղ ապրում են մոտ քառասուն տարի: Քառասուն տարի անց տատիկս որոշում է այցելել իր հայրենիք: Սակայն մերժում է ստանում, երկիրը նրան չի ճանաչում որպես քաղաքացի: Այսպես նա ստիպված է լինում  ամբողջ կյանքը անցկացնել և մահանալ առանց վերջին անգամ հայրենիքը տեսնելու:

Ահա այսպիսի հուզիչ պատմություն դուրս եկավ ավստրուհի տատիկիս պատմությունը:

Վարդավառը Այգեհովիտ գյուղում

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում հուլիսի 24-ին նշվեց Վարդավառի տոնը: Այստեղ տոնը նշվում է յուրովի: Տոնի գլխավոր ուտեստը գառան միսն է: Ավանդույթի մասն է կազմում նաև գառան եփված արյունը, որը չուտելը տան տիրոջ համար վիրավորանք է, և նաև փռի մեջ թխված հացը:
Լսելով և ականատես լինելով պարզ դարձավ, որ այս տոնին պատրաստվում են այնպես, ինչպես Ամանորին:
Ամբողջ գյուղը միահամուռ կերպով նշում է տոնը, նրանց են միանում բարեկամները՝ տոնը դարձնելով էլ ավելի հետաքրքրական:

hripsime vardanyan

Միապաղաղության դեմ

Մարդիկ ինչքան նման են իրար: Կյանքը ավելի ուրախ, լուսավոր ու լիքը դարձնելու ոչ մի փորձ: Միապաղաղ անցկացնում են կյանքի ամենահետաքրքիր տարիները:

Այ, օրինակ ես ձգտում եմ տարբերվել: Թե՛ արտաքինով, թե բնավորությամբ: Փորձում եմ առանձնանալ մյուսների անգույն ֆոնից: Փորձում եմ իմ և ինձ շրջապատողների կյանքը լցնել գույներով: Մարդկանց կարծիքով, հասարակության մեջ տարբերվել նշանակում է` լինել այլմոլորակային: Տեսա նամակը, որով ինձ ասվում էր, որ ընդգրկված եմ Արարատի մարզի պատանի թղթակիցների Արտաշատյան դասընթացին: Ասացի ծանոթներիս, բարեկամներիս, ընկերներիս: Ստացա հետևյալ պատասխանները.

-Ինչ լավ է, կգնաս, կսովորես: Դու էլ մտածում էիր` ինչ դառնալ: Հնարավոր է հենց լրագրող էլ դառնաս:

-Է՜… Ի՞նչ էլ հավես ունես:

Ուզում եմ պայքարել հենց սրա դեմ. անտարբերության, անհավեսության դեմ:

Իմ կարծիքով, մարդ օժտված լինելով մտածելու և ստեղծագործելու կարողությամբ, պետք է կարողանա նաև ձգտել՝ դեպի լավը: Չամաչի իր հետաքրքրասիրությունից՝ տա հարցեր, ստանա պատասխաններ և զգա իրեն բավարարված: Ամեն մարդ պետք է ձգտի ինչ որ հետք թողել իր հետևից: Ես նույնպես ձգտում եմ, այնքանով, որ փորձում եմ տարբերվել: Թող յուրաքանչյուր մարդ ձգտի դրան: Հակառակ դեպքում, էլ ի՞նչ իմաստ կա:

Screenshot 2017-06-30 15.58.19

Բերքահավաք

Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասեմ, որ ես ապրում եմ Արարատի մարզի Մրգավան գյուղում: Մեր գյուղը փոքր է, ունի քիչ բնակիչներ, բայց մենք հայտնի ենք մեր աշխատասիրությամբ: Իզուր չէ մեր գյուղի անունը Մրգավան: Գյուղի բոլոր տների բակերում կան մրգատու ծառեր, գրեթե բոլորն ունեն այգիներ և մրգավանցիների սեղաններին՝ գարնանից մինչև ուշ աշուն կտեսնեք թարմ մրգեր, իսկ ձմռանը՝ դրանցից պատրաստված հատընտիր չրեր:

Արարատի մարզը հայտնի է իր ծիրանով: Եվ ինչպես գիտեք, հիմա գրեթե ամեն տեղ ծիրանը հասունացել է, սկսվել է բերքահավաքը: Նրանք, ովքեր չեն մասնակցել ծիրանի բերքահավաքի, թող դիտեն այս փոքրիկ ֆիլմը: