Hripsime Vardanyan

Առաջին անգամ Դիլիջանի մեդիա ճամբարում

-Մա~մ, այ մա~մ:

-Ասա,- պատասխանեց մայրիկս այգուց:

-Լիլիթն էր զանգել «Մանանայից», ասաց, որ ընդգրկվել եմ «Մանանայի» երկրորդ մեդիա ճամբարին: Ասաց՝ առաջինը պարտադիր ծնողի համաձայնությունն ա պետք: Կգնամ, չէ՞:

-Ես չգիտեմ, զանգիր պապայիդ: Եթե թողնի, ես էլ կթողնեմ:

Զանգ հայրիկին… ՈՒռա~, գնում եմ մեդիա ճամբար:

Սա իմ առաջին ճամբարն է, որին մասնակցում եմ ընդհանրապես: Մայրիկս միշտ վախեցել է ինձ մենակ տանից հեռու թողնել, սակայն սկսած Արտաշատյան դասընթացներից՝ «Մանանայի» անձնակազմը մայրիկիս վստահություն էր ներշնչել: Համաձայնությունը ստացա, հիմա պետք է իրերս հավաքեմ: Իրարանցում, խառնաշփոթ, Արմագեդոն… Այս բառերով կարելի է նկարագրել, թե ինչ էր կատարվում մեր տանը ճամբարին նախորդող մի քանի օրը:

Մի կերպ իրերս հավաքելով՝ ուղևորվեցինք Երևան: Մեզ այնտեղ արդեն սպասում Էին ծանոթ մարդիկ: Շնորհիվ մեր Մանեի՝ մենք Ֆեյսբուքում ունեինք չաթ, որով շփվում էինք մինչև ճամբարը: Եվ ինձ համար նորություն չէր տեսնելը երեխաներից մի քանիսին:

Հյուրանոցում արդեն ծանոթացա մյուս երեխաների հետ: Ընկերացա գրեթե բոլորի հետ: Ում հետ դեռ չեմ ընկերացել, ուրեմն ժամանակը չի հերիքել: Ծանոթությունը Լուսինեի մեթոդով հնարավորություն տվեց իմանալ նրանց անունները, ում չէի ճանաչում: Ժամը մոտավորապես 22:00-ից մինչև 00:00  մեր ժամանցի ժամն էր: Խաղացինք տարբեր խաղեր, երգեցինք Լիդուշի հետ: Մի խոսքով, Դիլիջանի մեդիա ճամբարի առաջին օրը անցավ հոյակապ: