Իզա Ասծատրյանի բոլոր հրապարակումները

Իմ սեր Արցախ

Պատերազմից հետո Արցախ գնալը  մարդիկ  դժվար են պատկերացնում.

վախ… տագնապ… հուզմունք…

Նշեմ, որ միայն հպարտություն  և  հիացմունք  պետք  է ապրել Արցախ գնալուց։

…Եթե մինչև տրանսպորտ նստելը մի պահ մտածել էի, որ  ինչ-որ իրողություն կխանգարի, և չեմ գնա Արցախ, ապա տրանսպորտ նստելուց՝ կարևորագույն փուլը հաղթահարեցի։

Հինգով էինք: Վարորդը  կատակում էր, ասելով՝  նախորդ օրն այնքան ուղևորներ  կային, որ քիչ էր մնում գլխիս նստեն։

Չնայած սպիտակ  փոխադրամիջոցի  կիսադատարկ լինելուն՝ զգացմունքներս ամբողջությամբ լցնում էին այն։

Ճանապարհը  միայնակ էր ու տխուր,  մշտական բնակիչները լքել էին նրան…

Իսկ  Շուշիի կողքով անցնելուց, ամեն ինչ այնքան անհավատալի էր, որ այդ պահին ասես  ոչ  մի  զգացողություն չկար։  Հետ գալուց միայն ուշքի եկա, տեսա Շուշիի տխրությունն ու դատարկությունը. նկարագրել չի լինի…

Շուտով հասանք, ես անհամբեր սպասում էի այդ պահին։ Ընկերուհիս՝ Տաթևը, դիմավորեց, գնացինք տուն, հանգստացանք, դուրս եկանք վայելելու Ստեփանակերտը։

Արցախն  այնքան լուսավոր է, գունեղ, չքնաղ, որ ես պարզապես հիացած եմ,  չնայած նրան, որ շատ եմ եղել այնտեղ։

Անդադար քայլել էի ուզում, ցանկանում էի շրջել բոլոր փողոցներով, զգալ նրա ողջ  հզորությունն ու ջերմությունը, որն արդեն  մի բուռ դարձած Արցախից էր փոխանցվում։

Մինչև ուշ երեկո քայլում էինք, չնայած նրան, որ հողը փախչում էր ոտքերիս տակից, բայց հասցրեցի  ապրել Արցախը։

Առավոտներն արթնանում էի արևածագից շուտ՝ պատուհանից վայելելով  Արցախում բացվող հերթական խաղաղ լուսաբացը…

Հաջորդ կայարանն  Ասկերանն էր, որտեղ գնալու ճանապարհը կիսեցինք  զինվորների հետ։

Ասկերանում  իր  ամբողջ  վեհությամբ  մեզ էր սպասում Մայրաբերդը։ Իսկ այնտեղի փողոցներով անցնելուց՝ նկատում էի պատերազմի դեմ պայքարած բերքատու ծառերի պտուղներ… Մի կին իր բակի դարպասը բացեց, հարցրեց, թե որտեղից ենք, հետո ասաց, որ չնայած քիչ  մասն է մնացել, սակայն կարող ենք զգալ ողջ յուրահատկությունը…

Գնալ Արցախ և չհամտեսել ժենգյալով հացը՝ աններելի  է։  Ինձ հաջողվեց վայելել  իմ պատրաստած ժենգյալով հացը, ինչն առանց արցախցի տիկնոջ օգնության՝ անհնարին  կլիներ։

Տուն վերադաձա, սակայն  չշտապեցի  հրաժեշտ տալ  հարազատ  Արցախին։ Ինձնից մի մասնիկ մնաց Արցախում, իսկ Արցախից մի մասնիկ  հասավ Սյունիք։

Արցախը ծաղկում է, այնտեղ չգիտեն, թե ինչ է հանձնվել ասվածը… Ե՛կ Արցախ։

Լուսանկարները` հեղինակի

Անգլերեն գրքեր՝ Հալիձորի միջնակարգ դպրոցին

Բարև, ես Աստղիկն եմ: Այո, մենք էլ անգլերեն նոր գրքեր ունեցանք ՝ շնորհիվ Գլենդելի Կրթաշրջանի ՖԼԱԳ ծրագրի պատասխանատուների և աշակերտության, ամերիկահայ երեխաների։

Այսուհետ Հալիձորի միջնակարգ դպրոցում ավելի հետաքրքիր կանցնեն անգլերենի դասերը, քանի որ երբևէ մեր դպրոցը չէր ստացել և չուներ նման որակով և հավեսին գրքեր: Մենք շա՜տ ուրախացանք, երբ ծանրոցը ստացանք։

Ծանրոցը հենց ես էի բացում, մի փոքր հուզմունք, մի փոքր ուրախություն։
Չգիտեմ, շատ ուրախ ենք, որ այսօր մեր դպրոցում բազմաթիվ հետաքրքիր գրքեր, ինտելեկտուալ խաղեր կան, որոնք անգլերեն են։
Վստահ եմ, որ մենք ավելի հաճախ կայցելեք գրադարան և կհարստացնենք մեր բառապաշարը՝ ձեր շնորհիվ։ Շնորհակալություն։

Ողջույն, ես Իննան եմ, Հալիձորից, ազատ ժամանակ շատ եմ սիրում հետաքրքրվել անգլիական գրականությամբ։ Կարծում եմ անգլերենը լավ իմանալու համար առաջնահերթ հարկավոր են որակյալ և ինֆորմացիայով լի գրքեր։ Այդ հնարավորությունը չկար նույնիսկ դպրոցի գրադարանում, սակայն այդ հարցը այլևս լուծված է։ Շնորհակալ ենք, որ մեզ նման հնարավորություն եք տվել, այսուհետ մենք ավելի ենք զարգացնելու անգլերեն լեզվի իմացությունը և մեր գիտելիքների պաշարը։

Աշակերտները շատ ոգևորված են, հուսամ առաջիկայում գրադարանում մեծ հերթեր կգոյանան, նոր գրքերն իրենց ընթերցողներին են սպասում։

Լուսանկարը՝ Ժաննա Բարսեղյանի

Լուսանկարը՝ Ժաննա Բարսեղյանի

izaAstsatryan

Նրանք, ում ընտելացրել ենք

Մի քանի ամիս առաջ դպրոցն ավարտեցինք, դասարանցիներից շատերը մտածում էին, որ չէ, անկախ նրանից, թե մեզնից յուրաքանչյուրը որտեղ կլինի, մենք կշարունակենք շփվել, պահել կապը, այն կապը, որը 12 տարիների ընթացքում ենք ստեղծել, սակայն ես գիտակցում էի, որ չէ, չի լինի նման բան, և այո, ես չսխալվեցի…

Ամռանը տղաներից մեկին ճանապարհեցինք բանակ, հետո եկավ սեպտեմբերը, դասերը սկսվեցին, ամեն մեկը գնաց իր երազանքի հետևից, գնաց՝ մոռանալով… Չէ-չէ, ներեցեք, մեկ-մեկ հիշելու հույսով գնացին։

Սկզբնական շրջանում հաճախ էի կապվում բոլորի հետ, բայց ամիսների, օրերի, ժամերի և րոպեների հետ դադարեցի հաճախակի կապը։ Դե, գիտեք, այդքան էլ հեշտ և հաճելի չէ, երբ ինչ-որ մեկին քո կյանքում մեծ տեղ տալով հիշում ես, հետաքրքրվում նրանով, իսկ նրան անգամ հետաքրքիր չէ քո՝ ինչպես լինելը։
Այո, տհաճ երևույթ է, սակայն հիանալի դաս է կյանքից և հենց այդ մարդուց։
Ինչևէ, նման դեպքերում միշտ գտնվում են այնպիսիք, ովքեր անմնացորդ տրվում են ընկերությանը և նրանց ոչինչ չի փոխում։

Անկախ նրանից, թե մենք որտեղ ենք, և թե ով ենք, չպետք է մոռացության մատնենք այդ տարիները։
Գուցե դու հենց իմ շնորհիվ է, որ հիմա այն ես, ինչ կաս, գուցե իմ խորհուրդները քո կյանքի ճանապարհին մեծ նշանակություն են ունեցել, և գիտե՞ք՝ ինչ, դասերը կգան-կգնան, իսկ ընկերները կսպասեն, կսպասեն ինչպես Հաչիկոն էր սպասում իր տիրոջը, չէ, տերը չափից դուրս կոպիտ բառ էր, որովհետև նա տեր չէր, նա ընկեր էր՝ հավատարիմ և անմնացորդ նվիրումով։

Հաճախ եմ մտածում այս հարցի շուրջ և վերջապես գտել եմ պատասխանը, այո, վերը նշվածների համար մենք ենք մեղավոր…
Ինչպես մի ֆրանսիացի տղա էր ասում՝ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։
Այո, մենք ընտելացրել ենք:

izaAstsatryan

Ուշքի արի

Մենք միայն երազում ենք, երազում ենք թռչել, անտեսանելի դառնալ, ուրիշի մտքերը կարդալ, որովհետև դրանք միայն ֆիլմերում ենք տեսել և ուզում ենք առօրյայում կիրառելի դարձնել, բայց չէ, դրանք միայն երազանքներ են, ուրիշ ոչինչ, դու դրանց մասին կարող ես անվերջ երազել, բայց չես կարող իրականություն դարձնել…

«Իսկ եթե կա միջոց, որով կկարողանամ երազանքներս իրականացնել, կամ դարձնել իրականին մո՞տ… մի փոքր մոտ»: Այսպես մտածել եմ և կշարունակեմ մտածել, քանի որ եթե կա ցանկություն, պետք է միջոց գտնել այն քեզ մոտ դարձնելու համար:

Այո՛, ես այդպիսին եմ: Ես սիրում եմ նստել և տարօրինակ թեմաների շուրջ իմ ֆանտաստիկ պատկերացումներն ունենալ։

Վերջերս (վերջերս ասելով՝ հասկանում եմ վերջին 3 տարին) սկսել եմ դադարել անվերջ նստել և երազելուց, կամ էլ երազանքն իրականացնելու համար անհույս միջոցներ որոնելուց: Այո՛, ես հասկացել եմ մի պարզ բան, որ երազանքին կարելի է նպատակի աչքերով նայել, որովհետև նպատակը մեր կյանքի հուսալի ուղին է, և մենք դրան հասնելու համար ձգտում ենք, ձգտում ենք անգամ անվերջանալի ճանապարհին նայելով, մենք աշխատում ենք դրա ուղղությամբ, երբեմն՝ անհույս, երբեմն էլ՝ հույսով:

Ես ունեմ շրջապատ, որտեղ կան տարբեր մասնագիտությունների, տարբեր բնավորությունների, կարճ ասած՝ տարբեր խառնվածքների մարդիկ: Մարդիկ, որոնք ապրում են ուտելու համար, մարդիկ, որոնք ուտում են ապրելու համար, և ես, որին շատերը փոքր համարելով կարծում են, որ ինչ-որ երևութ հասկանալու և իմ ճիշտ լուծումն առաջարկելու համար չափից շատ փոքր եմ: Սակայն, եթե ես լինեի, օրինակ՝ 30 տարեկան և նույն երևույթի մասին նույն կարծիքս արտահայտեի, բոլորը կսկսեին մտածել՝ գուցե ճի՞շտ է։ Բայց չէ, քանի դեռ փոքր ես, պարտավոր ես լինել մեծերի ենթական, պարտավոր ես լռել՝ անկախ նրանից, թե դու ինչ ես մտածում։ Եթե քեզ տեսնում են դրսում գունավոր գուլպաներով և գժական սանրվածքով, մտածում են. «Էս գիժն ո՞վ ա, չնայած՝ սա ո՛չ դարդ ունի, ո՛չ ցավ»։ Նրանք քո արտաքինից փորձում են եզրակացություններ անել։

Միշտ հետաքրքրել է՝ ինչո՞ւ է բոլորին թվում, թե իրենք ավելի շատ են մտածում քո կյանքի մասին, քան դու։ Պետք է պնդեմ, որ չէ՛, ուղղակի դուք չափից դուրս շատ եք սիրում ուրիշի կյանքով ապրել, փորձեք ձեր կյանքով ապրել, գուցե ձերն ավելի հետաքրքի՞ր է:

Դպրոցում, երբ դասարանցիներով հավաքվում էինք, միշտ սկսում էինք որևէ մեկի մասին խոսել, նրա հագուկապը քննարկել, բայց հիմա, մի տեսակ ձանձրացել եմ այդ քննարկումներից ու մտածում եմ. «70-ից ավելի տարեկան տատիկները ե՞րբ են դադարելու սրա-նրա կյանքը քննարկելուց, բայց երբ դադարեն ու փորձեն իրենց կյանքով ապրել, կտեսնեն, որ շատ ուշ է, և ինչքան տարիներ են իրենք կորցրել՝ իրենցը մի կողմ դնելով՝ ուրիշինով ապրելով»:

Ընկերներս հաճախ են ինձ դիմում տարբեր հարցերով և անկախ նրանից, թե ես ինչ հոգեվիճակում եմ՝ փորձում եմ օգնել… Չէ՛, գլուխ չեմ գովում, ասում եմ այն, ինչ կա և խորհուրդ եմ տալիս, որ դուք էլ այդպես անեք:

Ուրախ առիթների ժամանակ սիրում եմ կենացներ ասել, խոսքս միշտ ավարտում եմ այս բառերով՝ երբեք կորուստներ չունենանք։ Մի անագամ, երբ կենացս ավարտեցի, դասընկերներից մեկը՝ Դավիթը, ասաց.

-Իզա, ամեն անգամ նույն կենացն ես ասում:

Չէ՛, ես ամեն անգամ նույն կենացը չեմ ասում, որովհետև ամեն անգամ կենաց ասելիս նույն էմոցիաները չեմ ունենում, որովհետև ես անկեղծ եմ խոսում, ասում եմ սրտինս, իսկ դա նույնպես չես կարող շարադրել և անգիր անել, և առհասարակ, այս կյանքում երկու հատ նույն բանից կարո՞ղ ես գտնել… Ո՛չ (ամեն դեպքում, ես այդպես եմ մտածում):

Իսկ կենացիս մեջ նշված բառերը ասում եմ՝ իմանալով, թե ինչ ծանր է, երբ հարազատիդ կորցնում ես: Այո, կյանքը շարունակվում է, բայց դա չի նշանակում, որ նրա մահից հետո պետք է մոռանաս նրան և նրա արածները, չէ՞ որ նա շարունակում է քեզ հետ լինել, ճիշտ է, միայն հոգեպես, բայց…

Գիտե՞ք՝ ես մահից չեմ վախենում, ո՛չ էլ մթությունից կամ մենակ մնալուց։ Եթե մի ժամանակ մտածում էի, որ աշխարհն առանց ինձ չի կարող, ապա հիմա մտածում եմ, որ յուրաքանչյուրս ունենք մի ժամանակահատված, երբ պետք է մեր բարի կամ վատ գործերն անենք և թողնենք աշխարհին, իսկ ժամանակի լրանալուն պես մենք պարզապես հեռանում ենք, որովհետև նոր «կադրեր» են պետք աշխարհին։

Հ. Գ. Երկար ժամանակ է՝ չեմ գրում, որոշեցի նստել և այս ամիսների ընթացքում իմ մեջ կուտակվածը գրել, շարունակել գրելս նոր շնչով:

iza aststatryan

Մարտիության

Ծաղիկներ, փափուկ խաղալիքներ… Կարճ ասած` ամեն ինչ հուշում է, որ մարտի ութ է:

Մարտիության նվերներ ընտրելիս տատանվում ես, չես կողմնորոշվում` ինչ գնել, արդյոք գնածդ նվերը դուր կգա՞ նրանց, թե չէ (դե, համ էլ փորձում ես հավաքածդ գումարի մեջ տեղավորվել): Կարճ ասած, բավականին ծախսատար տոն է, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար (հատկապես` տղամարդկանց):

Անկեղծ ասած, մարտիության նվերներից ամենաշատը սիրում եմ այն նվերը, որը ես եմ ինձ նվիրում (ես սովորություն ունեմ տոն օրերին ինձ համար նվեր գնելու, հատկապես, որ հնարավոր չէ իմ գնած նվերը չհավանեմ):

Մեկ-մեկ մտածում եմ, որ մարտի ութին ծաղկավաճառները միլիոնատերեր են դառնում (սովորաբար այդ ժամանակ ծաղիկները աստղաբաշխական գներ են ունենում):

Լավ, իմ կյանքն ու մարտիության իմ պատկերացումները մի կողմ դնելով` ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց և աղջիկներին:

Անկեղծ ասած` երբ փորձում էի որևէ բան գրել, չէի կողմնորոշվում, թե ում մասին կարելի է գրել:

Այո՛, դժվար է, երբ շրջապատված ես լինում լավ մարդկանցով և չես կողմնորոշվում, թե ինչպես շնորհավորել նրանց:

Մա՛մ, շնորհավոր տոնդ: Չեմ կասկածում, որ իմ ներսի դրական էներգիան քեզնից եմ ժառանգել: Ցանկացած իրավիճակում, հիշիր, առաջինը քեզ եմ հիշում, մամ: Եվ եթե երբեմն քեզ բարկացնում եմ, կներես, որովհետև հետո փոշմանում եմ:
Դժվար է, երբ գրում ես քեզ սիրող մարդկանց մասին: Դու նրանց հետ ապրում ես մի ամբողջ կյանք, բայց չես կարողանում նկարագրել, որովհետև բառերը չեն հերիքում:

Վստահ եմ` դեռ շատ բան ունեմ քեզանից սովորելու, մամ:

izaaastsaryan1

Իմ 2018թ.-ի ու գալիք 2019թ.-ի մասին

Այս տարի վերջին անգամ եմ գրում: Ուզում եմ ամփոփել իմ 2018թ.-ը և խոսել 2019թ.-ի նպատակներիս մասին:
2018թ.-ը հետաքրքիր էր, ինչ խոսք: Տարին բավականին հետաքրքիր սկսեցի և ավարտում եմ նույն կերպ:
Պետք է ասեմ, որ 2018թ.-ը նոր ձեռքբերումների տարի էր, չնայած նրան, որ կորուստներ ևս ունեցա:
2018թ.-ին շարունակեցի ակտիվ գործունեությունս, չնայած նրան, որ հոկտեմբերից սկսեցի պասիվ գործել, այո, պատճառը դասերս էին:
Չեմ ուզում շատ խոսել 2018թ.-ի մասին, կարծում եմ այն, ինչը որոշել էի անել 2018թ-.ին, որոշ չափով կարողացա անել:
2018թ.-ը կեզրափակեմ բարեհաջող հանձնած քննություններովս:
Կարծում եմ, որ 2019թ.-ը հետաքրքիր տարի կլինի, կյանքիս կարևոր իրադարձությունները կապված են 2019թ.-ի հետ, հենց 2019թ.-ին կավատեմ դպրոցը, կընդունվեմ համալսարան: Մի խոսքով, հետաքրքիր տարի է սպասում:
Եզրափակելով խոսքս, ուզում եմ շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը ու մաղթել, որ կատարվեն բոլորի նպատակները:
Թող բոլոր շրջանավարտները՝ իմ գլխավորությամբ, ընդունվեն իրենց ուզած բաժինները, որովհետև մեր կյանքի կարևոր իրադարձություններից մեկը, հենց դա է:
Թող այս տարի ոչ մի կորուտ չլինի, թող ոչ ոք չկորցնի իր սիրելի մարդկանց:
Թող բոլորը լինեն առողջ ու երջանիկ: Կհանդիպենք 2019թ.-ին:

izaaastsaryan1

Հալիձորի խոսվածքը

Ես  խոսեցի  և՛ Հալիձորի մասին, և՛ Հալիձորի երեխաների  մասին, կարճ  ասած, խոսեցի  Հալիձորի  մասին, բայց  մոռացա  խոսել մեր  բարբառի մասին: Բարբառ, որը  դժվար  չէ  յուրացնել:
Մեր բարբառը  հետաքրիքր է, որովհետև  այն  գրեթե  գրական  հայերենի նման  է, մի  երկու տառ  ավել, կամ պակաս:
Լավ  եկեք ծանոթանանք, մեր  բարբառի հետ:
Այգի-Բոստան
Ամոթ-Աբուռ
Աչք-Աշկ
Անձրևանոց -Զոնթիկ
Արյուն-Արին
Ավելուկ-Վուլուկ
Աքլոր-Վորցակ
Անկողին-Տեղաշոր
Անձրև-Թոռ
Այս ժամանակի-մհեկվա

Արանք-Ղաթ
Ափսե-Տալեք
Աղբ-Զիբիլ
Ականջ-Անջոկ
Ասել-Ասիլ
Այն-էն
Այն կողմ-Էնղոլ

Ամեն ինչ-Աման հինչ
Աշխատել-Ըշխադիլ
Աստիճան-Փալաքան
Բարի լույս-Պալուս
Բլուր-Պիլու
Բարձ-Պարց
Բերան-Պիրան
Բարձր-Պարցուր
Բացել-Պանալ
Բանալի-Պիլանի
Բարեկամ-Պարիկամ
Բարի  գիշեր-պարի քշեր
Գալ-Կալ
Գառ-Կառնը
Գնալ-Քինալ
Գրտնակ-Վրթանակ
Գդալ-Քիթոլ
Գող-Կող
Գլխարկ-Փափաղ
Գորգ-Գաբա
Գիշեր-Քիշեր
Գլուխ-Կիլոխ

Դիտավորյալ-Ինադու
Դդում-Բրղանի
Դեռ-Հալա
Դուռ-Տուռ
Դանակ-Տանակ
Երշիկ-Կալբաս
Երազ-Արազ
Երկաթ-Արկաթ
Երեխա-Խոխա
Էլ-Ալ
Ընկույզ-Ճուղուպեր
Թավա-Ժարոնիկ
Թաքուն-Դալդա
Թուղթ-Թողտ
Ինչպե՞ս  ես-Հո՞ւց ես
Ինչ կա՞, չկա՞-Հիշկա՞, չկա՞
Լուսամուտ-Ակուշկա
Լեզու-Լուզու
Լոլիկ-Պամինդոր
Խնձոր-Խինձոր
Խողովակ-Շլանգ
Խանութ-Կամիսյոն
Կոկորդ-Պոկ, բողազ
Կեռաս-Գիլաս
Կտրել-Կտրիլ
Կշեռք-Քշեռք
Կորել-Կորիլ
Կանաչի-Կնանչի
Կաթսա-Ղազղան
Հին-Քոյնա
Հանգստանալ-Դինջանալ
Հալբաթ-Երևի
Հյուր-Ղոնաղ
Հոն-Հուն
Հարևան-Հրևան
Հողաթափ-Դամաշնիկ
Ձագար- Ըռըհաթի
Ձու-Ծու
Ձեթ-Ծեթ
Ղաթումը-հազարից մեկ
Մառախուղ-Քշթոխպը , թոխպ
Մուրաբա-Վարենի
Մի ժամանակ-Մաղուլ
Նոր-Թազա
Ներբան-Դաբան
Ներքնակ-Դոշակ
Շոգ-Տաք
Շիշ-Բոթուլ
Շերեփ-Շիրեփ
Որոտ-Կծպեծին
Ոտք-Ոնդ
Պարան-Քանդիր
Պահարան-Գարդիրոֆ
Պղտոր-Պրտող
Պատառաքաղ-Չանգալ
Սոխ-Սողան
Սովորույթ-Ադաթ
Սերկևիլ-Սավգուլ
Սավան-Պրոստին
Վերմակ-Յորղան
Վիշտ-Դարդ, Ցավ
Վառարան-Փիչ
Վարունգ-Խիար
Տաբատ-Շալվար
Տապակել-Ժարիտ անել
Ունք-Օնք
Ուղիղ-Դուզ
Փոքր-Կուճիր
Փայտ-Փեդ
Փողոց-Մահլա
Փոշի-Թոզ
Օճառ-Սապուն

Ահա  և  վերջ, կասեմ, որ  շատ  բառեր  դեռ  մնացին օդում, որովհետև  անհնար  է ամբողջը  գրի  առնել, հույս  ունեմ, որ  գրածս  մի  քանի  բառից  էլ  պարզ և  հասկանալի  էր  մեր բարբառը, եթե նկատեցիր` շատ բառեր գործածվում են կամ ռուսերենով, կամ պարսկերենով, կամ էլ թուրքերենով, բայց արդեն ընկալվում են իբրև բարբառային:

izaaastsaryan1

Որոնողները

Երբ դու երեխա ես, քո երջանկությունը փորձում ես տիկնիկների և այլ խաղալիքների մեջ գտնել: Չնայած նրան, որ վաղուց տիկնիկներին այֆոններն ու համակարգիչներն են փոխարինում: Այնուամենայնիվ, երբ այդ շրջանը անցնում է, վերը նշածներս սկսում են քեզ չհետաքրքրել:

Անցնում է ժամանակը, և դու ուրիշ արժեքներ ես որոնում, չնկատելով և չգնահատելով երջանկության այն արժեքները, որոնք քո կողքին են:
Դպրոց գնալով՝ սկզբնական շրջանում գրենական պիտույքներից այն կողմ երջանկություն չկա:
Անցնում են տարիները, գուցե դպրոցի թվանշաններն են համարժեք դառնում երջանկությանը:
Մենք մեծանում ենք, և տարիների ընթացքում փոխվում են մեր երջանկության արժեքները:
Դու ունենում ես ընկերներ, որոնց շատ ես սիրում, հարգում, և նրանք քեզ համար երջանկություն են հանդիսանում: Սակայն, երբ առիթ է լինում, և նրանք քեզ վիրավորում են, չգիտակցելով, կամ էլ ձևացնելով, թե ոչինչ չի եղել, դու սկսում ես ամենը հասկանալ և երջանկության այլ արժեքներ որոնել:
Իսկ երբ աչքերիցդ հանում ես «վարդագույն ակնոց»-ը, որով աշխարհին ես նայել, հասկանում ես, որ չկա իրական երջանկություն, քան քո ընտանիքը: Ընտանիք, որը քեզ պահել և մեծացրել է, ընտանիք, որտեղ անցել է մանկությունդ և կյանքիդ շրջադարձային իրադարձությունները: Դու նոր ես սկսում գիտակցել և արժեվորել այն, ինչ ունես:
«Կյանքի օրենք»-ն է այդպիսին, կորցնելուց հետո ենք սկսում գնահատել, բայց ինչ, չէ՞ որ արդեն ուշ է:
Կենսաբանորեն մարդը կենդանուց բանականությամբ է տարբերվում, այդ դեպքում ինչո՞ւ մանկուց չենք հասկանում կյանքը և երջանկության իրական արժեքները, ինչո՞ւ ենք այն ժամանակ հասկանում, երբ ուշ է լինում…
Չնայած, եթե հենց սկզբից գիտակցենք և պարփակվենք, գուցե կյանքը միապաղաղ ընթանա, գուցե ֆիլմի աղջիկը կամ տղան ֆիլմը միապաղաղ դարձնեն:
Չգիտեմ, միայն կասեմ` գնահատենք այն, ինչ ունենք:

#SUMMERDEMOCAMP

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի

Օգոստոսի 8-ից 10-ը Գորիսում անցկացվեց «#SummerDEMOCamp»-ը:

Դավիթը, ով իրականացնում էր «#SummerDEMOCamp»-ը, պատմում է.

-2016թ.-ի ամռանը մասնակցել եմ ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող ուսանող-առաջնորդների փոխանակման ծրագրին (Study of the U.S. Institutes for Student Leaders), որի շրջանակներում սովորել եմ Հարավային Իլինոյսի համալսարանում՝ ուսումնասիրելով ԱՄՆ հանրային քաղաքականության ձևավորումը տեղական, նահանգային և դաշնային մակարդակներում, ծանոթացել արտաքին քաղաքականությանը, երիտասարդական և այլ նախաձեռնություններին, ապրել եմ հյուրընկալող ընտանիքի հետ: Այնուհետև դառնալով ԱՄՆ կառավարության շրջանավարտ՝ հնարավորություն ունեցա շրջանավարտների աջակցության ծրագրի շրջանակներում իրականացնել #SummerDEMOCamp-ը:

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի

Առաջին օրը նախ և առաջ ծանոթացանք բոլոր մասնակիցների հետ, այնուհետև Դավիթը անցկացրեց դասընթաց առաջնորդության մասին: Դասընթացը շատ հագեցած էր, նաև ստացանք տնային առաջադրանքներ, քանի որ նախքան ճամաբարը օնլայն հարցումներ էինք անցկացրել, հանձնարարել էր ընտրել 3 կաևորագույն հիմնախնդիրներ և դրանց լուծման միջոցները:

Երկրորդ օրն այցելեցինք Գորիսի համայնքապետարան, հանդիպեցինք Գորիսի համայնքապետի երկրորդ տեղակալ Իրինա Յոլյանի հետ, նրան տվեցինք մեզ հետաքրքրող հարցերը: Հանդիպում ունեցանք նաև համայնքապետարանի որոշ աշխատակիցների հետ, ովքեր պատմեցին իրենց գործունեությունից և պատասխանեցին մեր հարցերին:
Այնուհետև գնացինք շարունակելու մեր դասընթացը:

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի

Երրորդ օրը, որը վերջինն էր, սովորեցինք ինչպես ճիշտ ծրագիր գրել, բաժանվեցինք խմբերի և մեր ընտրած հիմնախնդրի շուրջ աշխատեցինք, որի վերջնանպատակը հետևյալն էր. ակտիվ երիտասարդական կենտրոնի ստեղծում, որը կհամախմբի նորարար մտքեր ունեցող երիտասարդներին, կստեղծի շփման նոր եզրեր և հետաքրքիր համագործակցություններ:

Նաև գնացինք գրադարան, որտեղ էլ ուզում ենք իրականացնել մեր ծրագիրը, հանդիպեցինք մշակույթի տան տնօրենի՝ Հայկ Խաչատրյանի հետ, ով հավանեց մեր գաղափարը: Վերջին օրը նաև հանդիպում ունեցանք Խաղաղության կորպուսի կամավոր Բիանկայի հետ, որը կիսվում էր իր տպավորություններով։ Նա նաև ասաց, որ Հայաստանի և Մեքսիկայի մշակույթները իրար շատ նման են։

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի

Հետաքրքիր ճամբար էր, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեծ ոգևորությամբ մասնակցեցի «#SummerDEMOCamp»-ին և նոր գիտելիքներ ստացա:

Չմոռանամ նշել, որ մենք պատրաստել ենք տեսանյութ Crowdfunding արշավի համար, այնպես որ, աջակցեք մեզ և ձեր ներդրումն ունեցեք մեր ծրագրի մեջ: