shushan stepanyan portret

#talented #girl #shushan #great #singer #cook #person

Բարև բոլորին: Չզարմանաք, բայց այս անգամ շեղվելու եմ իմ գրելաոճից, ու նյութս էլ տարբերվելու է իմ մշտականներից: Այս անգամ ուզում եմ ուղղակի խոսել ինստագրամյան կյանքից ու աղջիկներից: Անկեղծ ասած՝ երկար տատանվում էի տվյալ թեմայով խոսել-չխոսելու վերաբերյալ, մտածում էի, որ ճիշտ չի ընկալվի գրածս, բայց եթե ես մի բանից շատ եմ մտահոգված կամ դա ինձ դուր չի գալիս, պիտի անպայման արտահայտվեմ: Ամեն դեպքում կխոսեմ՝ փորձելով ասելիքս ներկայացնել առանց վիրավորական կամ անքաղաքավարի երանգների:

Բնական է, որ համացանցը մեր օրվա անբաժանելի մասն է, ու բոլորս էլ օրվա մեջ ժամանակ անցկացնում ենք այս կամ այն կայքում: Ես, օրինակ, սոցիալական կյաքերից երևի թե ամենաշատը ժամանակս անցկացնում եմ հենց ինստագրամում ու ասեմ, որ բավականին շատ բացահայտումներ եմ անում:

Օրվա մեջ, երբ թերթում եմ էջս, ես ուղղակի հիանում եմ. ինստագրամը լցված է լիքը սիրուն աղջիկներով, որոնք չափից դուրս տաղանդավոր են: Ու ես զարմանում եմ. «Մարդ ո՞նց կարա սենց տաղանդավոր լինի»:

Ուրեմն, ամենից շատ ինձ զարմացնում է, թե ոնց են կարողանում աղջիկները պարել: Դուք գիտեք, թե հե՞շտ բան է միացնել երաժշտությունն ու սկսել պարել: Մինչ այդ մեկ ժամ պատրաստվել, շպարվել, մի քանի անգամ նույնը պարել, միացնել հեռախոսն ու նկարել, հետո ընտրել ամենահաջողվածն ու մեծ հիացմունքով գցել ինստագրամ նմանատիպ մի գրառումով՝ #no #makeup #talented #by #nature ու գրեթե մեկ ժամվա մեջ ունենալ մոտ հազար դիտում: «Դե, փաստորեն մարդու աղջիկը ընտիր էլ պարում ա, տաղանավոր ա»: Ու էսպես ինքը հասկանում է, որ ուրիշ է՝ իմ ուրիշը, քո ուրիշը, ու որոշում է դառնալ ինստագրամյան աստղ: Իսկապես, ամեն մարդու բան չէ երաժշտություն զգալն ու դրա ներքո համաչափ շարժումներ անելը, բա:

Պարելը մի կողմ, լավ, բա երգե՞լը: Նայում եմ մի աղջկա վիդեո ու չեմ կարողանում չհիանալ. աղջիկը այնպիսի երաժշտական լսողություն ունի ու այնպես է երգում, որ մտածում եմ՝ Պուգաչովային կամ Հյուսթոնին տալու է, անցնի: Ռեկորդային դիտումներ ունի արդեն, շատ հետևորդներ, հա, ու մեկ էլ այնպիսի ընկերուհիներ, ովքեր տաղանդը գնահատելու մեծ գիտակներ են ու երգի վիդեոյի ներքևում թողնում են ամենաիրական ու անկեղծ մեկնաբանությունները, ասենք, օրինակ՝ «Կյանքս, դե տաղանդավոր ես, էլի», կամ «Վախ, մեռնեմ էդ ձենիդ», կամ ասենք՝ «Չկա քեզ նման երգող, իմ աղջիկ»:

Մի ուրիշ բան էլ է զարմացնում ինձ. այ մարդ, ո՞նց են գեր աղջիկները այդքան նիհար դուրս գալիս նկարներում: Ես էլ եմ ուզել նկարներում ավելի նիհար երևալ, բայց այդպես էլ գաղտնիքը չեմ կարողացել բացահայտել: Շատ եմ ուսումնասիրել նրանց նկարվելու դիրքն ու ձևը, ու մտածում էի, թե գաղտնիքը ձիգ կանգնելու ու որովայնը հետ տանելու մեջ է, բայց արի ու տես, որ ոչ: Հազար ու մի գաղտնիք, որ միայն իրենք գիտեն: Ում նկարները նայում եմ, ոնց որ Victoria’s Secret-ի հատընտիր մոդելներից լինեն: Գեղեցիկ լինելու մեջ վատ, առավել ևս քննադատելի բան չկա, պարզապես երբ մարդուն տեսնում ես իրականում ու հետո նայում ես սոցկայքերում իր նկարները, գրեթե անճանաչելի է ու անգամ՝ ուրիշ:

Մի քիչ էլ չեմ հասկանում այն աղջիկներին, որ մեկ արխիվ են անում բոլոր նկարները, մեկ հետ բերում, մեկ ջնջում, մեկ որոշում, որ վերջ, ոչ մի ինստագրամ, ոչ մի նկար, մենակ գիրք կարդալ ու դաս անել, ու մի վայրկյան հետո մտափոխվում են: Ու ես նրանց թվին եմ պատկանում, անկեղծ ասած:

Չեմ կարող չասել, իհարկե, որ կան իսկապես շատ հետաքրքիր ու զարգացած մարդիկ, որոնց ճանաչել են հենց սոցկայքերի միջոցով, ու որոնք գնահատվել են անկեղծորեն: Ու խոսքս իրենց մասին չէր:

Հուսամ՝ ասելիքս ճիշտ ընկալվեց, ու ինձ հետ համամիտ են շատերը: Թե քանի նկար կունենա օգտատերը, քանի կողմից տավանդավոր կլինի, իհարկե, միայն իր գործն է, բայց կարծում եմ, որ ամենուր մարդը պետք է իսկական լինի, հնարավորինս այնպիսին, ինչպիսին որ կա իրականում: Ու հեչ պարտադիր չէ, որ բոլորը փորձեն հրաշալի երգել կամ պարել: Ավելի կարևոր է՝ ամենքս էլ մեր տաղանդավոր լինելը փորձենք մարդկային որակներում գտնել, ու հավատացեք, որ ավելի երջանիկ կապրենք:

Որպես վերջաբան, իմ տաղանդների մասին էլ խոսեմ, ամեն դեպքում իմացեք, էլի: Օրինակ, ես նույնպես շատ ընտիր եմ երգում, բայց, փառք Աստծո, այդ մասին գիտեն միայն ընտանիքս ու մեր ներքևի հարկում ապրող հարևանները: Բացի այդ, այնքան բարձր եմ ծիծաղում, որ հեռվից եկողն արդեն գիտի, որ դա ես եմ: Ու այնքան ընտիր եմ պատրաստում, որ մեր հավերը միշտ գոհ են մնում եփածիցս #talented #girl #shushan #great #singer #cook #person: