ella mnacakanyan yerevan

Այսինքն…

Բարև: Էլի ես եմ ու էլի գրում եմ: Գրում եմ վերջին գրելուցս ուղիղ մեկ ամսից էլ ավելի անց: Հիշում եմ, որովհետև վերջին գրածս կոնկրետ օրվա էր նվիրված՝ դեկտեմբերի 18-ին՝ միգրանտների միջազգային օրվան: Չնայած ես նման՝ կյանքիս հետ էական առնչություն չունեցող թվերը, միշտ էլ հիշում եմ՝ ի տարբերություն վաղ ավատական Հայաստանի դատավարության ու դատարանակազմության կարգին: Այսքան ժամանակ չէի գրում, որովհետև քննություններս «գրավել էին» կյանքիս բոլոր տարածքներն ու անկյունները` նույնիսկ առանց հարցնելու, թե արդյոք իրենց սպասո՞ւմ էին էնտեղ, կամ տեղ կա՞ր իրենց համար, ճիշտ և ճիշտ անկոչ հյուրի նման: Դե՜, չէ, սուտ կլինի, որ ասեմ, թե այնքան զբաղված էի, որ նույնիսկ 30 րոպե չունեի գրելու համար (չէ՞ որ եթե մի բան շատ ես ուզում, դրա համար անպայման ժամանակ գտնում ես), բայց եթե այդ րոպեների ընթացքում գրեի, ապա կեսից հաստատ շեղվելու էի ու խոսեի մարդու սուբյեկտիվ իրավունքից հրաժարվելու, վեճերի լուծման արտադատարանական մեխանիզմների կամ, ասենք, Կիլիկյան Հայաստանի սեփականատիրական հարաբերությունների մասին, ինչը, միանշանակ, կձանձրացներ քեզ: Բայց անկեղծ լինելով պիտի ասեմ, որ գրելն իմ այս տանջալից, նախաքննական-կիսատոնական օրերին ինձ ամենից շատն էր պակասում: Հիմա կմտածես՝ է՜, պակասում էր, գրեիր, ազատ ժամանակ էլ ունեիր, բայց գրելու համար ոչ միայն ազատ ձեռքեր են պետք, այլև ազատ միտք: Իսկ իմ ազատ միտքը միանգամից հօդս ցնդեց այն պահին, երբ կարդացի առաջին հարցաշարիս առաջին հարցը: Ի դեպ, հենց դա հանգեցրեց այն բանին, որ ես համենայնդեպս գիտակից կյանքումս առաջին անգամ Ամանորից առաջ չվերլուծեցի անցած տարին: Չսկսեցի մտածել, թե ինչ տվեց այն ինձ, ինչ տարավ, ու կարողացա՞ արդյոք հասնել այն նպատակներին կամ ցանկություններին, որոնք ինքս ինձ համար մտովի նշաձող էի դարձրել անցած Ամանորին՝ հերթական անցնող տարին վերլուծելիս: Ու երևի հենց սա էր այս բոլոր օրերի ամենախորհրդանշականը: «Որևէ բան մտովի քննարկելու համար չունենալ ժամանակ: Էնպես, ինչպես գրելու համար:» Եթե մի քանի տարի առաջ ինձ նման նախադասություն ասեին, կծիծաղեի կամ, առնվազն, դեմքի ոչինչ չասող արտահայտությամբ կփորձեի հասկանալ՝ ասվածը կատա՞կ էր, թե՞ լուրջ: Բայց իմ ապրած այս շատ կարճլիկ ժամանակահատվածում մի բան գոնե հասկացել եմ հստակ՝ տարիքի հետ ամենաաբսուրդ թվացող միտքը նույնիսկ դառնում է իրականություն ու կատարվում հենց աչքիդ առաջ: Իսկ իմ «տանջալից» երկու շաբաթի ավարտից հետո էլ արդեն ինձ համար պարզել եմ երկրորդ աքսիոմատիկ ճշմարտությունը, որ եթե նախադասության մեջ կա «այսինքն» բառը, դա դեռ չի նշանակում, որ նախադասության 1-ին հատվածում արծարծված միտքը պարզաբանվում է 2-րդում՝ ավելի խճճվելու փոխարեն: Ու հա՜, մեկ էլ, որ պիտի ավելի լավ սովորեմ մյուս կիսամյակից (դե՜, ինչպես և ամեն տարի):