astghik hunanyan

Երբ դեռ 15 տարեկան ես, բայց ոչնչի հավես չունենալու հավես էլ չունես

Պիտի ձեզ մի «գերծանրաբեռնված» մարդու «հագեցած» ու «բազմաբովանդակ» առօրյայի մասին պատմեմ։ Ըհը, շատ ճիշտ էլ հասկացաք՝ մարդը ես եմ, գրելուս տոնն էլ՝ հեգնական։

Առավոտյան կամ ես ուշ եմ արթնանում և ուշանում եմ, կամ էլ շատ շուտ եմ արթնանում, բայց մտածելով, որ մի սար ժամանակ ունեմ՝ ոչինչ չեմ անում մինչև վերջին վայրկյանը։ Արդյունքում կրկին ուշանում եմ։

Կյանքիս հերթական երկուշաբթին, ժամը՝ 8:00։ «Սուլթան գուզե ջնջը մըզի, զարթնիր, լաո, մեռնիմ քըզի»։ Էս մի քանի բառը մի քանի անգամ կարդացեք ու այն էլ՝ գոռալով, որ գոնե մի փոքր պատկերացում կազմեք, թե ինչ եմ զգում ամեն անգամ, երբ Նա ինձ արթնացնում է։ Չէ, խոսքը Նար Դոսի «Նա»-ի մասին չէ, այդ անիծյալ «Նա»-ն զարթուցիչս է. ամեն առավոտ արդեն աննկարագրելի ատելի դարձած բառերը կրկնում է, որ արթնանամ, անհավեսությունից պարալիզացված ձեռքիս երկար-բարակ մատների թեթև շարժումով անջատեմ ձայնը, քանի տնեցիք, ավելի ճիշտ՝ քնած տնեցիք, «ազգ ու տակով» վրաս կռիվ չեն եկել։ Ասում եմ՝ ափսոս աքաղաղ չունենք, է, ինքն առավոտ շուտ «տրիվոգը» կդներ, չէի կարողանա ձայնն անջատել ու անզորությունից ոչ էլ կարթնանայի։

Աչքերս կիսաբաց եմ անում։ Չէ, չէ, էս անգամ ոչ կշարունակեմ հանգիստ քնել, իբր ոչ մի տեղից էլ չեմ ուշանում, ոչ էլ ունեցածս «ահռելի» ժամանակը սպանելու համար մի քսան րոպե անիմաստ ֆեյսբուքիս թայմլայնը կթերթեմ, ինչպես սովորաբար շաբաթվա մյուս օրերին եմ անում, մինչև ուշանամ, քեֆս էլ թողնի։ Երկուշաբթին մեր դպրոցում տողանի օր է ի վերջո (չեմ պատրաստվում ասել, որ ամեն երկուշաբթի ամբողջ դպրոցը հավաքվում է դահլիճում՝ հիմնը երգելու, «Հայր մերն» ասելու ու տնօրենի տարբեր գրքերից գտած աֆորիզմները լսելու, լավ, ասել՝ ասել եմ, ոչինչ)։ Պետք է շուտ վազեմ դպրոց, քանի Երազ տատը դռները չի փակել, որովհետև հետո հավես չեմ ունենա սիրտը շահելու հնարներ փնտրելու, որ ներս թողնի: Նրա սիրտը շահելը համարյա այնքան բարդ է, ինչքան Հայաստանում բարեկեցիկ ապագայի մասին մտածելը։

Ոչ մի անգամ թեյս չեմ հասցնում խմել, մի տասը րոպե խախտված հոգեբանությամբ երեխայի նման որոշում եմ՝ ինչ հագնել, մի տասը րոպե էլ ծախսում եմ որոշելու արդյունքում «Անիի ավերակները» դարձած սենյակս հավաքելու վրա, լվացվում ու վազում դուրս։ Դպրոց մտնելուն պես պիտի շնչակտուր բարձրանամ երրորդ հարկ, որտեղ դասարանս է, NASA-ի ինտերնետի նման գերարագ մի քանի էջ գրավոր գրեմ, նոր վազեմ երգելու։ Ու էս ամենի համար պետք է հավես, որը ես ընդհանրապես չունեմ։ Անցանք։

Դասամիջոցներին հազիվ հասցնում եմ մյուս ժամի տնային հանձնարարությունը կատարել, էդ ի՞նչ հանգստանալու մասին է խոսքը։ Դա է երևի միակ պատճառը, որ ապագա բժիշկ չլինելով հանդերձ, մեկ է՝ բժշկի ձեռագիր ունեմ։ Այ, իսկ երկար դասամիջոցներս երբեք անիմաստ բաների վրա չեմ վատնում. հիմնականում կամ «ծամում եմ», կամ էլ՝ պարում։ Հա ի՞նչ է եղել, որ, մեկը երգում է, մեկը՝ ձայնակցում, մեկը՝ ձևացնում, իբր ձայնակցում է, մի ուրիշը ծափ է տալիս, մնացածս էլ պարում ենք։ Աննորմալ չենք, ուղղակի շատ արվեստասեր ենք (ամբողջ դասարանով հակում ունենք հատկապես դեպի «շախով-շուխով» արվեստը)։

Ժամը մոտավորապես 3-ն է, դասերն ավարտված են, քայլում եմ տուն։ Ավելի ճիշտ՝ վազում, որովհետև ինձ հունից հանում է այն փաստը, որ տանը նոր եփած փլավ կա, իսկ ես նրանից այդքան հեռու եմ գտնվում։ Մտա տուն։ Ոտքերս մի կերպ քարշ տալով հասա խոհանոց. ստուգում եմ՝ ինչ կա կաթսայի մեջ, նոր միայն հետ դառնում՝ կոշիկներս հանելու։ Հաշված վայրկյաններ անց ուտելիքը ստամոքսումս է, ես էլ՝ անկողնուս վրա։

Ժամը մոտավորապես երեքն անց կես է, լիքը դաս ունեմ անելու՝ պարապմունքս չհաշված։ Լավ, հաշվեցի, կարևոր չէ, մեկ է՝ դեռ անկողնուս վրա եմ։ Չէ, չեմ փոխվել, դեռ սպասում եմ, թե երբ է միջիս վաթսունն անց ալարկոտ «ձաձան» հրամայելու, որ հելնեմ, փոխվեմ։ Ժամը հինգն է, ոչ մի փոփոխություն, նույն դիրքով նստած եմ անկողնուս վրա՝ նայում եմ՝ չգիտեմ էլ ուր։ «Ձաձա»-ն էլ դեռ չի շարժվել, կասկածում եմ, որ կշարժվի։ Շարժվե՜ց։ Շարժվեց, երբ ժամը 7-ն էր։ Ու գիտե՞ք՝ ինչ արեց։ Ուղեղիս համապատասան զգայարանին ազդակ ուղարկեց, որ վերցնեմ հեռախոսս ու սկսեմ անիմաստ թերթել ֆեյսբուքյան էջս՝ արդեն խանգարված տեսողությունս էլ ավելի վատացնելով։ Երեկոյան ամենամեծ ցանկությունս շուտ անկողին մտնելն ու ձմեռային վերմակի մեջ փաթաթվելով՝ ջերմություն զգալն է։

Ժամը տասն է, էլի՝ մոտավոր։ Ժամանակն է վաղվա դասացուցակի վրա մի արհամարհական հայացք նետելու, ու «ահ, լավ, հեչ, դասամիջոցներին հաստատ կհասցնեմ գրել» դեմքի արտահայտությամբ քնել շտապելու։

Է՜, մի քանի կադր հետ տվեք. մի լավ հաց եմ ուտում, մի անգամ էլ եմ մի լավ հաց ուտում, էլի մի անգամ, հետո խոզանակում ատամներս ու դրանց վրա փակցված անիծյալ շղթան, նոր ֆանտաստիկ արագությամբ պառկում քնելու։

-Մամ, վաղն առավոտը յոթին կարթնացնես, հելնեմ՝ մի քիչ դաս անեմ։

Առավոտ, ժամը՝ 7:00. քնած եմ։

7:59. մեկ է՝ քնած եմ։

8:00. «Սուլթան գուզե ջնջը մըզի, զարթնիր, լաո, մեռնիմ քըզի»։

Հ.Գ. Որպես կանոն՝ օրվա վերջում անտանելի հոգնած եմ լինում։ Հիմա կասեք. «Պահ, էդ ի՞նչ արեցիր, որ մի հատ էլ հոգնես»։ Ասեմ. միջինում մարդը մեկ րոպեում կատարում է 16-20 շնչառական շարժում։ Հումանիտարի կոպիտ հաշվարկով՝ 24 ժամում կատարում եմ 23040-28800 շնչառական շարժում, մի քանի հարյուր հազար անգամ էլ թարթում եմ աչքերս։ Էդ ո՞վ չի հոգնի էդքան գործողություն կատարելուց։ Համ էլ կասեն՝ ծույլ եմ։ Չէ՞ որ ալարել ալարելու համար էլ մեծ ջանք, եռանդ ու էներգիա է պետք։ Ոչ կինետիկ, ոչ էլ պոտենցիալ, խոսքն այն էներգիայի մասին է, որ տասնհինգ տարեկան եմ, բայց արդեն կորցրել եմ։