Չորս բժիշկ մեկ ընտանիքում

Բժշկի կյանքը լի է բազմաթիվ դրվագներով, անվերջ վերելքներով ու վայրէջքներով, երջանկությամբ և տխուր ակնթարթներով: Բժիշկը միշտ պայքարում է հազարավոր մարդկանց առողջության համար: Իմ զրույցը Եղեգնաձորի հիվանդանոցի մանկաբույժ Թամարա Մկրտչյանի հետ է:

-Բժշկուհի, Ձեր ընտանիքում բժիշկներ եղե՞լ են: Դուք ինչպե՞ս և ո՞ւմ խորհրդով եք ընտրել բժշկի մասնագիտությունը: Դա Ձեր երազանքների մասնագիտությո՞ւնն է եղել:

-Իմ նախապապերը՝ հայրական կողմս Խոյից է, մայրական կողմս՝ Սալմաստից են: Մեր տոհմի մեջ սերնդեսերունդ քահանաներ են եղել: Տեր Խորեն Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Ալագյազ գյուղի քահանան է եղել: Սակայն բոլորի նման 1937 թվականին աքսորել են նաև հայրիկիս ընտանիքին, հետո նրանք վերադարձել  են: Իմ ընտանիքում բժիշկներ չեն եղել: Ծնողներս մանկավարժներ են: Ես հայրիկիս ցանկությամբ եմ բժշկուհի դարձել: Հայրիկիս ցանկությունն է եղել, որ իր բոլոր երեխաները բժիշկներ դառնան: Եվ դեռ փոքր տարիքում այն հարցին, թե ինչ եմ դառնալու, ես պատասխանել եմ՝ բժշկուհի:

Մենք ընտանիքում հինգ երեխա ենք, չորսս բժիշկ ենք, բոլորս աշխատում ենք Եղեգնաձորի կենտրոնական հիվանդանոցում: Մեծ եղբայրս թերապևտ է, քույրս կլինիկայում մանկաբույժ է, մյուս եղբայրս սրտաբան է, դե ես էլ մանկաբույժ եմ ստացիոնարում:
Մանկաբուժական ֆակուլտետն եմ ընդունվել ու ավարտել: Անկեղծ ասած, չէի ուզում մանկաբույժ դառնալ, բայց հիմա մտածում եմ, որ ամենալավ մասնագիտությունն է:

Ինչպես շատերը ես նույնպես ցանկանում էի դառնալ դերասանուհի, և միգուցե դառնայի դերասանուհի կամ բանասեր, որովհետև ավելի շատ ասմունքելու հակում ունեմ: Բայց բժշկականն ավարտելուց հետո հասկացա, որ հենց այդպես պետք է լիներ: Ու կարծում եմ, որ ինձ համար հենց մանկաբուժությունն էր ընտրված, որովհետև շատ եմ սիրում երեխաներին, արդեն սովորել եմ երեխաների լեզուն:

-Հե՞շտ ընդունվեցիք աշխատանքի:

-Երբ եկա, որ գործի ընդունվեմ Եղեգնաձորի հիվանդանոցում, չէի մտածում, որ միանգամից ստացիոնարում պետք է աշխատեմ: Մտածում էի, որ պոլիկլինիկայում որևէ մի տեղամաս կվերցնեմ և կսկսեմ աշխատել, բայց միանգամից հիվանդանոց ուղարկեցին: Սկզբում շատ դժվար էր, բայց սովորեցի քիչ-քիչ:

-Բժշկի մասնագիտության դժվարություններն ու առավելությունները որո՞նք են:

-Դժվարությունները շատ են: Յուրաքանչյուր հիվանդի հետ ապրում ես, հուզվում, անհանգստանում, մինչև ինքը լավանա: Իսկ առավելությունն այն է, որ տեսնում ես հիվանդներդ առողջ են, տեսնում ես աշխատանքիդ արդյունքը, և դա ուրախացնում է: Ես դա առավելություն չեմ համարում, պարզապես հաճելի է տեսնել այն, որ բուժում ես և հասնում լավ արդյունքի:

-Իսկ հե՞շտ է երեխաների հետ աշխատելը:

-Ո՛չ, շատ դժվար է, որովհետև մեծերը կարող են ներկայացնել իրենց գանգատները, իսկ երեխաները միայն լացում են, ու պետք է կողմնորոշվես, թե ինչն է նրանց լացի պատճառը:

-Ունենալով հագեցած գրաֆիկ, ժամանակ ունենո՞ւմ եք այլ գործերով զբաղվելու:

-Ոչ մի բանով ժամանակ չեմ ունենում զբաղվելու, որովհետև աշխատանքս շատ ծանր է: Նույնիսկ լինում են օրեր, որ մինչև գիշերվա տասներկուսը մնում եմ հիվանդանոցում: Հնարավոր է գնամ տուն և ժամը մեկ կանչ լինի, այդ պատճառով ոչինչ պլանավորել չեմ կարող: Իմ հիմնական զբաղմունքը բժշկությամբ զբաղվելն է, եթե ունենում եմ ազատ ժամանակ, կարդում եմ մասնագիտական գրքեր, բայց սիրում եմ նաև կարդալ գեղարվեստական գրքեր: Այս պահին Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար»-ն եմ ուզում կարդալ: Գիրքը վերցրել եմ, բայց դեռ չեմ սկսել, պարզապես հոգնածությունն այնքան շատ է լինում, որ ընթերցանությունը երկրորդ պլան է մղվում:
Չմոռանամ ասել, որ փոքր տարիքում գրել եմ բանաստեղծություններ: Ունեմ նաև ինձ նվիրված բանաստեղծություններ, որոնք գրել է հայրիկս:

-Քա՞նի տարի է, որ աշխատում եք հիվանդանոցում:

-Տասներկու տարի է աշխատում եմ հիվանդանոցում: Այդ ընթացքում հազարավոր երեխաների եմ բուժել:

-Ձեր կարծիքով, միայն ցանկությունը հերի՞ք է բժիշկ դառնալու համար:

-Ես չեմ կարծում, որ միայն ցանկությունը հերիք է: Շատերը կարող են ավարտել բժշկական համալսարանը, բայց բժիշկ դառնալ բոլորը չեն կարող:
Հաճախ մտածում եմ անգամ մասնագիտությունս փոխելու մասին:  Հատկապես մանկաբույժի աշխատանքը շատ ծանր է: Կուզենայի աշխատել սովորական բժիշկ, ոչ հիվանդանոցում, որտեղ պատասխանատվությունը շատ մեծ է, ու ստիպված եմ գիշերներն անցկացնել հիվանդանոցում: