Բոլորս էլ անկասկած ունենք ցուրտ ձմեռվանից մնացած ջերմ հիշողություններ: Ահա դրանցից մեկը հիմա կպատմեմ ձեզ:
Ձմռանը նվիրված միջոցառում էինք կազմակերպել: Ամեն ինչ իր հունով էր ընթանում, բոլորս ուրախ ու հուզված էինք: Միջոցառման վերջին համարն էր, ես ու ընկերուհիս՝ Անին, պետք է վերջին երգը երգեինք: Բարձրացանք բեմ ու սկսեցինք երգել: Ամեն ինչ լավ էր, բայց հանկարծ բարձրախոսը լռեց, իսկ երաժշտությունն անջատվեց: Ես մի պահ շփոթվեցի, բայց ոչ մի կերպ դա ցույց չտվեցի: «Բա հիմա ի՞նչ անեմ, խայտառակ եղա, էս երգը ինչի չի միանում…»,- այս ու նմանատիպ տարբեր մտքեր էին պտտվում գլխումս, ու ես ակամայից շարունակեցի երգել: Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ: Ես չհասցրեցի անգամ կարգին մտածել, պարզապես շարունակեցի երգել: Չգիտեմ ինչպես, չգիտեմ ինչու, բայց առանց կանգ առնելու շարունակեցի ելույթս: Միայն հիշում եմ, որ մի հայացք գցեցի կուլիսներում կանգնած ընկերներիս վրա, և վերջ:
Իհարկե, սկզբում շփոթված էի, բայց երբ դահլիճը սկսեց ծափերով ոգևորել ինձ ու ընկերուհուս, իսկ ընկերներս կուլիսներից երգում էին մեզ հետ կրկներգը (քանի որ ամբողջ երգը չգիտեին), ամեն ինչ լավ անցավ:
Ընկերուհիս նույնպես շփոթված էր: Երբ երաժշտության անջատվելուց հետո առաջին տողը երգեցի, նա միացավ ինձ, ու մենք միասին ավարտեցինք համարը, չնայած ոչ այնպես, ինչպես որոշել էինք: