Մեքենաների անցուդարձից գյուղի վրա փոշու կարմիր ամպեր էին կուտակվել։ Ամռանը դա սովորական բան էր. քաղաք տեղափոխվածները վերադառնում էին մեքենաներով, գյուղը կենդանանում էր, հատկապես եթե Վարդավառի տոնը մոտ էր։ Ամեն փողոցի վրա առաջին հարկի ցածրիկ լուսամուտը ցուցափեղկի վերածած մի-մի տուն կար։ Այրող արևից ինքնաշեն կտորե կտուրների տակ պաշտպանված՝ կուչ էին գալիս խանութպաններն ամեն օր, սպասում գնորդների։
-Ապրես, Հարու՛թ ջան,- մրգերով լի երեք տոպրակ թևն անցկացնելով՝ ասաց Սեդան խանութպան հորը երբեմն փոխարինող տասներեքամյա Հարութին ու, քնքուշ ժպտալով, շրջվեց, որ գնա։ Մի քանի քայլ էր հեռացել, երբ հետևից լսեց պատուհանը թողած, դռան կողմից մոտ վազող Հարութի ձայնը.
-Սեդա քույրիկ, սպասեք, եկա։
Տղան վերցրեց տոպրակներից երկուսը, քայլեց Սեդայի կողքով՝ փողոցն անցնելիս չարաճճի սև աչուկները աջուձախ ուղղելով։
-Ձերոնք ո՞նց են, մորդ հետ վաղուց չեմ խոսել,-հիշեց Սեդան։
-Մաման հաց էր թխում, պապան առավոտյան քաղաք գնաց՝ խանութի համար առևտրի։ Լիլիթին դպրոցում չեմ տեսնում, ասում էր` պետք է իր պապայի մոտ գնա, գնացե՞լ է արդեն։
Սեդայի աչքերը մթնեցին, տոպրակն այրեց ձեռքը։ Բռունցքը սեղմեց, որ ձեռքից բաց չթողնի։
-Հա՜,- շտապ վրա բերեց նա,- երեք օր է… Հա, հոր մոտ գնաց, կգա։
«Շա՛ն աղջիկ»,-շփոթմունքից ցած դրեց տոպրակը՝ իբր հոգնեց։ Մի ձեռքը կոնքին դրեց, մյուս ձեռքը սահեցրեց ճակատի վրայով՝ իբր դեմքից մի կողմ տարավ մազափունջը։
Սեդան նայեց փողոցի խորքում փոշու կարմիր ամպի ուղեկցությամբ ընթացող մեքենայի հետևից։ Երանի՜ մի օր էլ ամռանը հյուրի նման գյուղ եկողներից մեկն իր ամուսինը լիներ։ Թեկուզ ոտքով, առանց ավտոմեքենայի։ Ութ տարի առաջ քաղաքում շինարարական աշխատանքի հրավերով երկու ընկերների հետ հեռացավ գյուղից։ Լիլիթը՝ նրանց աղջիկը, ծնվեց այդ օրվանից ուղիղ երեք ամիս անց։ Սկզբում ամուսինն ամեն ամիս որոշ գումար էր տուն ուղարկում, պարբերաբար զանգում էր, ազատ օրերին տուն վերադառնում։ Հետո կապը կտրվեց։ Շշուկներ էին պտտվում, որ վատ մարդկանց ձեռք է ընկել, փակագծեր չէին բացում։ Իր հետ հեռացած երկու տղաները միաձայն պնդում էին, որ անզգուշորեն բարձր հարկից ցած է ընկել, մեռել։ Ու՞ր է դիակը։ Լռում էին։
Սեդան չէր հավատում, որ ամուսինն էլ չկա. չլսված բան է՝ մարդ գետնի երեսից անաղմուկ կորչի, հետքն էլ չմնա. «Երևի ինչ-որ տեղ, ինչ-որ կնոջ հետ երջանիկ է, որ լռում են».- հույս էր տալիս ինքն իրեն, իսկ աղջկան՝ Լիլիթին, հավատացրել էր, որ նա հայր չունի։
Բայց արդեն քանի՞ անգամ էր Լիլիթն ընկերների մոտ ինքն իր համար հայր հորինում։ Նախորդ անգամ լվացք փռելիս Սեդան լսել էր կողքի բակում խաղացող երեխաների ու իր աղջկա ձայնը։ Լիլիթն հպարտորեն ասել էր.
-Սիրուն է, չէ՞, շորս։ Պապաս է նվիրել։ Էնքան թանկ շոր է, սրանից մեր խանութներում չկա։
Սեդան լսելուն պես դեմքը թաքցրել էր ափի մեջ ու ցածրաձայն հեկեկացել։
-Ապրես, Հարո՛ւթ ջան,- էլի ասաց Սեդան,-քիչ մնաց, ես կտանեմ։ Գնա, հասիր խանութին, եկող-գնացողը չասի՝ անտեր են թողել։
Հարութը գլխով արեց ու գնաց։ Սեդան վերցրեց տոպրակները, դանդաղ քայլեց դեպի տուն։